Սուրար ավտոն սուլոցներով
Քո մանկության փողոցներով —
Մի հին թաղում հին Գանձակի...
Աչքդ առներ երբեմնի լույս,
Անհույս, անհաս, անհնարին
Քո սիրո նեղ պատուհանին,
Ու շիկնեիր հանկարծակի։
Չտեսնելու տայինք մի պահ
Մենք շիկնանքը քո հայացքի...
Եվ հիշեիր մի պատմություն,
Որ աշխարհում լոկ դու գիտես,
Հառաչեիր մեզնից թաքուն
Ու ժպտայիր դու, հենց այնպես...
Կիսատ մնար ժպիտը քո,
Ընդհատվեին հուշ ու հառաչ,
Շունչը հանկարծ պահեր ավտոն
Ու կանգ առներ ձեր տան առաջ։
Ելներ, ինչպես արքան գահից,
Ելներ ձեր հին դռան քարից,
Գար ընդառաջ, չհամբերեր,
Ինձ քեզանից չտարբերեր,
Գրկեր, որպես իր տղային,
Ու համբուրեր ու համբուրեր
Մեր մարդամոտ, մարդանվեր
Ու մարդապաշտ Մուխի դային...
Հետո բացեր դուռը ձեր տան,
Բացեր մառանն ավանդական։
Բացեր բերանն, ի՞նչ, պատահա՞ծ,
Չէ, ո՞վ գիտե քանի տարի
Հենց այդ օրվա համար պահած,
Հատուկ պահած մի տակառի...
Հետո իր մեծ սիրտը բացեր,
Բացեր մառանն այնքան հարուստ
Հյուրամեծար իր խոսքերի
Եվ ժպիտով ու արցունքով
Մեր գալստյան կենացն ասեր...
Ու բոցկլտար կարմիր գինին,
Վարդեր դառնար մեր այտերին,
Մեր շուրթերին՝ «աղջի, Մառան»,
Մեր շուրթերին՝ «Քելեր-ցոլեր»,
Ոչ ոք ոչինչ մեզ չարգելեր...
Ետ բերեր մեզ օրերն անցած
Մեր արյունը ջահելացած։
Եվ մեզ նման եռար, երգեր
Եվ տարիքն իր՝ գինով հերքեր
Անգամ ինքը՝ Մուխի դային։
Բոլորն այսպես... թող կրկնվեր,
Եվ չլիներ վերհուշ մի հին,
Եվ չլիներ, և չլիներ
Քո սիրո պես անհնարին։