— Ծառա՛դ եմ, այստեղի քաղաքապետը։ — Դո՛ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգիտես, թե՝ ի՛նչ է գործվում քո աստվածների բնակարանում։
— Ծառադ եմ, ես ոչի՛նչ չգիտեմ։
— Դու կարելի է թե չգիտես էլ, թե՝ որտե՛ղ է գտնվում ձեր տաճարը։
— Ինչպե՞ս չգիտեմ, ծառադ եմ, շա՛տ լավ գիտեմ։
— Առա՛ջ անցիր, ուրեմն…
Կես ժամ չանցած՝ ամբողջ քաղաքը գջլված գնում էր Անահիտի հետևից։ Երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին՝ քուրմերը կարծեցին, թե՝ ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը։ Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագեղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան։ Անահիտը մի րոպեի մեջ գտավ տարտարոսի դուռը և, դառնալով քաղաքապետին՝ հրամայեց.
— Բաց արեք ահա՛ այս դուռը։
Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը, վերահաս վտանգը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգեստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգե և ետ մղե։ Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագը գլխին դրած և գավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված՝ ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով։ Նա մոտեցավ Անահիտին և պատգամախոսի ձայնով աղաղակեց.
— Ի՞նչ ես ուզո՜ւմ, ի՞նչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց։
Անահիտը, բարկությունը հազիվ զսպելով, ասաց.
— Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի՛։
— Ո՜վ է կարող հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց։ Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գտնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծո՜ւխը, որ մինչև երկի՜նք է բարձրանո՜ւմ։ Աստվածների բարկությունը մի՜ շարժեք։ Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սո՜ւրբ վա՜յրը։
Քրմապետի ահեղագոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ. ամենքը կորագլուխ ետ քաշվեցին, բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգնեցին իրանց տեղերը՝ կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գաղտնիք պիտի լինի թաքնված։ Նրանք միաբերան գոչեցին.
— Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը։
Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և, ձեռքերը մեկնելով՝ աղաղակեց.
— Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օգնությո՜ւն հասցրեք…
Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց, և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ։ Սրանք քուրմերն էին, որոնք վերահաս վտանգը տեսնելով՝ անձնապաշտպանության էին պատրաստվել։ Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ։
Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը։ Դարձրեց ձիու գլուխը և, ետ նայելով՝ տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է։ Այդ հանգամանքից ավելի ևս սրտապնդվելով՝ ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագանին։ Ձախ ձեռքն առավ վահանը և, աջով սուրը հանելով, դարձավ դեպի քուրմերը և գոչեց.
— Վերջի՛ն անգամ հրամայում եմ ձեզ՝ զինաթա՛փ լինել և բանա՛լ այդ դժոխքի դուռը։
Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու։ Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը, մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես կոխկռտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա։ Կայծակի արագությամբ երեքի գլուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին։ Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին։ Անահիտը պաշտպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգամից թե՛ առջևից և թե՛ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով։ Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով։ Անահիտի կյանքը անխուսափելի վտանգի մեջ էր։ Այդ որ նկատեցին քրիստոնյաները՝ քուրմերի քամակից հարձակվեցին։ Քուրմերը շփոթվեցին և երեսները դարձրին, որ պաշտպանվին։ Անահիտը, օգուտ քաղելով այդ հանգամանքից, կրկին հարձակվեց և էլի մի քանի գլուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ։ Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգնում են Անահիտին, կարծեցին, թե՝ կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա։ Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա ծայրին։ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից։ Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգեց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն։ Այդ հանգամանքից էլ օգուտ քաղեց Անահիտը, մի անգամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին մահացու վերք տալով գետին գլորեց։ Հենց ա՛յդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները օրիորդների և տիկինների հետ, և իրանց թագուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով՝ միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա։ Մի րոպե չանցած՝ կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց, և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը՝ շրջապատված քաջասիրտ օրիորդներով ու տիկիններով։ Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից։ Անահիտն իջավ ձիուցը ողջ-առողջ, կարգավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գլխին։ Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել։ Հետո, դառնալով դեպի ամբոխը, ասաց. «Եկեք այստեղ կարգով կանգնեցե՛ք հանդարտ, որ տեսնեք՝ ի՛նչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը»,— և հրամայեց դուռը կոտրտել։
Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև։ Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգիք, որոնք նոր գերեզմանից հանած դիակների էին նմանում։ Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում։ Ամենից հետո դուրս եկան Վաչագանն ու Վաղինակը՝ գլխները քաշ գցած։ Թագուհին ճանաչեց Վաչագանին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը։ Վաչագանը գնաց Վաղինակի ձեռքից բռնած, որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան։ Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան, ինչ կա-չկա, դուրս տան։ Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գլուխներ, կթոցներով լիքը մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գործիքներ և պարագաներ…
Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագործությունը տեսնելով՝ է՛լ չհամբերեցին և բարձրաձայն աղաղակեցին.
— Մե՜ծ է քրիստոնեից Աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե՛նք, ջնջե՛նք, սատկացնե՛նք սրանց…
— Ո՛չ, ո՛չ,— գոչեց թագուհին,— սպասեցե՛ք, չմոտենա՛ք տաճարին, ձեռք չտա՛ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն ի՛մն է։ Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգսը քաշել։
Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե՝ նա ո՛վ է, ի՛նչ տեղացի է։ Մեկն ասում էր՝ իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ։ Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա՛ մի ծերունի մարդ դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ո՞ւր է իմ որդիս»։ Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի քույրը, չորրորդի եղբայրը։ Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվումն էին և Վաչագանի արհեստակիցները։ Այդ թշվառներին տերվետեր անելուց հետո թագուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը։ Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գնաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ[13] ու պուճախը։ Ո՛ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետքեր էր նշմարում և անհամար ոսկորներ՝ այս ու այն անկյունում թափած։
— Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գլուխ բերված բան չէ,— ասաց նա քաղաքապետին,— սրա վրա շատ տարի ու շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգամ այստեղ ընկնելուց հետո է՛լ լույս աշխարհք չեն տեսել։
— Ողորմա՛ծ թագուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար քո իմաստությունն ունենալու է։ Ամեն տարի միայն մեր քաղաքից, եթե քիչն ասեմ, հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե՝ լեռնեցիք են գերի տարել։ Այդ գարշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե՝ դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ո՛չ ժողովրդի հաշվով և արյունով։ Ո՞վ կկարծեր, թե՝ այն թանկագին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա վաճառելու, իրանց ձեռքի գործքը չի եղել, ո՞վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի…
Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը։ Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինին, բայց ներսից ձայն հանող չեղավ։ Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գնացին, բայց ներսը մարդ չգտան, վերև նայեցին, և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրանց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց։ Երբ որ այդ մասին հայտնեցին թագուհուն՝ նա ասաց.
— Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թո՛ւյլ տվեք ժողովրդին, որ ներս գնան և երկրպագություն տան իրանց սուրբերին։
Դրսումը ամբոխված և գրգռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին։ «Ի՜նչ հեշտ են ջարդվում այս գարշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե՝ անհպելի և անմատչելի են»,— ասում էին շատերը։ Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գտան, բայց առանց մի բան հափշտակելու և գողանալու՝ ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ, թագուհու առջև. իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած-չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին։ Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին՝ իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին։ Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր-կտոր անելով դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան։
Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը։ Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում։ Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը և, մյուս կողքին նստելով՝ սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես։ — Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննմա՛ն թագուհի, այլ՝ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց ա՛յդ զգեստիդ մեջ։
— Դու սխալվում ես, Վաղինա՚կ,— ասաց Վաչագանը,— թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե՞»։ Մի՞տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր։
— Ա՜խ, ճշմարիտ է. ի՞նչ ասեմ։ Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ։ Մեսրոպ վարդապետը որ մեզ քարոզում էր, թե՝ «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ»,— ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում։
— Հանգստացի՛ր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք,— ասաց թագուհին, նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած։
— Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ,— ասաց Վաչագանը թագուհուն։— Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ։ Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները։ Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը, փռվածքի վրա թիկն տալով՝ ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտը՝ այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում։ Մեկ՝ ուզում էր լիասիրտ ուրախանալ իր սիրելու ազատությունովը, բայց մեկ էլ՝ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մե՛րթ հարձակողական և մե՛րթ պաշտպանողական դիրք է բռնում։ Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել, հիշելով, թե ինչպե՛ս էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները, և նոր արդեն սկսում էր ամբողջ մարմնով զինահարվիլ[14] ու զարզանդիլ ու սարսռիլ… Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս։
Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր։ Գիտեր, որ նա կարող էր վրեժխնդրության հոգվով վառված անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն։ Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը։ Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և, դուրս գալով վրանից՝ երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր։ Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ՝ զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց։ Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը։ Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ է պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար։ Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն, իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն։ Այստեղ էր և Վաղինակը՝ փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուգված։ Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը։ Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա կարծում էր, թե՝ երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում։ Անահիտն էլ ազատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ի՛նքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս։