լողում է ինչ-որ վերացական աշխարհի մեջ, ուր նա հետզհետե հալվում է, ինչպես մի կտոր սառույց եռացող ջրի կաթսայում։
Ահա մի այդպիսի հրաշալի երեկո էր, երբ, Կատերինա Կարլովնայի հարսանիքից հինգ օր անցած, ծովային կայարաններից մեկի ծայրում, ոլոր-մոլոր քայլերով անցուդարձ էր անում մի երիտասարդ։ Եղանակը, ամառային լինելով, բավական տաք էր։ Երիտասարդը հագած էր սևագույն մահդյա հագուստ առանց վերարկվի։ Նա գլխաբաց էր, ձեռները ծոցում խաչաձև ծալած և սպիտակ ամառային գդակը կռնատակին պահած։ Ժամանակ-ժամանակ նա կանգ էր առնում և, գլուխը բարձրացնելով, նայում լուսնին, որը կամ մտնում էր բամբակագույն նոսր ամպերի տակ և քողարկվում, ինչպես մի գեղատեսիլ, նազելի օրիորդ, կամ կրկին դուրս սահում։
Մի ամբողջ ժամ էր, որ Սմբատն այդպես անցուդարձ էր անում այստեղ։ Կայարանի մի անկյունում, ծովի երեսում կանգնած էր մի փոքրիկ բեռնակիր շոգենավ, որ պատրաստվում էր ճանապարհ ընկնելու։ Նավաստիները տախտակամածների վրա ապրանքներ էին դարսում։ Շոգենավի վրա կային միայն մի քանի պարսիկ ճանապարհորդներ։ Կարճլիկ, կարմրերես և հաստ շվեդացի նավապետը, ձեռները գրպանում դրած, տախտակամածի ծայրից յուր սուր հայացքը ձգել էր ծովի հեռավոր հորիզոնին։ Սմբատը բարձրացավ շոգենավի վրա և մոտեցավ նավապետին։
— Ե՞րբ կճանապարհվենք։
— Մի ժամից հետո, — պատասխանեց նավապետը, յուր հայացքը չհեռացնելով ծովից։
— Կնշանակե տասնումեկ ժամի՛ն։
— Ուղիղ։
Սմբատը ցած եկավ և նստեց կայարանի սյուներից մեկի վրա։ Փախչել ու հեռանալ — ահա այն միակ միջոցը, որ կարող է նրան ազատել խայտառակությունից։ Իսկ մյուսը․․․ օ՛օ՛օ․․․ նա չի կարող դիմել այդ միջոցին, սարսափելի է։ Սարսափելի է ո՛չ միայն նրա, այլև չորս հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, որի գոյության
միակ պաշտպանն ինքն է։ Դա կլինի մի անսպասելի մահացու վերք նրա ծերունի ծնողների համար։ Այո՛, որդիական սերը նրան իրավունք չի տալիս դիմել ինքնասպանության։ Միակ ելքն այս անիծյալ քաղաքից հեռանալն է։ Ի՛նչ խայտառակություն, տեր աստված, և ո՛վ կարող է սպասել, թե Դոլմազովը մի այդպիսի դև է։ Ի՛նչպես խելագարվեց և գլխապատառ ընկավ այդ մարդու որոգայթը։ Դոլմազով, օ՛օ՛օ՛ Դոլմազով, հիմա հասկանալի է, թե ինչ միտք ուներ քո բարերարությունը։ Զզվելի, կեղտոտ մարդ, մի՞թե բավական չէր քեզ, որ անբախտացրել էիր մի ամբողջ ընտանիք, որ դու երկրորդին ևս թշվառացրիր։ Օ՛օ՛օ՛․․․ եթե մի օր քեզ կհանդիպի Սմբատը․․․ Բայց այժմ ուշ է, այժմ միայն մի բան է մնում անել․ շուտով այստեղից հեռանալ։ Արդեն ամբողջ քաղաքը խոսում է, ամենքի բամբասանքի առարկան է նա, էլ ի՛նչ երեսով կարող է մնալ այստեղ։
Այս մտածողության մեջ խորասուզված, Սմբատը բարձրացավ և սկսեց նայել ծովի հեռավոր հորիզոնին։ Կես ժամու չափ նա այդ դրության մեջ անշարժ կանգնած էր։ Հանկարծ նրա ականջներին հասավ բարակ սուլոցի ձայն։ Սմբատն արագ քայլերով դիմեց դեպի շոգենավն և բարձրացավ տախտակամածի վրա։
Շոգենավը բաժանվեց կայարանից և հանդարտությամբ սկսեց լողալ դեպի ծովի խորքը, Սմբատը, երեսը դարձրած, քաղաքին էր նայում։ Անցավ քառորդ ժամ, և քաղաքը սկսեց հետզհետե անհետանալ նրա աչքերից։ Վերջին անգամ նայելով դեպի հետ, նա մի խորը հառաչանք արձակեց կրծքից։
— Մնաս բարյավ կարծեցյալ բախտավորություն — ասաց, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա աչքերից, ընկան տախտակամածի վրա։
Մոտ երեք տարի անցած Սմբատի Պարսկաստան հեռանալու երեկոյից՝ Հաշտարխանի նեղ փողոցներից մեկում, մի փոքրիկ սենյակում ապրում էր երեք հոգուց բաղկացած մի ընտանիք։ Սրանցից մեկը մի պառավ կին էր մեջքից ծռված, մյուսը մի դեղնած