Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հրդեհ նավթագործարանում

Հրդեհ նավթագործարանում


— Օգնեցեք․․․ շտապեցեք․․․ ես փող կտամ․․․ ջուր հասցրեք, ի՞նչ եք սառել․․․ անպիտաններ․․․ քանդեցիք դուք իմ տունը, սրիկաներ․․․ գողեր․․․ ավազակներ,— անդադար հայհոյում էր նա մշակներին, շվարած այս ու այն կողմ վազվզելով։

Հրդեհի հանգցնելուն բացի Իվան Գրիգորիչի գործարանի մշակներից, օգնում էին և՛ ուրիշ գործարանների մշակներ ու կողմնակի մարդիկ։ Միայն առաջինները գործում էին ուղղակի կրակի դեմ ու դեմ, ամենավտանգավոր տեղում, իսկ մյուսները աշխատում էին որքան կարելի է հեռվից գործել, խույս տալով կատաղի բոցի ալիքներից։ Առաջինները հրաշեջ նասոսների խողովակների ծայրերից բռնած շփում էին ջուրը կրակի դեպի զորեղ կենտրոնը, որտեղից բոցը ջրի ամեն մի զարկին խուլ արձագանքներ էր տալիս,— իսկ մյուսների մի մասը հեռվից նասոսների կռնակներն էր պտտեցնում, մնացյալները ջուր էին ավելացնում նասոսներին։ Մշակների մի ուրիշ խումբ թիերով հող էր սփռում երկու կողմերից նավթային մնացորդների բոցավառված պահեստի վրա։

Մի քանիսը Իվան Գրիգորիչի մշակներից անգիտակցաբար այն աստիճան մոտեցել էին կրակին, որ ամբոխը նրանց փոխարեն սարսափում էր։ Տոթը խեղդում էր նրանց, կրակի տաքությունը կիզում էր նրանց կիսամերկ մարմինները, խոշոր կայծերը անձրևի նման հեղեղվում էին նրանց գլխին, բայց խորասուզված իրանց գործի մեջ, կարծես, նրանք ոչինչ չէին զգում։ Ամեն վայրկյան նրանց նավթաթաթախ ցնցոտիները սպառնում էին բոցավառվել թափվող կայծերից։ Մի քանի ուրիշ բանվորներ այդ թշվառներին վերջին վտանգից ապահովելու համար բավական հեռվից մի փոքրիկ նասոսով ջուր էին սրսկում նրանց վրա։

Թեթևամիտ ամբոխը շատ ժամանակ յուր աչքի առաջ կատարվող ամենաողբալի տեսարանների մեջ անգամ բնազդաբար ձգտում է գտնել որևիցե նյութ յուր վայրենի զվարճության համար։

— Մենք էլ գնանք ու այս վերջինների վրա ջուր ածենք,— ասում էին մի քանիսը, անամոթաբար ծիծաղելով։

— Գնացե՜ք․․․ իսկ մենք էլ այստեղից ձեզ վրա հող կածենք,— ավելացնում էին ուրիշները, նույնպես ծիծաղելով։

— Ինչ լավ չաղ կրակ է, տղերք, խորովածի համար,— ասում էր մեկը, բեղերը շփելով։

Բոցը զորանում էր․․․ ամբոխը, չդիմանալով շոգին, սկսեց աստիճանաբար հեռու ու հեռու խույս տալ։

— Փախե՛ք․․․ փախե՛ք․․․ հեռացեք․․․ պատը քանդվում է,— գոռաց հանկարծ միաբերան ամբոխը, սեղմելով միմյանց և ավելի հետ մղվելով։

Բարձրացավ մի խուլ որոտաձայն, մի ձայն, որ նմանվում էր հարյուրավոր թնդանոթների պայթյունին։ Մի վայրկյանում մթնեց բոլորը, և ամբոխի առաջ ամեն ինչ կորավ թանձր խավարի մեջ։ Բոցը, ծուխը, կրակը, մուրը և խորտակված պատի հողափոշին, խառնվելով իրարու, աներևութացրին հրաշեջ մշակներին։

— Վա՛յ գլո՜ւխս․․․ վա՛յ մեջքս կոտրվեց․․․ աստված սիրեք․․․ օգնեցե՛ք․․․ մեռա․․․— լսվում է խավար գեհենի միջից։

— Ոտներս փշրվեցին․․․ վա՛յ․․․ վա՛յ․․․ ա՛հ, խեղդվեցի, աստված․․․ օգնեցեք, դուրս բերե՛ք ինձ այստեղից, ոչինչ չեմ տեսնում,— գոռում էին մի ուրիշ կողմից։

― Ձեռքս․․․ ձեռքս․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ մի՛ մոտենաք, այրվում է ձեռքս․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ։

Ամբոխը մոռացավ ծիծաղն ու կատակը․ ամենքի երեսների վրա երևացին հուսահատության նշաններ․․․ ո՞ւր աներևութացան առաջին կարգի հրաշեջ մշակները։ Լսվում էին միայն աղերսանքի, ցավի հառաչանքներ, օգնություն խնդրող ձայներ, բայց հայտնի չէր ո՛ր կողմից էին գալիս նրանք, ինչտեղ էին աղերսողները։

Հովհաննու երևակայության տարտարոսն անգամ չէր կարող մրցել այս իրական դժոխքի հետ։ Իվան Գրիգորիչի բարկությունն ու շփոթությունը փոխվել էին անորոշ սարսափի, մի վայրկյան առաջ նրա կատաղի դեմքն այժմ արտահայտում էր ներքին ահ ու դող։ Անշարժ արձանի նման նա մի տեղում սառել էր և չգիտեր ինչ անի․ նա կամեցավ առաջ վազել, բայց չկարողացավ, որովհետև անհնարին էր։ Ծուխն ու փոշին խառնվելով մուրի, մոխրի

և բոցի հետ, կազմել էին նրա առաջ մի անթափանցելի խավար տարածություն։
Հանկարծ ամեն ինչ պարզվեց, և նրա առաջ բացվեցավ մի սոսկալի տեսարան։ Այս ու այն կողմ թավալվել էին թվով մինչև վեց մշակների դիակներ։ Երևում էին նույնպես և ոտքի վրա մի քանի ուրվականանման պատկերներ, որոնցից մեկը, բոցավառված, խելագարի պես այս ու այն կողմն էր վազվզում, բացականչելով․

— Օգնեցեք․․․ հայ քրիստոնյաներ․․․ օգնեցեք․․․ խղճացեք․․․ մարմինս այրվում է․․․ շո՛ւտ․․․ շուտ հող ածեք վրաս․․․ ջուր․․․ ջուր․․․ ջուր․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ աստված, այրվում եմ․․․

Սա — տարիքը անցկացրած մի ծերունի էր, որի դյուրաբորբոք ցնցոտիները բոցավառվել էին և խաշում էին նրա մարմինը կենդանի-կենդանի, ինչպես միջնադարյան ինկվիզիցիայի թշվառ զոհերից մեկին։

Իվան Գրիգորիչը երեսը շուռ տվեց․ նրա նրբացած նյարդերը անզոր էին դիմանալ մի այդպիսի այլանդակ պատկերի։ Ամբոխի միջից շատերը սիրտ առնելով վազեցին առաջ։ Ուժեղներից մեկը ոտի մի զորեղ հարվածով բոցավառված ծերունուն գլորեց գետին մնացյալները սկսեցին այս ու այն կողմից հողով ծածկել նրա մարմինը, կիսակենդան թաղելով ողորմելի զառամյալին։ Այս միակ միջոցն էր, որով միայն հնարավոր էր հանգցնել նրա այրվող ցնցոտիները։

— Խաշվեցի․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ․․․ այրվեցի․․․ խուլ ձայնով հառաչում էր ծերունին հողի տակից։ Նրա դեմքն այնչափ այլանդակվել էր, որ ներկա եղողներից շատերը կես սարսափով և կես զզվանքով ծածկում էին իրանց աչքերը նրան չտեսնելու համար։

— Ուֆ․․․ ա՛խ աստված, շո՛ւտ առ հոգիս․․․ ազատիր տանջվելուց․․․ մի՛ չարչարիր, — շարունակում էր ծերունին, թավալվելով հողի տակ։ Բայց որդիս․․․ ու՞ր է որդիս․․․ կինս․․․ որդիքս, աղջկերքս․․․ ջուր․․․ ո՛ւֆ սիրտս․․․

Վերջին խոսքերն արտասանելիս ծերունու ձայնն աստիճանաբար փոխվում էր, հետզհետե թուլանալով։

— Այստեղ եմ, այստեղ․․․ գոռաց մի տասնևութ քսան տարեկան

երիտասարդ, ձախ ձեռքի վրա հենած յուր աջ թևը, որի այրված, կաշին պլոկվելով մերկացրել էր կարմիր միսը։— Ա՛խ․․․ կծկծում է սիրտս․․․ ո՛ւֆ, աստված սիրեք, մի մոտենաք թևիս․․․ նա այրվում է․․․ կծկծում է։
— Հեռացի՛ր, թշվառ, մի՛ մոտենար հորդ․ քեզ տեսնելով խեղճ ծերունին կսկծից կմեռնի,– բացականչեցին ամբոխի միջից։

― Բեյբութ․․․ Բեյբութ․․․ եկ, այստեղ եմ․․․ մոտեցիր, մեռնում եմ․․․ օ՛հ․․․ օ՛հ․․․ պապակվեցի, — բացականչեց ծերունին, կամենալով ոտքի կանգնել։

Մի քանի վայրկյան հայր ու որդի չկարողացան ճանաչել իրարու։ Ծերունու ալևոր միրուքը խանձվել էր և երեսում կուչկուչվել։

— Ամա՛ն․․․ այդ ինչ օրի ես ընկել, ափի,— ասաց որդին, խելագարի պես արձակվելով ծունկերի վրա թավալվող ծերունու վրա։

Մի վայրկյան ծերունին մոռացավ յուր այրված մարմնի կսկիծը և երկու ձեռներով մեքենաբար փաթաթվեց որդու վզին։

Մինչդեռ սրանք հայր ու որդի հեծեծելով, գրկած իրարու, խմում էին ցավի և կսկծանքի լեղին, մի քանի քայլ նրանցից հեռու կատարվում էր ուրիշ տեսարան։

Իբրև դժոխային անդունդի հատակից, վեց դիաթավալ մշակների միջից լսվում էին սիրտ պատռտող մորմոքաձայներ, և այս չէին նմանվում մարդկային ձայների, այլ մորթվող անասունների վերջին բառաչումներին և հուսահատ թառանչքին։ Թավալվածներից երկուսն արդեն անշնչացած էին․ նրանց այրված ու այլանդակված դեմքերն այլևս չէին կրում իրանց վրա մարդկային դեմքի ոչ մի նշան, նրանց աչքերի բիբերը դուրս էին ցցվել ինչպես խորոված շագանակներ մոխրի մեջ։ Գլխի ու երեսի մազերի ու հոնքերի հետքեր անգամ չկային․ նրանց գլուխները նմանվում էին թեժ կրակի միջից դուրս բերած մսի կտորների։ Չորս մարդիկ աշխատում էին նրանց դիակները մի կողմ քաշել։

Մի քանի քայլ հեռու այդ դիակներից, մի երիտասարդ մշակ, նստած գետնի վրա, ձեռները հողի մեջ տրորելով, բացականչում էր․

— Ձեռներս․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ․․․ խաշվեցին․․․ պապակվեցին․․․ տեր աստված․․․ բայց իզուր․․․ նա այրվեց․․․ մեռավ․․․ չկարողացա ազատել հորեղբորս․․․

Նրա թեժացած աչքերից գլորվեցին արտասուքի մի քանի կաթիլներ, և նա ձեռները տանելով դեպի աչքերը, թրջեց յուր պլոկված մատների ծայրերը։ Կարծես այդ աղի կաթիլները կարող էին զովացնել նրա սիրտը։

Սրանից մի փոքր հեռու լսվում էին խուլ աղոթքի ձայներ։

― Ո՛վ միակ աստված և դու, Մուհամմեդ, նրա մեծ մարգարեն, տեսնում եք ձեր սուրբ աչքերով, որ մենք ինչ սարսափելի կերպով ենք տալիս մեր հոգին։ Լա․․․ լա, Իլլալլահ, Մուհամմեդ Րասուլ Ալլահ․․․ Ռուհի ջյաննաթ․․․

Այդ — պարսիկ մշակներն էին, որոնցից մեկի գլուխը ջարդվելով, գրեթե երկու կտոր էր եղել․ նա փչում էր իր վերջին շունչը, իսկ երկուսի ոտներն ու կռներն էին ջարդվել։

Ամբոխը խառնվել էր այնպես, որ ոչ ոք այլևս ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, որն այդ ժամանակ սկսել էր փոքր առ փոքր մեղմանալ։

Իվան Գրիգորիչը գոռում էր․

— Աստված սիրեք․․․ հրդեհը․․․ հրդեհը, մի մոռանաք նրան․․․ այդ վիրավորվածներին հետո էլ կարելի է ժողովել, բայց գործարանս, գործարանս, նա ձեռքից գնում է․ նա այրվեց, վերջացավ, տունս քանդվում է, ի սեր աստուծո, խղճացեք։

Բայց Իվան Գրիգորիչի գոռոցների վրա ուշադրություն դարձնողներ քիչ եղան․ աշխատում էին նրա հարևան գործարանատերերի մշակները, որոնց տերերը ստիպում էին չհեռանալ գործից, մինչև որ բոցը չի դադարիլ իրանց գործարաններին վտանգ սպառնալ։

— Մենք չենք կարող այդ թշվառներին անտեր, անօգնական թողնել ու հրդեհի մասին աշխատել,— գոռում էին ամբոխի միջից դեպի Իվան Գրիգորիչը,— այսքան մարդ է կորչում մի րոպեում, թող կորչի գործարանդ, դու էլ․․․

— Այո՛, այո՛, դու ես դրանց այրվելու պատճառը․ եթե ժամանակին քո անիծյալ նավթակաթսաները և վառարանը շինել

տայիր, այդ դժբախտությունը չէր պատահիլ ո՛չ քեզ, ո՛չ այդ խեղճերին։
Գործակատարը, որ Իվան Գրիգորիչին շվաքի նման հետևում էր ուր նա վազում էր, մոտեցավ նրան և ասաց․

— Իվան Գրիգորիչ, խորհուրդ եմ տալիս հեռու կենալ այդ չարամիտներից, ո՛վ գիտե, ձեզ ինչ վնաս կհասցնեն, նրանք մեր մշակների ընկերներն են, նրանք այժմ գազանացած են և աստված գիտե ինչեր են մտածում․․․

Բայց Իվան Գրիգորիչը բանի տեղ չէր դնում ո՛չ ամբոխի սպառնալիքը և ո՛չ էլ յուր գործակատարի խորհուրդը։ Նրա ուշքն ու միտքը կենտրոնացած էին միայն և միայն հրդեհի վրա, և նա ամբողջ մարմնով դողում էր, թե ահա կրակը հասնելու է ֆոտոգենով լի տակառների պահեստին, ուր մոտ հազար լի տակառներ կային։ Սակայն այս երկյուղն ավելորդ էր, հրդեհն այլևս այնպես սաստիկ չէր, ինչպես տասը րոպե առաջ։ Կարծես նա յուր վրեժն արդեն հանելով, կամենում էր հանգստանալ։

Քամին դադարել էր, բոցն այլևս կատաղաբար այս ու այն կողմ չէր տարածվում, այլ հանդարտ ու ուղիղ գծով բարձրանալով վեր, լուսավորում էր ներկա եղող ամբոխը, որը այրվածների շուրջը հավաքված, զանազան օգնություն էր հասցնում այդ խեղճերին։

Այդ ժամանակ վազելով ամբոխին մոտեցավ հանկարծ մի բարձրահասակ մարդ, որի դեմքի վրա նկատելի էին խորին հուսահատության և անորոշ երկյուղի նշաններ։ Նրա ծունկերը ծալվում էին և դժվարությամբ հնազանդվում նրա գնացքին։

Սա արդեն մեզ հայտնի լրաբերն էր։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top