Ալինան նրա դեմքից արդեն գուշակում է կատարված դրաման: Նա ոչինչ չի ասում, նայում է լուռ իր ամուսնու երեսին և անցնում իր բուդուարը: Ամբողջ գիշեր նա դուրս չի գալիս այնտեղից: Աղախինը մի քանի անգամ մտնում է նրա մոտ զանզազն պատրվակներով և ամեն անգամ տեսնում է Ալինային անշարժ նստած ու աչքերը հառած դեղին վարդերի փնջին:
Այդ պահին Ալինան ընդհատում է իր բոլոր կապերն աշխարհի հետ: Օրը մինչև երեկո իր սենյակում փակված` նա ոչ մի տեղ չի գնում և ոչ ոքի չի ուզում ընդունել: Ո՛չ ամոթից, այլ վշտից:
Աղախինն ասում է, որ նա մի ամիս շարունակ կրկնում էր.
— Դու սպանեցիր մի անմեղի, դու չունեիր իրավունք ձեռք բարձրացնելու այն խեղճ տղայի վրա: Ի՞նչ է պատասխան պիտի տաս աստծուն:
— Իմ խիղճը հանգիստ է, մի պատվասեր ամուսին չէր կարող ուրիշ կերպ վարվել,-պատասխանում է ամեն անգամ Սրափիոնը:
Ո՛չ, ո՛չ քո խիղճը չի կարող հանգիստ լինել, որովհետև ես անմեղ եմ: Այդ երիտասարդի այունը գիշեր-ցերեկ աչքերիս առջև է: Ես նրա մահվան ակամա պատճառն եմ, աստված ինձ է պատժելու:
Եվ զրկվում է Ալինան քնից, հանգստությունից, ախորժակից: Եվ ատելով ամուսնուն, սկսում է ատել ամենքին: Եվ դատապարտելով ամուսնուն, դատապարտում է ինքն իրեն էլ: Գիշերները աղախինը լսում է նրա երկարատև հիսթերիկան, նրա սուր գոռոցները:
— Հեռո՛ւ ինձնից. Մի մոտենար, ես քո ձեռքերի վրա անմեղ արյուն եմ տեսնում:
Եվ ոչինչ չի ազդու նրա վրա ո՛չ բժիշկների խնամքը, ո՛չ ամուսնու աղերսանքները, ո՛չ խանդավառ սերը, ո՛չ զղջումը: Այո նա զղջու է գուցե անկեղծ, գուցե հավատալով Ալինայի մաքրությանը, բայց զուր: Օր-օրի վրա Ալինայի հոգին քայքայվում է…
Փոքրիկ նահանգական քաղաքում, եղելությունն իրարու պատմում են աղավաղված: Չհաստատված լուրերը հաղորդվում են իբրև փաստեր: Զրպարտությունը, որ գեղեցիկ կանանց անխուսափելի ուղեկիցն է, հալածում է Ալինային դեռ մենամարտությունից շատ առաջ: Այժմ չար լեզուների բոլոր կապանքները լուծվում են, իսկ նա անտարբեր էր դեպի հասարակական կարծիքը: Նա ամփոփվել է ինքն իր մեջ, նա հեռու է, շատ հեռու դրսի աշխարհից: Նրա լսելիքին չի հասնում ոչ մի ձայն այնտեղից: դեղին վարդերի փունջը վաղուց է թառամել, բայց նա մի գեղեցիկ վազայի մեջ շարունակում է զարդարել Ալինայի դաշնամուրը: Օրը հարյուր անգամ նա մոտենում է այդ փնջին և յուր քնքուշ մատներով շոշափում է թորշոմած վարդերը, որոնց տերևները մեկիկ-մեկիկ պոկվելով ընկնում են վար և անհետանում: Վերջը, մի ժամանակվա սքանչելի ծաղիկներից մնում են նրանց չորացած ձողիկները; Այն ժամանակ Ալինան հրամայում է իր հավատարիմ աղախնուն, որ սիրում էր նրան լավագույն քրոջ սիրով, ամեն օր ամեն օր գնել մի-մի դեղին վարդ: Եվ ահա այդ խորհրդավոր վարդն է, որ այսօր էլ զարդարում է Ալինայի կուրծքը:
Սրափիոնը վճռում է վերցնել Ալինային և հեռանալ անծանոթ երկրներ: Տունը հանձնում է խոհարարի հսկողությանը, իսկ աղախինը Ալինայի ցանկությամբ ուղեկցում է նրան: Նրանք գնում են նախ Մոսկվա, ապա Եվրոպա: Սակայն ոչ մի փոփոխություն Ալինայի հոգեկան կացության մեջ, ոչ մի ժպիտ նրա դեմքի վրա: Բժիշկները միաձայն ասում են.
— Պարոն, ձեր ամուսնուն անդորրություն է հարկավոր: Նրա ականջներին չպիտի հասնե ոչ մի աղմուկ:
Մի քանի նշանավոր պրոֆեսորներ խորհուրդ են տալիս Ալինային տեղավորել հոգեկան հիվանդների սանատորիայում:
— Երբեք, երբեք, — ասում է Սրափիոնը, զարմանալի համառությամբ չկամենալով բաժանվել իր սիրեցյալից:
Նրանք վերադառնում են արտասահմանից, և Սրափիոնն ամեն ջանք գործ է դնում տալ Ալինային անպայման հանգստություն: Եվ դրա համար նա վճռում է տեղափոխվել Թիֆլիս, ուր Ազովսկիները չունեն ոչ մի ծանոթություն: Նա դեռ հույս ունե, որ Ալինան կառողջանա տանը...
Այս բոլորը պատմեց ինձ տանտիրուհիս այնպես զգացված, որ կարծես ինքը Ալինայի մերձավորներից մեկն էր: Ես զգացի, որ իմ մեջ զարգանում է այնպիսի ատելություն դեպի այդ բարձրահասակ տղամարդը, որի նմանը կարելի է զգալ միայն դեպի որդեսպանը: Այլևս նա իմ աչքում մի հրեշ էր, որին կործանելը ես կհամարեի բարություն և արդարություն: Ինձ համար Ալինան մի մարմնացած տանջանք էր, իսկ այդ մարդը՝ միակ նրա հեղինակը:
Ես սիրեցի Ալինային կրկնակի սիրով: Ես զգացի, որ այլևս իմ հոգին հավիտյան շաղկապված է այդ հիվանդ հոգու հետ, որ այլևս ոչ մի գերբնական զորություն չի կարող ինձ բաժանել նրանից՝ առանց իմ սրտից մի արյունաշաղախ կտոր պոկելու: Զգացի նույնպես, որ իմ դրությունը ողբերգական լինելով հանդերձ, երեխայական է ու ծիծաղելի: Ողբերգական ինձ համար, ծիծաղելի ուրիշների համար: Սիրում էի մեկին, որ իրապես գոյություն չուներ այս աշխարհում, որ մի ուրվական էր, մի ծանր երազ: Տանջվում էի մեկի համար, որ ոչ ոքի տանջանքը հասկանալ ու զգալ չէր կարող, որովհետև նա ինքն էր մարմնացած տանջանք: Բժիշկ Ախուրյանը մի անգամ ևս լռեց:
Մեր շուրջն այժմ տիրում էր համեմատական հանդարտություն: Սրճարանը գրեթե դատարկվել էր: Հաճախորդներն անցել էին սեղանատուն: Պարիզը ճաշում էր. միակ ժամը օրվա ընթացքում, երբ խլացուցիչ աղմուկը մեղմանում է քիչ թե շատ:
Բժիշկը նայեց ժամացույցին ու ասաց.
— Օօ, արդեն ուշ է: Կարծեմ ես շատ երկարացրի:
— Լսում եմ ձեզ ավելի մեծ հետաքրքրությամբ, — ասացի ես առանց կեղծելու:
— Արդեն մոտենում եմ վերջին, — արտասանեց բժիշկը և վառեց մի նոր ծխախոտ:
— Այսպես, ուրեմն, — շարունակեց նա, — ես սիրում էի անսահման մի ցնորվածի և ինքս մերձ էի խելագարության: Աստված իմ, գեթ մի անգամ տեսնեի նրան մոտիկից, գեթ մի անգամ լսեի նրա ձայնը: Գուցե հիասթափվեի ու արթնանայի մղձավանջից: Կամ ո՞վ գիտե, գուցե կարողանայի նրա քայքայված հոգու մեջ գտնել մի առողջ թել, շոշափեի նրան իմ սիրո ջերմությամբ: Ո՞վ գիտե, գուցե դեռ կա միջոց նրան փրկելու: Ինչո՞ւ այդ բռնակալը չի թողնում ոչ ոքի մոտենալ նրան: Մի՞թե չի հասկանում եսամոլը, որ իր տեսքն ավելի բարդացնում է Ալինայի վիշտը, ուրեմն և ավելի զորեղացնում նրա հիվանդությունր: Մի՞թե չի ըմբռնում, որ վիրավորի վերքն ավելի է կսկծում, երբ նրա աչքերի առջև է դաշույնը: Չի՞ պատահել, որ տարիներով ցնորվածի բանականությունը վերադարձել է հանկարծակի, անսպասելի մի որևէ երջանիկ պատահարից, հոգեկան մի ցնցումից: Այո, այո, շատ է պատահել, ես կարդացել եմ բժշկական գրքերում, լսել եմ պսիխիատրներից:
Այս էր միակ առանցքը, որի շուրջը պտտում էին բոլոր իմ մտքերը, բոլոր իմ զգացումները, ոչ միայն արթուն ժամանակ, այլև գիշերային երազներից մեջ:
Բայց, ավաղ, ճակատագիրն ինձ չէր վիճակել տեսնել նրան մոտիկից, խոսել նրա հետ...
Լսեցե՛ք: Մի օր բարձրահասակ մարդը, տանից դուրս եկավ, բայց լուսամուտը չբացվեց: Նա չբացվեց և հետևյալ օրերը, իսկ երրորդ օրն արդեն վաղ առավոտից բացվեցին բոլոր լուսամուտնեը:
Առաջին անգամ ամբողջ չորս ամսվա ընթացքում, ես նկատեցի անիծյալ բնակարանում ինչ-որ անսովոր իրարանցում:
Աղախինը շտապ-շտապ անցնում էր սենյակից սենյակ: Մերթ ընդ մերթ այս կամ այն լուսամուտի մոտ էրևում էր բարձրահասակ տղամարդը իր մշտական մռայլ ու անշարժ դեմքով: Իսկ Ալինան չէր երևում:
Դռների առջև կանգ առավ մի կառք:
Մի անծանոթ մարդ իջավ կառքից շտապով և մտավ Ազովսկիների բնակարանը:
Իսկ Ալինան չկար: Ես սկսեցի անհանգստանալ, այնքան արդեն սովորել էի ամեն օր տեսնել նրան և ամեն օր հիանալ նրանով ու ամեն օր օրհնել կյանքը:
Որովհետև տանտիրուհիս արդեն գիտեր ամեն բան և իմ կողմից այլևս տմարդություն ու հիմարություն կլիներ կեղծել այդ բարի ու ազնիվ կնոջ առջև, ուստի, երբ մտավ իմ սենյակը, իմ առաջին խոսքը եղավ.
