Գար-օշրնդրի փոշին փեշի վրա,
Գրպաններում փշրանք քարաքոսի,
Գուլպաներում—մաղած հողն ակոսի...
Եվ արևայրուկի թուխն առաջին,
Եվ առաջին հոգսի թուխպը թախծոտ,
Եվ հրճվանքի շողքը դեմքի վրա —
Գար ու շվացներ շեմքի վրա։
Գար – պռունկը դաղձոտ, ունկը դաղձոտ
Կուժը գլխին քաշեր ու զովանար,
Մեղր ու կարագն ուտեր, ուժովանար։
Ու գյուղամեջ գնար... պատահողին,
Անգամ գայլի բերան պատառողին,
Չափեր ոտքից գլուխ, խեթ-խեթ նայեր,
Լեզու հաներ, ժպտար, չխնայեր.
Թե, հա՛, տեսեք-տեսեք, մարդ եմ դարձել
Եվ կարող եմ մենակ, մեն ու մենակ
Ավելացուն արդեն էշին բարձել,
Արդեն ճիպոտ բռնել ճանի տեղակ,
Արդեն գութան քշել մարդավարի,
Արդեն օգնել պապին՝ արտը վարի...
Մեծերի մոտ անգամ քիթը տնկեր,
Ինքն իր աչքում դառնար աշխարհի տեր։
Աղջիկ տեսներ, կծիկն առներ ձեռքից,
Հետո կրակն ընկներ իր ծուռ խելքից։
Էհ, միայն թե վիզը ծուռ չմնար...
Քեֆի տվածն աներ ու չիմանար,
Որ երբ իր կարոտը քաշեմ մի օր,
Ու կորուստի ցավից մաշվեմ մի օր,
Ինչքան էլ «ա՜խ» կանչեմ, «ավա՜ղ» կանչեմ,
Տնկած քթի համար ու ծուռ խելքը
Իր փոխարեն պիտի ես ամաչեմ։