Երկնքում կայծ ու կռիվ...
Բախվում են խորթ ու խռով
Ամպերը խռիվ-խռիվ։
Խրվում են իրար երախ,
Խրտնում են իրար գրկից,
Թռնում են իրար թիկունք,
Բռնում են իրար բկից։
Չոքում են իրար կրծքի,
Ճեղքում են իրար ճակատ,
Կտրում են իրար լեզու,
Ջարդում են դաստակ ու մատ։
Հոգնում են որոտալուց,
Քրտնում են, ջուր են դառնում,
Փլվում են երկրի վրա,
Ամեն ինչ իրար խառնում։
Կարկուտը ուշաթափված
Ընկնում է լեռան բաշին,
Կայծակը բլրին խփում,
Պոկում է գլխի կաշին։
Ամպրոպ է խմում քամին,
Հարբում է լիրբը լրիվ,
Հեգնում է, ում պատահի,
Բորբոքում վեճ ու կոիվ։
Ծառերը բռնում նրան,
Ասում են,— ինչքա՞ն մրսենք,
Մի ոռնա, ամբարտավան,
Բան ասա, թող բան լսենք։
Եվ քամին խոսք է խոսում.
— Ամպրոպ է, ինչքան ջանա,
Արևը քիթը հանի՝
Ամեն ինչ կվերջանա։