— Պոլինա Նիկոլոևնա, ի՞նչ է պատահել Ազովսկիների բնակարանում:
— Ալինան հիվանդ է, — պատասխանեց այրին հակիրճ:
— Հիվա՞նդ, — գոչեցի ես գրեթե սարսափելով:
— Այո, արդեն երեք օր է: Աղախինն ասաց: Չտեսա՞ք, որ բժիշկ եկավ: Այսօր կքնսոլիում է նշանակված:
Ահա թե ինչ: Ալինան հիվանդ է: Նա, իմ երազների առարկան: Եվ ես չեմ կարող ամեն րոպե, ամեն վայրկյան իմանալ նրա դրությունը: Չեմ կարող մանավանդ տեսնել նրան: Եվ նա չպիտի գիտենա, չպիտի զգա, թե կա մեկը, որ պատրաստ է իր տասնուինը տարեկան կյանքը զոհել նրա համար առանց մի վայրկյան տատանվելու և առանց որևէ ակնկալության, ինչպես մի մոլեռանդ հավատացյալ, որ խարույկն է նետվում հանուն իր հավատի:
— Պոլինա Նիկոլաևնա, դուք սիրո՞ւմ եք ինձ:
— Թող վկա լինի ինքն աստված:
— Պոլինա Նիկոլաևնա, հո գիտեմ, որ ձեզ հայտնի է ամեն բան:
— Հայտնի է, — արտասանեց այրին, հառաչելով:
— Գիտեմ, որ ձեզ հայտնի են իմ տանջանքները:
— Քանի՛-քանի անգամ այս պատերի ետևից ես լսել եմ ձեր դառը հեկեկանքները: Սիրտս է մորմոքվում, տեսնելով, թե ինչպես եք չորանում ոտքի վրա:
— Այդ թողնենք, Պոլինա Նիկոլաևնա, այդ ոչինչ; Հարցն Ալինայի մասին է: Նրա կյանքն է թանկ ինձ համար և ոչ իմը, Պոլինա Նիկոլաևնա, մի խնդիր ունեմ ձեզ, բարի եղեք կատարելու:
— Հրամայեցե՛ք:
— Գնացեք այո րոպեին Ալինայի մոտ:
— Ինչո՞ւ:
— Մի լուր բերելու ինձ համար: Ես ուզում եմ իմանալ որքան վտանգավոր է Ալինայի հիվանդությունը, Պոլինա Նիկոլաևնա, խնդրում եմ:
— Բայց ես ծանոթ չեմ նրանց հետ: Նրանք կարող են ին ձ չընդունել: Մինչև օրս դեռ ոչ ոք ոտ չի դրել նրանց տունը:
— Ոչինչ, կարելի է: Հարևաններ եք: Ասացեք, թե մեզանում ընդունված է:
— Չգիտեմ, կաշխատեմ մի բան իմանալ,-ասաց տանտիրուհիս անորոշ ու դուրս գնաց:
Հինգ կառքեր իրար ետևից, կարճ ընդմիջումներով, կանգնեցիր անիծյալ տան առջև: Բժիշկներն էին, երկուսը ծեր, երեքը երիտասարդ: Այն ժամանակ ես մեծ հավատ ունեի դեպի բժշկականությունը, և յուրաքանչյուր բժիշկ ինձ համար մի տեսակ կախարդ էր ամենազոր: Ահա ինչու, նայելով այդ մարդկանց լուրջ ու հանգիստ դեմքերին, կազդուրվեցի: Ահ, մտածեցի ես, նրանք կառողջացնեն Ալինային ինչ հիվանդություն ևս ունենա: Նրանք կփրկեն նույնիսկ նրա հիվանդ հոգին: Եվ ես կտեսնեմ իմ սևազգեստին առողջ թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես իր ամբողջ գեղեցկությամբ:
Խորհրդակցությունը տևեց երկար, երկար: Սրտի ուժգին տրոփյունով էի սպասում բժիշկների դուրս գալուն, հուսալով նրանց դեմքերի արտահայտությունից գուշակել Ալինայի վիճակը: Եվ մի վայրկյան անգամ չհեռացա իմ լուսամուտից:
Վերջապես նրանք դուրս եկան ամենքը միասին:
Բոլորի դեմքերն ուրախ էին, մանավանդ ծերունի բժիշկների: Խոսում էին բարձր ձայնով բոլորովին ուրիշ բաների մասին և բարձր ձայնով էլ ծիծաղում: Ահ, մտածեցի ես, այդ լավ նշան է: Ալինայի կյանքին վտանգ չի սպառնում, այլապես այդ մարդիկ այդպես ուրախ ու զվարթ չէին դուրս գալ նրա մոտից: Հետո երբ ես ինքս բժիշկ դարձա, այո, հետո միայն հասկացա, թե մեր արհեստը նույնն է, ինչ որ քահանայի արհեստը: Ժամանակի ընթացքում նա կոպտացնում է մեր սրտերը և դարձնում մեզ անտարբեր դեպի մահը: Քանի-քանի անգամ ես իմ պացիենտների մահճակալներից հեռացել եմ ժպիտն երեսիս, տրամադրությունս անփոփոխ, այն ժամանակ իսկ, երբ զգացել եմ մահվան գարշելի հոտը:
Լուսամուտներից մեկի առջև երևաց Սրափիոն Ազովսկին: Ոչ մի փոփոխություն նրա մշտական անշարժ դեմքի վրա, ո՛չ ուրախ, ո՛չ տխուր: Կարծես քար էր այդ մարդը:
Երևաց աղախինը — նույնպես ոչ մի փոփոխություն: Այս ավելի կազդուրեց ինձ: Ահա ինչու երբ տանտիրուհիս երևաց դռների մեջ, ես ասացի.
— Դատարկ բան է. Ալինան լուրջ հիվանդ չէ: Տեսա՞ք նրան:
— Գնացի, բայց տեսնել չկարողացա:
— Ինչո՞ւ:
— Ամաչեցի ներս մտնել: Աղախինին հարցրի, տեղեկացա:
Նա կանգ առավ, հառաչեց:
— Ի՞նչ են որոշել բժիշկները, — գոչեցի ես:
— Աղախինը չգիտե: Ինչ-որ դեղ են սրսկել Ալինայի մարմնի մեջ: Նա շատ թույլ է և շուտ-շուտ ուշաթափվում է: Դարմանող բժշկին պատվիրել են այս գիշեր չհեռանալ հիվանդի մոտից: Նա գնաց, երեկոյան կգա: Աղախինը լաց է լինում: Նա շարունակ կրկնում է. «Չգիտեք, չգիտեք որքան բարի տիրուհի էր նա այդ դժբախտությունից առաջ: Ոչ ոքի աշխարհի երեսին այնքան չեմ սիրել, որքան նրան»:
Չքացավ իմ լավատեսությունը, թուլացան իմ հույսերը: Զգացի, որ Ալինայի դրությունը լուրջ է: Եվ ուժասպառ ընկա աթոռի վրա: Արտասուքը վաղուց էր խեղդում կոկորդս: Այլևս չկարողացա զսպել նրան և տվեցի ազատություն իմ մանկական խելառ հեկեկանքներին:
Բարի, զգայնասիրտ տանտիրուհիս մոտեցավ ինձ հանդարտ քայլերով և սկսեց մխիթարել:
Իմ հեկեկանքների միջից լսում էի նրա հատ-հատ խոսքերը.
— Լավ, Ալինան չի մեռնիլ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, զավակս: Ահ, խելագար: Ո՞վ է այդ կինը քեզ համար, քո ի՞նչն է: Մի անգամ էլ հետը չես խոսել: Լավ, լավ, երեխա մի լինիր, հանգստացիր: Ամոթ է, վերջապես, ի՞նչ կասեն, եթե լսեն մարդիկ, Աստված իմ, նա գժվում է, ես ինչ անեմ: Այ զարմանալի տղա: Նա գրկել էր իմ գլուխն ու շոյում էր նրան ձեռքերով: Ահ, որքան քնքուշ էին, որքան մայրական այդ աշխատավոր կոշտացած ձեռքերն ինձ համար այդ պահին և որքան կփափագեի, որ նրանք անվերջ շոյեն իմ գլուխը: Զգում էի իմ խելառությունը, զգում էի իմ ծիծաղելի լինելը, բայց չէի ամաչում այդ օտար ու օտարոտի կնոջից:
Նկարագրե՞մ արդյոք, թե ինչպես անցկացրի այդ երեկոն, այդ գիշերը, հետևյալ օրը, հետևյալ գիշերը, ամբողջ տասնուչորս օր: Օհ, անմոռանալի օրեր: Անքուն էի հարկավ, թեև տանտիրուհուս չանհանգստացնելու համար լամպարս հանգցնում էի: Տասնուչորս գիշերներ յուրաքանչյուր կես ժամ դուրս էի գալիս փողոց, կանգնում էի փակ լուսամուտի տակ, շունչս զսպած, ականջ էի դնում դեպի Ազովսկիների բնակարանը: Չէ՞ որ մահը մեծ մասամբ գիշերն է այցելում մարդկանց: Ես մտածում էի, եթե Ալիսան մեռնե, կլսեմ նրա հավատարիմ աղախնի հեկեկանքները: Նրա ամուսնուց հեկեկանք չէի սպասում:
Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ անգամ ամբողջ տասնուչորս գիշեր: Իսկ ցերեկները տանտիրուհուս միապաղաղ կրկնությունը.
— Ալինայի դրությունն անփոփոխ է:
Առանձնապես անհանգիստ էի վերջին գիշերը, որ ամբողջովին անցկացրի փողոցում: Լուսին չկար, անամպ, հստակ երկնակամարի վրա պսպղում էին աստղերն այնքան ուրախ, այնքան զվարթ, որքան տխուր ու մռայլ էր իմ հոգին: Մի՞թե նրանք բոլորը միասին արժեին Ալինայի կյանքի մի ժամին, մի շնչին նագամ: Ահ, թող կորչե ամբողջ տիեզերքը, միայն թե ապրե Ալինան:
— Ալինա, Ալինա, Ալինա, — արտասանում, էին. գիշերային լռության մեջ իմ բորբոքված շրթունքները:
Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ:
Վերջապես, ուժերս. դավաճանեցին ինձ: Լուսաբացին հագուստով պառկեցի անկողնակալիս վրա ու նիրհեցի: Տասնուչորս գիշեր գրեթե չէի քնել և նիրհեցի այն ժամին, երբ պիտի արթուն լինեի:
— Դուք քնա՞ծ եք, — լսեցի ես հանկարծ տանտիրուհուս ձայնը և աչքերս բաց արի:
Նա կանգնած գլխիս մոտ ձեռքերը կրծքի վրա ծալած:
— Ի՞նչ է պատահել,-գոչեցի ես, ոտքի թռչելով:
— Ալինան, մեռավ:
Ես ոչինչ չասացի: Մի թույլ ճիչ ակամա դուրս թռավ իմ կրծքից, և ես ուժասպառ նստեցի անկողնակալիս վրա ու գլուխս թեքեցի կրծքիս:
Տանտիրուհիս ավելացրեց.
— Քահանայի անեծքը…
Մի ժամ անցած անիծյալ բնակարանում երևացին անծանոթ դեմքեր: Այլևս բոլոր լուսամուտները բաց էին: Խոհարարն ու աղախինը շտապ-շաապ կարգի էին բերում կահ-կարասին: Մի ծերունի քահանա դուրս եկավ համր քայլերով ու հեռացավ: Անշուշտ նա հաղորդություն էր տվել Ալինային: Աղախինը լալիս էր: Մի անգամ միայն Ալինայի ամուսինը երևաց լուսամուտներից մեկի առջև, նայեց մի քանի վայրկյան դեպի փողոց ու հեռացավ: Աստվա՛ծ իմ ոչ մի փոփոխություն այդ դեղնագույն անշարժ դեմքի վրա: Նույն քարացած հայացքը` ոսկրոտ ճակատի տակից:
Բժիշկ Ախուրյանը դարձյալ լռեց: Ես լսում էի նրա պատմվածքի վերջին: Բայց նա լուռ էր և արտասովոր հայացքով նայում էր հեռու ու հեռու:
— Դուք գնացի՞ք նրա թաղմանը,-հարցրի ես նրա ծանր լռությունը ընդհատելու համար:
— Ալինային չթաղեցին:
— Ինչպե՞ս:
— Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդվայրը, Ղրիմ: Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը: Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից` իր կնոջ հետ և տանտիրուհուցուս: Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երեստ դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով, որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր-պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
— Իսկական սերն Ալինա է, — ավարտեց բժիշկ Ախուրյանը և ոտքի կանգնեց: — Ես վերջացրի: