Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մեռելահարցուկ

Մեռելահարցուկ


Ո՛հ, լոկ երազ էր, մի՛ խոսվեք ինձ,
Իմ մոլորության քաղցր պատկերներ.
Ինձ չէ թույլ լովաձ երկաթի կյանքում
Խնդալ, վայելեյ ոսկի րոպեներ:

Մի՛ հիշեցնեք, մի՛, այն զգացմունքը,
Օրով լցված էր սիրտս և հոգիս,
Որով շնչերի, որով ապրեցա,
Ինչպես մի ձագիկ գգված զեփյուռից:

Այդ մի երազ էր ... կամ գեթ առաչոք,
Որ կրակ ձգեր սրտիս մեջ անմար,
Թշնամի վհուկ, երևի, կախեր
Աչքերիս վերա բժժանք անհամար:

Ինձ այն ժամանակ քանի՛ ու քանի՛
Երևեցավ նա այն ծառերի տակ,
Մինչ, լիալուսին խոր գիշերի մեջ,
Երգում էր ուրախ, անհոգ, միայնակ:

Ես տեսա նորան բայց մի այլ անգամ,
Հավերժահարսնի ուներ կերպ ու ձև,
Թռչում էր, շարժում օդի մեջ, այնպես.
Ինչպես մի փետուր. առավել թեթև:

Մի անգամ տեսա Աթենասի պես
Զրահավորված զինվորի զենքով,
Մի ամբողջ խմբի տալիս էր հրաման,
Տուր ձեռքի բռնած թեթև հրացանով։


Ես տեսա դարձյալ, մի ուրիշ անգամ,
Մինչ անհոգ, ուրախ, խաղացած տեղից
Նորան բռնեցին, որպես մահապարտ.
Ի՜նչ անմեղություն, ի՜նչ հայացք աչքից։

Մինչ ոտքից գլուխ սպիտակ հագած
Դիմում էր տխուր դեպի պատժարան,
Անհոգ արձակած սաթի պես մազերը,
Արտասուք թափելով հեղեղի նման։

Մինչ զրպարտողը խոստանում էր կյանք,
Թե միայն հաճեր... լինել համաձայն
Այն ի՛նչ շնորհք էր, որ կաթեց մատից,
Որով ցույց տվեց երկինք ժանտին այն։

Ո՛հ, մի այլ անգամ, ի՜նչպես փրկեց նա
Ավազակներից մի անմեղի կյանք․
Առանց խոսելու, համր նշանով,
Վտանգի Ժամը հայտնեց բացարձակ։

Ի՜նչ կարեկցությամբ, ի՛նչ անմեղ սիրով
Թունալի բաժակը տեղափոխեց նա,
Որով դավաճանը թունավորվելով
Թմրեցավ մնաց, աթոռի վերա։

Ո՜ր մինը հիշեմ. ես տեսա դարձյալ,
Մինչ դուրս էր գալիս ծովից լայնարձակ.
Հազար պչրանքով, քնքուշ շարժմունքով,
Զկնորս էր որսում, սրտով համարձակ։

Նա խոստանում էր նորան անմահ կյանք.
Նորան սիրելը էր անմահություն.
Ես տեսա, ինչպես ձկնորսը ուրախ
Վայելում էր մի ճոխ արքայություն։

Վերջին անգամն էր, ավել չտեսա,
Գնում էի ծովով հեռավոր աշխարհ․․․
Երկինքը մթնեց, մրրիկը սուլեց,
Որոտ, փայլակը անթիվ փայլակեց։

Սարերի նման մեծամեծ ալիքի
Կատաղած ծովին եղած խաղալիք,
Գալիս էր մի նավ, ջարդված կայմերով,
(Հառաջ մեր նավից տեսան նավաստիք)։

Եկավ մոտեցավ նավը մեր նավին.
Ի՛նչ սիրտ կտրատող մի պատկեր էր այն,


Թշվառ հուսահատ իբր անխել նավորդք
Կորուսել էին և հույս փրկության։

Նավորդների մեջ ես տեսա նորան,
Բռնել էր կայմից խելքը կորուսած,
Ինչպես հուսահատ անմեղ աղավնին,
Բազեի աչքից անգութ հալածված։

Անդունդի վերա այսպես քանի ժամ,
Օրորաց ճոճաց տարաբախտ նավը.
Գիշեր կոխեց... կայծակը թնդաց...
Կուլ տվեց բոլոր անհատակ ծովը...

Կայծակի թունդը, մրրիկի ձայնը.
Խուլ աղաղակը կատաղի ծովի
Միախառնվեցին վերքին ձայնի հետ,
Որ արձակեցին այնքան շատ հոգի։

Մրրիկը անցավ, ծովը հանդարտեց.
Շատ հեռի չէինք մեք ծովեզերքից...
Ջրեղեն դաշտում, դեռ նոր խաղաղած
Մի ապառաժուտ կգդի երևեց։

Ահա՛, նա դարձյալ ծովում լողալով
Դիմում է դեպի քարքարուտ կղզին.
Մեք տեսանում ենք... բռնեց քարերից
Եվ շուտ վեր ելավ իբր աննյութ մարմին։

Հոգնած, ուժաթափ, մինչ վեր բարձրացրեց
Յուր արտասուքով լցված աչքերը,
Եվ ահա լուսինը ամպերի տակից
Դուրս սողաց տեսնել նորա երեսը։

Ես շատ նայեցա... բայց մեր նավն արագ
Վազեց դեպ հառաջ... կորավ իմ աչքից...
Եվ այլ մյուս անգամ մինչև այս րոպես,
Կամ գուցե հավերժ զրկվեցա բախտից։

Տէ. այն երա՞զ էր... հեռի՞ ինձանից,
Խոլական ցնորք, հոդի գիշատող.
Թողե՛ք ինձ հանգիստ մաշել իմ կյանքը
Եվ խաղաղ սրտով մտնել դեպի հող։

Երբ ավարտեց երգը օրիորդ Մարիամը, ամենի, աչքը դարձան Կոմսի վերա, որ լսեն նորա կարծիքը այդ երգի մասին։ Բայց Կոմսը ոչինչ չասաց, միմիայն շնորհակալ եղավ օրիորդից, որ զվարճություն պատճառեց, երգելով ու ածելով, սակայն Կոմսի երեսը չէր ցույց տալիս, թե նա զգացած լիներ զվարճություն, դորա հակառակ մթնում և մթնում էր նորա դեմքը, որքան երգը մոտենում էր վերջանալուն։ Նորա հեղինակը էր ինքը Կոմսը, և երգի բովանդակությունը առած էր ստուդապես պատահած անցքից...

— Արդեն ժամանակ է դեպի տուն դառնալու,— ասաց Կոմսը և հրաժարական ողջույն տայով բոլորին, խոստացավ օրիորդ Մարիամին ներկա լինել Ցումի դալու ժամանակ։ Կոմսը անձնատուր լինելով տխուր մտածութենների դուրս գնաց Մահտեսի Թովմասի տանից։

ժ

Այն քաղաքի մեջ, ուր անցանում էին վերևում պատմած անցքերը, վաղուց ահա բնակվում էր պ. Հովնաթանյանցը։ Այս անունը առաջին անգամ պատահում է մեր ընթերցողներին, ուստի պարտականություն ենք համարում մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որ հետո կարողանանք ներս տանել մեր ընթերցողքը նորա տունը, այն րոպեին երբ Կոմս էմմանուելը անձնատուր եղած մելամաղձության ուղղում էր ընթացքը դեպի յուր օթևանը։

Պ. Հովնաթանյանցը, որպես, հայերի աչքով, մի փոքր ի շատե հարուստ վաճառականի գործակալ, դեռևս յուր երիտասարդության ժամանակ ուղարկված էր այստեղ։ Նա բավական միջոց հառաջ վարելով յուր պարոնի գործերը այս քաղաքում, իհարկե ոչ առանց անձնական օգտի, վերջապես դարձել էր նորան ընկերակից։ Բնության մեջ կա մի օրենք, եթե վնասվում է կամ խանգարվում է որևիցե զգայարանը մարդու, կամ այլ կենդանու կազմվածքի, իսկույն մի այլ զգայարան ավելի զորություն և նրբություն ստանալով կատարում է, գո՛նե կիսով չափ, այն խանգարված զգայարանի պաշտոնը։ Կույր մարդերի ձեռքի մատները կամ առհասարակ շոշափողական ջլերը այնպես զորանում են և նրբանում են, որ մի մաշված դրամ ևս շոշափելով կարող են հասկացնել կուրին դրամի որպիսությունը և արժեքը։ Տեսողությունը խոզ մարգերի նրբանում է և զորանում է մինչև այն աստիճան, որ առանց մի ձայն լսելու, միմիայն նայելով խոսողի բերանի, դեմքի և ձեռքերի շարժողություններին, խուլը կարողանում է հասկանալ, թե ինչ էր ասում նորա հանդեպ կանգնած մարդը։ Այն օրենքը, բնական և բժշկական գիտութենների մեջ, հայտնի է անունովս անտագոնիսմոս (Antagonismus)։

Երևի թե այս, կամ սորա նման մի oրենքի հիմքի վերա, կամ գուցե մի այլ բնական պատճառից, պ. Հովնաթանյանցը, ամենևին զուրկ լինելով կրթութենից և դաստիարակութենից, շատ վարժ և հաջող կերպով սկսեց յուր առևտրական գործողությունքը: նա ձեռք էր զարկում գործերի նույն վստահությամբ, ինչ վստահությամբ հմուտ և վարժ որսորդը ուղղում է յուր հրացանը որսի վերա, հավաստի լինելով, որ շուտով պիտի գետին ընկնի որսը որսորդի օգտի համար։ Պ. Հովնաթանյանցի բախտից, ժամանակը ձեռնտու էր նորան, բաների կարգը ևս հաջողում էր... Մի քանի ժամանակից հետո սկսեց նա ձեռք զարկել մեծ-մեծ գործերի. սկսեց յուր վերա առնուլ զանազան տերութենական պաշարներ պատրաստելու պարտականությունք։

Ո՛ւր մնացին նորա նախկին պարոնը կամ ընկերակիցքը. նա սկսեց նայել նոցա վերա այնպես, ինչպես մի մարդ կնայեր բարձր աշտարակից դեպի վայր, փոքր ինչ հառաջ, յուր հետ միասին մի հատակի վերա կանգնող մարզերի վերա։ Չար լեզուներ ասում էին... ի՜նչ ասում էին... ասում էին, թե... ինչե՛ր չեն ասում չար լեզուները... Առհասարակ պիտի իմանալ, որ այսպիսի գործողութենների մեջ մտանող մարդը, եթե հետևում է այն վարդապետության, թե նպատակը կսրբե հնարը, ապա ուրեմն շատ հեշտությամբ կարող է կարճ ժամանակից միլիոնների մասին խոսք բանալ. ըստ որում, որքան քայլ, այնքան շահաստացություն։ Բայց ճշմարիտը պիտո է ասել, ինչո՞ւ չէ պիտո օգուտ քաղել դիպվածներից, օգուտը գողություն չէ, հափշտակություն չէ, այլ հառաջ է բղխում գործերը օրինավոր և խելացի կերպով հառաջ վարելուց։ Դնենք, թե ես պարտականության էի առել իմ վերա տերության զորքի համար պատրաստել մի բան, ասենք թե կոշիկներ։ Եվ այսպես, ինձ հանձնած է երկու հարյուր հազար կոշիկ պատրաստել, յուրաքանչյուր կոշկի համար ես պիտի ստանամ, դնենք թե մի և կես մանեթ։ Բայց այն կոշիկը, որ ցույց էին տվել ինձ որպես գաղափար, որի նմանը ես պարտական էի հատուցանել կառավարությանը, ինձ նստելու էր մի մանեթ և մի քառորդ, և այս կերպով ամեն մի կոշիկից իմ ստանալին էր մի քառորդ, այսինքն է քսան և հինգ կոպեկ արծաթ. մի՞թե հիմարություն չէ լինելու իմ կողմից, եթե ավելի ստոր արժանավորության նյութերից չպատրաստեմ կոշիկները այնպես որ յուրաքանչյուրը ինձ մի մանեթ նստելով, կես-կես մանեթ զուտ օգուտ բերեին։

Եվ այսպես պ. Հովնաթանյանցը հառաջ գնալով, արդեն վաղուց և ընտանիքի տեր դարձած էր։ Ուներ բավական մեծ գերդաստան, կին, որդիք, դստերք, որոնց բացի նյութական հարսաութենից ոչինչ ուներ թողնելու ըստ որում հոգաբարձու չէր եղած յուր զավակների կրթության մասին։ Պարոնը ապրում էր բավական լավ, և նորա մոտ ել ու մուտ ունեին ոչ թե միայն նորա նման մարդիկ, այլև... զանազան խորհուրդներով։ Պ. Հովնաթանյանցի տեսությամբ, բոլոր աշխարհը շարժող և կառավարող ուժը և զորությունը էր արծաթը, և նա այնպիսի մարդերից էր, որոնք դեռևս զարմանում են, թե ի՛նչպես աստված ստեղծել է աշխարհը առանց մի օգտի ակնկալության, և թե ի՛նչպես ամենայն օր երկնքի լուսավորքը լուսավորում են երկիրը առանց մի բան ստանալու։ Այս պարոնը ուներ նույնպես մի քանի եղբարք, որոնցից փոքրը ավելի մոտ հարակցություն ուներ մեր նկարագրած պարոնին քան թե մյուսքը։ Կինը և դստերքը տեր լինելով ավելի հարստության, քան թե յուրյանց կարգի շատ մարդիկ, դատապարտելի հպարտությամբ նայում էին ուրիշների վերա, և նոցա հայացքի մեջ կար մի թունավոր բան, որ հանդիպողի երեսին էր զարկում զորա չքավորությունը, իսկ յուրյանց հարստությունը։ Դստերքը, այսպիսի ուղղությամբ և այսպիսի խանգարված բարոյականությամբ ատմոսֆերայի մեջ աճելով և կրթվելով, դեռևս երեխայութենից սկսեցին մարդու երջանկությունը որոնել ամենայն տեսակ զեղխության մեջ։ Որդիքը, միանգամայն մարմնից բաղկացած, բթացած ուղեղներով և ասես թե արբեցած յուրյանց հոր հարստությամբ, բոլորովին անզգայացած դեպի ամենայն մարդկային և վայելչական բան, յուրյանց անուսումնասիրության և անընդունակության պատճառով, դուրս քշվեցան դպրոցից, ուր դրել էր նորանց նոցա հայրը, ո՛չ այն դիտավորությամբ, որ բան ուսանեին (պ. Հովնաթանյանցը, յուր սրտում, ատեցող էր ամենայն լուսավորության), այլ մանավանդ, ուրիշներին բամբասանքի տեղիք չտալու համար, որպես թե զանցառու էր զավակների կրթության մասին։

Ինքը պարոնը, ինչպես սովորաբար լինում են չնչին դրութենից վեր բարձրացող մարդիկը (թեպետև պ. Հովնաթանյանցը զուրկ էր ամենայն բարոյական բարձրութենից), սեփականել էր ինքյան մի հիմար հպարտություն, և ամենայն հասարակության մեջ կամենում էր խելացի մարդու պաշտոն վարել։ Նորա ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը հաշված ու համարած էին, որպեսզի, մի փոքր ծառայություն բարքի տալով ինքյան գրավե տեսողների համարումը։ Եվ նա սխալված չէր յուր հաշվում։ Հայոց ազգի մեջ դժվարին չէ ստանալ մեծարողական պատվանուններ, որովհետև նախ և հառաջ տվողքը չգիտեն յուրյանց արժանավորությունը, երկրորդ, այդ պատվանունների արժանավորությունքը։ Հարկ չկա ասելու, որ այս ճանապարհով ստացածը լինում է բոլորովին անխորհուրդ։ Մեր պարոնը, մանավանդ խաժամուժ ամբոխի աչքերը ներկելու համար, ազգասիրության էր ցույց տալիս այնպիսի տեղերում և դիպվածներում, ուր հարկ չկա յուր ցանկությունը իսկույն գործով ապացուցանելու։ Ի՛նչ մի դժվար բան է խոսքերով միայն լինել ազգասեր և այսպիսի ամուլ շատախոսությամբ, առանց ամենայն զոհաբերության, տոնացուցի մեջ գրվելու արժանի համարվիլ... Մեր մեջ, ինչ ասես կարելի է Պ. Հովնաթանյանցը խոսում էր դպրոցների վերա և բերան սերտած բառերով հաստատում էր նոցա օգուտը, առանց ամենևին գաղափար ունենալու, թե ի՛նչ ասել է դպրոց, և թե ինչպես պիտի լիներ նա, որ լցուցաներ յուր խորհուրդը։ Պարոնը կլիներ այսպես մոտ հիսուն տարեկան, միջահասակ, հաստափոր և ճաղատ ճակատով. նորա հոնքերի և ընչանցքների սևությունը մանավանդ ավելի որոշակի հայտնի էր լինում նկատողին, որքան անասնական անհոգութենից ուռած թշերը կարմրում էին նորա անխորհուրդ երեսի վերա:

Եթե ինձանից հարցանեին, թե ո՛ր բանից մանավանդ զզվում եմ աշխարհի երեսին, ապա պատասխանելու էի, թե մի երեսից, որ ոչինչ մարդկային բան չէր ցույց տալիս։ Երեսը արդարև հոգու պատկեր է. հոգու ամեն մի շարժվածքը ջլերի անբացատրելի միջնորդությամբ երեվում են երեսի գծերի վերա։ Եվ երեսը, որ ոչինչ էր ցույց տալիս, վկայում է ոչնչությունը հոգու, որ նստած էր մի կազմվածքի մեջ։ Ես գերադասում եմ չքությունը, քան թե լինելությունը, եթե մարդը պիտո է լիներ ու ապրեր որպես մի լոկ բուսական կամ շնչական արարած։ Ես անգութ չեմ դեպի որևիցե արարած, բայց դորա փոխանակ հարգում եմ նորանց յուրյանց տեղում. մարդկային պատկերի տակ անասնությո՞ւն... կղկղա՛նք մարդկության։

Բայց պ. Հովնաթանյանցի համար այսպիսի մտածությունք երազի նյութ ևս չէին, մինչ ամբողջ գիշերը թավալվում էր յուր անկողնի մեջ խռխռալով։ Նա քնած ժամանակ ևս մտածում էր շահաստացության վերա. առավոտը զարթնում էր և նորա կիսաբաց աչքերին երևում էին ոսկեղեն սարեր։ Նա հաց էր ուտում առանց մոռանալու ճիշտ մաթեմատիկական հաշիվը, թե այն օրվա ճաշի համար ծախսված արծաթից. ո՛րքան բաժին հասանում էր այն վերջին, ամենափոքրիկ հացի փշրանքին, որի տասը կտորը միասին կարող էր տանել մի մրջյուն դեպի յուր բույնը։

Նա ստացել էր քարյա, երկու հարկով բավական ընդարձակ տուն, և այս տան գլխավոր արժանավորությունը էր այն, որ միևնույն ժամանակ պատկանում էր երկու փողոցի. նորա պատուհանքը նայում էին դեպի արևելք և արևմուտք։ Թո՛ղ որքան կամին զրպարտեն պ.Հովնաթանյանցին, որպես թե նա հոգաբարձու չէր յուր ընտանիքի երջանկությանը. նորա այսպիսի տուն ընտրելը արդեն հիմնավորապես ապացուցանում է, թե որքան շատ մտածում էր և հոգս էր առնում յուր ընտանիքի մասին: Մի խուլ տան մեջ նորա ընտանիքը կարող էին ձանձրանալ, բայց մի այդպիսի տան մեջ, որի պատուհանքը նայում էին դեպի զանազան փողոցներ, երբեք չէր կարելի ձանձրույթ զգալ, որովհետև մանկահասակ դստերքը երբեմն այս և երբեմն այն պատուհանից կարող էին մի անմեղ հայացքը ձգել անցավորի վերա։ Ուր թողունք այն մեծախորհուրդ հոգացողությունը պ. Հովնաթանյանցի, որով մի ապակեկազմ սենյակ ևս հավելացուց յուր տան կողքին, որի ծաղկազարդ վայելչությունը կարող էր տրամադրել պատանի օրիորդների սիրտը և հոգին դեպի մի րոմանական կյանք...

Պ. Հովնաթանյանցի մասին այսքան տեղեկության տալուց հետո, շտապում եմ սկսանել իմ պատմությունը այն րոպեից, երբ, ինչպես ասացի, Կոմս էմմանուելը գնում էր յուր օթևանը։

Արդեն բավական ուշ էր, և պ. Հովնաթանյանցը միայնակ նստած յուր առանձնարանում նայում էր ճրագին, որ չգիտե ոչինչ տնտեսություն և անխնա վառվում է տան տիրոջ վնասի համար։

Գունաթափված էր երեսը և քրտինքը դուրս էր զարկել ճաղատ ճակատի վերա կաթ-կաթ, ամենևին նույն կերպով, ինչ կերպով յուղոտ ամանի մեջ կանգնում է սրսկած ջուրը։ Նեղության կամ բարկության ժամանակ ձեռքերը ճնշել և տրորել ժառանգություն է փոքրոդի մարդերի. պարոնը վեր կացավ սոֆայի վերայից, ուր ընկած էր որպես մի շնչավոր և ձեռքերը տրորելով սկսեց ման գալ սենեկի մեջ զանազան ուղղությամբ, անհավասար քայլերով։ - Չէ,- ասաց նա,— պիտի այս բանի առաջը առնուլ. անշուշտ վատ կլինի սորա վերջը և կխայտառակվի իմ տունը այս քաղաքի մեջ մինչ ի սպառ։ Ես շատ անբախտ մարդ եմ,— շարունակեց նա,— անբախտ, որպես եղբայր, անբախտ, որպես ամուսին, անբախտ, որպես հայր։ Եվ այս քանի տարու մեջ ի՛նչ բաներ անցկացան իմ գլխից. և այդ բոլոր անախորժութենների, վատահամբավութենների պատճառքը ո՛վքեր են. եղբայր, եղբոր կին, դստերք, փեսա, որդիք և վերջապես ամուսինս։ Ստո՛ւյգ է, որ ասում են, թե աշխարհի երեսին ամենայն լավություն վճարվում է ապերախտությամբ։ Եղբայրս որ, եթե ես չլինեի, պիտի ծառա լիներ ուրիշին, գլխավոր պատճառն է այս բոլոր բաների։ Նորա կինը, թեև գեղեցիկ հռչակված, սակայն իմ ընտանիքի համար դարձավ մի անախորժության անլուծանելի մակարդ։ Ո՛վ ճանապարհից հանեց իմ դուստրը, եթե ոչ նա. ո՛վ սովորեցուց նորան... ա՛հ, մտածելը անգամ դառն... իսկ որդիքս, որդիքս. ի՛նչ առնեմ, ո՞ւմ ասեմ, իմ երեսի կեղտը պիտի որ ես ինքս ծածկեմ օտարների աչքից...

Մինչդեռ այսպիսի մտածմունքով ման էր գալիս նա տան մեջ, ներս մտավ ծառան և հայտնեց բժշկապետի գալը։ Պ. Հովնաթանյանցը իսկույն ընդունեց մի պատվավոր գրություն և, աշխատելով մի փոքր գործունյա մարդու կերպարանք ցույց տալ բժշկապետին, հոնքերը մոտ քարշեց աչքերին։

Դուռը բացվեցավ, և բժշկապետը երևեցավ շեմքի վերա։

Սովորական ողջունատվութենից հետո, պ. Հովնաթանյանցը հարց արեց.

—Ի՛նչպես գտաք։

— Չէ կարելի գովել,— պատասխանեց բժշկապետը։— Նորա հիվանդությունը խճճվում է վերահաս ախտավոր հայտնութեններով։ Քաջ գիտեք դուք, որ նա եղած չէ իմ բժշկական հոգաբարձության տակ յուր ամուսնութենից հառաջ. ես այն օրից տեսա ձեր դուստրը, երբ նա կարոտեցավ իմ մանկաբարձական օգնությանը։ Նորա, հառաջուց ունեցած հիվանդության մասին այսքան միայն լսած եմ բժշկող պարոններից, թե հառաջանում էր արյունի անկարգ շրջանառութենից սեռական գործարաններում։ Ես ընդունում եմ հարգելի բժիշկների վկայությունը, որպես ստույգ իրողություն։ Մարդկային կազմվածքը բաղկանում է զանազան գործարաններից, որոնք մեծ հարակցություն ունին միմյանց հետ. նոցանից մինը խանգարվելով, խանգարում է մյուսը, որով շատ անգամ վտանգվում է և ամբողջ կազմվածքը։ Դուք գանգատել եք ինձ շատ անգամ, թե ձեր դուստրը երկար ժամանակ ունեցած էր էպիլեպսիա, և թե այժմ, թեպետև չէ երևում, սակայն ստեպ-ստեպ սաստիկ ծանրանում է նորա շնչառությունը։

Ինչ ասեմ. եթե բժիշկ կամ թե բնագետ լինեիք, կարո՛ղ էի հասկացնել ձեզ, թե սեռական գործարաններում արյունի անկարգ շրջանառությունը ի՛նչ կերպով ծանրացնում է շնչառությունը։ Բայց այժմ, որքան ևս բացահայտեմ, այնուամենայնիվ դուք հասկանալու չեք. այս ես կա, որ ձեզ այնքան հարկավոր չէ ցավի պատմությունը, որքան այդ տկարության դարման տանելու հնարը։

— Ամենևին ճշմարտություն է, որ խոսում եք,— ասաց պ. Հովնաթանյանցը,— և ես մեծ հոժարությամբ պատրաստ եմ լսել ձեր մարդասիրական խորհուրդը։

— Լավ ասացիք,— պատասխանեց բժշկապետը,— իմ տալու խորհուրդը չէ միայն բժշկական, այլև բարոյական. տարակույս չկա, որ բարոյականությունը հիմնված է մարդասիրության վերա։ — Մեղուն գրել է, Ճռաքաղը ևս հաստատեց...

— Ես չգիտեմ, թե ի՛նչ է գրել մինը և ինչ է հաստատել մյուսը. բայց իմ խորհուրդը,— շարունակեց բժշկապետը, ընդհատելով պարոնի խոսքը:

— Պ. Հովնաթանյանցը յուր կարգով ընդհատեց նորա խոսքը:

— Պարո՛ն բժշկապետ, ես բարերար և գործակալ էի Մեղուին. Ճռաքաղը ևս հեռի չէ մնացել իմ շնորհից, խնդրեմ չմոռանալ:

— Այս բաները այնքան աննշան են և մանավանդ անխորհուրդ ձեր դստեր բժշկության մասին, որ չգիտեմ, թե ինչ մտածեմ, թե ի՛նչ պատճառով մեջ եք բերում այդ բաները։

— Ներողություն, ներողություն, ինձ թվեցավ թե ազգասիրության վերա ենք խոսում ձեր հետ։

— Ուրեմն դուք չգիտեք ձեր խոսածը, և ինչպես վարձկան լալկանը ննջեցելու տունի տեսածի պես սկսանում է յուր ողբը, այնպես և դուք մեքենաբար խոսում եք այդպիսի բաների վերա, առանց զգալու...

— Ես շատ պարապած եմ, ուստի շատ անգամ շփոթվում եմ,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը, ծածկելով յուր տհաճությունը: Սակայն խնդրում եմ լսել ձեր խորհուրդը, որի պատճառով այսքան խոսք հառաջացավ։

— Իմ առաջին և վերջին խորհուրդը այս է, որ հետ հրավիրեք դուք ձեր փեսան... Համաձայնեցեք ինքներդ. ձեր դուստրը գտանվում է պատանեկության հասակում. նա սովորած լինելով քնքշության, արվեստական կերպով դարձել է մի ջլային խառնվածքի տեր, կենակցությունը յուր փեսայի հետ այս դարումս միակ հնար է կին մարդերի համար, ազատվելու յուրյանց ծնողների կամ ամուսինների խոսքերից և նկատողութեններից. մանավանդ որ ձեր դուստրը ամենայն օր շրջապատված է հրապույրներով, ամենայն օր բորբոքված է նորա ուղեղը... ես կարճ եմ ասում ձեզ, որ եթե դուք չկատարեք իմ առաջարկությունը, ձեր դստեր բանը շատ և շատ վատթարանալու է։

— Ներկայումս այդ առաջարկությունը կատարել ինձ ամենևին անհնար է,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը։

— Բայց ձեր դստեր համար արգանդի կատաղություն (Nymphomania) ստանալը ամենևին հնարավոր է,— պատասխանեց բժշկապետը գերմանական սառնությամբ։ — Դուք վաճառական չեք և ոչինչ հաշիվ չգիտեք. վաթսուն հազար մանեթ...

— Իսկ ձեր համար բացի մանեթներից, այլ բան չկա՞ աշխարհի երեսին։

— Մի՞թե դուք առանց օգտի կատարում եք ձեր բժշկական պաշտոն։

— Ես ոչ ոքին պարտական չեմ ձրի ծառայել. բայց իմ համար, իմ անձի համար, միշտ չնչին արժեք ունի արծաթը։

— Այդ կորստական սկզբունքը հերիք պատճառ է, որ դուք չհարստանայիք երբեք։

— Դորա փոխանակ, դուք հարստացել եք. բայց արծաթի ժանգը նստել է ձեր ուղեղի վերա։ Երբեք ցանկանալու չէի այդպիսի հարստության։

— Դուք չափից դուրս եք գնում։

— Նորա համար, որ դուք երբեք չեք եղած չափի տակ. և ձեր այդպիսի անբարեխառնությունը ցոլանում է ձեր ընտանիքի և ձեր զավակների վերա։ Պարոն, խնդրեմ, թույլ տվեցեք ինձ, որպես բժշկապետի, մի քանի նկատողությունը առնել ձեր ընտանեկան կյանքի մասին, բարի խորհրդով։

— Իսկ ես, խնդրում եմ, պարոն բժշկապետ, եթե հնար է ազատ թողուլ ինձ ձեր նկատողութեններից. պատճառ, ամենայն խրատ և խորհուրդ որ ուղղակի վերաբերվում էին իմ ընտանեկան կյանքին, որ մի բան ևս հասարակաց չունի ձեր հետ, պատշաճ չեմ համարում լսել։

— Թե ձեր ընտանեկան կյանքը մի բան ունի՞ հասարակաց իմ հետ, կամ ի՛նչպես և ո՛ր չափով ունի, այդ եթե դուք ուրանաք, քաղաքը վկայում է... ես այժմուս կամեի միայն վկայութեններով և աշխարհի երեսին կատարված փորձերով ապացուցանել ձեզ, թե մի ընտանիք, ինչպես ձերն է, երբեք ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։

— Ինչու այդպես խիստ պատժում է նախախնամությունը իմ ընտանիքը։

— Ո՛հ, սխալվում եք, պարոն. այդ, նախախնամության գործը չէ։ Նախախնամությունը միօրինակ պահպանում է և դարմանում է ամբողջ տիեզերքը առանց խտրություն առնելու, թե այս մինը մարդ էր, իսկ այն մյուսը մի խեղճ ճճի։ Նախախնամության գոգում, հավասարապատիվ զավակներ են բոլոր արարածք, որ գոյանում են և պահպանվում են բնության մեջ։

— Ես մի ժամ առաջ ինձ համարում էի անբախտ, բայց այժմ տեսանում եմ, որ դուք առավել անբախտ եք եղած, քան թե ես: հավասարություն որոնել այս աշխարհում, արդեն թշվառություն է. պատճառ, մի մազի չափով ևս խելք չկա դորա մեջ։ Ինչպես կարելի է, որ ես իմ պատվանուններով և պատվանշաններով հավասար լինիմ իմ ողբոր հետ, որ ոչինչ ուներ. դուք ուրանում եք մարդկային արժանապատվությունը, պարոն բժշկապետ:

— Ես խոստովանում եմ և քարոզում եմ մարդկային արժանավորությունը մարդկության և ոչ արտաքին, պատահական, կամ գնած պատիվների մեջ. և դուք, գերադաս համարելով ձեզ քան թե ձեր եղբայրը, տեղի՞ք ունեիք բամբասել նախախնամությունը, թե նա էր պատճառը, որ ձեր ընտանիքը ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։ Ուր չէ խոստովանվում մարդկային հավասարությունը, ուր յուրաքանչյուր մարդ կցորդ չէ ազատության հավասարապես, այնտեղ թագավորում է մոլութանը։ Իսկ ուր մոլություն է, չկա հոգու խաղաղություն. այնտեղ տիրում է մի դժոխային ամբոխումն և նախանձի որդեթը եռ են գալիս այն ապականյալ սրտի վերա:

— Արդյոք այդ բաները հարակցություն ունի՞ն իմ դստեր հիվանդության կամ բժշկելու հնարի հետ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top