«Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք: Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը եւ եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա: Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները փախել էին ոսոխից եւ լցրել քաղաքը. էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել: Թե ի՛նչ էր ներկայացնում քաղաքն արդեն- դժվար է նկարագրել: Երեւակայեցեք, ընթերցո՛ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից եւ ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը. վերցնում եք ձեր շապիկը- թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թեւը մի կողմ է գնում, օձիքը՝ մի կողմ, մնացածը- ուրիշ մի կողմ. վերցնում եք ձեր վարտիքը- նույնը. դե հիմա սրան ավելացրեք եւ այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.- ի՛նչ պիտի անեք. դո՞ւրս վազեք. բայց դուրսը կանգնած են երկու կանայք եւ երեխաներ. տկլոր հո չե՞ք երեւա կանանց եւ երեխաների աչքին.- նե՞րսը մնաք.- բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, եւ մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի՛ ահա անելանելի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս. քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը- հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը եւ մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ կարմիր բոցերը: Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին. փախչե՞լ, մնա՞լ.- բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին եւ իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց. ոչ միայն մնաց, այլեւ իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը. մի վերջին ճիգ եւս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը. բայց դրությունը չփրկվեց.- ուշ էր, բավականին ուշ էր արդեն, եւ դրությունը չէր կարող փրկել այլեւս ոչ մի, թեկուզ եւ գերմարդկային, ճիգ...
Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը, եւ ոչ մի, թեկուզ եւ հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլեւս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլեւ զարմանալի թափով իրարից խույս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնախույս ուժերը, որ այլեւս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլեւ չեզոքացնել: Երեւակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,- եւ ի՞նչ. առաջին հերթին դեպի բերդը վազեց Մազութի Համոն եւ նրա աչքերի առաջ պատկերացավ... Օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին բերդում- թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած եւ դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...- Զարթնեցին տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները. ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում- բերդը, նաիրյան այս բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր- պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին:- Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա- նաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա- հնամյա Նաիրին... Ահա՛ թե ինչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս... Օրը եկավ: Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին սոխական բանակները նաիրյան աշխարհից. դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի... Եվ ի՞նչ. Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի Թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»,- հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայատիպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը եւ նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, եւ Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո՛չ»,- ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի՛ լինի»:- Ցնցվեց. վայրկենական քնից կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը եւ սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ եւ մի քանի նաիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են»,- ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.- «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի եւ ուժի նման, չկային. պարզվեց, որ բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից եւ չի վերադարձել:- «Իսկ ո՞ւր է բերդի գարնիզոնը»,- ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեւիզիան Մազութի Համոն. ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. եւ Մազութի Համոն տեսավ.- այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով: «Ներողություն...,- ասաց Մազութի Համոն- դրանք... թոփ քցել... գիտե՞ն...»:- «Այո՛, ճիշտ այդպես է»,- զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, եւ Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով: Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած էր. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքեկողք ընկավ... երկիրը Նաիրի: Բայց- «Ո՛չ,- բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.- Չի՛ լինի»: Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները. հետո կառք նստեց եւ վերադարձավ քաղաք:
Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն. ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն եւ գրավել միանգամայն կայուն դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն եւ քշեն թշնամուն- մինչեւ Հայտնի Քաղաքը: Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը եւ նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին. կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, ոնց որ ջնջոցով սրբեցին. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ: Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի. հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին. քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, եւ մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված: Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում- անհնարին է նկարագրել: Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել: Մարդիկ կոխոտում էին իրար եւ իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք եւս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, եւ նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը: Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, եւ այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք եւ առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե՛ արտակարգ փափախավորներին եւ թե՛ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո՛, աներեւակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներեւակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում: Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան: Տեղական իշխանությունը գուցե եւ դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե՛ս ասում են՝ խելքը գլխին լիներ: Բայց նրա խելքը գլխին չէր, եւ ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը: Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երեւակայո՞ւմ եք՝ իրա՝ Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ եւ Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով: «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)- եւ Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն եւ հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի, հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո՛ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն՝ ընկերության շենքը, հետո- միլիցիատունը: Եվ, ասում եմ, դրանից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում եւ լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն՝ հրով ու ծխով: Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) Գերագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթեւեկությունը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել եւ ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու: Այս կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով եւս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհըրդի համարյա բոլոր անդամները. ոչ Գեներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին եւ ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,- այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն,- այո՛, ի՞նչ պիտի աներ:- Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը եւ գնալ տուն՝ հանգստանալու. եւ Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը եւ որոշեց տուն գնալ՝ հանգստանալու: Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից, եւ հոգնությունից ուղեղում նվում էր... Նաիրին: Հարկավոր էր քնել, հանգստանալ,- եւ արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային եւ Սեւաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից:- Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի՛ր բերդը»,- հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ. քնեց...
Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետեւ այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից եւ ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,- լսեց հրացանների տրաքտրաքոց եւ թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ: Ոչ մի ուժ այլեւս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին: Հսկա, տասնյակ եւ հարյուր հազարավոր գլուխներով հաշվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու: Քաղաքի տները մեկը մյուսի հետեւից սկսեցին վառվել, եւ այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները: Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետեւ, ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը եւ դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլեւս ոչ մի իշխանություն: Գերագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները: Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն՝ կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք եւս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում: Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին:- Տելեֆոն Սեթոն եւս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի եւ նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը եւ իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան: Հարկավոր է ասել, որ մինչեւ սրճարանն այրելը, մինչեւ վերի թաղը վազելը եւ «չոլուխ-չոճուղն» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն. թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից: Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել: Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես եւ «չոլուխ-չոճուղին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել եւ այդ աներեւակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ: Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղային կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ: Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել: Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը եւ թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը. թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը». հետեւից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի հետեւից- Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն՝ մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի երկու գրվանքա-քարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին եւ ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան- գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից եւ ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ: Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը եւ, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել- Հաջի Մանուկոֆ էֆենդին եւ վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երեւում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («է. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)- որոշել էին իրենք եւս միանալ ընդհանուրին: «Տուր տեսնիմ պզտիկդ»,- ասաց Հաջին Սեթոյին, եւ Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան. հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին եւ Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք: «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»,- խորհուրդ տվեց Հաջին, որովհետեւ իրենց մոտ ոչ միայն նրանց, այլեւ ասեղի տեղ չկար: Գնացին. երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն՝ բուֆերների վրա. կանգնեցին կողք կողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց: Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը- տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից: Թշնամին, ինչպես երեւում էր, արդեն մոտեցել էր բերդին: Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը եւ Մեռելի Ենոքը, ինչպես եւ այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած, նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»,- ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած:- Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ երկու վայրկյան չանցած, ինքը՝ Քոռ Արութը, չկար: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու:- Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը, Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց. գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը. խուրջինը պոկվեց: Քոռ Արութը ձեռից ընկնող խուրջինի հետեւից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ:- «Յա՜, Հարո՜ւթ...»,- վախեցած ու լացակումած կանչեց նրա հետեւից Մեռելի Ենոքը.- ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ:- Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...
Եվ այսպես Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, եւ թշնամին, ոսոխը, մտավ քաղաք: Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցո՛ղ. էականն այն է, որ, բացի, ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին, եւ սա է ամենաէականն ու սարսափելին,- ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Մազութի Համոն... Մինչեւ վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում եւ հենց բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,- ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,- այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, որոնք եւ- երեւակայո՞ւմ եք- կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին- բժշկին, ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ- օ՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,- իրա՝ ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք եւս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել եւ մեծագույն շուքով տարել են քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, եւ նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՝ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից՝ բժշկին, իսկ մեջտեղից- իրան՝ Մազութի Համոյին,- եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին:- Ամենազարհուրելին եւ ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը,- ու գրում վրան, երեւակայո՞ւմ եք, նաիրյան տառերով.
Մ. Հ. Ա. Ն.
որ նշանակում է՝
«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»: