Կիրճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր,
Քարափ ու քերծ...
Վերհուշերս կրկին,
Ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան
Այն երկնամերձ։
Իմ նախնիներն այնտեղ
Ապրում էին, մեռնում։
Ապրում էին աղքատ,
Մեռնում հարուստ...
Գրաստ էին բառնում,
Գրաստ էին դառնում,
Ու վաստակում մի կերպ
Հաց ու հագուստ։
Աղոթք էին անում,
Ու բախտ էին բանում
Թազբեհների վրա
Եվ ափի մեջ,
Քարանձավի քիմքին
Կորեկ էին ցանում,
Եվ շիվ էին տնկում
Քարափի մեջ։
Հույսեր էին թաղում,
Հոգսեր էին քաղում,
Եվ հող էին մաղում
Ձեռքերով բիրտ,
Եվ քար էին աղում,
Եվ կավ էին շաղում,
Եվ շաղախին խառնում
Կորով ու սիրտ։
Օգնում էին իրար,
Օրհնում էին իրար,
Զրույց էին անում
Աստծո հետ սուտ։
Ցելեր էին կախում
Ապառաժներն ի վար,—
Գութան էին անում
Եվ կալ ու կուտ։
Եզան վզից ուլունք
Ու զանգ էին կախում,
Պահում էին եզան
Պատիվը թանկ,
Պոչին կանաչ-կարմիր
Թելեր էին կապում,
(Տան ճակատին միշտ կար
Եզան մի գանգ):
Կռիվ էին տալիս,
Կռիվ էին շահում
Եվ գլխատում էին
Հողմերը ցուրտ։
Մանուկ էին պահում
Եվ տուն էին պահում,
Աշխարհ էին պահում
Ու ժողովուրդ...
Սև օրերի համար
Պաշար էին բռնում.
Ու հեգնելով ամեն
Ոխ ու ոճիր,
Կտուրների վրա
Երկինք էին փռում,
Աղուն էին փռում,
Չաման ու չիր։
Մասուր էին փռում
Ու սիրտ էին փռում,
Հավատ էին փռում,
Ոսպ ու հաճար։
Թախիծ էին փռում,
Ժպիտ էին փռում,
Հրավերքի խոստում,
Բախտի պաշար...
Իմ նախնիներն այնտեղ
Սամի էին խազում
Եվ լուծ էին քաշում
Եզան հետ խեղճ...
Եվ ապրում են հիմա
Ու հեքիաթ են ասում
Իմ հուշերի հարուստ
Տերության մեջ։
Վերհուշերս կրկին,
Ախ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան
Այն երկնամերձ...
Կծիկ–կծիկ սարեր,
Կիրճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր,
Քարափ ու քերծ։