Հողմեր, ինչո՞ւ եք այդպես չարանում
Աղոթարանի լճերի վրա։
Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում,
Դուք մի խռովեք լճերը նրա։
Բարձունքի հողմե՛ր, բարձունքի սովոր
Դուստրերն են նրանք Աղոթարանի։
Խնայեք նրանց ու մի թողեք, որ
Զոհը դառնան ձեր օղապարանի։
Խնայեք նրանց... տեսեք, որ ահա
Ձյունն ու արևն էլ Աղոթարանում
Իրար հետ ապրում բարձունքի վրա
Եվ իրար երբեք չեն օտարանում։
Աղոթարանի լճերը՝ ոչինչ
Չեն ուզում ձեզնից, հողմեր հաղթական։
Հարգեցեք նրանց մաքրությունը ջինջ
Եվ պարզությունը նրանց նախնական։
Երբ որ կամենաք, գնացեք-եկեք,
Հյուր եղեք նրանց Աղոթարանում.
Չեն արհամարհում նրանք ձեզ երբեք
Եվ ձեր պատիվը չեն ոտնահարում։
Հողմե՛ր, ինչո՞ւ եք այդպես չարանում
Աղոթարանի լճերի վրա։
Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում,
Դուք մի պղտորեք լճերը նրա։