Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մեռելահարցուկ

Մեռելահարցուկ


— Ի՜նչ պիտի խոսեմ, ո՜ր դպրոցի աշակերտը տեսար, որ ազգը սիրեր ու նորա օգուտը պաշտեր։ Ամենայն ոք, որ փոքր ի շատե ուսումն է ստանում, մոռանում է յուր ազգը, հավատն ու օրենքը, ո՜չ պահք Է իմանում, ո՛չ մատաղը, ո՛չ քավությունը, ո՛չ թողություն։ Եթե մի փոքր մեղադրես այդպիսուն նորա սխալների պատճառով, կտեսանես ահա, որ հիմար ֆանատիկոս անունը կբևեռե ճակատիդ։ Մեր ազգը ինչպես որ Լուսավորչից (մատաղ գնամ նորա զորությանը), ստացել է յուր կրոնը, ինչպես պաշտում է Լուսավորչի լույս հավատը, պետք է աշխատենք, որ այդ հավատը ամուր և անխախտ պահպանվի, մեզ հարկավոր է ոչ թե հավատի թշնամիք հավելացնել, այլ հավատի պաշտպանք և պատսպարողք։ Վարժատուն ասած բանդ, ճշմարիտ է, ուսուցանում է մարդու զանազան լեզուք, զանազան արտաքին գիտությունք, բայց եթե առողջ բանականությամբ քննենք, այդ բոլորը հոգու փրկության պատճառ չէ կարող լինել, այլ մանավանդ կորստի։ Ինչ ունինք, սիրելի, այս աշխարհիս մեջ, ինչ պիտի տանենք այստեղից․ մի չոր հոգի ունինք, պետք է աշխատել, որ դժոխքի բաժին չլինի մեր խեղճ հոգին։ Ուսում ստացողը նույնպես պիտի մեռանի՞ թե ոչ, ուսում ստացողի կյանքը նույնքա՞ն է որքան տգետինը թե ոչ. ուրեմն ի՛նչ գործնական օգուտ ունի հոգին ուսումից․ ո՛ր սուրբերը ուսյալ էին։ Մարգարեքը հովիվ չէի՞ն, առաքյալքը ձկնորս չէ՞ին։ Աստված, ողորմիր ինձ ասել չուսանողը, այլ, դորա փոխանակ, աստված, ես քեզ ողորմիմ ասողը չէ՞ր, որ ծովի վերա ոտքով վազեց դեպի նավը, որով աստված, ողորմի՛ր ինձ աղոթքը ուսուցանող վարդապետը գնում էր։ Եվ այս վարդապետը չէ՞ր որ տեսանելով այն ռամիկ մարդու սրբությունը, որով, անտարակույս, որպես ցամաքի վերա ման էր գալիս նա, ասաց թե քեզ ոչինչ ավելի հարկավոր չէ, երանի՜ թե ես ևս քո պես անգետ լինեի, բայց քո աղոթքի պես իմ աղոթքը ևս արժանընդունակ լիներ։ Մեր գլխավոր պարտականությունն է եկեղեցիք շինել, եղած եկեղեցիների պատկերները արծաթապատել, քառասնիցը անպակաս առնել, ննջեցյալների գերեզմանը օրհնել տալ, մատաղը չմոռանալ և պահքը պահել․ եթե սորանից ավելի կամենանք, ընդունելի և աստվածահաճո բաներ դեռ ևս շատ կան, ջրհոր փորել, տանը մնացած աղջիկ լույս ու արև հանել, տոնի, զատկի աղքատներին հանդերձ բաժանել։ Անտարակույս այս բոլորը կառնենք մեք քո հետ. բացի սորանից հարկավոր է, որ դարպաս ուղարկենք Երուսաղեմ, Մշու սուրբ Կարապետ և այլ այսպիսի ուխտատեղեր, որ օրհնենքադիր ստանանք։ Ախ ի՛նչ գեղեցիկ են այդ օրհնության գրերի ոճը և շարադրությունը։ «Ի սուրբ և աստուածընկալ դրանէ... աստուածային օրհնութիւնն եկեալ հանդիցէ, ծաւալեսցի ի վերայ ձեր և համայն ձերայնոց...» և այսպիսի օրհնության գիր շատ անգամ կարելի է կես մանեթով ստանալ։ Ի՛նչ է մարդուս երջանկությունը սորանից ավելի. «Ցայտ լիցի աստուածասիրութեանդս», կշարունակե օրհնության գիրը, «զի զոր առաքեալ էիք ձեռամբ (այս ինչ անձին) զմի տեօրտի պիրլիք, ընկալաք մեծաւ օրհնութեամբ և զանուն ձեր և համայն ննջեցելոց ձերոց գրեցաք առաջի սուրբ սեղանոյն, յորոյ վերայ սուրբ պատարագն մատչի» և այլն։ Քանի որ այդ վանքերք կան, քանի որ անմահ պատարագը կմատուցանվի այդ տեղերում, այդ արծաթը տվողի և նորա բոլոր ննջեցյալների անունը պիտի հիշատակվի։ Երանի՜ մեզ, Շաքարյանց, երանի — հազար երանի։ Թո՛ղ ուրիշները գլուխ կոտրեն ուսում ստանալու, մեք քո հետ հոգիներիս պատրաստությունը տեսանենք. Հարկավոր է մեր ճարելու հարստութենից մասն և բաժին հանել Վարագա սուրբ նշանին, Վանկո սուրբ նշանին, Աղթամարա սուրբ նշանին, Գեղարդա սուրբ նշանին, Օթյաց սուրբ նշանին և այլ մյուս սուրբ նշաններին, որ գրված կան իմ մոտ գտնված գրչագիրների մեջ. Այս անպատճառ հարկավոր է որ այդ սուրբ նշանների բարեխոսությունը ևս անպակաս լինի մեր վերայից. սուրբ նշանները անբարբառ բարեխոս են հավատացյալներին. բացի դորանից, «մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յուր Տէր Ցիսուս բևեռեցաւ».— ասում է խաչի տաղը։ Իմ կարծիքով ազգը եկեղեցին է, հոգևորքն են, մեք մասնավոր մարդիկ ենք, մեք մեր հոգու փրկության մասին մտածելուց ավելի ուրիշ պարտականություն չունինք, իսկ ազգի բաները, եկեղեցու բաները թող հոգան. փառք աստուծո, կաթողիկոս ունինք, Լուսավորչի հաջորդը, պատրիարքներ, առաջնորդներ. վանքերը լի են վարդապետներով, թող նոքա մտածեն այդ բաները, և մտածել են և մտածում են ևս։ Դու ի՛նչ ես կարծում, եթե նոքա չլինեին, մեր լույս հավատը կպահպանվե՞ր մինչև այժմ. աստված կյանք տա մեր հոգևորներին, աստված նոցա շուքը մեր վերայից անպակաս առնե»։

Այսպես էր Մանթուխյանցի քարոզը, որ կարդաց Շաքարյանցի գլխին։ Շաքարյանցը մի գիտնական մարդու տեղ դրած լինելով Մանթուխյանցին, իսկույն հնազանդեցավ նորա ասածներին, մանավանդ ինքը պարապելով դյութական բաներով, մի փոքր երկյուղ ևս ուներ, որ մի՝ գուցե աստված բարկանա յուր վերա, ուստի և հոժարակամ ընդունեց այն բոլոր աոաջարկությունքը, որոնց խորհուրդը և նպատակն էր մոտ մնալ եկեղեցուն և հոգևորներին, որոնց միջնորդությամբ կարող էր թողուլ աստված յուր դյութությամբ պարապելու մեղքը։

— Մեք այս բաների վերա ուրիշ անգամ ավելի ընդարձակ կխոսենք,— ասաց Մանթուխյանցը, ձեռքը պարզելով դեպի արաղի շիշը։ Շաքարյանցը հառաջամատույց գտանվեցավ և իսկույն լցրեց բաժակները արաղով։ Այս րոպեից սկսած Մանթուխյանցի և Շաքարյանցի հարաբերությունը ամենևին այն չէր, ինչ որ քանի մի օր հառաջ։

Մանթուխյանցը, ոսկին շինելուց հառաջ, գալիս էր Շաքարյանցի մոտ, որպես յուրյանից առավել մեծ մարդու մոտ, ըստ որում, ինչպես ասել ենք յուր տեղում, Շաքարյանցը ուներ մի փոքր կարողություն։ Բայց երբ գտավ ոսկի շինելու գաղտնիքը, Շաքարյանցը սկսեց նայել Մանթուխյանցի վերա նույնպիսի մեծարական աչքով։ Եվ Մանթուխյանցը, որպես մի տգետ մարդ, իսկույն սկսեց օգուտ քաղել յուր դրութենից, փոխեց յուր խոսակցության ոճը Շաքարյանցի հետ, և կրավորական բնավորությունը դեպի ներգործական։ Ճշմարիտը պիտո է ասել, Շաքարյանցը յուր ժամանակին այս աչքով նայած չէր Մանթուխյանցի վերա։ Ինչևիցե։ Մեք թողունք առ ժամանակ սորանց այստեղ և տեղափոխվինք մտքով դեպի մի այլ ընկերություն։

Է

Շատ ժամանակ չէր, որ Կոմս էմմանուելը բնակվում էր այս քաղաքի մեջ, ուր անցան նախընթաց գլուխներում պատմած անցքերը։ Նորա անձնական տկարությունքը հարկադրել էին նորան, օդափոխության համար դուրս գալ յուր մռայլոտ բնակարանից, ուր շատ տարիներ անցուցել էր մելամաղձական և տխուր միայնության մեջ։

Դպրության կանոնքը արգելում են մեզ, առանց որևիցե մարդու կամք ստանալու, տպագրությամբ հրատարակել նորա վարքագրությունը. այս պատճառով համարձակություն չունիմ խոսել հրապարակով իմ ընթերցողների հետ Կոմս էմմանուելի անձին վերա, հերիքանալով, որ թույլտվություն ունիմ նորա կողմից ասել այնքան, որքան ասացի կամ որքան դեռևս պիտի ասեմ։

Բացի սորանից, Կոմս էմմանուելը մի նոր մարդ չէ մեր ազգի համար. նա փոքր ի շատե հայտնի է ընթերցող հասարակությանը յուր Հիշատակարաններով և ոտանավորներով, որ տպվում են Հյասիսափայլ օրագրի մեջ. այս պատճառով ևս իմ ընթերցողքը չեն կարող ասել ինձ, թե խոսում էի մի բոլորովին նոցա անծանոթ մարդու մասին: Ինչևիցե։

Ահա այս քաղաքը գալով Կոմս էմմանուելը ման էր եկել համարյա թե բոլոր փողոցները, տեսել էր բոլոր եկեղեցիքը, վաճառանոցները, ըստ որում հայաբնակ քաղաքներում սոցանից ավելի բան չկա, որ կարողանար գրավել մի եկավոր կամ հարցախնդիր մարդու ուշադրությունը։ Առհասարակ շատ տխուր երևույթ է այս, բայց անմիջական հետևանք հայերի կյանքի ասիական բնավորությանը: Այնտեղ, ուր չկա կրթություն և դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս քանդվում են։ Որևիցե գործ, որ պիտի պատկաներ ամբողջ ազգին, հարկ է որ կատարվի հասարակաց ձեռքով, հասարակաց հոգու միաբան գործակցությամբ. բայց ուր իշխում է եսականություն, այնտեղից հալածական է միաբանական աստվածային հոգին։ Եսական հոգով բան չէ հառաջանում նորա համար, որ նա կենտրոնացած է յուր մեջ. նա մեռած է շրջակայքի համար, թեև գտանվում էր մի կենդանության պատկեր ունեցող կեղևի մեջ։ Մի այդպիսի մարդու վարդապետությունը զոհաբերության մասին (առանց որին ոչինչ առաքինություն չկա) այսպես է, թե այն զոհն է արժան և ընդունելի, որ վարձատրվում է իսկույն նյութական ճանապարհով: Նա չկամի ևս հասկանալ, թե առաքինություն ասածը մի վերացական բան է և չէ երևում նյութական կերպարանքի տակ։ Հեռի է նորանից այն հասկացողությունը և վարդապետությունը, թե ամենայն զոհ, որ վարձատրվում էր մաքուր խղճմտանքի գիտակցությամբ, արդեն ամենալավ աղբյուրն էր մխիթարության։ Ո՛հ, արևը շատ անգամ դեռևս պիտի մտանե հայերի ասիական պղտոր հայացքի վերայով... գնայուն մեռյալները (ходячие трупы) դեռևս շատ ժամանակ պիտի կենդանի մարդիկ թվին մեր արտասվելի ազգի աչքում։ Երևում է, որ մեք տեսանելու չէինք նախախնամության այցելությունը այս ազգին հասած, բայց արդյոք պիտի տեսանեի՞ն մեր որդիքը կամ թոռները, դժվար է հավատալ։ Չսերմանած, հնձելու հույսը չար անձնախաբեություն է. եթե մեր պապերը և հայրերը սերմանած լինեին, մեք այժմ կհնձեինք, ներկայումս չենք հնձում նորա համար, որ մեր նախնիքը չեն սերմանած, բայց մեք ևս չենք սերմանում, ի՛նչպես ուրեմն կարող են հնձել մեր որդիքը և թոռները։ Հայերի համար, երեկ և այսօր նույն և միշտ. չեմ ասում հավիտյան, որովհետև այդ ազգի բռնած ճանապարհը այնպես է, որ դարերի ևս դժվար թե կդիմանար, ուր մնա հավիտյանը։ ...Երեկոյան ժամանակ, Կոմս էմմանուելը հեռացավ դեպի քաղաքի ծայրը, դեպի մի պարսպավոր եկեղեցի, որի բակը էր միևնույն ժամանակ և գերեզմանատուն։

Կանաչապատ էր բոլորովին այդ եկեղեցու բակը, և շատ ծառեր տնկած կային պարսպի հետ զուգահեռաբար, որոնց ստվերքը ստանում էին առավել և առավել հսկայական երկայնություն, որքան արևը խոնարհվում էր դեպի մուտ։ Թեթև քամին, խաղալով ծառերի տերևների հետ, պատճառում էր մի ախորժելի խշխշոց. ծաղիկները և արոտները սկսանում էին առուգանալ, թարմանալ և բարձրացնել յուրյանց գլուխը, ազատվելով արևի ուղղահայաց այրող ճառագայթներից, որ խաղում էին այժմ կաթողիկեի ոսկեզօծ խաչի վերա։

Այցելուն աչքը ձգեց լայնարձակ, գեղեցկանիստ բակի վերա. ոչի՛նչ, և ո՛չ ոք... Այնտեղ ապրում էր միայն անշունչ բնությունը. այնտեղ, քամին միայն, որոտը, և նշանակյալ ժամերում, եկեղեցու տխուր հնչող զանգակը կարող են ընդհատել միշտ թագավորող լռությունը։ Գերեզմանները որը կարգով և որը անկարգ շարված էին կանաչ, թավիշապատ հատակի վերա։ Ասես թե մարդերի գերեզմանքը ծառայում են բնության ձեռքում շախմատի քարերի տեղ։ Բնությունը խաղում է այս խաղը ժամանակի հետ։ Ամեն մի նոր գերեզման նոր քար է, որ ստանում է բնությունը և դնում է և զանազան ուղղություններով շարում է յուր խաղակից ժամանակի առաջև։ ժամանակը տանում է այդ քարերը հատակից...

Երբ Կոմս էմմանուելը ման գալով գերեզմանների մեջ և կարդալով տխուր և սխալներով լի տապանագիրքը, որոնց և՛ գրել տվողը, և՛ գրողը, և՛ փորողը չեն գիտեցած հայերեն, անցավ դեպի եկեղեցու սեղանի քամակը, այսինքն, արևելյան կողմը. այստեղ տեսավ նա մի կենդանի էակ. բայց և սա սպասավ, ր էր մահու թագավորությանը...

Մի վաթսունամյա, բայց առույգ ծերունի, ճաղատ ճակատով և սպիտակ մազերով, բահը ձեռքին փորում էր... Նորա խոշոր դեմքի գծագրության հանդարտութենից երևում էր, որ շատ սառնությամբ կատարում էր այդ գործը, և ամենևին մեքենաբար, առանց մտածելու և յուր գործի հետևանքից կամ շարժառիթից մի տպավորություն ներս ընդունել յուր հոգու վերա։

Կոմս էմմանուելը մոտեցավ այս մարդուն։

«Բարև, ծերունի»,— ասաց նա։

- Աստուծո բարին,— պատասխանեց խոսակիցը։

«Դարձյա՞լ գերեզման...»։

- Օրհնած, այս տարի դեռ տասներորդն է, որ փորում եմ, միթե շա՞տ է, Եթե այսքան ևս չլինի, ասե՞ս որ պիտեր քաղցած մեռանել։ Ի՛նչ է իմ ստացածս եկեղեցուց, որպես տարեկան ռոճիկ,— երեսուն մանեթ. աստուծո համար ասա՛, կարելի՞ է այդքան գումարով ապրիլ, տուն տեղ և ընտանիք պահել։ Մեզ ասում են, թե արդյունք ունեինք ժողովրդից. ի՛նչ տեղից է մեր արդյունքը: Մկրտութենից, պսակից և մեռյալից, բայց մկրտությունը և պսակը, համարյա թե ոչինչ արդյունքի աղբյուր չեն. քսան կոպեկ, երբեմն երեսուն և երբեմն կես մանեթ։ Ամբողջ մանեթ տասն տարին մի անգամ չէ պատահում։ Մնում է մեռյալը. գերեզման փորելուց ստանում եմ երկու մանեթ, լվանալու համար, եթե արական է, տալիս են մի բան. մնաց որ մեռյալի շապիկը, վերայի գտանված հանդերձեղենը կամ մահիճը, որի մեջ հանգուցյալը փչել էր յուր հոգին, նույնպես պատկանում է մեզ. նոր հանդերձը իբրև կողոպուտ կպատկանի ծխատեր քահանային, այս պատճառով ահա մեռյալից ավելի եկամուտքի արդյունավոր աղբյուր չունինք։

— Ուրեմն, դու ուրախանում ես, եթե մեռանում է մի մարդ։

— Ինչ մեղքս պահեմ, այո՛. իմ աղքատությունը ստիպում է ուրախանալ։ Չքավորությունը, աղքատությունը, ապրելու և ընտանիք պահելու հոգսը, շատ անգամ խտրություն չունին հնարների մեջ, որոնցով կարելի էր արծաթ վաստակել, կյանքի անհրաժեշտ պիտույքը հոգալու համար: Բացի սորանից, այս ևս կա, որ իմ ուրախանալուցս չէ, որ մարդիկ մեռանում են։ Խոլերայի ժամանակ ճշմարի՛տ ավելի պատճառ ունեի տրտմելու, ըստ որում երկյուղ կար սրտիս մեջ, որ մի գուցե ես ևս, կամ իմ ընտանիքիցս մի մարդ մեռանի. բայց դորա փոխանակ, այն ի՛նչ արդյունք էր այն տարում...

— Բայց, մի կատարված գործողության վերա մեծ ուրախություն ցույց տալը, ասել է, թե պատրաստություն կար ձեռնտու լինել, եթե միայն հնար լիներ, որ այդպիսի գործողությունք կատարվեին առավել ստեպ։

— Ճշմարի՛տն ասեմ, ցավելու չեմ, եթե ամենայն օր գերեզման փորեմ այնպիսի մարդերի համար, որպիսու համար փորում եմ այս գերեզմանը։

— Ուրեմն կան մարդիկ, որոնց մեռանելը այնքան ախորժ չէր քեզ, չնայելով, որ պիտի արդյունավորվեիր։

— Ինչպես չէ։ Զորօրինակ երիտասարդ մարդիկ, նոր դեռևս ընտանիքի տեր դարձած, նոր տեսած կյանքի արևը, որոնք դուռը միշտ բաց է իմ պես աղքատների համար. տոնի, զատկի, տալիս են մի բան, եթե մկրտություն կամ մի այլ հոգևոր պետք կատարվի նոքա տանը, նույնպես չեն մոռանում ժամակոչը։ Որքան և իցե, այդպիսի մարդերից տարու մեջ ստանում եմ գո՛նե մի մանեթ. ճշմարի՛տ, եթե այդպիսիք մեռանին, մինչև չորս հինգ մանեթ կստանաս, բայց, բանը այս է, որ այդ չորս կամ հինգ մանեթով բոլոր հաշիվդ կվերջանա մեռանողին հետ։ Ահա այսպիսի մարդիկ, եթե մեռանին, ափսոսում եմ. բայց այն մյուս մարդի՞կը, որոնցից ոչինչ արդյունք չունինք, որոնց շեմքը երբեք չենք կոխած, որք հացը մի անգամ ուտում են, մյուս անգամ կշռում, թե մի՛ գուցե պակաս էր, որ բոլորովին նման են անպիտան ձիու, որի տերը միմիայն օգուտ, որ կարո՛ղ էր քաղել նորանից, այդ էր նորա կաշուցը, որ սատակելուց հետո կարող էր վաճառել, ըստ որում նորա կենդանությունը չէր արժում և նորա կաշուն։

— Այն մարդը, որի համար փորում ես այդ գերեզմանը, նույնպես պատկանում է այս վերջի՞ն տեսակի մարդերին։

— Ավելի վատթար։ Սա, մեր եկեղեցու նախկին երեսփոխանն էր, տասն և հինգ տարի կատարեց այս պաշտոնը, բայց ի՛նչպես, մի հարցրու։

Տարին մի անգամ մի քանի քահանայք գալիս էին հաշիվ տեսանելու, բայց ի՛նչ հաշիվ, ի՛նչ քննություն։ Հանգուցյալը լավ գիտեր յուր բանը։ Հաշիվը սկսանելուց հառաջ, պատրաստում էր, ահա այն ծառերի տակ, խորովածը, գինին և արաղը։ Անտարակույս, հառաջ գնում էին այդ բարությունքը վայելելու, որ մի փոքր ուժ ստանան այն մեծ և երկար, ամբողջ տարու մանրամասն հաշիվը քննելու համար։ Խելացի էր շատ մեր երեսփոխանը, նա սկսանում էր մի մի արաղից և բանը բերում էր հասցնում էր այնտեղ, որ հաշվետեսքը տաղ չէին թողնում, մեղեդի, շարական չէին թողնում, որ չերգեին... Սովորաբար առավոտյան տասն ժամից կսկսվեր այս բանը և կտևեր մինչև ժամը երկու կամ երեքը ճաշից հետո. այս միջոցին երեսփոխանը ասում էր. «այժմ սկսենք հաշվի բանը, որովհետև մի երկու ժամից երեկոյան զանգակը կզարկեն, ժողովուրդ գուցե սկսանի գալ եկեղեցի և խափան լինել մեր գործին»։ Առհասարակ շատ բարեսիրտ են մեր քահանայք, այս չէ կարելի ուրանալ. երախտագիտության մասին ևս հետ չեն ժողովրդից. այս պատճառով ևս ասում էին.— Օրհնա՛ծ, այսքան տարի եկեղեցու դռանը ծերացար, այժմ պիտի խարդախությո՞ւն գործեիր հաշիվների մեջ. մի՛թե մենք չենք հավատում քեզ։ Մեր գալը մի օրենք է, որ կատարում ենք, լցուցանում ենք առաջնորդի հրամանը, որ սաստիկ պատվիրում է ուշի ուշով քննել հաշիվները, որպես թե գողերի և ավազակների ձեռքում էր եկեղեցին։ Հանճարեղ երեսփոխանը պատասխանում էր. «Չէ՛, տյարք հարք, ես խնդրում եմ, որ հաշիվներիս վերա աչք դարձուցանեք, եկեղեցու մի կոպեկը ևս կրակ լինի իմ համար, եթե խառնել եմ իմ գույքի մեջ»։ — Թե աստված սիրում ես, ձեռք վեր առ այդ բաներից, մեք լավ ճանաչում ենք քեզ, աստված տա, որ բոլոր երեսփոխանք այն հոգին ու հավատը ունենային, ինչ որ դու ունիս. բե՛ր մատյանները, — շարունակում են քահանայք: Երեսփոխանը բերում է. և ահա, եկեղեցու տարեկան ելից և մտից տակը գրվում է գեղեցիկ գրչով. «Հոգևոր կառավարութիւնս վերահասու եղեալ ստուգութեան հաշուոց, ելից և մտից եկեղեցւոյն, եգիտ զայնս ի պատշաճեալ կարգի, ըստ օրինացն հրամայելոյ, զորմէ ստորագրութեամբ անդամոց և դրութեամբ կնքոյ վկայէ»։

Այնուհետև մի ամբողջ տարի ո՛վ էր եկեղեցու մոտ եկողը, ո՛վ էր հաշիվ հարցնողը։ Տարեգլխին, նույն քահանայքը, նույն խորովածը, նույն պատիվը, տաղը և շարականը, հետևաբար և նույն վկայությունը «ստորագրութեամբ անդամոց գրութեամբ կնքոյ»։

Ահա այս կերպով տասն և հինգ տարի վարեց հանգուցյալը երեսփոխանության պաշտոնը։ Բայց երբ սորանից հինգ տարի հառաջ հիվանդանալով հարկադրվեցավ թողուլ յուր արհեստը, եկեղեցին, բացի քանի մի փուդ մոմից, կոճատից և խունկից այլ բան չուներ...

— Ապա ժողովո՞ւրդը,— հարց արեց Կոմս էմմանուելը։

— Հը՛մ, ժողովրդին ի՛նչ. եկեղեցական գործերի մեջ ի՛նչ գործ ունի ժողովուրդը. այստեղ հոգևոր իշխանություն կա, կառավարություն և առաջնորդ,— պատասխանեց ժամակոչը, ճակատի քրտինքը սրբելով։

— Շատ բարի. բայց եկեղեցին ո՛չ հոգևոր կառավարությանն է և ոչ առաջնորդին. եկեղեցին պատկանում է ժողովրդին և դեռ օրենքի զորությամբ ևս ժողովուրդը պիտի վերահասու լինի եկեղեցու տարեկան արդյունքին և ծախքին։ Երեսփոխանը ի՛նչ է. ո՛վի երեսփոխանն է նա. ո՞չ ապաքեն ժողովրդի եկեղեցու մեջ, ժողովրդի գործակատարը։ Ժողովուրդը գնում է մի մարդ եկեղեցու մեջ, որ նա տնտեսե տարեկան արդյունքը և ծախքը, այլև հոգաբարձու լինի եկեղեցու պիտույքին։

— Մեր ժողովուրդը այդպիսի բան չգիտե։ Նորան վաղուց արդեն հավատացուցել են, որ ժողովուրդը, ազգը հոգևոր բաների մեջ իրավունք չունի խառնվելու, որովհետև այդ բոլորը պահված է հոգևոր իշխանության։

— Եկեղեցու ել ու մուտը հոգևոր պաշտոն չէ, մի սրբազան խորհուրդ չէ, որ սոսկական մարդը համարձակություն չունենար մերձենալու։ Հոգևոր իշխանության գործը է հոգաբարձու լինել եկեղեցու կրոնական մասին և ոչ եկեղեցու տնտեսությանը, որ հասարակաց ոչինչ չունի կրոնի հետ: Եկեղեցին շինողը և պահողը է ժողովուրդը, սորա վերա է նորա ծանրությունը. եթե եկեղեցին քանդվի, ժողովուրդն է շինում, դարձյալ եկեղեցու արդյունքը ժողովրդիցն է:

— Ոչխարը, բուրդը և կաթը յուր տիրոջը տալով, իրավո՞ւնք ունի պահանջելու, որ տերը հաշիվ տար նորան, թե ո՛րքան արդյունք էր ստացել նորա բուրդից և կաթից, և թե ո՛ւր, կամ ի՛նչ բանի համար ծախք էր արել։

— Ոչխարը անբան անասուն է. բայց ժողովուրդը բաղկանում է բանական մարդերից. մի՛թե ընդունո՞ւմ է ժողովուրդը, որ վարվեին յուր հետ, որպես անբան անասունի հետ։ Ես շատ զարմանում եմ ձեր ժողովրդի վերա։

— Եթե զարմանում ես, ապա ուրեմն ոչինչ հասկացողություն չունիս մեր ազգի մասին։ Ժողովուրդ ասացյալը բաղկանում է զանազան առանձին առանձին մարդերից, այնպես չէ՞։

— Անտարակույս։

— Ուրեմն ժողովուրդը խոսելու համար, հարկավոր է, որ այդ առանձին առանձին մարդիկը միմյանց մոտենան, խորհուրդ կատարեն, և յուրյանց մասնավոր ձայները, դեպի մի ամբողջ հավաքելով, լսեցնեն որպես մի հասարակաց ձայն, այնպես չէ՞։

— Ամենևին այդպես։

— Բայց դու, տեսա՞ր, երբ և իցե քո կյանքում, երկու հայ, մաքուր խղճմտանքով և անկեղծ սրտով միմյանց մոտ եկած մի ազգային գործի համար, որի օգուտը անմիջական հարակցություն չուներ նոցա անձնական շահասիրությանը։ Տեսվա՞ծ բան է հայերի մեջ բարոյական մտավորություն, կա՞ հայերի համար մի սուրբ առարկա, որի անունով ամենայն երկրորդական պղտորությունք հետ դնելով բարեկամական ձեռք պարգևին միմյանց։ Ախ, պարո՛ն, երևում է, որ դեռ անփորձ ես և երիտասարդ, արյունդ տաք, ինչ ասես մտածել է տալիս, առանց կշռելու այն հանգամանքը, որոնց թույլտվութենից կախ էր այդ գեղեցիկ գաղափարների իրագործությունը: Իմ այս մազերը չեն սպիտակացել ջրաղացի դռնում, այլ ժողովրդի մեջ. և ես մտել եմ ժողովրդի ամեն մի կարգի մեջ, սկսած հետին աղքատից մինչև երևելի պարոնը։ Տարու մեջ, ես տեսանում եմ շատ տեսակ հասարակությունք։ Ամեն մի թաղումի, կիրակամտի կամ այլ այսպիսի բաների ժամանակ՝ ըստ մեծի մասին մի տան մեջ հավաքված են լինում երեսուն, քառասուն և երբեմն հիսուն կամ վաթսուն հոգի: Այդ տեղերում լինում են շատ խոսակցությունք, և այդպիսի տեղերում կարելի է ճանաչել ժողովրդի ստույգ բնավորությունը։ Նա այստեղ ազատ է, չէ հավաքվել պաշտոնական խորհրդով, որ միտքը փոքր ի շատե լարված կամ նախապաշարված լինի, չէ սերտել խոսելիքը, ինչպես պաշտոնական ժողովների ժամանակ. բացի սորանից, նա անվավեր է համարում այն բոլոր խոսք ու զրույցք, որ լինում էին այսպիսի տեղերում, և այս պատճառով ևս ցույց է տալիս յուր հոգու միջինը ամենայն միամտությամբ, և խելացի կամ զննող մարդը, որ կամեր, շատ բան կարող է իմանալ այսպիսի ժողովներից: Իմ կոչումը և պաշտոնը այնպես է, որ ոչ ոք արժանի չէ համարում խոսել իմ հետ. աղախինքը կամ սպասավորքը զզվելով տալիս են ինձ մի բաժակ արաղ, կամ առաջևս դնում են կերակուրը. շատ անգամ տեսել եմ, որ բաժակը կամ ամանը, որ ևս գործ էի դրել, իսկույն կոտրում էին, որպես թե նա պղծվել էր։ Այսպես լինելով իմ դրությունը ժողովրդի մեջ, ինքս ոչինչ չխոսելով հարկադրվում եմ ականջ դնել ուրիշների խոսածին։ Մի անգամ մի տան մեջ հավաքված կային մոտ իբր իննսուն հոգի, կիրակամուտ էինք կատարում մի հանգուցելու։ Այդտեղ սկսվեցավ մի խոսակցություն հասարակաց և մասնավոր խնդիրների վերա, որ տևեց ամբողջ երեք ժամ։ Բայց չկարծեք, որ իննսուն հոգին ևս խոսում էր, թեպետ գործը իննսունին ևս վերաբերվում էր։ Այնտեղ երեսուն հոգու չափ հետին դասակարգից, այսինքն չունևորք, կային, որոնք ոչ լեզու ունին և ոչ բերան, ձուկի նման մունջ են։ Այս դասակարգը պարկեշտ է, և գիտելով յուր աղքատությունը, որովհետև խոսելու կամ բանի մեջ խառնվելու իրավունքը շատ կամ սակավ կարողության տեր մարդն ունի, ոչինչ չէ խոսում, թեպետ և խոսել ևս չգիտե, ինչպես նաև շատերը... և թե ի՛նչ բանի վերա խոսում էին, նույնպես չգիտե. նորա խելքը չէ հասանում այդպիսի բաների։ Նա ապրում է քաղաքի մեջ յուր չքավորությամբ և հույս ունի հարուստների վերա, որ կհոգան քաղաքի բոլոր պիտույքը։ Այսպես ահա, իննսունից երեսունը դուրս եկավ, մնաց վաթսուն։ Բայց այս վաթսունը ևս չէ խոսում։ Վաթսունի մեջ կան քառասուն և հինգ կամ հիսուն միջակ մարդիկ, որոնց ամոթ է հարուստի ներկայությամբ խոսել, կամ հրատարակել յուրյանը կարծիքը. պատճառ, միանգամ հավատացած են, թե կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է միայն պարոններին, այսինքն նոցա, որ շատ արծաթ ունին։ Միջին դասակարգի մարդիկը, եթե հավաքվին մի այնպիսի տեղ, ուր չկան հարուստ մարդիկ, այնտեղ խոսում են, քննում են և շատ անգամ ավելի առողջարար մտածում են, քան թե մի ութսուն տարեկան ջախջախած ծեր, որ միշտ կանչվում է ժողով, որովհետև հարուստ էր։ Այս կերպով մնացին մեջ տեղում տասն կամ տասն և հինգ հոգի հարուստքը, որ խոսում էին։ Բայց պիտի այս ևս ասել, որ այս մարդիկը ևս բաժանվում են զանազան դասակարգ։ Ծեր կամ հին ժամանակներից հարուստ տան Ժառանգը ավելի պատվավոր է, քան թե մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ․ այս պատճառով ևս, նորա կարծիքը կամ խոսքը ավելի մեծակշիռ է։ Սակայն այս է բանը, որ այդ ծերերը անցուցած լինելով, ինչպես ևս, յուրյանց ժամանակները, ամենայն բանի վերա նայում են այն աչքով, ինչ աչքով նոցա հայրերը նայում էին, կամ ամենայն բան չափում էին հին չափով։ Այժմյան ժամանակիս տղայքը բոլորովին ուրիշ կերպով են նայում և հավան չեն ծերերի կարծիքին։ Ծերերը պահանջում են, որ ամենայն բան կամաց-կամաց լինի, համբերությամբ լինի, առանց մի մարդու անձնասիրության մոտենալու, բայց երիտասարդքը պահանջում են, որ վճռաբար կատարվի ամենայն գործ, հետ դրվի դանդաղկոտությունը և չխնայվի մի մարդու անձնասիրություն, եթե այդ մարդը յուր անձնասիրությամբ կապում էր ազգի կամ քաղաքի հառաջադիմաթյան ընթացքը։ Խոսակցության ձայնը սկսանում է այնուհետև բարձրանալ, հասնում է մինչև միմյանց պատվի ձեռնամերձ լինելու, ծերը ազդում է երիտասարդին, դու դեռ տղա ես, ի՜նչ մարդ ես որ մեջտեղ ես եկել, քո խելքի՞ բան է այսպիսի բաների վերա խոսել։ Երիտասարդը առավել է զայրանում և պատասխանում է. ժամանակը մեզ է պատկանում, և մեք ավելի լավ ճանաչում ենք նորան քան թե դուք, ձեր ժամանակը անցավ, հերիք է որ ձեր պեսների անխել կարծիքները երեսուն քառասուն տարի պաշտվեցան քաղաքի կամ ազգի վնասի համար։ Մյուս մնացող հարուստներից ոմանք նույնպես խոսում են յուրյանց մեջ։ Նոցանից մինը կամ երկուքը պահում են երիտասարդի կողմը, մյուսքը պաշտպանում են ծերի կարծիքը. բաբելոնյան խառնակություն։ Բայց այս բոլորը չէ դեռ ևս․ այնտեղ երկու երեք մարդ, միօրինակ դատապարտում են երկու կողմը ևս, այլև արտաքին կերպով ցույց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթե առանձնապես պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը և համաձայնում են նորա հետ. իսկ թե բախտը բերե պատահել ծերին, նորանից ևս չեն հրաժարվում, նորա ասածները ևս ճշմարիտ են, և այս պարոնները պատրաստ են ստորագրությամբ հաստատել ծերի խոսքերը։ Այս տեսակ չեզոքական մարզիկը այսպես մտածում են. թե հարկավոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանե հասարակության գանձարանը, միթե օգո՞ւտ ունի նոցա անձնական շահասիրությանը, ուրեմն ի՜նչ հարկավոր է ամեն մարդու հետ կռիվ վեճ բանալ։ Քաղաքը մինչև այժմ կառավարվել է, այսուհետև ևս կկառավարվի, մեք մեր կյանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն։

Ահա քեզ, պարոն, մի անշուք, բայց ճիշտ պատկեր մհր հասարակության․ այսպես լինելով բանը, ո՞ւր կմնան ձեր պահանջողությունքը և խոսքերը։

Շատ տխուր տպավորություն, գործեցին այս բաները Կոմս էմմանուելի վերա. նա, որ քաջ գիտեր այս բոլորը, վերստին լսում է մի ժամակոչի բերանից...

Արևը հետ քարշեց յուր վերջին ճառագայթը, և ժամակոչը երկու ձեռքը դնելով գերեզմանի ափերին, դուրս եկավ նորա միջից։

— Հերիք է այսքանը,— ասաց նա ինքն յուրյան, բայց այնպես, որ լսեց Կոմս էմմանուելը։

— Ինչպես թե հերիք է, հազիվ մի և կես կանգուն կա փորածի խորությունը, այդպիսի գերեզմա՞ն կլինի,— պատասխանեց Կոմս էմմանուելը։

— Ի՜նչ է, մտածում ես, որ դուրս կփախչի մեռյալը, այգ երբեք լինելու չէ։ Քահանան անշարժ եղիցի ասելով խաչի կնիքը դնելուց հետո, եթե մի կանգուն ևս խորություն չունենա փորածը, մեռյալը չէ դուրս գալու։

— Ես գիտեմ, որ մեռյալը չէր դուրս գալու, բայց փոքր հողի տակ ծածկելով մարմինը, երբ որ սկսանում էր փտել, յուր վերլուծության միջոցին, օդը կապականե անպիտան արտաշնչությամբ, որից հա ռաջան ում են զանազան վատ հիվանդությունը։ Եվ այս է պատճառը, որ օրենքը ևս հրամայում է երեք կանգուն խորությամբ փորել գերեզմանը, այս պահանջում են առողջապահական կանոնքը»։

Բայց ժամկոչը ուշադիր չեղավ այս խոսքերին. նա յուր կյանքում չէր փորել այդպիսի խոր գերեզման։

Ը

Կոմս էմմանուելը, տխրությամբ լցված, բաժանվեցավ մահու թագավորության սպասավորից և սկսեց դիմել դեպի պարսպի դարպասը, որ գնա յուր օթևանը։ Նա մտածում էր, թե արդարև հայոց ազգը թեպետև քանի հազար տարեկան, այնուամենայնիվ դեռևս մի խակ տղա է և գուցե երբեք դուրս գալու չէ այս տղայութենից։ Այսպիսի ազգերը, ասում էր ինքն յուրյան, կարոտ են, որ, ինչպես անչափահաս որբեր, գտանվին հոգաբարձության տակ, բայց հայոց ազգը չունի հոգաբարձու և գտանելու չէ երբեք։ Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը, շարունակում էր նա մտածել, անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը․․.

Այս խորախորհուրդ, բայց տխուր և տրտում մտածությունքը զայրացուցին Կոմս էմմանուելի սիրտը, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս թռան նորա լցված աչքերից և թաղվեցան գետնի փոշու մեջ։ Այո՜,— ասաց նա, նայելով յուր արտասուքի ընթացքին,— թեպետև ասում են, որ արտասուքի թափվիլը թեթևություն է տալիս մի վշտահար սրտի, բայց դուք թաղվելով այս ոտնակոխ փոշու մեջ, տեղիք եք տալիս, որ ավելի տխրության ամպեր պատեն իմ սրտին։ Դուք ցույց եք տալիս ինձ, որ տարագիր ընկած ազգի կամ մասնավոր մարդու արտասուքի համար ևս չկա մի ազնիվ առարկա, որ ժողովեր այս ազնիվ հյո֊թը, որ միմիայն հոգու ներգործելուց դուրս է գալիս մարմնից։

Այո՜, երանի՜ այն անբախտին, այն թշվառին, որ մնաց յուր տեղում, գոնե նորա արտասուքը կթափվին հայրենիքի ավերակների կամ յուր անցած կյանքի հիշատակարանների վերա, որ սուրբ են և միշտ պիտի սուրբ մնան քնքուշ և հասկացող սրտի համար։ Բայց վա՜յ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց ավելի չկա մի ուրիշ ազնիվ ընդունարան։

— Ի՜նչ այդպես գլուխներդ կախած գնում եք, պարոն,— ասաց մի ձայն։

Կոմս Էմմանուելը վեր բարձրացրեց գլուխը և ձեռքի թաշկինակով սրբեց աչքերը շտապով, բայց, ծածկել կամելով յուր արտասված լինելը, ձևացուց, որպես թե սրբում էր ճակատի փոշին կամ քրտինքը։ Երբեմն, արտասուքներ, որ հառաջանում են հոգու խիստ մոտիկ, խիստ սիրական, բայց օտարի համար գաղտնի պատճառից, չէ պիտո երևին ուրիշին, սա իրավունք չունի նկատել այդ նվիրական գաղտնիքի ազդեցության հետևանքը, այդ մի սուրբ բան է և պիտի ծածուկ մնա միշտ ուրիշից, որ մի գուցե օտարոտի խորհուրդների տեր լինելով, անարժանաբար տեսաներ մի այսպիսի մաքուր զեղումն սրտի։

Կոմսի հետ խոսողը էր մի տիրացու։

— Դո՞ւք եք,— ասաց Կոմսը փոխված ձայնով։ Նորա կիրքը նըստած չէր դեռևս, և արյունը ալեկոծվում էր սրտի և թոքերի մեջ։

— Այո՜, ե՜ս եմ,— պատասխանեց տիրացուն։— Երևի, օդի լավության պատճառով դուրս եք եկել ման գալու, շատ լավ եք արել։ Մի միայն երջանկություն, որ կա մեր քաղաքում, դա օդի մաքրությունն է, մանավանդ առավոտները և երեկոյան ժամանակ։

— Ստո՜ւյգ է, ես ևս նկատում եմ այդ,— պատասխանեց Կոմսը, բայց այնպիսի սառնությամբ, որ հայտնի ցույց էր տալիս, թե ծանրություն էր յուրյան խոսել այն րոպեին օդի վերա։

Արդարև, եթե մարդու կյանքը առնունք որպես մի թել, ապա ուրեմն, շատ խայտաբղետ և պիսակ մի թել է նա։ Այգ կարճ կամ երկայն շըղթայի օղերը ունին յուրյանց վերա զանազան դրոշմներ, ոմանք ուրախության, ոմանք տրտմության, ոմանք հուսահատության, մի խոսքով, հոգու բոլոր զգացողաթյունքը, բոլոր հոգեբանական երևույթքը։ Կյանքի մեջ կան և այնպիսի րոպեներ, երբ մարդը պիտի խոսե միմիայն յուր հետ, յուր հոգու հետ, յուր աստուծո հետ։ Այդպիսի նվիրական րոպեներում մարդը հրաժարվում է նյութական աշխարհից, նա մոռանում է յուր շրջակայքը, նա դուրս է գալիս մտքի ծովի վերա և այդ ճանապարհորդությամբ ապրում է այն րոպեին։ Այդպիսի րոպեներում մարդու բոլոր զգացողաթյունքը և կարողությունքը կենտրոնանալով մտքի գործարանի մեջ, ուղեղի վերին կիսարաժինների մեջ, մյուս ջղերը և գործարանքը ասես թե դադարում են ներգործելուց։ Աչքը տեսողական գործարանը, համարյա թե սառչում է, և այն րոպեին նորա վերա ընկած ճառագայթը մի առարկայից, չէ հասանում դեպի ուղեղը, ականջը, լսողական գործարանը, նույնպես, և եթե առաջինը կամ երկրորդը հասուցանեն մի կիսատ թերատ տպավորություն դեպի ուղեղը, սա հայ է և չէ կարող ընդունել տպավորությունքը, մինչև մի դղրդեցուցիչ խթան չներգործե նորա վերա։ Բայց, սատանայական, այնպես է պատահում, որ եթե ոչ միշտ, գոնե շատ անգամ, այսպիսի քաղցր րոպեները ընդհատվում են այդ րոպեների բնավորության մի բոլորովին հակառակ հանդիպմամբ։ Սա մի անախորժ զգացողություն է, որ մարդը ձգում է համարյա թե մի տեսակ կատաղության մեջ. և ամենասիրելի մարդը սատանա է թվում այսպիսի ժամանակ։

Բայց Կոմս էմմանուելի սառն ընդունելությունը ոչինչ ազդեցություն չգործեց տիրացուի վերա։ Նա սովորած չէր օդից խոնավություն ընդունել. գորա հակառակ, այն տեսակ մարգերից էր, որոնց ջրհեղեղ է հարկավոր խոնավություն զգացուցանելու համար, անձրևը փոքր է։

— Ես ևս դուրս եմ եկած ման գալու,— ասաց տիրացուն, եթե կամիք, գնանք միասին։

Թեպետև շատ ծանր էր Կոմսին ընդունել այս հրավերը, բայց մի փոքր մեղմացել էր արդեն սրտի կրակը, բացի սորանից հիշեց նա յուր սովորական կանոնը, թե չէ պիտո արհամարհել և գայթակղեցնել մի խեղճ մարդ, որի պատահական դրությունը նախանձելի մի բան չէր աշխարհի երեսին։

— Գնանք, գնանք,— պատասխանեց Կոմսը,— բայց այսպես... ուղի՜դ. պատճառ, ես այժմ վերադառնում եմ դեպի տուն և միտք չունիմ երկար միջոց ման գալու։

Սկսեցին գնալ։ Երկու կողմից ևս պահվում էր մի կամակոր լռություն։ Կոմսի միտքը նմանում էր մի ծովի, որը երկար ժամանակ մրրկից ալեկոծվելով, չէ կարող իսկույն հանդարտել, թեև դադարել էր մրրիկը: Մրրկիր հետո ևս դեռ բավական ժամանակ վազում են կատաղությամբ դեպի ծովեզրը փրփրած ու դեպի վեր ցից-ցից գագաթներով սուր անկյունավոր ալիքները, մինչև որ ծովի մրրկից ստացած ուժը թուլանա և ալիքների սուր և կոնաձև գագաթները ստանալով ավելի կամարաձեվություն՝ մոտենան հորիզոնական մակերևույթին։ Բայց այս բանի համար հարկավոր է երկար միջոց. տիրացուն հանդիպեցավ Կոմսին, երբ նորա միտքը հասել էր խռովության մինչև հնարավոր ծայրը. այս պատճառով Կոմսը չէր կարող խոսել այլ բանի մասին, քան թե նյութ էր եղած նորա ամբոխմունքին։ Տիրացուի լռությունը հառաջանում էր նորանից, որ չգիտեր թե ինչպես խոսք բանա և ինչ բանի համար. մանավանդ լսած լինելով յուր ուղեկցի անունը, հարկավոր էր համարում զգուշություն գործ դնել, որովհետև Կոմսը համարված էր այդ քաղաքում որպես մի վտանգավոր մարդ։

Տիրացուն մտածեց մտածեց և վերջապես ուժ ու սիրտ ստանալով ասաց.— Պարոն, դուք ի՞նչպես եք վերլուծում «Լույս զվարթր»։

Ահա քեզ մի ուսումնական խնդիր, որ արժե tartarus emeticus. ինձ հարկավոր չէ մի խոսք ևս հավելացնել. ինքյանք ընթերցողք կարող են հասկանալ խեղճ Կոմսի դրությունը։ Ի՜նչ պիտո է առնել։ Ընկել էր մի անգամ։

— Երկնաւոր, անմահ սուրբ և կենարար հօր սուրբ փառքի, զուարթ լոյս - Ցիսուս Քրիստոս,— պատասխանեց Կոմսը, ախ քաշելով սրտի խորքից: Ինքը ի՜նչ բաների վերա էր մտածում, ի՜նչ օդեղեն ամրոցներ էր շինում, տիրացուն, որ և քառասունի չափ աշակերտ ուներ, ի՜նչ բան էր հարցանում։

Տիրեց դարձյալ լռություն։

Տիրացուն առաջարկեց մի այլ պատմական խնդիր։

— Պարոն,— ասաց նա,— Առաքել պատմագիրը, Քյոռ-Օղլուն և նորա ավազակ ընկերները անվանում է Ջալալիք, այս մարզիկը հա՞յ էին։

— Մի՞թե չգիտեք, որ մահմետականք էին նոքա,— պատասխանեց Կոմսը։

— Ապա ո՜րտեղից է հայերի մեջ Ջալալյան մականունը. ես այնպես էի կարծում, որ այդ տուները հառաջանում են Ջալալիներից։ — Նշանակում է, ազնիվ ծագում եք վերագրում եղած այդ տուներին։ Ես չգիտեմ այդ տուների ծագման պատմությունը, սակայն հավանական է, որ Ջալալիների ժառանգները չեն դոքա, թո՜ղ որ նոցանից թահան արաբը Արաբիայից Կոստանդնուպոլիս գալով միացել էր Քյոռ-Օղլուի հետ, երբ սա գնացել էր այնտեղ Տեմիրճի Օղլուի ձեռքից Այվազը — յուր սիրական մանկլավիկը — ազատելու, որ յուր կարգով մի փոքր ժամանակից հետո նույնպես Ջալալի դարձավ»։

Դարձյալ վերջացան տիրացուի երկբայական խնդիրները դարձյալ լռություն։

Փողոցը, որով գնում էին այս երկուքը, դատարկ էր բոլորովին մարգերից։ Կովերը նախիրից տուն վերադառնալով բարձրացրել էին մի թանձըր փոշի, որ քամի չլինելուց բավական երկար մնում էր օդի մեջ, որ միմիայն դողում էր այս անասունների բառանչելուց։

Այս և այն բաց պատուհաններում երևում էին կանանց և աղջիկների կերպարանքներ, որ մի ձանձրալի միօրինակությամբ անշարժ նըստած նայում էին այս երկու գնացողների վերա։

— Մապրի՜կ, մայրի՜կ,— ասաց դուստրը յուր մորը,— ահա այն մարդը, որ նոր է եկել, երևի թե դարձյալ գնում է Մահտեսի Թովմասի տուն, առավոտ ևս այնտեղ էր, ես տեսա նոցա տանից դուրս գնալը։

«Շատ կարելի է»,— պատասխանեց մայրը,— «գուցե նշանվելու դիտավորություն ունի, Մահտեսի Թովմասի Մարիամը գեղեցիկ աղջիկ է և վարժված, ո՜վ գիտե...

Հանկարծ, այս միջոցին, Կոմս էմմանուելի ականջին հասավ մի ֆորտոպիանոյի ձայն,.. Ուշադրությամբ ականջ դնելով հասկացավ, որ ածում էին «Տէ՜ր, կեցո՜ դու զհայս» երգի եղանակը։ Տիրացուն նկատեց, որ այս ձայնը տպավորություն գործեց Կոմսի վերա, վասնորո և ասաց. «Ես իմանում եմ, թե ո՜վ է դորա ածողը, ահա՜, այն սպիտակ տանիցն Է լսվում... Մահտեսի Թովմասի տանիք, նորա դուստրն է ածողը»: Արդարև մի վայրկենից հետո լսվեցավ մի քնքուշ և թարմ կանացի ձայն, որ երգում էր.

Աչովդ համատարած
Ջազդ մեր արտահալած
Փոյթ զումարեա
Յաշխարն Արարատեան,
Ի վայր մեր ծննդեան,
Որ այժմ է սեպհական
Օտար ազզաց։


Դարձյալ մի տխրության ամպ անցավ Կոմս էմմանուելի երեսի վերայով։ Այս խեղճ մարդը դարձել էր մի ամենազգաստ ծանրաչափ — րարոմետր ազգային բաների համար, որոնց և վերջինը, ամենաթեթևը մեծ ազդեցություն էին գործում նորա վերա։ Մի րոպեի մեջ ուղղելով յուր այլայլված դրությունը, ասաց.

— Ա՜ա՜, Մահտեսի Թովմասի տանի՞ց, ուրեմն օրիորդ Մարիամն է ածողը։

— Ի՞նչպես. դուք գիտեք և անունը,— հարց արեց տիրացուն,— դուք ճանաչո՞ւմ եք նորան: — Այո՜,— պատասխանեց Կոմսը,– ես այսօր առավոտ ևս այնտեղ էի, և օրիորդ Մարիամը ածեց իմ համար Պորտիչիո համր անունով ողբերգության գեղեցիկ ներածությունը։ Ես չգիտեի, որ ունի նա «Տէ՜ր կեցո»-ի նոտերը, ապա թե ո՜չ, խնդրած կլինեի ածել այդ ևս, ըստ որում շատ սիրում եմ այդ տաղը։

— Ճշմարի՛տ է, լավ տաղը շատ լավ բան է։ Բայց իմ տաղարանի մեջ չկա այս, չնայելով, որ բավական հարուստ տաղարան ունիմ, չնայելով որ Բաղդասար Խալֆայի բոլոր տաղերը Զիս քս սիրոյն, Արիք որ երթամք, Գարունն է բացվեր...

Երգի կախարդիչ շարունակությունը ընդհատեց իմ տիրացուի բանասիրական քննությունը․ լսվում էր.

Առաքեա ի բարձանց
Չհամակցութիւն կամաց
Ի մերազնեայս,
Զոմն ի մէնջ յարո՜
․․.ազգի մերոյ,
Տո՛ւր նմա ցուպ Հուժկու
Հովուել զմեզ։

  — Չէ,— ասաց Կոմս էմմանուելը,— չէ կարելի, որ ես մի րոպե չմտանեմ Մահտեսի Թովմասի տուն։ Մնացեք բարյավ․ ներողությո՜ւն, որ չեմ կարող ավելի երկար ընկերակից լինել ձեզ։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ,— պատասխանեց տիրացուն կակազելով և բոլորովին մեքենաբար, առանց հասկանալու ասածի խորհուրդը։

Կոմս էմմանուելը մտավ Մահտեսի Թովմասի բակը։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top