որոնք տարիքով իրանից փոքր էին։ Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները։ Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում. նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ։ Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը։ Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով, ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա։ Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում. նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար։ Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու։ Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով։ Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր։ Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում։ Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով։ Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ.
— Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր։
Սմբատը լռեց։ Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ։ Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց։
Որպիսի՜ բախտավորություն, որպիսի՜ անսպասելի երջանկություն մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար։ Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր։ Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ, նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը։ Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները։ Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը։ Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից։
— Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ, — կրկնում էր նա ինքն իրան անդադար։ — Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն։ Կատերինա Կարլովնան... հը՛մ․․․ կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...
Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանաղան բաներ է պատվիրում և այլն։
Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն։ Սմբատը զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնայի հետ ձեռք-ձեռքի տված։ Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է։ Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը։ Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին։ Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ։ Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում
յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն։
Բայց, ավա՛ղ, Սմբատի երջանկությունն երկար չի տևում։ Անգութ ճակատագիրը շտապում է ողորմելի երիտասարդի կարծեցյալ բախտավորությունը վերափոխել դժբախտության։
Հարսանիքի չորրորդ օրն է։ Առավոտ է։ Արեգակը, նոր—նոր դուրս գալով, շառագունում է երկնակամարը, և ահա Սմբատը գիշերային շորերով նստած է յուր սենյակում։ Նրա դեմքը տխուր է և գունաթափ, շրթունքները սեղմված, ճակատը կնճռված։ Նա անդադար կրծքից խորը հառաչանքներ է արձակում և երբեմն գլուխն երկու ձեռներով սեղմում է կամ մազերը փետում։
Ուղիղ երկու ժամ Սմբատը միայնակ մնում է այդ դրության մեջ՝ փակված յուր սենյակում։ Հետո նա հանկարծ բարձրանում է տեղից, շորերը հագնում և խելագարի պես գզգզված մազերով, անլվա երեսով, վազում փողոց։ Նա ամբողջ օրը չի վերադառնում տուն, մյուս օրը նույնպես։ Սկսում են փնտրել այստեղ ու այնտեղ, չկա ու չկա․․․
Ո՞ւր է Սմբատը։
Մի հիանալի, մի դյութական տեսարան է ներկայացնում ծովեզրյա քաղաքը լուսնյակ գիշեր, երբ եղանակը բոլորովին խաղաղ է։ Կանգնելով ծովափում և բազմաթիվ նավերի անտառախիտ կայմերի միջով նայելով ջրի անհուն տարածությանը, որի հարթ մակերևույթն արծաթափայլում է պայծառ երկնքի երեսին սահող լրացած լուսնի կաթնագույն լուսով, մարդ ակամա հափշտակվում է։ Կա մի անհասկանալի զորություն, մի անբացատրելի ուժ, որն այստեղ րոպեաբար մոռացնել է տալիս մարդուն այն ամենն, ինչ որ պատկանում է նյութական աշխարհին, և նա, կարծես, կախարդվում է։ Մարդ հոգով ու մտքով այդ անհասանելի զորության ուժից մղվում է հեռո՛ւ-հեռո՛լ, դեպի երկնքի անհուն խորությունը, ուր չկան այն դառնություններն, առօրյա մանր հոգսերն ու վշտերը, որոնց ներքո գիշեր ու ցերեկ ճնշված է մահկանացուն։ Այդպիսի րոպեներում մարդ ոչինչ չի կարողանում մտածել, ոչ մի միտք կանգ չի առնում նրա գլխում։ Այդպիսի րոպեներում միտքը