Սկզբում Աբրահամ աղան ինձ հետ վարվում էր մի փոքր մեղմ, այնպես, որ ես կարծեցի, թե նա ավելի համբերող մարդ պիտի լինի, քան Մակար աղան։ Բայց հետո մի բանում նկատելով մի չնչին սխալ, նա այնպես փոխվեց և կատաղեց ինձ վրա, որ ես իսկույն հասկացա, թե ինչ տեսակ մարդու հետ գործ ունիմ։
Քանի որ Աբրահամ աղան Բաքու էր գտնվում, ես գործերի կառավարության մեջ կատարում էի երկրորդական դեր, իսկ երբ նա ճանապարհվում էր Ռուսաստան, իմ գործերը բազմապատկվում էին, ես դառնում էի լիակատար կառավարիչ։ Հարկավոր էր մեծ հավատարմություն գործակատարի կողմից, որ աղա Գուլամյանցների նման զգույշ և խորատես մարդիկ հանձնեին նրան այդ գործերի կառավարությունը, ուր գործակատարը, եթե ուզենար, կարող էր նրանց գլխին լավ օյիններ բերել։
Ես ընդունում էի Ռուսաստանից եկած փողերը և հանձնում բանկը, կառավարում էի ֆոտոգենի գործարանը, հանքերը, տները և այլն, Բաժանում էի գործակատարների, մշակների և արհեստավորների ռոճիկներն ու վարձերը։ Մի խոսքով, ամեն ինչ իմ ձեռքումն էր։
Նավթային առուտուրի հաջող տարիներն էին։ Աղա Գուլամյանցները ճանապարհում էին Ռուսաստան մեծ քանակաթյամբ ֆոտոգեն։ Իմ շահասիրական ծարավը հագեցնելու համար պաշտոնս մի շատ հարմար ասպարեզ էր։
«Շատ հիմար մարդ կլինիս, Խաչի, եթե բաց թողնես այսպիսի հաջող հանգամանքները։ Մի պատրաստի, քանդված, ոսկե հոր է աղա Գուլամյանցների գործը քեզ համար, օգտվիր դեպքով և քանի որ այս հորի մեջ ես, աշխատիր որքան կարելի է գրպանդ ամուր լեցնել»։ Բայց ինչպես լեցնեի գրպանս, որ աղա Գուլամյանցները չիմանային։ Մեծ անհեռատեսություն կլիներ իմ կողմից, եթե ես, հափշտակվելով հարմար առիթից, բանս դրստեի միանգամից, որովհետև աչքի առաջ ունեի մի ուրիշ նպատակ ևս․ ես ցանկանում էի Թամարին ձեռքից բաց չթողնել։ Աղա Գուլամյանցներին փեսա լինելը խիստ գրգռում էր իմ ինքնասիրությունը։ «Լավն այն է ոչխարին այնպես կոտել, որ նրան զգալի չլինի․ հարկավոր է մկրատը զգուշությամբ բանեցնել և թույլ չտալ, որ նա հասնի մինչև կաշին, եթե ոչ, Խաչի, անզգուշությունը կհասցնե քեզ վատ հետևանքների», — ասացի ինքս ինձ։
Միջոցներ շատ կային, ես նրանցից ընտրեցի այնպիսիները, որոնք հեշտ և ձեռնտու էին։ Ամսական մի անգամ ես բաժանում էի տակառագործների վարձն և մշակների ռոճիկները։ Ոչինչ այնքան հեշտ չէր, որքան սրանց հաշիվների մեջ խառնակություն մտցնելը։ Ես աղա Գուլամյանցների տված իմ ամսական հաշիվների մեջ ցույց էի տալիս մի մշակի փոխարեն երկուսը, ավելացնում էի տակառների գինը։ Գործակատարական բարբառով հաշիվների մեջ այդ կոչվում է «վերադիր», և ես, ամեն անգամ «վերադիր» անելով, երկու տարուց հետո հաշվեցի և տեսա, որ ինձ մոտ գոյացել է մի նշանավոր դրամագլուխ, որով կարող էի բոլորովին հեռանալ աղա Գուլամյանցներից և ինքնուրույն վաճառական դառնալ։ Սակայն ես չշտապեցի։ Հարկավոր էր առաջ գնալ, մի անգամ արդեն սկսել էի, այլևս հետ կանգնելն ինձ համար անհնարին էր։ Մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքն այլևս ինձ համար պարզվել էր։
Բայց հանկարծ իմ վիճակը դարձյալ փոխվեց․ մի օր Աբրահամ աղան ինձ հրավիրեց յուր մոտ և հայտնեց, թե ես պիտի գնամ նրա հետ Ռուսաստան։ Այս տեղափոխության պատճառը գիտեի ինչն էր։ Աղա Գուլամյանցների ընտանիքն եկել էր Բաքու։ Ինձ հեռացնում էին Թամարից, որի մասին իմ տարածած լուրը քանի գնում այնքան զորություն էր ստանում, չնայելով, որ երկու տարի
էր նրան՝ չէի տեսնում։ Այս անգամ ևս ես հնաղանդվեցի Աբրահամ աղայի հրամանին և մի գեղեցիկ օր ճանապարհվեցի նրա հետ Ռուսաստան։ Փույթ չէ, — ասացի ինքս ինձ, — ես Թամարի վարկն այնպես չեմ գցել նրա, անունն այնպես չեմ խայտառակել, որ մեկը վստահանա նրան մատենալ։ Ինչ կուզեն, թող անեն Գուլամյանցները, վերջ ի վերջո Թամարն իմն է։
— Խաչի, — ասաց ինձ Մոսկվայում Աբրահամ աղան ուրախ ժամանակը, — քանի՞ տարի է, որ մեզ մոտ ծառայում ես։
— Արդեն յոթերորդ տարին է։
— Այդ յոթ տարում դու քանի՞ անգամ ես մեզանից փող ստացել։
— Չորս անգամ Մակար աղայից եմ ստացել` երկու երկու հարյուրական ռուբլի, երկու անգամ էլ ձեզանից` հինգ հարյուր ռուբլի, ընդամենը հազար երեք հարյուր ռուբլի։
— Ի՞նչ ես արել այդ փողերը։
— Ուղարկել եմ հորս։
— Այդ յոթ տարում ուրեմն այդքա՞ն ռոճիկ ես ստացել մեզանից։
— Այո՛։
— Քո ծնողներն աղքթա՞տ են։
— Իմ ռոճիկն է միայն նրանց եկամուտը։
— Ուրեմն շա՞տ աղքատ են ապրում։
— Շատ աղքատ։ Ծերության հասակում շատ օրեր քաղցած են անցկացնում։ Բայց ի՞նչ պետք է արած, աղա, աստուծո կամքն է, երևի՛, նրանց ճակատին լավ ապրուստ չի գրված։
Աբթահամ աղան ձեռը տարեց գրպանն և ահագին պորտմոնեն հանեց։
— Առ այս հազար մանեթը, — ասաց նա, հանելով տասը հատ կանաչ կարմիրանոցներ և դնելով իմ առջև, սեղանի վրա։
— Նախ և առաջ քեզ համար մի երկու ձեռք լավ հագուստ գնիր։ Քո այժմյան հագուստը շատ հին է և կեղտոտ․ մեր անվան