Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները...
Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ,
Հետո դառնամ առնեմ նրանց
Ժպիտներն ու արցունքները,–
Առնեմ, դնեմ քո վերքերին,
Որ դու նորից թեթևանաս,
Ապաքինվես ու լավանաս,
Եվ համբուրես, և համբուրես
Հորոտ, մորոտ այս լեռները,
Թռվռալով թողնես գնաս
Քեզ կարոտած,
Քո կարոտած հեռուները։