Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մեռելահարցուկ

Մեռելահարցուկ


— Անտարակույս, այո՛։ Բժշկության մեջ գործակատար են ոչ միայն զանազան մարմինք, որ շատ անդամ պիտո էր զգուշությամբ ներս բերել հիվանդի կազմվաձքի մեջ, այլ, գլխավորապես հոգին։ Որևիցե անախորժություն խանգարելով հոգու և սրտի անդորրությունը, ձգում է ամբողջ կազմվածքը մի ալեկոծված վիճակի մեջ։ Այդպիսի վիճակում ոչ թե միայն չէ կարելի հիվանդը բժշկել, այլև առողջ մարդիկ կարող են հիվանդանալ և մեռանել ևս։ Դո՛ւք, ձեր տարապայման ժլատության պատճառով, չկամենալով կատարել ձեր խոստմունքը, որ արել էիք ձեր փեսային,հարկադրել եք նորան հեռանալ ձեր ընտանիքի միջից... Հերիք չէր այս, դուք հետ եք պահել ձեր մոտ նորա ամուսինը, որ, աստվածային և քաղաքական օրենքներով, պարտակա՛ն էր հնազանդվիլ նորան և գնալ նորա քամակից։ Մի՞թե այս անբնական գործողության հետևանքը չէ, որ այսօր ձեր դուստրը գտանվում է այդ վիճակում։ Հայտնի բան է, մինչդեռ ձեր փեսան հեռանում էր այս քաղաքից, դուք մտածեցիք, թե ոչինչ պակասելու չէր ձեր դստերը այստեղ, բայց մոռացաք, ոը պակասելու էր նորան մի մարդ, որի պաշտոնը օրինավոր կերպով ոչ ոք չէր կարող լցուցանել, և որի հետ զուգված էր ձեր դուստրը այնպիսի անքակտելի կապերով, որ մարդու ձեռքը իշխանություն չունի բաժանել: Դո՛ւք չարաչար գործ դրեցիք ձեր ծնողական իշխանությունը, որ, զավակի ամուսնութենից հետո, վերջանում է իսկույն, դո՛ւք չարաչար օգուտ քաղեցիք ձեր հարստութենից, և առանց մարդկային սրտի զգացողության: ընթանալով ձեր դստեր և փեսայի հետ, նոցա հոգու անդորրությունը փոխանակեցիք արծաթի հետ։

Պ. Հովնաթանյանցի երեսը ծածկվեցավ կարմրությամբ, տհաճությունը կաթում էր նորա մեռած աչքերից։ Նա վերջին ջանքը գործ դրեց յուր անձը սառնարյուն ցույց տալու, որովհետև ձեռնտու չէր պատերազմ հայտնել բժշկապետին, նախ, որ նա գիտեր պ. Հովնաթանյանցի բոլոր ընտանեկան գաղտնիքը, և երկրորդ, որ պարոնի ընտանիքը միշտ կարոտ էր բժշկապետի այցելությանը...

— Ի՛նչ պիտո է առնել,— ասաց պ. Հովնաթանյանցը, մի փոքր ուղղվելով, երբեմն զանազան հանգամանք ստիպում են մեզ այլապես ընթանալ, քան թե ցանկանում էինք։

— Մարդը կորուսանում է յուր արժանավորությունը, եթե կամք չունի, եթե դադարում է նորա մեջ ձգտողությունը։ Մեր պարտականությունն է պատերազմել հանգամանքների հետ և հողի հետ չհավասարվիլ ամեն մի հանգամանքի առաջև, որպես մի անբան անասուն կամ մի կոտոր կապերտ։

— Ուրեմն ձեր վերջին խոսքն է հրավիրել իմ փեսան, որի երեսը ցանկալի չէր ինձ տեսանել։

— Այո՛, այդ է իմ վերջին խոսքը։

— Համաձայնեցեք, պարոն բժշկապետ, որ դուք ձեր խորհուրդը տվեցիք ինձ շատ խիստ խոսքերով։

— Ճշմարտությունը միշտ աչք է ծակում:

— Ճշմարտությունը մի վերացական բան է, որով ամենայն մարդ արդարացնում է յուր գործերը։

— Այո՛, և գողերը և հափշտակողքը կամին հավատացնել աշխարհին, թե յուրյանց կողմում ունեին ճշմարտությունը, բայց այդպիսի դիպվածում չարաչար էր գործ դրված ճշմարտության անունը:

Վերջին խոսքերը ասելով դուրս գնաց բժշկապետը, յուր արծաթապահի մեջ դնելով մի տասն մանեթանոց թզթարծաթ:

Պ. Հովնաթանյանցը մնաց միայն։ Ժամը մոտ էր տասն և մինին: Նա հնչեցուց զանգակը և երևեցավ սպասավորը։

— Պողո՛ս,– կանչեց պարոնը,– կոչի՛ր շուտով Գրիգորը։

— Գրիգորը գլխավոր գործակատար էր պ. Հովնաթանյանցի, և նորա ձեռքում էին բոլոր գործերի հաշիվքը։

Շտապելով ներս մտավ գործակատարը։

— Ի՛նչ շինեցիք գործարանում,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։ — Ինչպես հրամայել էիք, տվեցի գործավորներին հարյուր քառասուն փութ արճիճ...

— Սաստիկ պատվիրեցի՞ր, որ ոչ ովին բան չասեն։

— Այո՛, ասացի։ Երբ կավարտեք գործողությունը, հավելացուցի, պարոնը կպարգևե ձեզ բավական մեծաքանակ արծաթ արաղի համար,- պատասխանեց գործակատարը, ստրկական պատկառանքով։

— Շատ լավ, եթե խոսք դուրս չգա գործավորներից, ոչ ով ոչինչ չէ իմանալու։ Այնքան կլայեկի մեջ հարյուր քառասուն փոսյ արճիճը մի մեծ բան չէ... ընդունողը վաղուց ստացել է երկու հազար մանեթ... անտարակույս, ընդունելուց հետո մի բան դարձյալ պիտո է սևցնել նորան։

— Այո՛, իմ պարոն. բայց դուք շատ լավ իմանում եք այս գործերը։ Աշխատավորքը գործարանում անձնատուր են մեզ, ընդունողը արդեն հաոաջուց պատրաստված... ոչինչ երկյուղ չկա։ Եթե կներեք համարձակությանս, դուք բավական օգուտ կստանաք այս գործողութենից։

— Հը՛մ, բավական օգուտ,– կրկնեց քթի տակից պարոնը,– բայց ի՛նչ արժե ինձ այդ օգուտը և ի՞նչ է մնում նորանից ինձ սեփական։ Այս մինին բերանը ծեփիր, այն մյուսին ընծա տուր... իսկ ո՛րքան գոզալ հարկավոր է, մինչև այգ բոլորը ամենայն ապահովությամբ կանցանե ձեռքից։ Ամենայն անգամ ես գիտեմ, թե ի՛նչ եմ կրում. դեպարտամենտի դուռերը մաջվեցան։

— Է՛հ, ձեզ գիտեն...

— Գիտեն, գիտեն, բայց առաջին ժամանակները չեն այժմ, ասես թե իմ աստղը վայր է ընկել երկնքից։

Պարտականություն կա մեր վերա, պարզելով այս խոսակցությունքը մի փոքր հասկանալի կացուցանել մեր ընթերցողներին բանի խորհուրդը։

Պ. Հովնաթանյանցը յուր վերա էր առած տերութենական հիվանդանոցների համար պատրաստել, չգիտեմ թե որքան կլայեկյա անոթներ և ամաններ։ Այժմյան հոգաբարձության խորհուրդը այն էր, որ հարյուր քառասուն փութ արճիճ խառնվի կլայեկի մեջ։ Սորա հետևանքը լինելու էր այն, որ կառավարությունը այդ արճճի քանակությունը պիտի ստանար որպես անգլիական կլայեկ։ Կարծում ենք, թե այժմ կհասկանան մեզ, մանավանդ նոքա, որ փոքր ի շատե գաղափար ունին կլայեկի և արճճի արժողութենների վերա։

