Այս անգամ եւս պատմությունն սկսվեց նրանից- այսինքն՝ էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, եւ ոչ միայն շուրջը դառնում, այլեւ, ինչպես գիտենք, հառնել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էր- համարյա փաստ... Այո՛, այս անգամ եւս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն՝ կազմակերպելու համար: Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը եւ գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման՝ քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին: Այսպիսի՛ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, եւ այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում- ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ. քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները եւ տներից դուրս էին բերում- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, եւ ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքեւը- օ՜, զարմանալի զարմանք,- դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, եւ կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ- այդ նաիրատառ հրամանների ներքեւը գրված էր- երեւակայո՞ւմ եք- ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ- երեք տառ միայն, երկու Հ. եւ մի Դ. (Հ.Հ.Դ.)... Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզ եւ Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անունները... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառերից- ահա՛ թե ինչ: Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն- հրամանը- սկսվում էր «Նաիրցինե՛ր» դիմումով. կարճ ու ազդու: Այո՛, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքեւի ստորագրությունը,- բայց հասկացողի համար մի ամբողջ, այո՛, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, եւ այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլեւ ամենքը, բառացի ամենքը,- առանց բացառության: Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլեւ մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ- ամենքը. սա՛ էր ահա զարմանալին: Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե՛ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն ինքը, թե՛ ընկ. Վառոդյանը, թե՛ Սերգե Կասպարիչը- բժիշկը, թե՛ Օսեփ Նարիմանովը, թե՛ Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե՛ մանրավաճառ Կոլոպոտյանը, թե՛ Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը եւ անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները. այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը:- «Նաիրցիներ,- ասված էր այդ հրամանում,- Hannibal ad portas!...»:- Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, եւ թերեւս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում- մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն: «Թշնամին մոտենում է մեր դարբասներին,- ասվում էր ապա այդ հրամանում,- ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: «Նաիրցինե՛ր,- կրկնված էր ապա տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում.- Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված եւ այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը եւ կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»...- «Նաիրցինե՛ր,- երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.- Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք եւ ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,- ծծկեր երեխայից, մինչեւ իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա եւ իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին եւ իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը- մեր դրախտանման Նաիրին»:- Եվ «Նաիրցինե՛ր, - չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին,- Հասել է վճռական րոպեն եւ Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նաիրյան ժողովրդին. - Դեպի կռի՜վ... Ի զեն, վերջի՜ն անգամ ի զեն, տառապյալ նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը: Հ.Հ.Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին: Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նաիրցինե՜ր,- դեպի ռազմաճակա՜տ...»: Այսպես էր վերջանում հրամանը, եւ ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը- Հ. Հ. Դ.:- Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն: Այսպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռացավ», ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը: Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել երկիր Նաիրիի եւ այդ քաղաքի վախճանի սկիզբը. եւ դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ եւ ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը. իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը: Պարզաբանենք մեր միտքն օրինակով: Օրինակ՝ «Ո՞րն է ֆայտոնի նպատակը»,- հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, եւ քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը՝ Մեռելի Ենոքը. «Ֆայտոնի նպատակը օսն է,- պատասխանում է իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու պարզաբանում է հետո.- էն որ չեղնի- ֆայտոնը չի էրթա»:- Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին.- այդպես էլ տվյալ դեպքում: Երեւակայեցեք, ընթերցող, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինոլոգիայով ասած՝ մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն՝ նրա «օսը» է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի»- այսինքն՝ Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի: Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել: Պատասխանը մեկն է.- ոչինչ ու ոչինչ:- Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր: Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլեւ հոգին: Դե, երեւակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու. ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին:- Սրա էլ պատասխանը մեկն է.- կքայքայվի, կտարրալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ. ոչինչ. կմնա- մահ, մոռացության մշուշ- բաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա եւ ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը եւ գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու...
Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից. հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից- արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը եւ ոչ մի հոգի չէր կարող այլեւս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգեւել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից- ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլեւ շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել- հավիտյան ու անդարձ. փչել- ընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա` Մազութի Համոյի հանճա՛րեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.- երկրորդ, բայց առաջինից ավելի կարեւորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ եւ ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.- առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, եւ, ինչպես ասեցինք, ամենակարեւորագույն սխալը- Մազութի Համոյի քաղաքից հեռանալը: Այո՛, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, եւ անսպասելի, եղերական ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ...
Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիքական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն՝ հրամանը: Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին- ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները եւ հանում տներից- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից: Սխալվեցինք, սկզբներում դեռեւս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց- միմիայն կանանց եւ երեխաներին. եւ ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները: Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աբոմարշը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան եւ ուրիշ շատ շատերը.- բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար. պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները- կանացի շորերով. ահա՛ եւ ամբողջը: Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետեւ Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո եւ նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետեւում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետեւում...»- Բայց ո՞նց հետեւեին, երբ քաղաքի պատերից, օր օրի հետեւից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել եւ չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նաիրյան քթներով չդիպչեն որեւէ զարհուրելագույն հրամանի: Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետեւել պ. Աբոմարշի եւ ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,- «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է,- ասվում էր ապա այդ հրամանում,- եւ բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն»:- Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետեւեք պ. Աբոմարշի եւ ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է որ, չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,- չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի հետեւից նոսրանում էր ու նոսրանում, եւ նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն՝ կենտրոնական թաղերը: Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար Հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե՛ Օսեփ Նարիմանովը, թե՛ գեներալ Ալոշը, թե՛ տեր Հուսիկ քահանա-Խաչագողը,- բոլո՛րը, բոլո՛րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները: Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկալայը եւ շատ ու շատ նման, թեկուզ եւ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ: Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռեւս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները: Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն՝ բերդի եւ Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին, դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, եւ, ընկ. Վառոդյանի հրամաններին հետեւելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը եւ ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին: Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը- չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթաթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ- խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն: Այո՛, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումը հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով. քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին փախել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով եւ տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները: Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին- ահա՛ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը: Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին, բայց չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամանների, այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն: Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ: Երեւակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում եւ կատարում իրենց բոլոր բնական առաքումները: Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը. ռազմաճակատից փախչում էին ռազմիկները եւ պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերին եւ նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում: Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով, շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում: Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում եւ Քաղաքային Խորհըրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն. բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում- չայ, սապոն, նավթ, լուցկի եւ էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, եւ Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները: Ինչպես եւ կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները- դուրս եկավ, այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից- խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները: Պատասխան՝ չկային- եւ ուրիշ ոչինչ: Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլեւ իրենք- ապրանքների տերերը. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: Գուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը. բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին: Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը եւ ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթեւակի հիշատակեցինք,- դեզերտիրությունը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից եւ նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,- բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, եւ հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն: Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական Գերագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը եւ Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մուրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, եւ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել. հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց. եւ այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն՝ ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի՛ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից: Այո, նա՛ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետեւ այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր վերջիվերջո այդ արմատի գտնելը, որովհետեւ նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյան մի քիթ, եւ վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն՝ արմատը: Բայց- մի բան տեսնելը, տարբեր բան- տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը եւ առաջարկեց այն հիմքից պոկել եւ դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի: «Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը,- այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգում Մազութի Համոն.- Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը եւ դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն եւ նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը,- գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում:- Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»,- հրահանգել էր վերջում Մազութի Համոն եւ հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել»:- Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր- «էշ կտրած».- այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նո՛ւ, ինչպես օրվա լույսը: Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն, եւ ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել: Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն եւ դրանց վրա խփեցին երրորդը:- «Էդ ի՞նչ կշինեք, եղբա՛յր»,- հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետեւում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին:- «Քյանդրբազի չվան կշինենք, որ դեզերտիրները վրան քյանդըրբազ խաղան»,- պատասխանեց փափախավորը եւ երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով, երեւի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները եւ ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի գլխիվայր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, եւ արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրա- օ, ճակատագրի եղերական հեգնանք,- հարկադրված եղան քյանդրբազություն անել- երեւակայո՞ւմ եք- ինքն՝ ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն... Ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո՛ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը...