Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։
Առավոտ էր, չկար, երեկո էր, չկար,
Արդեն երեք գիշեր, երեք օր էր, չկար։
Կորել էր ու չկար,— կորե՞լ, ասեղ, հո չի,
Ո՞վ է տեսել մարդուս քեռակինը կորչի։
Վեր կենա ու կորչի, ի՞նչ ասելու բան է,
Ախր տղան հազիվ երկու տարեկան է,
Ախր տանը ուրիշ եփող-թափող չկա,
Ախր երեխայի գոտին կապող չկա,
Ախր ե՞րբ չի նրա ցավին հասել քեռին,
Ախր ե՞րբ է նրան ցուրտ խոսք ասել քեռին,
Ախր ամբողջ կյանքում չի էլ ասել իսկի՝
«Տեղդ ծուխ է, վեր կաց մի ուրիշ տեղ նստի»։
Բայց կորել էր, չկար... Սկսվել էր թաղում.
— Աղջի, սատանա էր, խեղճություն էր խաղում։
— Դե երևի... — Այո, սիրեկան է ճարել։
Վերջը հետքը գտանք...
Մի անծանոթ քեռի առել էր ու տարել։
Ուրիշ տեղ էր տարել, ո՞վ իմանա թե ուր,
Աշխաիհն անհուն կարաս՝ մեջը լիքը մրուր...
Քեռին գլխին տալիս ու ցնդում էր քեռին,
Քրքրվում էր խանդից, մռլտում էր քեռին,
Քեռու միտքը նրան հազար տեղ էր տանում,
Քեռին ամբողջ գիշեր ախ ու վախ էր անում,
Ինքը իրեն խփում, խրատում էր քեռին,
Քունս ողբ ու ճիչով կտրատում էր քեռին։
Ու ես ամբողջ գիշեր տապակվեցի տեղում։
Առավոտվա դիմաց քունն այնպես էր նեղում,
Որ ես ինձնից անկախ վայ կանչեցի հանկարծ...
Եվ սթափվեց քեռին իմ մի բերան վայ-ից,
Ժպիտի պես մի բան ընկավ բեղի ծայրից։
Թաշկինակի շուքը պատին ծալ-ծալ եղավ։
Արտասուքը սրբեց,
Կարեկցանքիս համար շնորհակալ եղավ...
Երբ գործի էր գնում, ճակատս համբուրեց, Մանեթանոցն առավ ու բարձիս տակ դրեց։
Եվ շուռ եկավ կարծես գլխիս աշխարհն արար։
Մի չարչարված մանեթ, մի ծույլ «վայ»–ի համա՞ր
Ես իմացա հետո, որ ամոքող խոսքին
Մարդիկ վարձ են տալիս, մինչև անգամ
Նրան դեղ ու ճար են ասում,
Եվ իմացա հետո, որ այդ վարձին մարդիկ
Ուրիշ խոսքով նաև հոնորար են ասում:
Ախ, իմ լքված քեռի և ինձ լքած մայիս,
Ձեզ ի՞նչ ասեմ, հիմա
Ամեն խոսքիս համար հոնորար են տալիս։
Եվ տխրում եմ մի պահ, մինչև անգամ լալիս,
Երբ հիշում եմ հանկարծ հոնորարը «վայ»–իս։