Մի անգամ ես չկարողացա զսպել ինձ և բարևեցի նրան գլխի թեթև շարժումով, երբ նրա հայացքին հանդիպեցի: Ոչ մի պատասխան և ոչ մի նշան գոհունակության կամ դժկամության այդ փղոսկրի գույն ունեցող դեմքի վրա, այդ երկնագույն աչքերի մեջ: Նա միայն նայում էր ինձ իր անշարժ, պաղ հայացքով և, կարծես, չէր տեսնում: Ես զղջացի հանդգնությանս համար, նախատելով ինքս ինձ, և ամոթահար հեռացա լուսամուտից: Միևնույն ժամանակ զգացի ինձ չափազանց վիրավորված այնպես, ինչպես կարող էր վիրավորվել իմ հասակի մի պատանի մի կնոջ անուշադրությունից:
Նստած էի գրասեղանիս քով և աշխատում էի զբաղվել որևէ բանով, գրելով, կարդալով, իմ տխմար զգացումները գեթ մի քանի վայրկյան մոռանալու համար: Ես չէի կարողանում: Գրիչս չէր շարժվում գրելու, բառերը կարդալիս խառնվում էին իրարու՝ մրջյունների պես:
Հանկարծ լսեցի դաշնամուրի ձայն, նայեցի դեմուդեմ, նա չկար լուսամուտի մոտ: Պարզ էր, որ նվագողը նա է, երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ: Ի՞նչ էր նվագում– չգիտեմ: Ամբողջ եղանակը բաղկացած էր երեք անփոփոխ նոտաներից, որ կրկնվում էին մի անգամ բարձր, մյուս անգամ ցածր, հիվանդոտ, ներվային, սիրտ, մորմոքող նոտաներ, որ այնուհետև կրկնվում էին ամեն օր մի քանի անգամ: Այսօր էլ հիշում եմ այդ նոտաները և միշտ պիտի հիշեմ, մինչև մահ: Իմ մեջ հղացավ մի չար կասկած, որ վայրկենաբար տակնուվրա արավ իմ էությունը: Այդպես չեն նվագում առողջ մարդիկ -լինեն վարպետներ, թե աշակերտներ: Այդ երեք անփոփոխ նոտաների մեջ կա ինչ-որ անձկություն, անբացատրելի, անըմբռնելի թախիծ հիվանդ հոգու:
Մի օր տանտիրուհիս, եռող սամովարը դնելով սեղանիս վրա. կանգ առավ և, ձեռքերը կրծքի վրա խաչաձև միացնելով, նայեց ինձ մայրական կշտամբանքով:
— Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ, Պոլինա Նիկոլաևնա, — հարցրի ես ժպտալով:
— Մի՞թե փոխվել եմ:
— Շատ, դուք անճանաչելի եք դարձել: Մենակ ես չեմ ասողը, իմ երեխաներն էլ ու հարևաններն էլ նկատել են:
— Բայց ես առողջ եմ, Պոլինա Նիկոլաևնա, բոլորովին առողջ: Կամենաք, ես մի ձեռով ձեզ կբարձրացնեմ:
Եվ, իրավ, ես պատրաստ էի նրան գրկել ու բարձրացնել, այնքան համակրելի էր, այնքան մայրական այդ կնոջ հայացքը:
— Տա աստված, որ ես սխալվեմ, — ասաց նա հառաչելով, — պահպանեցեք ձեզ ձեր ծնողների համար:
Որպեսզի խոսակցության նյութը փոխեմ, հարցրի.
— Ի՞նչ նորություն կա մեր հարևանության մեջ:
— Նորությունն այն է, որ կոշկակարի կինը գավթապահից իմացել է ովքեր են մեր դեմուդեմի հարևանները:
Ինձ էլ այդ էր հարկավոր:
— Այո՞ — արտասանեցի ես, ձևանալով անտարբեր:
— Այո:
— Ովքե՞ր են:
— Մարդ ու կին, ամուսիններ:
— Մի՞թե, — գոչեցի ես, այլևս չկարողանալով զսպել թե՛ հետաքրքրությունս և թե՛ դառնությունս:
— Այո, և զավակներ չունեն:
— Հետո՞:
— Նրանք տեղացիներ չեն: Եկել են Ղրիմի կողմերից:
— Ինչպե՞ս է նրանց ազգանունը:
— Սպասեք միտս բերեմ. Ազովսկի, այո՛, այո, Ազովսկի...
— Ուրեմն, ռուսնե՞ր են:
— Ոչ, հայեր են: Գավթապահն ասում է, նրանց անցագրում գրած է Հայ լուսավորչականներ:
— Ասում եք նո՞ր են եկել Թիֆլիս:
— Մի քանի ամիս է: Առաջ իջևանել են հյուրանոցում, հետո բնակարան են վարձել: Կահ-կարասին էլ այսաեղ են գնել:
— Էհ, ուրիշ ինչ գիտեք, — հարցրի ես կեղծ հեգնան քով, իբր թե այրիի հաղորդածներն ինձ համար շատ էլ հետաքրքրական չեն:
— Առայժմ ոչինչ: Բայց դուք ուշադրություն դարձրեք ձեր վրա, այդպես չի կարելի, սիրտս ցավում է ձեր ծնողների համար:
— Շնորհակալ եմ, Պաինա Նիկոլաևնա, անկեղծ շնորհակալ եմ: Բայց մի հոգաք իմ մասին, ես երկաթյա առողջություն ունիմ:
Արդարև, տկար է հոգիս, իսկ մարմնով ես զգում էի ինձ բոլորովին առողջ:
Այրին, գլուխը խորհրդավոր երերելով, հեռացավ:
Պարզ էր ինձ համար, որ նա իբրև ոչ հիմար կին գուշակում էր իմ հոգեկան դրությունը, գիտեր ում համար և ինչու եմ նստում տանը, և ով է իմ փոփոխության պատճառը: Պարզ էր նաև,ո ր դիտմամբ շեշտեց, թե սևազգեստ կինն ամուսնացած է:
Ես չեմ նկարագրիլ, թե այդ լուրն ինչ տպավարություն գործեց ինձ վրա, կասեմ միայն, որ դա ինձ համար իսկ որ մի հարված էր: Մի հարված. որ, սակայն, չսթափեցրեց ինձ, այլ ընդհակառակը ավելի սաստկացրեց իմ ներքին հուրը: Այդ վայրկյանից ես ատեցի բարձրահասակ ադամորդին: Ատեցի իմ պատանեկան հոգու ամբողջ թափով: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով, ո՞վ եմ ես, այս մասին ես չէի մտածում: — Թող այդ մարդը լիներ առաքինիների մեջ ամենաառաքինին, արժանավորներից արժանավորագույնը, նա այդ կնոջ ամուսինն էր, ուրեմն և ոխերիմ հակառակորդս, որին պատրաստ էի այդ պահին ոչնչացնել առանց երկար մտածելու: Անշուշտ այդ մարդը մի ժանտ բռնակալ է, որ գերել է գեղեցիկներից գեղեցկագույնին և պահում է նրան իր իշխանության ներքո գրեթե շղթայակապ: Անշուշտ ասիական խանդից կուրացած մի եսամոլ է, որ տանջում է նրան հանուն իր եսի, սյլապես ի՞նչ են նշանակում այդ մշտապես փակ լուսամուտները, որոնցից միայն մեկն է բացվում, այն էլ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, այն էլ, երբ բռնակալը տանը չէ: Այլապես ի՞նչ է նշանակում, որ այդ կինն երբեք տնից դուրս չի գալիս և օր-օրի վրա, իմ աչքերի առջև դժգունանում է ու նիհարում և օր-օրի վրա խոշորանում են նրա գեղեցիկ աչքերի բիբերը, և լայնանում նրանց տակերի կապույտները: Ուրիշ ինչպե՞ս թարգմանել այդ երեք անփոփոխ նոտաները, որ այժմ հնչում են ամեն օր այնքան միապաղաղ այնքան վշաահար: Աստված իմ, ես կարող եմ ցնորվել այդ տարօրինակ հնչյուններից: Նրանք գալիս են մի քայքայված հոգու խորքերից և զարկում են իմ օր-օրի վրա նրբացող ու զգայնացող ներվերին ասեղների պես: Ախ, գիտե արդյոք այդ կինը, որ եթե ոչինչ էլ չլիներ, միայն այդ խելագար հնչյունները բավական են ինձ տանջելու համար: Գիտե՞, որ ես երբեմն պատրաստ եմ դուրս բերել գլուխս լուսամուտից և գոռալ. — բավական է, անողոք էակ, բավական է, ես չեմ կարող լսել այդ խելառ հնչյունները:
Բժիշկը դարձյալ կանգ առավ, ձեռի ներվային շարժումով տրորեց գլխի թանձր կարճ խուզած ալեխառը մազերը և շրթունքները սեղմեց ատամներով՝ իր հուզմունքը չափավորելու համար: Այդ պահին նա ամբողջովին ձուլված էր իր անցյալի հետ: Նա վառեց մի նոր ծխախոտ և շարունակեց,
— Առավոտ էր: Գրասեղանիս քով նստած նամակ էի գրում ծնողներիս: Բավական ժամանակ էր մոռացել էի խեղճերին: Գրում էի, բայց ուշ ու միտքս անիծյալ տան կողմն էր: Սպասում էի անհամբեր բարձրահասակ մարդու դուրս գալուն: Քրոնոմետրի ճշտությամբ նա ամեն օր դուրս էր գալիս տնից առավոտյան տասը ժամին և վերադառնում էր երեք ժամին: Ահա այդ ժամանակամիջոցներին էր, որ լուսամուտը բացվում էր, և այնտեղ երևում էր նրա սևազգեստ կինը:
Այդ օրն էլ տղամարդը դուրս եկավ ճիշտ իր ժամանակին, բայց կինը չերևաց մի ամբողջ ժամ, չերևաց մինչև կեսօր: Ես սկսեցի անհանգստանալ: Միգուցե նա հիվա՞նդ է կամ այդ բռնակալը խլել է նրանից այդ չնչին ազատությունն էլ: Մի՞թե ես այլևս չպիտի տեսնեմ նրան: Այդ անկարելի է, ես կցնորվեմ: Եվ, իրավ, եթե մեկն ինձ տեսներ գողտուկ, թե ինչպես հուզված, այլայլված ետ ու առաջ եմ քայլում իմ վոոքրիկ սենյակում վանդակ ձգված վագրի պես, անշուշտ, ինձ կհամարեր խելագար: Կարծես ես արդեն տիրացել էի այդ կնոջը և այժմ կատաղում էի, որ նրան խլում են ինձնից:
Վերջապես, սենյակս թվաց ինձ նեղ: Ես խեղդվում էի օդի պակասությունից: Վճռեցի դուրս գալ, մանավանդ որ ծնողներիս գրված նամակս պիտի ձգեի պոստարկղ: Բայց հազիվ դուրս էի եկել փողոց, հանկարծ նվիրական լուսամուտը բացվեց, և տիկինը երևաց այնտեղ մի ծրար ձեռում: Ես գդակս բնազդաբար վերցրի և բարևեցի նրան, դարձյալ չգիտեմ ինչ իրավունքով: Այս անգամ նա գլուխը թեթևակի շարժեց և, ով զսրմանք, ծրարը մեկնեց դեպի ինձ: Մինչ ես, անասելի շփոթված, չգիտեի ինչ անել, նա ծրարը ձգեց փողոց և ինքն անհետացավ:
Ես, աջ ու ձախ նայելով, գողովի վազեցի և ծրարը վերցրի: Բարեբախտաբար, ոչ ոք այդ չնկատեց: Պարզ էր ինձ համար, որ ծրարն ինձ է ուղղված: Բայց նայեցի նրան, անունս չկար վրեն: Շտապով վերադարձա սենյակս, պատռեցի ծրարը: Սիրտս ուժգին բաբախում էր, ձեռքերս դողում էին ուրախությունից և անհայտությունից:
Ընդամենը մի էջից բաղկացած մի գրություն էր դա ռուսերեն: Նա ինձ չէր ուղղված, նա ոչ ոքի չէր ուղղված: Կարդացի, ոչինչ չհասկացա: Նախ դա մի տարօրինակ ձեռագիր էր, տառերն անհավասար, տողերն անկանոն, մի բառ փոքրիկ, հազիվ նկատելի տառերով, մյուսը գլխատառերով:
Ապագայում, երբ ես իբրև բժիշկ պարապում էի Մոսկվայի կլինիկայում, այնտեղ, հոգեկան հիվանդների բաժնում շատ եմ տեսել համանման ձեռագիրներ բոլորովին գրագետ և կրթված մարդկանց ձեռքով գրված:
Երեք տող միայն պարզ էին գրված և, ըստ երևույթին, ունեին իմաստ: Այսօր էլ հիշում եմ բառ առ բառ այդ տողերը. «Վոլդեմարը սիրեց Ալինային, Ալինան ասաց չի կարելի: Գազանը տեսավ, կատաղեց, սպանեց, սպանեց, սպանեց»:
Ի՞նչ էին նշանակում այդ տողերը — հարկավ չհասկացա: Բայց այլևս ինձ համար պարզ էր մի բան. այդ խորհրդավոր կինը հոգեպես հիվանդ է, և ինքս ինձ նախատեցի, որ նոր եմ միայն գուշակում: Այո, այդ ապակյա հայացքը խոշոր աչքերի, այդ անիմաստ ժպիտները, այդ փակ լուսամուտները, այդ թախծալի միապաղաղ կրկնվող երեք նոտաները, այդ բարձրահասակ տղամարդի մռայլությունը — մի՞թե այդքանը բավական չէր:
Ես նամակը թաքցրի գրասեղանիս մեջ և ամեն օր նայում էի նրան: Այսօր էլ ես նրան պահում եմ, իբրև հիշատակ իմ խելառ տվայտանքների, իմ անքուն գիշերների, անհուն արցունքների: Ոչ, իբրև մի սրբություն-սրբոց, որովհետև այդպիսի կրակոտ սեր այլևս չպիտի կրկնվեր իմ կյանքում: Հարկավ, եթե իմ բանականությունը չլիներ արթուն, եթե ես ունենայի մտածելու և վերլուծելու ուժ, այդ նամակը կարդալուց հետո իսկույն կսթափվեի իմ ցնորքներից և կաշխատեի հանգցնել կրծքիս տակ օր-օրի վրա ավելի ու ավելի բորբոքվող հուրը: Չէ՞ որ ինքնասպանություն է երազել մի կնոջ մասին, որի գոյությունը երազ է: Մի կնոջ, որ բնության դաժան ձեռքով պոկվել է երկրից և այրվում է ցնորքների բովում: Բայց, զարմանալի բան, այդ պահից ես այդ կնոջը սիրեցի կրկնակի սիրով: Գուցե՞ դա մի դեռահաս հոգու կարեկցությունն էր դեպի մի թշվառ: Չգիտեմ:
Հետևյալ օրը տանտիրուհիս եկավ որոշյալ ժամին սենյակս կարգի բերելու: Ես անքնությունից այնքան թույլ էի, որ խնդրեցի նրան թողնել ինձ այդ օրը հանգիստ: Նա նայեց ինձ տխուր հայացքով ու ասաց.
— Գիտեմ, որ տկար եք, բայց հետաքրքրական լուր ունեմ ձեզ հայտնելու:
— Ի՞նչ է պատահել:
— Մեր դեմուդեմի կինը ցնորված է:
— Մի՞թե, — արտասանեցի ես, իբր թե անտարբեր:
— Այո՛: Ուզո՞ւմ եք պատմեմ ինչիցն է ցնորվել: Կոշկակարի կինն ամեն բան իմացել է Ազովսկիների աղախինից:
— Պատմեցեք, — նույն անտարբերությամբ ասացի ես: Տանտիրուհիս նստեց գրասեղանիս քով և յուր հագուստի թևերը ցած բերեց, որ ծածկե աշխատանքից կոշտացած և կրակից կարմրած բազուկները:
Եվ պատմեց:
Ութ տարի է, որ Ազովսկիներն ամուսնացած են: Մարդու անունն է Սրափիոն, կնոջ անունը` Ալինա: Մարդը հարուստ կալվածատեր է, ունեն հորից ժառանգած մի քանի հազար դեսյատին վարելահորղեր Բեսարաբիայի նահանգում:
Ամուսնանալու ժամանակ նա եղել է գրագունյան գնդի սպա: Ալինան հետևակ զորքի մի չքավոր փոխ-գնդապետի աղջիկ է, շատ լավ կրթված: Սրափիոնը ամուսնացել էր նրա հետ, հափշտակված նրա աննման գեղեցկությունով: Իսկ Ալինան տվել էր իր համաձայնությունը, զիջանելով ծնողներին, որոնք փափագել են անպատճառ հարուստ փեսա ունենալ: Նրանք ուզեցել են, որ իրենց միակ դուստրը լավ ապրուստ ունենա, անձամբ զգալով, թե ինչ ասել է չքավորություն: Ալինան չի սիրել Սրափիոնին: Չի սիրել և ուրիշ ոչ ոքի:
Լավ թե վատ Ազովսկիները չորս տարի ապրել են հաշտ, հանգիստ ու անվրդով: Ալինան հետզհետե ընտելացել է չսիրած ամուսնու կենակցությանը, ճիշտ այնպես, ինչպես ընտելանում է հարյուրից իննսունինը աշխարհի բոլոր կանանց: Մարդիկ, որ միշտ ուրիշների կյանքի մասին աչքերով են դատում, կարծել են, թե չկա նրանցից ավելի երջանիկ զույգ: Եվ շատ կանայք նախանձել են Ալինային, ու շատ տղամարդիկ նախանձել են Սրափիոնին: Չորս տարվա, ընթացքում նրանք ունեցել են առաջին տարին իսկ ծնված մի երեխա: Նա մեռել է երկուսուկես տարեկան հասակում՝ ուղեղի բորբոքումից: Ծնողների վիշտն ավելի ամրացրել է ամուսնական կապը, բայց Ալինան դարձյալ չի սիրել ամուսնուն: Իսկ Սրափիոնը քանի գնացել այնքան ու այնքան ավելի է սիրել Ալինային: Երեխայի մահն է, ազդել, թե ինչ, Ալինան սկսել է ձանձրանալ կյանքից: Սիրահարված ամուսինն ամեն կերպ աշխատել է, փարատել նրա թախիծը, բայց զուր: Ո՛չ ճանապարհորդությունները Եվրոպայում, ո՛չ թանկարժեք, համաշխարհային կուրորտները, ո՛չ թատրոն, ո՛չ երաժշտություն, շքեղ զգեստներ, երեկույթներ, պարանհանդեսներ, ոչինչ չի օգնել: Ալինան դարձել է օր-օրի վրա ավելի ու ավելի թախծոտ, մռայլ: Ծնողների հանկարծակի մահը մեկը մյուսից երկու ամիս չանցած՝ կրկնապատկել է նրա վիշտը:
Եվ ահա այդ ժամանակ, այսինքն՝ մի աշնան սկզբին, Պետերբուբգից Ղրիմ է գալիս Սրափիոնի նախկին բարեկամներից մեկի որդին: Քսանուհինգ տարեկան մի երիտասարդ գանգուր, շիկագույն մազերով, ուրախ ու գվարթ: Այցելում է Ազովսկիներին, ծանոթանում է Ալինայի հետ, մի քանի անգամ զբոսնում է նրա հետ. և ահա նա հափշտակված է: Հափշտակվո՞ւմ է, արդյոք, Ալինան ևս լրջորեն — մինչև այսօր պարզված չէ: Բայց նրա թախիծը մեղմանում է: Նա հաշտվում է կյանքի հետ, նա նորեն մերձենում է աշխարհին:
Սրափիոնը, նկատում, է այս: Սկզբում ուրախանում է, տեսնելով կնոջ վերակենդանանալը: Բայց հետո սկսում է կասկածել ու խանդել և հետևում է Ալինային: Մի օր նա չի կարողանում իրեն զսպել և իր բարեկամի որդուն ընդունում է ոչ սիրալիր: Ալինան նրան հանդիմանում է, ասելով, որ իր համար ոչ մի բան այնքան ատելի չէ, որքան կոպտությունը: Այս հանդիմանությունն ավելի է գրգռում Սրափիոնի կասկածներն ու նա ասում է.
— Այո, ես վաղուց եմ նկատել, որ դու անտարբեր չես դեպի այդ երիտասարդը:
Ալինան ազնվությամբ և համարձակ պատասխանում է.
— Չեմ թաքցնիլ, Սպիրիդոնովն ինձ դուր է գալիս, բայց ես երբեք չեմ մոռանալ, որ քո ամուսինն եմ:
Սրափիոնը մի պահ հավատում է նրան, մինչև անգամ ներումն է խնդրում Ալինայից: Բայց միայն մի պահ: Շուտով չար կասկածները պաշարում են նրան այնպես, որ նա սկսում է կորցնել իր զգացումների ու մտքի հավասարակշռությունը:
Վերջապես, մի օր տուն վերադառնալով, նա տեսնում է, որ Ալինան դաշնամուրի քով նստած նվագում է, իսկ Սպիրիդոնովը երգում է: Երկուսն էլ այնքան հափշտակված են լինում, որ չեն նկատում նրա սալոն մտնելը: Նա կատաղում է, բայց կարողանում է զսպել իրեն: Միայն առանց հյուրին բարևելու, լուռ անցնում է յուր առանձնասենյակը:
Ալինան շարունակում է երգել, կամենալով թե՛ հյուրից թաքցնել ամուսնու խանդոտությունը և՛ թե ամուսնուն ցույց տալ, որ չկա իր արածի մեջ ոչ մի հանցանք, որ դա մի անմեղ զվարճություն է երկու երիտասարդ էակների համար, որ պաշտում են երաժշտությունն ու երգը:
Բայց ամուսինն այլ կերպ է հասկանում Ալինայի վարմունքը: Նա կարծում է, որ դա մի հանդուգն արհամարհանք է դեպի իր համեմատական ծերությունը: Արհամարհանք քսանուերեք տարեկան մի կնոջ դեպի քառասունութ երկու տարեկան տղամարդը: Արհամարհանք մի երրորդ անձնավորության, այն էլ մի երիտասարդի ներկայությամբ և գուցե նրա պատճառով իսկ նա դուրս է գալիս իր առանձնասենյակից գրգռված ու գունատ: Նա չի կարողանում յուր խանդը զսպել և հուզված ձայնով ասում է.
— Ալինա, բավական է:
Ալինան ժպտում է, մի փոքր ևս նվագում է և հետո միայն ծածկում է դաշնամուրը հանգիստ, անվրդով: Իսկ երիտասարդը նույնպես ժպտում է: Այդ ժպիտը նրա թարմ, գեղեցիկ, գրեթե պատանեկան անմազ երեսի վրա նետի պես ցցվում է Սրափիոնի գրգռված սրտի մեջ: Բորբոքվում է նրա խանդը: Նա ասում է անորոշ.
— Ես ուրախ եմ և ցավում եմ, որ դուք իմ բարեկամի որդին եք:
— Ինչո՞ւ համար:
— Հենց այնպես:
— Բայց ես ձեզ հասկանում եմ, — ասում է երիտասարդը, — շատ բարի ես կկատարեմ ձեր սրտի գաղտնի ցանկությունը:
Եվ, դառնալով Ալինային, ավելացնում է.
— Տիկին, ներեցեք, ես այլևս չեմ կարող անհանգստացնել ձեր հարգելի ամուսնուն, որ իմ հոր բարեկամն է:
Եվ այդ օրից Սպիրիդոնովը դադարում է այցելել Ազովսկիներին:
Այս բոլորը տեսնում է ու լսում Ազովսկիների աղախինը, որի խոսքերով և պատմում է ինձ տանտիրուհիս:
Սակայն Ալինան չի ընդհատում ծանոթությունը Սպիրիդոնովի հետ. շարունակում է տեսնվել դրսերում: Սրափիոնը չի բողոքում, խոստովանելով, որ իրոք ինքը կոպիտ վարվեց իր բարեկամի որդու հետ:
Ալինան ասում է.
— Քանի որ գիտեիր քո խանդոտ բնավորությունը՝ չպիտի ամուսնանայիր:
— Ես սիրում եմ քեզ:
— Ես չեմ հավատում այն սիրույն, որ այդպես կասկածոտ է:
— Լավ, հաշտվենք:
— Հաշտվիր առաջ բարեկամիդ որդու հետ, ներողություն խնդրիր, հետո:
— Այդ ես չեմ կարող անել:
— Իսկ ես չեմ կարող քո անտեղի կասկածների համար զրկել ինձ ազատությունից:
Մի օր Սրափիոնը հանդիպում է Ալինային քաղաքի մի զբոսավայրում Սպիրիդոնովի հետ, մի ծառի ստվերի տակ նստած: Նա չի կարողանում զսպել իր խանդը և կարճատև բացակայության ժամանակ վիրավորում է երիտասարդին: Սպիրիդոնովը նրան հրավիրում է մենամարտության, մյուս օրն ևեթ ուղարկելով Սրափիոնին երկու սպա: Բայց մենամարտությունից առաջ նա ուղարկում է մի նամակ Ալինային` մի փունջ վարդերի հետ: Նա գրում է.
— Տիկին, ասում են, որ դեղին, վարդը ատելության նշան է: Բայց ես միշտ գերադասել եմ այս գույնը բոլոր գույներից: Այսօր որոշվում է իմ ճակատագիրը: Գուցե ես գնամ հավիտենություն անդառնալի: Թող այս վարդերը լինեն իմ մաքուր սիրո վերջին նշանը: Մնացեք բարով…
Նամակը փնջի հետ բերում է մի շքեղ հագնված աղախին և գաղտնի հանձնում է Ալինային:
Իրիկնադեմին Սրափիոնը տուն է վերադառնում անսովոր հուզված: