Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում- աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաեւ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ դպրոցի տեսուչը- Արամ Անտոնիչը: Բայց մենք, այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք- բաց տարածություն. թող լցնի, ում երեւակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի եւ Համո Համբարձումովիչի զրույցին.- էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը եւ բժիշկը.- ահա՛ հարցը:- Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին- երեւակայո՞ւմ եք- «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքեւի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա- ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից- թողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի- երեւակայո՞ւմ եք- ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց եւ զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած- ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.- բայց այդ մասին հետո:
Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետեւից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որեւէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.- իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները. թերահավատ ու կասկածոտ: Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում եւ ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր- պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջեւը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր եւ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը:- «Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»,- հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին՝ սրճարանը մտնելով.- «Ընչի՞ չենք հասկընա օր»,- կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.- «զորքին պրիկազ է էկե, օր ռեւալյուց էնեն»,- վերջացրեց Սեթոն, ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում անհամբեր՝ հիմա կպայթի:- «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը»,- արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ:- «Զեւզեկ-զեւզեկ չխոսես նե, հայվան, քու ի՞նչ խառնվելու գործդ է»,- բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո՛ւս»,- ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով- չոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կռթնեց պատին:- Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ- զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն: Դեմը- վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ- Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ- մի քանի սոխ զինվորներ, նրանց մեջ իրան- պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին եւ սրանց մեջտեղը- օ՜, զարհուրանք,- իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքեւում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով- վազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս- ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար: «Ո՞ւր, Հաջի՛»,- հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «Գնա՛, գնա՛, յավրո՛ւս. ինծի հետ գործ չունիս»,- հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը- զորքեր, զորքեր, զորքեր- անթիվ բազմություն.- դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաեւ մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,- ինչպես մտածեց Հաջին.- երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին- սոխ սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, եւ Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.- գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետեւից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում- վայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջեւը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: «Ո՞ւր է աղադ»,- հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.- «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,- պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց:
Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե՛ զարմանք, թե՛ անսպասելի ուրախություն եւ թե՛ խորին ակնածանք,- հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը- Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին եւ ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.- «ը՜ս՜ս՜ս՜»,- մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա՛վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»: «Վո՞վ կա»,- չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,- դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էին- երեւակայո՞ւմ եք- Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ,- Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,- քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,- ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի եւ բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի եւ քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: «Է՛, էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի առնենք»,- ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ:
Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.- այն, որ կատարվում էր դուրսը- կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր- իրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն...
Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարեւան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ եւ ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց եւ այնպես- «ընելիքդ ի՞նչ, Հաջի՛. ընկեր ես- պիտի քաշես»,- մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարեւան սենյակը: Մտան հարեւան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկեր Վառոդյանը փակվեցին հարեւան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր- հարեւան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարեւան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարեւան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար- ճակատագրական անցքեր:- Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, եւ այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը հարեւան սենյակում- Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ եւ չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, եւ պիտի իմանար նաեւ այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը- Քաղաքային Խորհրդի նախագահ...
Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով- եւ դժվար թե որեւէ մեկին երբեւիցե հաջողվի վեր հանել այդ քողը եւ նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք:- Անցնենք այդ դեպքերին:
Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն- այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլեւ փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ եւ նաիրատառ հայտարարություններ: Եվ, կարեւորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային եւ երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլեւ շատ ավելի պատկառելի մարդկանց.- Կարո Դարայանի եւ պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից եւեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի եւս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաեւ ընկ. Վառոդյանը. երեւակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե եւ Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք՝ մատ ունե՞ր, թե՞ չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն՝ ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից. եւ այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից եւ այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց եւ չէինք էլ հավատում, չնայած որ- այդ ես հաստատ գիտեմ- անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն եւ Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)- ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի- ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք- ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.- իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն.- չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երեւան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետեւանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ- Բարության եւ որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,- մի ավելորդ ապացույց եւս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,- ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երեւակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետեւ ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) - անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»- անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին:- Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո՛ղ,- եւ մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ:
Ինչպես ասել ենք վերեւում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը եւ բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին եւ, առաջին հերթին,- պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչեւ վերջն էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին եւ չէինք էլ հավատա, եւ այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը եւս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին եւ բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը եւ Սերգե Կասպարիչը- բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին- դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն... զարհուրելի զարզանդ... բոլորը քար կտրած սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման կամ ինչպես Զեւսը- կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,- այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.- եբրայական Եհովայի կամ հունական Զեւսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա՝ Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը:- Բայց- երեւակայո՞ւմ եք- կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրեւ, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)- դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն- եւ ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով սոխ զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաեւ,- օ, խայտառակություն,- պ. Մարուքեն,- այո՛, ամբողջ դահլիճը քար կտրած ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «Փա՜ստ, փա՜ստ»,- վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար. կար- մթին կասկածանք, միակ փաստանման բանը- Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,- պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով:- Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը:- «Փա՛ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն եւ դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո՛ղ. փաստ չկար,- կար- մթին կասկածանք: Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի՛ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.- Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, եւ Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված:
Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, եւ այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, եւ նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը եւ Դարայանին սպանողները), այլեւ շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր եւ չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն- միայն իրան էր հայտնի եւ մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին- երկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ եւ մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի եւ պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն- տղամարդ (ամենաէական տարբերությունը)- եւ ապա- որ ավելի կարեւոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,- այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,- օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին- ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր- անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին- նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում- էլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ- հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, եւ նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի եւ այլոց, ազատ է արձակել, երեւակայո՞ւմ եք- գավառապետին, ոստիկանապետին եւ «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին- ահա՛ թե ինչ: Եվ մի՞թե այդ միեւնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն եւս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է- հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում:- Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, եւ այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը եւ վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը:- Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի եւ ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը եւ քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են եւ վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված եւ փակված էին, բայց- «Ո՞ր բանտում»,- հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում»:- Լավ, լինի զի՛նվորական, ի՞նչ տարբերություն,- կարող էր ասել միամիտ խոսակիցը, եւ եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը- օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը եւ արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին- կարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել եւ ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երեւակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.- եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, եւ մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը:
Բայց սուտը՝ սուտ, իսկ ռուսական առածն ասում է. «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը եւս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,- սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին: Օրինակ, այդ առածից ելնելով, կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը»- հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետեւ վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն՝ օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն եւ կարդում էր սրան-նրան, այսինքն՝ նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ եւ դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից եւ պատմում էր մյուսին- ահա եւ ամբողջը:- Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը: Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո՛ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին: Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (եւ այս հանգամանքը մինչեւ վերջն էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն- Մազութի Համոյին,- ընկել օր. Սաթոյի ձեռքը. նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: Գուցե՞ օր. Սաթոն հենց ի՛նքն էր հնարել այդ միֆական նամակը եւ իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն- լեզվին... Ո՞վ իմանա: Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից- օր. Սաթոյից, եւ թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին: