Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մեռելահարցուկ

Մեռելահարցուկ


Արդեն երեկոյան ժամը ինն էր համարյա, և շամանդաղը սկսում էր փոքր աո փոքր գետինը առնուլ։ Դատարկ փողոցի մեջ լսվում էր մի բարձրաձայն երդեցողություն. «Ցո՜ր քահանայն և ղևտացին հանդիպեալ զանց արարին, աւա՜ղ ո՜հ.»...

Այդ տիրացուն էր, որ տաղերի մասին խոսելուց ոգևորվելով ցույց էր տալիս անմարդացած փողոցի պատերին յուր երաժշտական քանքարը։

Այստեղ հարկավոր է չթողալ առանց հիշատակի այն, որ մյուս առավոտը, որի օրամտի մասին խոսեցի, պաշտոնական լուր էր այդ քաղաքի պառավների բերանում, թե Կոմս էմմանուելը կամի նշանվիլ Մահտեսի Թովմասի դստեր հետ։ Մայր ու աղջիկ, որոնց մասին հիշեցի վերևումը, պատուհանից տեսել էին Կոմսի մտանելը նոցա տուն։ Հայերի մեջ մի անսովոր բան չէ, մանավանդ կանանց մեջ, այսպիսի հիմքերով դրական բան խոսել։

Թ

Մահտեսի Թովմասի տանը կային շատ հյուրեր, արք և կանայք, երբ ներս մտավ Կոմս էմմանուելը։ Մի փոքրից հետո կծանոթացնեմ իմ ընթերցողքը Մահտեսի Թովմասի տան հետ, այժմ թողե՛ք, որ չկտրեմ բանի թելը։

Կոմսը ներս մտած, չմտած, բոլորեքյան ամբոխվեցան, վեր կացան տեղերից և օրիորդ Մարիամը նույնպես դադարելով երգելուց և ածելուց, սկսեց ողջունել նորեկ հյուրը։ Կոմս էմմանուելին շատ անախորժ երևցավ այս, ըստ որում այնտեղ, ուր մտանում ես, որպես մի մոտ ծանոթի տուն, շատ անտեղի են արտաքին քաղաքավարական արարողոլթյունքը:

Կոմս էմմանուելը բոլորին ողջունելուց հետո դեմքը դարձուց դեպի օրիորդ Մարիամը և ասաց. — Ես հատկապես ներս մտա, որ լսեմ «Տէր կեցոն», բայց դուք դադարեցաք իսկույն։ Այժմ կրկնապատիկ եղավ իմ ցավը, նախ, որ ես չեմ լսում, երկրորդ, որ իմ անակնկալ ներս մտանելու պատճառով այս արգո հյուրերը ևս զրկվեցան այդ քաղցր երգի վայելքից, որ շատ գեղեցիկ երգում եք։

«Խնդրեմ, առանց հաճոյախոսության... ես ի՛նչ երգող եմ, այսքան հրապարակի մեջ, ամոթ է մինչև անգամ իմ պեսին երգել»,— պատասխանեց օրիորդը մի փոքր կարմրելով։ Բայց բոլորովին սուտ էր խոսածը. նորա կարծիքը յուր երգածի մասին ամենևին այնպես չէր, ինչպես կամեր հավատացնել Կոմսին։ Այս էր լավը, որ նորա առաջև կանգնողը ևս շատ խաբվելու պտուղ չէր. նա ինքը մի բան սրտի վկայությամբ ճանաչելուց և գնահատելուց հետո, հազար պարկեշտություն, հազար չքմեղություն չէին կարող փոխել նորա կարծիքը։

— Ամենևին զուր եք խոսում,— պատասխանեց Կոմս էմմանուելը,– և ես չէի կարող երբեք երևակայել, որ դուք ընդունակ էիք հանել բերանից՝ երբևիցե, մի անարդար վկայություն ձեր մասին։ Առանց կեղծավորության ասում եմ, գաք շատ գեղեցիկ երգում եք, և ոչ միայն ձեր, այլ և ձեր բարեկամների տան մեջ ևս կարո՜ղ եք երգել, եթե մի խնջույք կամ մի բան պատահի։

– Շատ շնորհակալ եմ. բայց չեմ կարող ընդունել ձեր ասածները հալած յուղի տեղ, ըստ որում ես ինքս նկատում եմ զանազան թերությունք իմ երգեցողության մեջ։

– Ա՜, ա՝, ես այժմ տեսանում եմ, որ դուք կամիք ոչինչ թերություն չունենալու երգելու մեջ, այդ այլ բան է. ես խոսում եմ համեմատաբար։ Այո՜, կատարելության ցանկությունը մի գեղեցիկ առաքինություն է և եթե դուք այդ աչքով նայում եք խնդրի վերա, ուրեմն թույլ տվեցեք ինձ ասել ձեզ իմ կարծիքը և խորհուրդը։ Ինչքան, այսօր առավոտ ձեր տան մեջ, և այժմ փողոցից լսելով, նկատեցի ձեր երգածը, ձեր կոկորդային լյա խազը կարոտ է մի փոքր մշակության։ Եվ առ ժամանակ ես խորհուրդ չեմ տալիս ձեզ երգել այնպիսի բաներ, ուր շատ կային ցած խազեր, այդ կարող է, վնասակար լինել ձեր ձայնին։ Խնդրեմ այս ասածներս ընդունել,որպես մի բարեկամի խորհուրդ, և ոչ որպես պատվեր կամ խրատ, ես առհասարակ սովորություն չունիմ իմ խրատնելով գլխացավություն պատճառել օրիորդներին,— հավելացույց Կոմսը ծիծաղելով։

- Շատ շնորհակալ եմ. ես ինքս բավական նեղություն զգում եմ ցած խազեր երզելու ժամանակ, վասն որո իրավունք տալով ձեր դիտողությանը, կաշխատեմ օգուտ քաղել նորանից, սակայն այս է բանը, որ չեմ հավատում, թե կարող էի երբևիցե հասանել այն աշողակությանը, որ տանելի կերպով երգեի։

— Տուր անձին վերա հավատ չունենալը — ասել է անարգել յար անձը. իսկ յուր անձը ինքը անարգողը կորուսանում է ուրիշներից հարգանք պահանջելու իրավունքը։ Գիտե՞ք այս, օրիորդ Մարիամ,— ասաց Կոմսը ծիծաղելով։

Օրիորդը շառագունեցավ և զգաց վեճի ավելորդությունը, տեսանելով, որ բանի տեղ չէ անցնում յուր կոտրատվիլը։

Մյուս կողմում, բոլոր հյուրերը կանգնած լսում էին այս խոսակցությունքը. երբ որ վերջացան, իսկույն բոլորեքյան նստան յուրյանը տեղերը և Կոմսը աթոռը մոտ քաշելով, Մահտեսի Թովմասին ասաց.— Օրհնած, եթե օրիորդ Մարիամը ուներ Տեր կեցոյի նոտերը, ինչու՛ չասացիք առավոտ, որ մի րոպե ավելի հառաջ վայելած լինեի այդ երգը լսելու երջանկությունը։

— Առավոտուն չկար, և մի օտարոտի բան պատճառ եղավ, որ գնեցի երգարանը տուն, լավ որ Մարիամը տանն էր, որ կարողացավ ֆրանսիարեն խոսել, ապա թե ոչ, անհնարին պիտի լիներ միմյանց հասկանալ։ Կոմս էմմանուհլը լարեց յուր ուշադրությունը այս պատմությունը լսելու համար։

— Յում է այդ մարդու ազգը,— շարունակեց Մահտեսի Թովմասը,— բոլոր Եվրոպա ման է եկած, վերջումը պատահել է Պետերբուրգ, կարծեմ Մոսկվա ևս, այժմ ճանապարհի վերա անցանելով այս քաղաքից, բայց ոչինչ ծանոթ չունենալով, այլև ստուգած լինելով, որ այստեղ շատ սակավ մարդ կար ֆրանսիագետ, եկել էր մեր տուն, որ ինչ ասես բաների մասին խոսե։

—Բայց նա ուստի՛ գիտեր, որ ձեր տանը կա ֆրանսիագետ,— հարց արեց Կոմս էմմանուելը.— այս շատ զարմանալի բան է, հանկարծ, ոչ այն, հազարավոր ֆրանսիարեն չիմացող տուներից ուղղակի մեր տուն մտանել, ուր խոսում էին այդ լեզվով։

— Ես ևս զարմացա, երևի այդպես պատահել է... ինչևիցե, խընդրեցի որ նստի, արդեն ժամը տասներկուսն էր, իսկույն ղահվե մատոցինք, խմեց և խոսեց երկար միջոց Մարիամի և իմ հետ (Մարիամի թարգմանչությամբ)։ Ինձ ասաց, որ շատ կցանկանար լսել մի հայոց երգ, փորձելու համար, թե ի՞նչ տպավորություն կգործեր յուր վերա հայոց երգը, ես խոստացա լցուցանել նորա ցանկությունը։ Մի փոքր նըստելուց և քաղաքի որպիսության մասին այս և այն տեղեկությունքը հարցանելուց հետո, գնալու ժամանակ խնդրեց ինձանից, թե երբ կարող էր գալ մեր տուն մի հայոց երգ լսելու համար։ Ես ժամանակ նշանակեցի էգուց առավոտ դարձյալ տասներկու ժամը, եթե կարո՞ղ եք, դուք ես շնորհ բերեք։

— Մեծ ուրախությամբ կգայի, բայց կարող չեմ, որովհետև այդ ժամին հյուր պիտի ընդունեմ իմ մոտ,— պատասխանեց Կոմսը։

— Ահա այս պատճառով գնացի գնեցի հայոց երգարանը, որի մեջ Մարիամս որոնեց, որոնեց, այդ տաղից ավելի ազնիվը, ավելի հավանելին չգտավ։

— Օրիորդ Մարիամը ցույց է տվել դորանով յուր ճաշակագիտությունը,— ասաց Կոմսը։

— Ուրեմն այս սերտողոէթյո՞ւն էր, որ կատարում էիք,— շարունակեց նա դաոնալով դեպի օրիորդ Մարիամը։

— Այո՛,— պատասխանեց օրիորդը։

—Չէ՞ կարելի, որ վերստին կրկնեք. ավելի լավ է. Repetitio est mater studiorum,_ասում է առածը,- հավելացուց Կոմսը, ժպտելով։ — Ինչո՛ւ չէ կարելի,— ասաց իսկույն Մահտեսի Թսվմասը և նշանացի արեց դստերը, որ մոտ գնա ֆորտոպիանին։

Օրիորդ Մարիամը սկսեց ածել և երգել։

Երգեցողության ժամանակ, մի բան շատ անախորժ տպավորություն գործեց Կոմսի վերա, այդ էր, որպես հյուր նստած կանանց միմյանց հետ բարձր ձայնով խոսելը և ծիծաղելը, մինչև երբեմն-երբեմն խափանելով ոչ թե միայն երգողի այլև ֆորաոպիանոյի ձայնը։ Այս հառաջանում էր նորանից, որ իբրև ասիացիք ոչինչ հասկացողություն և համակրություն չունեին կանոնավոր երաժշտության հետ, այլև չէին հասկանում տաղի խոսքերը նորա լեզվի հնության պատճառով

Ցավելի է մեր ազգի դրությունը ընդհանրապես, բայց մասնավոր արտասուքի արժանի են հայ կանայքը։ Խեղճերը բոլորովին անկիրթ և անդաստիարակ, համարյա թե ապրում են միմիայն բուսական և շնչական կյանքով, իմացականի մասին գաղափար ևս չունին։ Կարդալ, գրել, ընդհանրապես չգիտեն, շատ չնչին բացառությամբ։ Յուրյանը տանից կամ յուրյանը բնակված քաղաքից դուրս աշխարհ կա՞, չկա, այդ մասին ևս չունին ոչինչ տեղեկություն։ Այսպես լինելով նոցա դրությունը, ի՛նչ զարմանք, որ մի տաղ կամ մի կանոնավոր երաժշտություն տեղ չգտանե նոցա սրտումը. ի՛նչ զարմանք, եթե սառն աչքով նայեն այսպիսի բանի վերա, առանց որևիցե գաղափար ունենալու ազատական արվեստների մասին։ Նոքա ինչո՛վ մեղավոր են, ո՛վ կրթեց ու դաստիարակեց նորանց, և նոքա յուրյանց անընդունակությամբ չլուսավորվեցան, կամ մնացին վայրենի հասկացողության վիճակի մեջ։ Կոմսը, յուր մի րոպե նեղավածք, անունով միայն կլինին հայ բայց ձեր թոռները գուցե այդ անունը ևս ավելորդ համարեն կրել յուրյանը վերա։ Խելացի եղիր, և ձեր դպրոցների մեջ թող լսվի ձեր մայրենի, կենդանի և նվիրական խոսքը։ Երանի՜ թե ձայնս տեղ հասաներ։ դատապարտեց իսկույն, աչքի տակ առնելով այս բոլորը: Եթե այնքան ուժ և զորություն ունենար մարդկային բնավորությունը, որ յուր կրքի սանձը միշտ ամուր պահեր ձեռքում և ամենայն բանի վերա դատաստան կատարելու ժամանակ անտես չառներ այն հանգամանքները, որոնց մեջ գոյացել ու աճել էր դատաստանի տակ ընկած իրողությունը կամ անհատը, ապա ուրեմն, անտարակույս, հարյուրին յոթանասուն պիտի փոքանար նեղսրտելու և բարկանալու պատճառների թիվը։

Վերջապես, օրիորդ Մարիամը ավարտեց յուր երգելը և ածելը, և վերստին լսելով Կոմս էմմանուելի գովեստը, շնորհակալ եղավ նորանից, կատարելով մի խորին բեվերանս։

— Տեսանենք,— ասաց Մահտեսի Թովմասը,— ի՛նչ ազդեցություն կգործե այս տաղը պ. Յումի վերա։

— Ի՛նչ ազդեցություն պիտի գործե. նա չէ կարող ընդունել դորան, որպես բուն հայկական ազգային երգ։

— Ի՛նչ պատճառով։

— Այն պատճառով, որ տաղի բովանդակությունը նա չէ կարող հասկանալ, ըստ որում նա չգիտե հայերեն․ միակ տպավորություն, որ պիտի գործեր նորա վերա, այդ էր տաղի երաժշտությունը — եղանակը, բայց դուք ևս, ինչպես ես, գիտե՛ք, որ նորա եղանակը հայկական չէ։ Անտարակույս, նա ցանկացած էր լսել մի այնպիսի երաժշտություն, որից կարող էր մի գաղափար ծնուցանել յուր մեջ հայոց ազգի երաժշտական ճաշակի կամ հասկացողության վերա, բայց բանը այս է, որ մեք ամենևին չունինք երաժշտություն։

— Ապա հնուց մնացած տաղե՞րը և խաղե՞րը։

— Նոցա եղանակների մեծ մասը թուրքերից է առած․ մյուսները, նայելով թե ժողովուրդը ինչ ազգերի մեջ բնակվել էր, ուրիշներից։ Ես ման գալով շատ հայաբնակ տեղեր, շատ աշխատել եմ, որ բուն հայկական մի բան կարողանամ լսել, բայց այդ բանը մինչ այժմ էլ չի հաջողվել ինձ։ — Եկեղեցական երգերի կամ շարականների մասին ի՛նչ է ձեր կարծիքը։

— Նոցա բոլորի արմատական բնավորությունը բյուգանդական է, որ եթե այժմ, մի փոքր դուրս ևս եկել է բյուգանդական ճշտութենից, այդ պատահել է բոլորովին ակամա։ Պատճառ, երգեցողության դպրոց չլինելով, ամեն մարգ յուր կարողացածի կամ յուր հասկացողության պես երգելով, փոքր ի շատն հեռացել են այդ եղանակները հունական գաղափարից, թեև կան նույնպես մի քանի ձայներ, որ մինչև այժմ հարազատ են հունականին, զորօրինակ երկրորդ ձայնը։

— Մի՞թե հայերը չունեի՞ն հառաջուց կրոնական երգեցողությունք։

— Տարակույս չկա, որ մի բան ունեցել են, բայց հեթանոսության ժամանակ։ Ձեզ հայտնի է, որ Հայաստանի կրոնական լուսավորությունը, չորրորդ դարում կատարված սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, ծագում էր. հունական աղբյուրից։ Լուսավորիչը մեծ եռանդով քրիստոնեությունը վերստին հաստատելով հայերի մեջ, Տրդատ թագավորի հրամանով և զորքով ման էր գալիս Հայաստան, մեհյանները — կռքատունները, կուռքերը քանդելու և կործանելու համար, մեհենական գրքերը այրելու և չքացնելու համար, որ հեթանոսության հիշատակը ես չմնա հայերի մեջ։ Եթե նա չէ խնայել այս պատմական հիշատակարանքը, այն հոյակապ արձանները և մեհենական դպրությունը, որ այժմ մեծ լույս կարող էին ծագել այն խնդրի վերա, թե ի՛նչպես էր նախնի հայկազանց հայկաբանությունը, կարելի՞ է որ թույլ տար հիմնված եկեղեցիների մեջ, քրիստոնեական կրոնի պաշտելության հարակից եղած աղոթքները և երգերը երգել թեև հեթանոսական ժամանակից մնացած, այլ բուն ազգային եղանակներով։ Եվ անհնարին էր թույլ տալ, որ ժողովուրդը լսե վերստին այն ձայները աղոթքի, որ դատապարտված էին, անհնարին էր թույլ տալ մանավանդ այն պատճառով, որ շատ տեղեր Հայաստանում քրիստոնեությունը ներս մտավ թագավորական հրամանի ուժով, շատ տեղ սուր ևս գործ դրվեցավ և մի փոքր հառաջ քրիստոնյա կոտորող ու հալածող հեթանոս հայերը կոտորվեցան ու հալածվեցան քրիստոնյա հայերից։ Մի կողմից հեթանոսականը բաց ձգելով, մյուս կողմից հարկավորաբար քրիստոնեականը — հունականը պիտո էր ներս բերել։ Հացի սորանից, շարականները կամ եկեղեցական երգերը, որ լսում ենք այժմ եկեղեցու մեջ, կես մի գրվեցան թարգմանչաց ժամանակին, թարգմանչաց ձեռքով և կես մի հետո․ մինչև տասներեքերորդ դարը հավելանում է շարականների թիվը։ Մեր թարգմանիչքը ստացան Հունաստանում, և ինչպես նոցա բոլոր գրվածների ու թարգմանութենների մեջ տեսանվում է հունական հոգու ներկայությունը, այսպես ևս եկեղեցական երգերի ճակատագիրը։ Վերջին ժամանակների երգերը. բովանդակությամբ միայն զանազանվում են, ըստ որում ութ ձայները, ինչպես ունի հունար եկեղեցին, վաղուց ահա ներս էին մտած մեր եկեղեցու մեջ։ Հարկավոր է առանց ուշադրության չթողուլ այն ևս, որ եթե հայերի հեթանոսության ժամանակ կային մեհենական երգեր ու երաժշտությունը, ապա ուրեմն խեղճ ողորմելի բաներ, ըստ որում օրինավոր քան չէին կարող ունենալ։

— Ի՛նչ պատճառով։

— Ո՛հ, շատ խո՛ր է դորա պատճառը, և որքան խոր, այնքան ևս խորին ցավակցության արժանի։ Ի՛նչ հարկավոր է այժմ դորա մասին խոսք բանալ և տխուր մտածութեններով կամ քննութեններով ձանձրացնել և այս պատվելիքը, որոնք առանց տարակույսի ախորժակ չանին տխրելու։

— Ո՛չինչ, ո՛չինչ. մեզ ամենևին ձանձրության չէ լսել ձեր խոսակցությունը,— պատասխանեցին մի քանի ձայներ հյուրերի միջից։

— Տեսանու՛մ եք,– ասաց Մահտեսի Թովմասը,– «ահա նոքա ևս ցանկանում են լռել, Մարիամս ևս հեռի չէ փախչելու լսելուց։

Այս մասին բոլորովին անընտրող էր օրիորդ Մարիամը, ըստ որում գաղափար ևս չուներ ազգության մասին, յուր փոքր ի շատե կրթությունը ստացած լինելով մի օտար ազգի դպրոցում։

— Բացի դորանից,– հավելացուց Մահտեսի Թովմասը,– դեռևս տասն ժամը չկա, թե տուն գնաս՝ ի՛նչ պիտո է առնես, ո՛չ ապաքեն ժամանակ է որ անցուցանում ենք, եթե միայն ձանձրալի չէր ձեզ մեր ընկերակցությունը։

— Բայց դուք այժմ մի՛ կարծեք, թե ես ժամերով քարող ունեի այդ մասին ասելու... ո՛ւր էր այն երանությունը, որ. հնար լիներ սրտիս վերայի եղածը դուրս տալ և թեթևանալ այն անտանելի ծանրութենից, որ ճնշում է հոդիս... բայց ինչ... առ այժմ այս քան ասեմ ձեզ, որ ազգային, երգ, կամ առհասարակ ազգային երաժշտություն ասած բանը պատկանում է բանաստեղծության»։

— Անտարակույս,— պատասխանեցին մի քանի մարդիկ Մահտեսի Թովմասի հետ միասին, որով խոսակցությունը դարձավ հասարակաց։

— Հառաջ գնանք և չդադարենք սորա վերա,— շարունակեց Կոմսը։ — Ազգերի բանաստեղծության միակ աղբյուրը է նոցա ազգային պատմությունը, այսինքն ազգի կյանքը։ Ազգային է բանաստեղծությունը, եթե բովանդակում է յուր մեջ ազդին պատկանած բաներ, եթե այդ բանաստեղծության սկզբնական տարրը է մի իրողություն կամ թե անձն, ազգին պատկանած. նույնպես, ազգային է բանաստեղծը, եթե երդում էր կամ գրում էր մի այնպիսի բան, որ անմիջական հարակցություն ուներ ազգի հետ, ազգի իմացական և բարոյական կյանքի հետ. այս չէ կարելի հերքեր։ Բանաստեղծությունը պիտի որ հոգի ունենա, կյանք ունենա, և այս կյանքը նա կարող է ստանալ մի այնպիսի թանից, որ կյանք ուներ, որ ապրում էր ոչ որպես մի հանք կամ մի եգիպտական մումիա, այլ որպես գործարանավոր էակ հառաջ էր գնում յուր կերպարանագործության մեջ։ Ինչպես ազգն է, ազգի կյանքն է, այնպես է և նորա պատմությունը, իսկ ինչպես պատմությունն է, այնպես է և նորա բանաստեղծությունը։

— Մի՛ նայեք այն արտաքին զանազանությանը, պատմության և բանաստեղծության մեջ, որ երևում է մի անփորձ աչքի, թե պատմությունը մի հիշատակարան է ստուգապես կատարված իրողութենների, կամ այդ գործերի մեջ գտանված մարգերի, իսկ բանաստեղծությունը դուրս է գալիս իրական ճշգրտութենից։ Այո, պատմության ասպարեզը է միմիայն իրական աշխարհը, բայց բանաստեղծությունը չէ կարող դորանով բավականանալ։ Նա բարձրանում է իրականից դեպի մի այլ անչափելի տարածությամբ լայն աշխարհ — մի աննյութ կամ հոգեկան աշխարհ։ Պատմությանը ավանդում է մեզ ամբողջ կարգի իրողութենների, որ կատարվեցան որպես հետևանք ազգերի կյանքի պահանջողության, որպես հետևանք այդ ազգերի կերպարանագործության քաղաքական հանդիսում։ Պատմությունը քննում է այդ անցքերի բնական և լոգիկական պատճառները, առանց տեղ տալու յուր էջերի վերա վերացականության. և մի իրողության ստուգությունը հաստատում է ուրիշ հարակից կամ երկրորդական իրողութենների վկայությամբ։ Իր բանաստեղծությունը օգուտ է քաղում մի ծայրացյալ ազատութենից և ստիպված չէ ենթարկվիլ տեղագրական, ժամանակագրական կամ իրողութենների կատարվելու համար հարկավոր եղած մեքենականության կանոններին։ Արդարև պատմության և բանաստեղծության մեջ կա այս զանազանությունը, բայց դա մի արտաքին բան է, և խոր քննելով խնդիրը, կտեսանենք, որ բանաստեղծությունը ևս նույնպես ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը։ Պատմությունը նկարագրում է մեր ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ մարմին առան ու երևեցան իրական աշխարհի մեջ այս և այն կերպարանքով, բայց բանաստեղծությունը մարմնավորում է, տեսանելի և շոշափելի կացուցանում է մեզ ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ առանց մարմին ստանալու մնացին ազգի հասկացողության մեջ որպես լոկ գաղափար, բայց որպես մի անհերքելի և որոշյալ դրոշմ ազգի բնավորության վերա»։

Բանաստեղծությունը կատարելագործում է մեր հասկացողությունը ազգի հոգու կամ հոգեղեն կյանքի մասին, որ պակաս էր թողել պատմությունը։ Դիցուք թե բանաստեղծությունը, պատմելով մի անցք կամ խոսելով մի մարդու մասին, չէ պահում այդ անցքերի կարգը, գործ է դնում զանազան կամայական և հնարաստեղծյալ հանգամանքներ, նկարագրում է երբեմն գերբնական անցքեր ու տեսարաններ և այլն, բայց այս է խնդիրը․ կատարվել են այդ իրողությունքը, կամ, եթե չեն ևս կատարված, ապա, կարո՛ղ էին կատարվիլ թե ո՛չ։ Այն գերբնական տեսարանքը, որ ոչ եղած են, ոչ կան և ոչ ևս լինելու են, բայց համաձա՛ն էին նոքա ազգի հասկացողությանը, և այդ ֆանտաստիկական  գաղափարների սերմը խոր դրա՞ծ էր ազգի ուղեղի և արյունի մեջ, ահա խնդիրը։