Մինչդեռ խոսում էր պարոնը յուր գործակատարի հետ, ամենայն զգուշությամբ բացվեցավ նախասենեկի դուռը։ Պ. Հովնաթանյանցի առաջև դրած սեղանի վերա վառվում էին երկու ճրագ, որ չէին լուսավորում տան հեռավոր անկյունը, ուր բացվեցավ դուռը, այս պատճառով ևս, դուռը բացվելուց հետո, շեմքի վերա երևեցավ միայն մի մառախլապատ կերպարանք։ Այս կերպարանքը երկու քայլ հառաջ սողալով դեպի խոսողքը, հետ գնաց հանկարծ երեք քայլ։ Պ. Հովնաթանյանցը չտեսավ և չնկատեց այս կերպարանքը. բայց նորա պատահական հայացքից դեպի դռան կողմը սարսափեցավ կերպարանքը և ասես թե հառաջուց գուշակեց որոտալու կայծակները։

Մի ճնշված, խեղճ ողորմելի սիրտ ամենայն վայրկյան, հարյուրներով զարկում էր այդ կերպարանքի մեջ։ Նորա սրտի և հոգու խռովությունը անցել էր չափից, հուսահատությունը սրտապնդեց նորան և նա հառաջ եկավ ոտքի մատների վերա երեք քայլ։ Նորա այդ երեք քայլափոխությունը կատարվեցավ հինգ րոպեում, հետո սոսկաց հանկարծ և մի վայրկենի մեջ այնպես սաստիկ հետ գնաց դեպի դուռը, որ անզգուշաբար զարկելով և աղաղակ հանելով, դարձուց պարոնի ուշադրությունը դեպի այն կողմը։

—Ո՛վ է այդտեղ,— գոռաց պ. Հովնաթանյանցը բիրտ ձայնով:

Այս հարցմունքից հետո չէր կարելի այլևս ծածկվել, պիտո էր հառաջ գալ, և կերպարանքը, գլուխը կախած ստրուկի պես, մոտեցավ սեղանին։ Դա մի ծառա էր, որ չորս ամիս ոչինչ վարձ չստանալով և հասած լինելով վերջին տառապանքի և նեղության, եկել էր խնդրել յուր անցած ծառայության վարձը։

—Ինչո՛ւ ես եկել,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։

—Պարոն,– պատասխանեց ծառան դողալով, - խնդրեմ, եթե կարելի է, շնորհեցեք ինձ տասն արծաթ։

—Ի՛նչ հաշվով տասն արծաթ. ինչի՛դ է հարկավոր այդքան մեծ գումար...

—Պարոն, ես չորս ամիս է, բան չեմ ստացած. ամիսը հինգ մանեթով արդեն քսան մանեթ պատկանում է ինձ. բայց ես չեմ համարձակվում այդքան խնդրել, առժամս հերիք է տասն արծաթը։ Խնդրում եմ, ոտքերդ համբուրում եմ, մի մերժեք ինձ, ես աղքատ տղա եմ...

—Այդ բոլորը լավ, բայց ամսական հինգ մանեթի անուն տվեցիր, այդ ի՜նչ հինգ մանեթ է։

—Իմ ամսական ծառայության վարձը։

—Քեզ ո՛վ է կարգել հինգ մանեթ թոշակ. քո պես ծառան դեռ կերած հացի համար ևս պիտո է մի բան վճարե տիրոջը։

— Պարոն, աղաչում եմ արդարադատ եղիք. մի՞թե վատ ծառայեցի մինչև այժմ, կամ մի՞թե այժմ ղանցառու եղա իմ ծառայական պարտականությանը։ Ո՞չ ապաքեն դուք ինքներդ գովեցիք ինձ, մինչ ես երկու միլիոն կանգուն տասներկու կոպեկանոց կտավը, որ գնել էի իմ ձեռքով, տվեցի պաշար ընդունող աստիճանավորին նշանակած տասն և ութ կոպեկանոցի տեղ։

— Կորի՛ր, անիծած, դո՛ւրս, դո՛ւրս, անզգամ։ Սպասի՛ր, ես քեզ այն օրը ձգեմ, որ օրական հացի կարոտ դառնաս, նզովյալ․ հայ չե՞ս, քեզ մարդ ասողին ի՛նչ ասեմ։ Սորան նայիր, ծառայությանը նայիր, պահանջած վարձին նայիր... կորի՛ր, կորի՛ր, որ աչքս չտեսանե։

Այլ բան չկար, որ խոսեր ողորմելի ծառան, ուստի դուրս եկավ, անիծելով յուր ծնած օրը, յուր հայությունը, որովհետև ուրիշ ամեն տեղ անարգվելուց հետո, հայ պարոնի առաջև ևս անարգվում էր։

Մի՛ վրդովվիք, պատվելի ընթերցողք, այս պատկերը պատկանում է պ. Հովնաթանյանցի ներքին ընտանեկան կյանքին։ Բազմության մեջ նա դարձյալ երևելի հայ է, մինը այն ազգասերներից, որոնք յուրյանց ազգասիրությամբ այնքան լցրել են օդը, որ բոլոր մարդկության շնչառությունը դժվարացել է... նա ազգասեր է. աստված կյանք տա, աստված հաստատ պահե, որ ազգը սիրելով, կառքերով ման գա, աշխարհի վայելչութեններով թմբի, արբենա. մեզ հայերիս պարծանք է և մեր ազգին մեծ օգուտ...

Մի քանի րոպեից հետո, երբ փոքր ինչ հանգստացել էր պ. Հովնաթանյանցը, պատվիրեց գործակատարին, շտեմարանի պատուհանների կոտրատված ապակիների տեղ հաստ թուղթ կպցնել, որ ընդունող աստիճանավորը չկարողանա լավ նկատել պատրաստված հազարավոր վերարկուների մահուդի անպիտանությունը։ Այս ևս մի շատ զգուշավոր հոգաբարձություն էր. վաճառականությունը ևս ունի յուր Մեթերնիկները․․․

Գործակատարը պատրաստակամությամբ հանձն առավ կատարել յուր պարոնի պատվերը ամենայն ճշտությամբ։

— Մուրհակը, որ ստացաք այսօր, վավերացուցա՚ծ է օրենքի զորությամբ,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։

— Այո՛,— պատասխանեց գործակատարը և ձեռքը տարավ դեպի ծոցը, որ հանե և ցույց տա։

— Ներողությո՛ւն,— ասաց նա,— ահավասիկ մուրհակը, բայց այսօր երեկոյին մի նամակ ստացա ձեր անունով քաղաքական սուրհանդակից, որ մոռանալով չմատուցի մինչև այժմ։

Այս ասելով, հանեց գործակատարը մի փոքրիկ ծրար և տվեց պ. Հովնաթանյանցին։

Պարոնը արձակեց գործակատարը և սկսեց կարդալ նամակը, որի բովանդակությունը այսպես էր.

Ողորմած պարոն.

Ցավում եմ, որ ճակատագիրը դարձյալ զարկում է մեզ միմյանց. ցավում եմ մանավանդ, որովհետև երրեք ցանկալի չէր ինձ գործ ուենալ ձեր հետ։ Չգիտեմ, թե ինչ կամիք դուք ինձանից։ Մի անգամ ձեր անզգուշության և դատարկաբանության փոխարեն ընթերցաք Հայի հայրենիքը. բայց երևում է, որ փոքր էր ձեզ այդքանը. դուք վերստին վշտացնում եք իմ այրական պատիվը մրոտ ճանապարհներով, որ ես... բայց ո՛չ. ես չկամիմ բնավին ունենալ որևիցե հարակցություն մի այնպիսի մարդու հետ, որին արհամարհում եմ հոգով և հոգու բոլոր զորությամբ։ Մի մոռանաք, գեթ այսուհետև, զգուշությամբ բերան առնուլ իմ անունը. դուք չեք կարող ծամել և կուլ տալ նորան, նա կփշրե ձեր ժանգոտ ատամները։

Կարծեմ, որ այս հառաջաբանությունը անհասկանալի չէ ձեզ. բայց հաստագլուխ մարդու հետ ավելի պարզախոս լինել մեր պարտականությունն է։

Երբ եկա ես այս քաղաքը, որից երկար ժամանակ հեռացել էի, մի քանի բարեկամք ասացին ինձ, թե քաջափայլ պարոնի մինը ստացել է մի անստորագիր նամակ, որպես թե Աստրախանից, որի մեջ ափեղ ցփեղ բաներ խոսվելուց հետո, ասվում է եղած, թե դուք հետամուտ եք խլել այդ պարոնի պաշտոնը և այլ այսպիսի շատ բաներ։ Դուք, իմանալով այս, իսկույն վճռում եք, թե պիտո է, որ ես լինեմ այդ հիմար նամակի հեղինակը, և այդպես հավատացնելով այն պարոնին, որի հետ վաղ ուրեմն վերջացուցած եմ ամենայն հարակցություն, բորբոքում եք զուր տեղը նորա թշնամությունը դեպի ինձ։ Թե ի՛նչ է ձեր փաստը, և ի՛նչ հաստատող վկայություն այդ մասին կարող էիք մեջ բերել, չգիտեմ, այլ այսքան դրականապես ասում եմ, որ ձեր կողմից այդպիսի կարծիք տալը իմ մասին մեծ ցածություն է։ Իմ համար ոչինչ է այդ պարոնի բարեկամությունը կամ թշնամությունը, ըստ որում սովորած չեմ բարեկամ լինել կամ ոտք լիզել օգտի ակնկալությամբ, սակայն ձեր ընթացքի մեջ տեսանում եմ մի վերին աստիճանի տմարդություն։

Թողունք ամենայն հակառակաբանող պատճառքը, այլ այս միայն առնունք աչքի տակ, թե դուք ի՛նչպես կարողացաք կարծել, որ Կոմս էմմանուելը կարող էր երբևիցե մտածել, թե դուք կարող էիք հասանել այն պարոնի պաշտոնին։ Գուցե դուք ձեր ծանծաղամտությամբ երևակայում եք ձեզ մի նշանավոր մարդ, և ձեզ այդպես հավատացնում է ամբոխը ստորաքարշ մարդերի, որոնք աչքերը տնկել էին, որևիցե կերպով օգուտ քաղել ձեր հարստութենից, բայց, իմ աչքում ամենևին զանազանություն չունիք այն ռամիկներից, որոնց վերա գոռում է ձեր արծաթը. արծաթն եմ ասում և ոչ դուք, որովհետև արծաթն է տալիս ձեզ այդպիսի տմարդի իրավունք, և առանց այդ արծաթին, պիտո է մինը լինեիք այն ռամիկներից, եթե ոչ ավելի վատթար. ըստ որում շատ ռամիկների սիրտ և հոգի այնքան ապականված չէ, ինչպես ձերը։

Կարծեմ թե ապացուցել էի ձեզ և ձեր ընկերակիցներին, թե տեղիք չունիմ ծակամուտ ճանապարհներով գործ կատարել, և իմ ասածը կամ գրածը ունիմ զորություն իմ ստորագրությամբ կնքելու, որին եթե վերստին մի նոր ապացուցի տեղ չկարողանա ծառայել այս նամակս, մի օր, երբ թեթևացած կլինիմ գործերից, ցույց կտամ ձեզ ձեր անձը Հիշատակարանիս հայելու մեջ։

Ուրիշ կերպ չեմ կարող վերջացնել նամակս, եթե ոչ այս խոսքերով, թե դուք վշտացնելով իմ պատիվը, պարտական եք զղջալ և քավություն որոնել, այլապես ուրիշ տեսակ հաշիվ կունենաք իմ հետ և կզղջաք ձեր համառության վերա։

Ողջ եղիք, ձեր անձը և բարքը փոխելու, այլև փոքր ինչ խելք ուսանելու համար, իսկ ես մնում եմ միշտ պատրաստ, որքան կարող եմ ձեզ օգտակար լինել»։

Ձեր իրավասությունը մերժող ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ
— Առ քեզ խայտառակություն,— բացականչեց պարոնը, ձեռքը միմյանց զարկելով,– Не было печали, черти накачали, որը ասում է ռուսը, շատ հարմար է այս հանգամանքներին, որոնց մեջ ընկա... Ստույգ է, որ ես, ասել եմ քաջափայլ պարոնին, թե Կոմսն էր այն անստորագիր նամակի հեղինակը. բայց այդ իմ սեփական կարծիքը չէր. ինձ այդպես հավատացուցել էին Մահտեսի Քուշարը և նորա երախտապարտ սանը։ Բայց արի տե՛ս, որ ներկայումս, Մահտեսին բոլորովին ազատ է Կոմսի հարձակմունքից, որ ուղղվում է միայն իմ ընդդեմ։ Ինչպես առնել, որ մի կերպ վերջացնեինք այս բանը... ինչ հիմար մտածությունք. Կոմսը ո՛վ է, որ Հովնաթանյանցը երկյուղ կրե նորանից. ի՛նչ պիտո է առնէ, որի՞ն է վախեցնում։ Ես այսուհետև ավելի զայրացած կխոսիմ նորա վերա, և պատահած տեղը կաշխատեմ իսպառ խայտառակել նորա և՛ անունը, և՛ անձը։ Լավ, ապա եթե այդ նզովյալը վեր կենա, և ինձ ևս ինչպես Բեգզադեին մատնի փաթեթ շինե և աշխարհին խայտառակե։ Դնենք թե ես չունիմ այնպիսի գործեր, որ կարողանային երկյուղ կրել Կոմսի հարձակմունքից. բայց ընտանի՞քս ի՛նչ առնեմ... որ կարող է ծառայել Կոմսին առատ շտեմարանի տեղ...

Այս մտածությունքը ընդհատվեցան տիկին Հովնաթանյանցի ներս մտանելով մեր պարոնի առանձնարանը։

Հովնաթանյանցը, բոլորովին ամբոխված, ծածկեց նամակը, որովհետև սովոր էր նա մեծ մարդ ցույց տալ յուրյան, մանավանդ յուր ընտանիքի առաջև։ Այսպիսի խայտառակող մի նամակ կարող էր ցածացնել պ. Հովնաթանյանցի պատիվը նորա ընտանիքի աչքում։

— Առավոտը ես գնում եմ ամառանոց, — ասաց տիկինը, — արդեն ժամանակ է. համարյա թե ամբողջ քաղաքը բնակվում է այժմ ամառանոցում, իսկ մենք փտում ենք այստեղ։ Ամենայն պատրաստություն տեսել եմ. կահ կարասիք բարձված են սայլերի վերա։ Դուք էգուց ձեր գործերի ավարտելուց հետո, 5 ժամուն կգաք ամառանոց ճաշելու, — հավելացուց տիկինը։

— Ինչպես կարելի է, — պատասխանեց պ. Հովնաթանյանցը. նախ որ ես դեռ որոշած չէի գնալու օրը, երկրորդ, գործերս դեռ չեմ ավարտել, երրորդ, դստերս հիվանդությունը...

— Առաջինը,— կտրեց խոսքը տիկին Հովնաթանյանցը շտապ խոսելով, — ընտանեկան բաների մեջ ներգործական է իմ ձայնը և վճիռը. երկրորդ, ձեր գործերը վերջ չունին. երրորդ, մեր դուստրը ամառանոցում ավելի հնար կունենա յուր ցավին դարման տանելու... ես վճռել եմ և վերջացուցել եմ. էգուց գնում եմ, կամի՛ս, եկ, չկամիս՝ ինչպես գիտես։

Տիկին Հովնաթանյանցի ցավը չէր, որ մի երկու օր հետո տեղափոխվեին դեպի ամառանոց, բայց տիկինը այդ օրում ժամադրել էր ամառանոցում մի տեսություն...

Վերջին, վճռական խոսքերը ասելուց հետո, դուրս գնաց տիկինը։

Ցավալի էր նայել պ. Հովնաթանյանցի վերա. նա մեռած էր, քան թե կենդանի։ Երկար ժամանակ սենեկի մեջ, դեպի այս և այն կողմը ման գալուց հետո, մտավ անկողին, որոշելով յուր մտքում, առավոտուն գնալ Կոմսի մոտ և բանը մի կերպ վերջացնել խաղաղությամբ։

Այդ գիշերը անցուց նա մի ջերմախտական վիճակի մեջ, երբեմն մի բարակ դող և երբեմն ջերմություն խաղում էին նորա մարմնի մակերևույթի վերա. վերջապես քուն եղավ... քուն եղավ, բայց նորա աչքին, երազում, երևեցան Կոմս էմմանուելը և Բեգզադեն։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top