Հովհաննես Շիրազ (1914-1984)
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:
Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:
1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:
Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Բանաստեղծություններ |
Քառյակներ |