Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հնարագետ ջուլհակը

Հնարագետ ջուլհակը

Հնարագետ ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել...
Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։
Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը...
Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց...»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։
— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։
Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։
Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։
Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
— Չլինի՜մ, չլինի՜մ...
— Մի՞թե, մի՞թե...— պատասխանեց ջուլհակը։
Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։
— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։
Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։
Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։
— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։
— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։
Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։
«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։
Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։
— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։
— Ինչո՞ւ չէ... կարող եմ... բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
Գիտնականները մնացին ապշած։
— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։
— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։
Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։
Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։
Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։
Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։
Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։
Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։
Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց...
Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։
— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց...
Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։
Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ...
— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top