Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Եվ այր մի` Մաշտոց անուն (Ա-Ե)

Եվ այր մի` Մաշտոց անուն (Ա-Ե)
Ա
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:
 
Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:
 
Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՛ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկընքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:
 
Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:
 
Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»:
 
Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եվ այդ հլությունն անձնատուր ոսկու
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծըն Անահիտ:
 
Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ... կոչում Գառնի...
 
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:
Մեր արքաների և իշխանների արածի վրա չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրա բամբ բամբիռների
Եվ... դա անվանում Երգ Վիպասանաց...
 
Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին:
 
Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
Այնպիսի՛ մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում...
 
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:
 
Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաև հաճույքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»...

Բ
Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ:
 
Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:
 
Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:
 
Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
 
Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով...
 
Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ այնքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:
 
Իսկ եբրայեցին եկավ ասելու.
«Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով»...
 
Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա:
 
Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ...
 
Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:
 
Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես»,
Եվ... դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով...
 
...Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜...

Գ
Եվ կործանվեցին աստվածները հին:
 
Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր էին հիմա ունենալ
Միայն մի՛ աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված:
Եվ չգիտեին,
Թե ո՞վ է այդ Մին
Եվ ի՞նչ է ուզում...
 
Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ խոսում էին նրանք մի լեզվով,
Որ չէ՜ր հասկացվում:
 
Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկընքի՜...
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող...
 
...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անկարելի է:
 
Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
-Դեռ նորը չկա՜ր:
 
Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
-Դեռ նորը չկա՜ր:
 
Եվ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ շրջվեց,
Տակն ի վեր եղավ,
Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
-Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜:
 
Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի «մեղա»,
Որ պիտի նաև... բարձըր չհնչեր:
Եվ այսպես՝
Անցավ ողջ հարյո՜ւր տարի,
Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
                       այնժամ...

Դ
Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ:
 
Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում:
 
Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:
 
Խորովվում էինք:
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Սակայն ճենճերից - այդ ո՞վ չգիտի - չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր:
 
Մե՛ր հողի վրա,
Մե՛ր երկընքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ:
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու
Եվ կամ թե որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրեինք մի թույլտվություն,
Որ եթե հասներ՝
Պարտավոր էինք համարել շնորհ
Եվ շնորհակալ մնալ հավիտյան:
 
Հայաստան կոչված աշխարհը կիսված
Նստել էր արդեն
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:
Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր
Ունեին լոկ մի մտահոգություն,
Լոկ մի խոհ բարձըր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՛ւյքը իրենց
Եվ իրենց բա՜րձը:
 
Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-
Զսպանակի պես
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում:
Միա՜յն թե կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ վիհն էր որոճում...
 
Ավերակվել էր երկիրը հայոց:
Ու եթե նրա տերերը տանու
Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝
Նրա պես պիտի մռռային նորեն.
«Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»...

Ե
Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:
 
Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ,
Որ նո՛ւյնպես չկար:
 
Կար միայն պարի՜սպ,
Որ տարածվում էր աշխարհից աշխարհ:
Եվ կային նաև ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի...
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:
 
Իսկ իսկությո՜ւնը...
 
Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ «ալելո՜ւա» պիտի որոտար:
 
Իսկ իսկությո՜ւնը...
 
Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:
 
Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:
 
Իսկ իսկությո՜ւնը...
 
Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՛ղ կաղապար,
Որ արդեն հարյուր տարի էր տևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մեջ էր ձևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛վ մարմնի համար,
Որ շնչակտուր հևում էր, հևում,
Ե՛վ հոգու համար,
Որ վաղուց արդեն ազատ չէր թևում,
Ե՛վ լեզվի համար...
 
Գեթ լեզո՛ւն գործեր:
Մինչդեռ մեր լեզո՜ւն...
1 2 3
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top