Այժմ աչքի աակ առնանք մեր ազգի կյանքը — ամայի՛ անապատ, կամ ձոր Հովսափալյան — տրտմության հովիտ, աչքի տակ առնունք մեր ազգի պատմությունը, քննենք նորա քաղաքական և հոգեբանական կողմերը։ Բայց արի տե՞ս, որ մեր ժողովուրդը պատմական ժողովուրդ չէ և նորա կյանքը չէ եղած պատմաբանական, կապակից և լոգիկական, այլ. կցկտուր, և այդ կյանքի շարունակությունը և ապահովությունը բոլորովին ապաստան մնացած արտաքին պատահմունքի։ Այն փոքր ի շատե աշխարհակալությունքը մեր Արշակունի թագավորների, Հայաստանի սամանագլխյան ցիցերի մինչև օտարների հողերի վերազարկվելը, որ մեծ խորհուրդ և արժեք ունին մեր գիտուն անվանված պարոնների աչքում, ոչինչ են վերարերությամբ դեպի ազգի քաղաքական կյանքը։ Տերության սահմանագլխի այս կամ այն տեղ լինելը, օտար ազգեր յուր գայիսոնի տակ խոնարհեցնելը պատահական բաներ են, ոչ բղխում են ազգի կյանքի բնավորաթենից և ո՞չ կարող են պահպանել ազգը կամ տերությունը։ Սորա ուժը և կյանքը երևում է միմիայն ազգության մեջ, զանազան անհատներ դեպի մի ամբողջ հավաքող զորության մեջ. և օտար ազգերի ասել չէ նորանց սեփականել — յուրացացանել բարոյապես։ Այդ մի ֆիզիկական միավորություն է, աժի զորությամբ կատարված, լոկ մեքենական մոտավորություն, այդտեղ չէ երևում քիմիական միավորություն, որ միավորվածքը կորոլսանեին յուրյանը առաջին տիպը և որակաթյունքը և կազմեին մի նոր մարմին։ Ֆիզիկապես միավորվածքը, եթե բաղկանում են հազար մասնից, ապա այդ հազարը ևս պահում են յուրյանը արմատական կամ բնական բնավորությունը։ Հայոց կցկտուր քաղաքական կյանքը վարելով յուր քաղաքականությունը լոկ, ֆիզիկապես մեքենականության վերա հիմնված լինելով նորա տեսաթյունքը, կյանք տեսանել համարելով միմիայն սահմանների գլխում, չէ մտածել երբեք յուր ուժը և զորությունը ամփոփել յուր բարոյական կենտրոնում, չէ մտածել աճեցնել յուր զորությունքը և ազգության տունկը որպես մի գործարանավոր էակ, այլ հանքերի նման, առանց ներքին զորության, առանց գործարանների, միմյանց վերա բարդելով կոլտակելով և նորա միավորության ապահովությունը այդ միավորվածների քարշողական հատկության մեջ տեսանելով։ Այսպիսի սխալ և անբնական ճանապարհներով հառաջ գնալով քաղաքականությունը, չէր կարող ապրել որպես մի բարոյական էակ. ամենայն էակ ապրում է պայմանների տակ, բայց հայոց համար պակաս էին այս պայմանները, վասն որո և չդիմացավ հին կամ միջին դարերի քաղաքական փոթորիկներին և թագավորը փոխեց յուր գայիսոնը դեպի մի թափառական թշվառի գավազան։ Կառավարության հայացքի նյութական բնավորությունը խոր արմատացավ ազգի մեջ, կառավարությունը կործանվեցավ, բայց նյութականության դրոշմը մնաց տպավորված հայերի վերա։ Այս շատ խորախորհուրդ վնաս էր, բայց իմ մտքերը կերպարանագործելու և այս մասին երկար խոսելու համար հարկավոր է ժամանակ․․․ մանավանդ այստեղ հարմար չէր երկարաբանել... գուցե ավելորդ ևս խոսեցի...

Ահա այսպես լինելով հայերի կյանքը, բանաստեղծությունը ևս ավելի չէր կարող լինել, քան թե եղած է։ Բայց ինչ կար. ո՜չինչ։ Ասացի մի անգամ, երանի՜ թե քանի չեմ մեռած, թափեի սրտիս եղածը մեր ազգի առաջև, պատառեի մի քանի կախարդական վարագույրներ... բայց դժվար թե հաջողի ինձ այս և ես վախում եմ, որ այն բաները ինչ որ այժմ ճնշում են հոգիս, պիտի ճնշեն և ոսկերքս գերեզմանի մեջ.........................

Մեք չունինք ազգային երգեր, չունինք ազգային երաժշտության, չունինք բանաստեղծություն, որովհետև ապրում ենք միմիայն բուսականաբար և շնչականաբար։ Հավը կորեկ է տեսնում երազում, իսկ հայը նյո՜ւթ։ Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում, ժողոված են թուրքից, թաթարից, պարսից, հույնից և ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան հայք։ Նորերումս դուրս եկան ազգային երգերի անունով մի քանի անալի ոտանավորք, Սայաթ-Նովա, Ադամ Աղբար, Շիրին և այլն, բայց նորանց ազգային երգ անվանողը և այդպիսի մտավորական հրեշների վերա, անդատաստան երեխայի պես ուրախացող պարոնները ինքյանք չգիտեն, թե ի՜նչ պայմաններ էին հարկավոր որ մի երգ լիներ ազգային։ Նոքա ունին միայն մի պայման և համարում են, թե դորա մեջ էր ամեն բան — երգիչը հայ է։ Բայց հայ է միայն նորանով, որ ծնվել է հայ ծնողներից, նորա երգը չէ և չէ հայերեն, երեք բառ թուրքի, թաթարի և չգիտեմ ինչի, իսկ հայի մի երկու աղճատված կամ ճղակոտոր բան։ Երգերի կազմակերպությունքը հետևած թուրքի ոտանավորներին, հիմնած միմիայն ոտքերի և վերջերի նույնահանգության վերա առանց ամենայն մտքի, բովանդակության, խորհրդի և բանականության։ Ազգային են այն երգերը և պիտի համարվին ազգային, քանի որ կա հայերից ինչ–ինչ մարգերի մեջ այն սխալ և վնասակար վարդապետությունը — թե ամենայն բան, որ երևում էր հայոց ազգի վերա, անշուշտ պիտի ազգանա, ազգի հանցանքը ևս առաքինություն է, այն տիղմը և հոտած ճահիճը, որի մեջ պարանոցաթաղ խեղդվում ենք, նվիրական է, որովհետև մեք նորա մեջ ենք... Ո՛վ բաբելոնյան խառնակությանս մտքերի. բայց փոքր է այս, մտավորական կամ բարոյական հարինք։

— Թեպետև ես շատ գլուխ չունիմ ուսումնական բաների,— ասաց Մահտեսի Թովմասը, երբ Կոմսը ավարտեց յուր խոսքը,— բայց ասես թե ասածներդ խելքիս նստում են. ինչևիցե, դոքա ուսումնական բաներ են և դուք ձեր մեջ ի՞նչ կամիք արեցեք, մեզ չեն վերաբերվում սոքա։

Կոմսը կամեր մի բան ասել, բայց Մահտեսի Թովմասը հառաջ տանելով յուր խոսքը չթողեց նորան բերան բանալ։

— Տեր խոսակցությունը, որի մեջ հիշեցիք գերբնական ու ֆանտաստիկական բաներ, մի բան միտքս ձգեց։ Ես մի դրացի ունիմ, ահա, այս կապույտ պատուհաններով միահարկ տանն է բնակվում,– այս ասելով Մահտեսի Թովմասը մատով ցույց տվեց պատուհանից մի տան, որի բնակիչը ծանոթ է արդեն իմ ընթերցողներին։ — Շաքարյանց է նորա ազգանունը,— հավելացրեց Մահտեսին,— մի վերին աստիճանի ողորմելի մարդ, Գլխին գրել է, թե աշխարհի երեսին կար մի առանձին գիտություն — թալիսմանական, վհկություն, և թե ամենայն բան կարելի էր հառաջացնել չար ոգիների գործակցությամբ։ Միշտ պարապում է խեղ և խելառ բաներով, գիծեր է քարշում ախոռի մեջ, սև հավեր է մորթում։ Սև կատու, մարդու գանգ, չորացոլցած գորտ ու չղջիկ, բու և այլ այսպիսի բաներ լի են դորա ախոռի մեջ...

- Ձեր պատմելով,– խոսքը ընդմիջեց Կոմսը,– դորա ախոռը բավական նմանություն ունի Ֆաուստի սենեկին։

— Ես չգիտեմ Ֆաուստի ով կամ ինչ եղածը, միայն ճշմարիտ է այն, ինչ որ ասացի։ Այս քանի օր է, դարձյալ, վեր ու վայր էր այդ պարոնը, իսկույն հասկացա, որ մի փորացավ ունի, մի նոր խելագարության մտել է գլուխը, ըստ որում, երբեմն ամիսներով, ամենայն ինչ հանդարտ է և ոչինչ չկա. մարդ է մարդու պես։ Երեկյան երեկոյին երկինքը պայծառ էր, դուրս եկա բակը մի փոքր ման գալու։ Տեսանեմ որ այդ պարոնը ևս ման է գալիս յուր բակում, որ բաժանվում է իմից միայն մի բարակ տախտակյա պատով։ Ման է գալիս, բայց, բարձրաձայն խորհելով — ինքը յար հետ խոսակցելով։ Ի՞նչ մեղքս պահեմ, հետաքրքրությանս բռնադատեց ականջ դնել։ Մոտեցա պատին, և ահա լսում եմ, որ շաղփաղփում է մի գեղեցիկ օրիորդի մասին, որ չգիտեմ թե ուր տեսել էր, և այնուհետև շատ և շատ որոնելով ու չդտանելով, այժմ վհկական արարողությամբ, չար ոգիների - փերիների գործակցությամբ պիտի տեսաներ նորա պատկերը կամ ուրվականը, մի ջրով լցված պտուկի մեջ, որ դրած էր նորա ախոռում, այլ և պիտի խոսեր նորա հետ և այլն։ Ես, որովհետև չեմ հավատում այդպիսի բաների, վասն որո մտքումս դրեցի մի խաղ խաղալ դորա հետ։ Խոր դիլերի մեջ, մինչ ամենայն մարդ քնեց ու չորս կողմը հանդարտեց, առա թղթերիս միջից Հուլիա Պաստրանայի պատկերը, ցած իջա պատից նորա բակը և որովհետև միշտ համարյա բաց են նորա ախոռի դուռերը, խնամով ընկղմեցի պատկերը պտուկի մեջ և լավ զետեղեցի նորա պտուկի հատակի վերա։ Չգիտեմ տեսավ թե չէ, կամ թե ինչ ազդեցություն գործեց այդ պատկերի հայտնությունը, եթե տեսավ։

— Ի՜նչ պիտո է առնել,— ասաց Կոմս էմմանուելը,— նանրահավատությունը և նախապաշարմունքը, անկիրթ ժողովրդի համար, վաղուց դարձել է հոգեղեն կամ իմացական կյանքի մի մասնը։ Դույն այդ բանը երբեք դուրս գալու չէ հայոց ազգի սրտից, քանի նորա լուսավորությունը գտանվում է այդպիսի վիճակում, ինչպես այսօր։ Թողած ուսանել բնությունը, որով պիտի մեկնվեր նոցա մի ամբողջ կարգ հրաշքների և պիտի փարատվեին այնուհետև այսպիսի մոլորության ամպերը պղտորված հայկական հորիզոնից, աշխատում են ուսանել մի այնպիսի բան, որ չկա, և որի գոյությանը երաշխավոր է միայն անհիմն, չնչին և պառավական ավանդությունը։

— Ես, որ մտա նորա ախոռը, հերիք չէր որ դրեցի վերասացյալ պատկերը, այլ և մի բան ևս գողացա։

— Գողացա՞ք,— ընդհատեց Կոմսը։

— Այո՛,— պատասխանեց Մահտեսի Թովմասը,— դողացա ահա այս թուղթը, որ դրած էր սեղանի վերա, պտուկի մոտ, և որ տեսա, մինչ զննեցի չորս կողմս փոքրիկ լապտերի լասով, որ ունեի ձեռքումս։

Այս ասելով մի թուղթ հանեց ծոցից և տվեց Կոմս էմմանուելին։

Կոմսը վեր առավ և սկսեց կարդալ.

ՓԵՐԻՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈԻ ԽՐԱՏ

— Եթե կամենաս փերիները հրավիրել, հարկ է, որ սուրբ մնաս անկողնուց։ Առ մի կլայեկած աման, դի՛ր նորա մեջ մի հայելի, հետո այնքան ջուր լի՛ց ամանի մեջ, որ հայելին ծածկվի։ Առ մի ութ կամ տասն տարեկան տղա, բայց հարկավոր է, որ նոր և մաքուր լինին տղայի հանդերձքը, սկսած շապիկից մինչև վերարկուն. ծածկեր տղայի գլուխը մի կարմիր թաշկինակով, իսկ ինքդ սկսիր կարդալ։ Եվ ահա կարդալու բաներդ, ծննդյան ճրագալուցի գրքերը թացի առաջինից, «Ի սկզբանէ արար Աստուած» և բացի վերջինից՝ «Յամին ութուտասաներորդի»։ Երբ որ ավարտել էիր այս ընթերցմունքը, հրավիրված փերիքդ կգան, և տղան կտեսանե նորանց հայելու մեջ։ Իսկ թե չգան, մյուս անդամ կրկներ ընթերցմունքը. և եթե այս անգամ ևս չգան, ապա ուրեմն տղայի անձնավորության մեջ կա մի ներհակություն դեպի փերիները, ուստի փոխի՛ր տղան և երրորդ անգամ կարդա, անպատճառ կգան։ Ինչ որ ունիս հարցանելու նոցանից, պիտի լինի տղայի միջնորդությամբ, դու կասես տղային, իսկ սա կհարցանե փերիներից, որոնց պատասխանը նույնպես կստանաս տղայի միջնորդությամբ։ Բայց գիտելի է, որ երբ երևին փերիքը, առանց ուրիշ բան հարցանելու, պիտո է հարցանել,— ինչ ազգից եք։ Նոքա կհայտնեն յուրյանց որ ազգից լինելը, այն ժամանակ, այն ազգի թղթով երդում տալ տուր և ապա հարցրու հարցանելիքդ, որ պատասխանեն և ամենայն ճշտությամբ և հավատարմությամբ։ Երբ ավարտեցիր հարց ու փորձդ, պիտո է նորանց արձակել, որ գնան, ապա թե ոչ, պարտակա՛ն են մնալու մինչև որ հրաման տաս։ Արձակելու մասին կարգալիքդ այս է. «Եւ ի կատարել ամացն քառասնից» վերջն «ի լեառն Սինայ», Սուրբ Ստեփանոսի գրքից: Այո կկարդաս կավարտես և երեք անգամ կփչես ջրի երեսը և ջուրը մի ոտք չկոխած տեղ կթափես, ահա բոլորը։

Մինչդեռ կարդում էր Կոմսը այս հիմարական խրատը, բոլոր հյութերը որ կային Մահտեսի Թովմասի տանը, մեծ ուշադրությամբ և մասնակցությամբ ականջ էին դնում։ Կոմսը կարդալով ասաց Խեղճ մարդ, ամենայն կարեկցության արժանի. ճշմարիտ, եթե պատահեի նորան, կխրատեի, որ հետ կենար այսպիսի անօգուտ և հիմարական բաներից, և եթե կամեր մի բան ուսանիլ, պարապեր բնական գիտությամբ, այդ մանավանդ հարկավոր է, որովհետև ժողովրդի կյանքը միշտ գործ ունի նյութի հետ։

Օրիորդ Մարիամը այս թղթի կարդացվելու ժամանակ դուրս էր գնացել հյուրընդունարանից և արդեն Կոմսը խոսելու վերա էր, երբ ներս մտավ։ Ձեռքում բռնել էր մի թուղթ։ Կոմսը վերջացնելով յուր խոսքը, դարձավ դեպի օրիորդը հարցանել թե ինչ թուղթ էր այն։ Օրիորդը պատասխանեց, թե մի տաղ է, և թե պատրաստ է երգել այն ևս, եթե, դորա փոխանակ, Կոմսը խոստանար Ցումի սոցա տուն գալու ժամանակ ներկա լինել։

— Ի՞նչպես անգութ եք,– ասաց Կոմսը,— իմանալով որ չեմ կարող խոստանալ, պահանջում եք. մի՛թե չէ կարելի խնդրել, որ առանք փոխարինի երգեք։ — Մի՛թե չէ կարելի,— պատասխանեց օրիորդ Մարիամը, «որ դուք մի փոքր վաղ ճանապարհ ձգեք ձեր հյուրը, իսկ ես մի փոքր երկար պահեմ Յումը մեր մոտ, այնպես որ դու՛ք հանդիպեք նորան այստեղ։

— Լսելու համար այդ երգը, ինչ պիտո է առնել, հարկավոր է հանձն առնուլ այդ թեև ծանր պայմանը։

Օրիորդի շրթունքի վերա խաղաց մի խորամանկ, բայց ինքնաբավական ժպիտ։

— Բայց ասացեք խնդրեմ,— հարց արեց Կոմսը,— ի՛նչ ոտանավոր է այդ և ո՛վի շինած։

— Այն ժամանակ կասեմ, երբ լսեմ ձեր կարծիքը նորա մասին։

Այս ասելով օրիորդ Մարիամը մոտ քարշեց աթոռը ֆորտոպիանոյին, զարկեց մատները կլավիշներին և սկսեց երգել.
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top