Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից եւ հասցեագրված էր Համո Համբարձումովիչ Ասատուրովին: Նամակի հեղինակն էր- (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից, ու ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)- վերստին ձերբակալված գավառապետը: Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն: Օր. Սաթոն եւս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը- դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն, թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան»,- ինչպես ասում էր օր. Սաթոն: Բայց անցնենք նամակին: Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, եւ ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը եւ ցանցառ մորուքը: Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից եւ, թերեւս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երեւում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները:- Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի՛ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, եւ ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում եւ մնացին այնտեղ- եւ, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ- ընդմիշտ ու հավիտյան:
Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի եւ նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը եւ, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը եւ ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի եւ մանավանդ բժշկի - Սերգե Կասպարիչի մասին, այստե՛ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին եւ նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը եւ թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում- շնական շրթունքները: «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,- ասվում էր այդ միֆական նամակում,- որ լիզում էիք իմ պնակները եւ բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս- եւ մի՞թե ձեր անզուգական դուստր Սեւաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք,- ասվում էր ապա այդ միֆական նամակում,- որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեեւին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,- ասվում էր նամակում,- որ Տեղական Կոմիտեի կնիքով եւ «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչեւսկուն, որպեսզի վերջինս իսկույն եւեթ թողնի մեր քաղաքը եւ հեռանա սատանաների գիրկը- ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն՝ Մազութի Համոյի. Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ,- ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,- իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.- ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ- էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,- դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,- դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր եւ մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, եւ ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո՛ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,- եւ իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»: Այսպիսի՛ ահա չլսված ամբաստանություններ կային իրա- Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո՛, ես չեմ էլ կասկածում, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի եւս փչացած, ավելի քան շնական ուղեղի- պ. Մարուքեի ուղեղի- ազդեցությունը:
Ինչեւէ, ընթերցո՛ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչեւ վերջն էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր: Հիմա էլ, երբ այստեղ նկարագրված դեպքերից անցել են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին եւ մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն՝ անգոյության գիրկն են անցել- հիմա անգամ, ընթերցո՛ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ եւ աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները- այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած եւ խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք: Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից եւ ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, բերդի տակ, եւ տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը եւ այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռ ու մուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը՝ մուգ, իսկ ներքեւը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից: Վարի համեմատաբար բաց գույնի մազութը- հորդած գետն էր, ջուրը, որ, լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ: Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը: Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութի մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սեւություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սեւին էր տալիս մազութանման մշուշում: Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ: Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ ճեղքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երեւաց փոքրիկ-փոքրիկ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ: Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը. շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար. այդ ժամանակ մի վերջին անգամ եւս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը. վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը- եւ ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում: Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին- եւ ամբողջ գիշերը մինչեւ լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը, ու այդ սեւասեւ ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը: Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը եւ- օ՜, զարմանք եւ ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել եւ հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած՝ չորացնում էր իր թրջած կողերը ելնող արեւի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որեւէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից եւ անգամ, - օ՜, մանկական անմեղություն,- վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո՛չ մի հետք, իհարկե, չկար, եւ չէր էլ կարող լինել այդ բոլորից: Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պայմանները մտաբերելիս: Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն:- Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող- եւ խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, եւ ներկա դեպքում այդ խորագույն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արեւի լույսը: Եվ իրոք. իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո՛ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց: Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից եւ, թերեւս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում:- Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի: Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից եւ վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ. նո՛ւյնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը. ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը- եւ նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը եւ այլեւս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլեւս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր: Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,- բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրբին» կարեւորություն տվողը: Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ: Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո՛, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի եւ Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Բարձրագույն Ատյանի անդամ- եւ այլն, եւ այլն, եւ այլն,- եւ նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին...
Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի եւ ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, եւ ամենանշանավորն ու կարեւորը այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաեւ սոխական բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, եւ Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին. երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի: Հավաքել էր «Ընկերությունը» եւ գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նաիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին. գրավել էր շեներ ու քաղաքներ. բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան- Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն՝ ռեալականի) տեսուչը, իսկ Գեներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը եւ շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ: Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,- եւ ոչինչ՝ գոհ էր իր վիճակից: Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական Գերագույն Ատյանի անդամ, այսինքն՝ մենակ ինքը՝ Օսեփ Նարիմանովն էր անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը- այդ Գերագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն:- Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին: Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր եւ ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք: Նաիրի՛ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք: Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում եւ շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը: Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ նաիրադավաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության. ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը. ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին՝ երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը- հանուն ինչի՞ կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում- անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոչ՝ «Ընկերությունն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց- «Ազգային դավաճանություն»: Եվ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը.- մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին եւ չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է- անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում- «վերի գլուխը».- արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու եւ անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա՛ թե ո՞վքեր էին դրանք եւ ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը: Եվ, երեւակայո՞ւմ եք, ընթերցող- այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն՝ անվարտիք շների ղեկավարն է եղել,- հավատո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը: «Շունը շան մահով կսատկի»,- ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ նա, թերեւս, իրավունք ուներ, որովհետեւ պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը: Ահա թե ո՛վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո՛ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար եւ անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին: Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.- առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհայտացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. Գրաստամատյանը, եւ ապա- մեզ քաջ ծանոթ «ծամը կըտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն եւ էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն՝ երկաթուղային բանվորներին ու ծառայողներին եւ ֆրոնտից փախած դեզերտիրներին:- Ահա՛, ահա՛, ընթերցո՛ղ, թե ո՛վքեր էին նաիրյան այդ քաղաքի եւ նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները. դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ կամ, տեր Հուսիկ քահանա-Խաչագողի խոսքով ասած, «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով՝ ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես եւ հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)- եւ այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,- այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն՝ երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,- երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,- ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում եւ խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ.- Հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,- ինչպես ասում էր Մազութի Համոն,- որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, եւ նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...- Ո՛ւշ, շատ ուշ գլխի ընկան (եւ դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) եւ ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,- բայց թե ի՞նչ կարող էին անել այլեւս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, եւ Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...
Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի եւ սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը- եւ մի սուր, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը. ձեռքս կրկին սկսում է դողալ, եւ գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներեւույթ մի հողմ... Սեւ, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո՛ղ, եւ չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում: Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո՛ղ, որովհետեւ դժվար թե մեր հնամյա արեւի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, եւ այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից: Մենք չենք հավատում, որ դա կհաջողի մեզ, ընթերցո՛ղ, եւ բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,- բայց ահա իմ՝ հեղինակիս, ուղեղի խորհըրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգեւոր հայացքիս առջեւ սեւ, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, եւ ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու: