Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն։ Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ։ Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը՝ բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին.
— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչի՛ն քուրմերը, կործանվի՛ն կռատունները[15], քրիստոնյա՜, քրիստոնյա՛ կուզենք լինել։
Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի՛, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը շատ քահանաներով և եպիսկոպոսներով և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և, սպիտակ սավանով սփածված[16], մտան գետը՝ փոքր մանուկներին գրկերն առած։ Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջրումը և դուրս գալ։ Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով։ Բայց մենք դառնանք մեր պատմությանը)։
Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ-առողջ տուն հասան՝ նրանց դիմավորեց Զանգին և, մերթ մեկի, մերթ մյուսի ոտներին փաթաթվելով, այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր։
Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն։ Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությանը՝ Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե։
— Դու ինչպե՞ս ես ուզում պատժել սրան,— հարցրեց թագավորը։
— Այդ մասին ես ու Զանգին կմտածենք,— պատասխանեց Վաղինակը։— Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը։ Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան։
— Բայց, Վաղինա՛կ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը։ Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում։
— Ո՛չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե…
— Տա՛ր, տա՛ր, շանսատա՛կ արա սրան,— ասացին միաբերան դատավորները։
Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել։ Վաղինակը, քուրմի ձեռները կապռտած, տարավ մի ձորի մեջ և, այնտեղ բաց թողնելով, ասաց Զանգուն.
— Զանգի՛, տե՛ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը։ Զանգի՛, տանջի՛ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա։ Դե՛, գազա՜ն է սա, բռնի՛ր, կծի՛ր, պի՛նդ, պի՛նդ…
Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և, մի ակնթարթի մեջ բուկը հախռելով[17]՝ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն։
— Ա՜խ, Զանգի՛, այդ ի՞նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին։ Մի՞թե ես քեզ այդպես ասացի։ Այդպես հո ո՛չ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես որ դու արիր։
Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ, և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել։
* * *
Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում։ Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում։ Ազգային երգիչները, գյուղեգյուղ և քաղաքեքաղաք պտտելով, այդ անցքի պատմությունն էին անում երգերով։ Ափսո՛ս, որ այդ երգերը մեզ չեն հասել, բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ։ Այդ հեքիաթի գլխավոր միտքն այն է, որ՝ «Թագավորի կյանքը արհեստն է փրկել»։ Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն՝ այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին։
Եվ ճշմարի՛տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ո՛չ մի հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան։ Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել. բրդից գործում էին զանազան գորգեր և շալեր, բամբակից՝ կտավեղեն, մետաքսից՝ նուրբ կերպասներ։ Կար, ձև, հյուսվածք՝ ամենը գիտեին։ Ամեն երկրագործ ի՛նքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը։ Ամառը երկիրն էր գործում[18], ձմեռն իր արհեստը բանեցնում։ Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ, այլ՝ խմբովին, միասին։ Տեսնելու բան էր, թե ինչպե՛ս գյուղի բոլոր առույգ երիտասարդները, ահագին կռանները ձեռքներին, զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել կամ կացին, կամ թուր և այլն։ Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը։
Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասակարգ չէր։ Բոլոր վանքերը մի-մի գործարան էին, ուր պատրաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին և, բացի սրանից, իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում։ Նրանք ասում էին.
«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինին միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը՝ իր խորհրդավոր թալիսմաններով»։
Կարող եք, ուրեմն, երևակայել, թե՝ ի՞նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ՝ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը։ Ի՞նչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր. և ահա՛ ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին.
«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով։ Նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով ու առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ։ Կեցցե՜ Անահիտը, կեցցե՜ հավիտյան»։