Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց. էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։
Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե՝ անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպե՛ս են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում։
Թագավորը կարծեց, թե՝ երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։
Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև՝ նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել։
Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին։
Վաչագանը, իր նախնյաց գահը բարձրանալով, ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ՝ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ.
— Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։ — Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ,— ասաց թագավորը։— Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։
— Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։
— Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։
Վաչագան թագավորը, հասարակ շինականի հագուստով ծպտված, ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը։ Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն, ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։
Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը։ Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին։ Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ո՛չ քահանա և ո՛չ աղոթատուն։
Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները։
Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ՝ ահա՛ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե՝ ո՞վ է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.
— Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե՝ մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի։
Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի՝ ի՞նչ է խոսում այդ մարդը կամ ի՞նչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի վրա նայեց և, նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը՝ ձեռով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։
— Դու ո՞վ ես, ի՞նչ գործի ես,— հարցրեց քրմապետը։
— Ես մի օտար բանվոր եմ,— պատասխանեց Վաչագանը,— եկել եմ այս քաղաքը մշակության։
— Շա՛տ լավ, կգա՛ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ։ Վաչագանը, գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։
Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով՝ մշակների շալակը տված։ Երբ որ բոլոր քուրմերը եկան՝ քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը։ Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան՝ ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի՝ ինչո՞վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի՞նչ մարդ է քրմապետը, ի՞նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է։ Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը։
Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը։ Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և, հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ՝ հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ։ Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և, ամենին ներս անելով՝ կրկին կողպեց։ Այստեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց՝ տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու։ Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ։ Նրանք ամենքն էլ, իրար երեսի նայելով, սկսեցին փսփսալ, թե՝ ո՞ւր բերին մեզ այս մարդիկը։ Վերջապես, պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան՝ մանր խուցերով շրջապատված։ Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց՝ Վաչագանի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.
— Գնացե՛ք ներս, այդտեղ ձեզ գործ կտան։
Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից։ Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգնած։
— Տղե՛րք, ի՞նչ տեղ ենք մենք, չգիտե՞ք,— հարցրեց Վաչագանը։
— Ես գիտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, է՛լ այստեղից ազատվելու չենք,— ասաց մեկը։
— Բայց չէ՞ որ այս մարդը սուրբ մարդ է, մի՞թե այդպես բան կանի,— ասաց մի ուրիշը։
— Ինչո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գիտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։
— Տղե՛րք, կատակի ժամանակ չէ,— ասաց Վաչագանը։— Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք՝ ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե՝ ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը, եկե՛ք առաջ գնանք, տեսնենք՝ ո՞ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։
Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմբեթաձև ընդարձակ սրահ։
Մեր կալանավորները մի կողմից՝ ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից՝ խլշած ականջ էին դնում, որ տեսնեն՝ որտեղի՞ց էին գալիս խառնաշփոթ ձայները։ Հենց ա՛յս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով՝ մարդու նմանություն առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.
— Ո՞վ ես դու, սատանա՞ ես, թե՞ մարդ. մոտեցիր մեզ և ասա՛, որտե՞ղ ենք գտնվում մենք։
Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.
— Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՜նչ տեղ եք ընկել դուք։
Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե՝ ի՞նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի՛նչ էր տեսածը։ Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները՝ ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած։ Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.
— Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա՛ է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ՝ կա միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի, և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք։ Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը։
— Դու ա՛յս ասա՝ հիմա մեզ ի՞նչ են անելու,— հարցրեց Վաչագանը։
— Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից արհեստ գիտե՝ կապրի մինչև մեռնիլը, իսկ ով որ չգիտե՝ նրան կտանեն սպանդանոց։ Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում՝ հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց Աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ՝ գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած, և ասաց ինձ. «Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»։ Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, ի՛մ Վաչագան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին…
Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը՝ առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման «թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ «Ուրեմն, սա մեր Վաղինակն է»,— մտածեց նա։ Այս մտածելով և ուշքի գալով՝ ուզում էր վրան ընկնիլ և գգվիլ, ուզում էր հայտնել, թե՝ ի՛նքն է Վաչագանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ո՞վ է նա և ինչպե՞ս է ընկել այստեղ։
Վաղինակն իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, որ լավ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում՝ մի այդպիսի հայտնություն, թե՛ ուրախություն և թե՛ կսկիծ լինելով՝ կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը։ Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը՝ ասելով.
— Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա՞կ է։
— Վաղինակ է, այո՛, Վաղինակ… ես մի ժամանակ…
— Եղբա՛յր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է։ Ապրի՛ր մինչև քո երազը կատարվի։ Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ։ Այսուհետև մենք էլ կապրինք այդ հույսովը։ Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը։ Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես։ Բայց ահա ոտքի ձայն է գալիս, դու գնա՛ քո տեղը։
Վաչագանի հետ եկածները թվով վեց հոգի էին։ Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտե՞ն։ Մինն ասաց, որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, երրորդը մետաքսագործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին։
— Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք,— ասաց Վաչագանը,— ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ։
Ոտնաձայնը, արձագանք տալով, հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ՝ հետն առած մի խումբ զինված մարդիկ։
— Դո՞ւք եք նոր եկածները,— հարցրեց քուրմը։
— Այո՛, ծառաներդ ենք,— պատասխանեց Վաչագանը։
— Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում։
— Մենք ամենքս էլ գիտենք,— ասաց Վաչագանը,— գիտենք շատ թանկագին դիպակ գործել։ Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե։ Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ ու խեղճացանք։ Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ։
— Շա՛տ լավ. բայց մի՞թե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը։
— Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։ — Իհարկե, ես շուտով կիմանամ, թե՝ որքա՞ն ճշմարիտ է ձեր ասածը. հիմա ասացե՛ք՝ ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։
Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր։ Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին։
— Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ,— ասաց Վաչագանը։— Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է։ Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել. իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գիտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ։ Ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե…
— Շա՛տ լավ,— ասաց քուրմը,— ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների։
— Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա. եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը։
Քուրմը կատարեց իր խոստումը։ Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր։ Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց։ Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ։ Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց։ Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը՝ նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ։
Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած։ Վաչագանը, ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին, ասաց.
— Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում՝ սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն։ Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գինը չեն իմանալ։ Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք։
Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը։ Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգամ ցույց չտվավ նրան։ Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ի՛նքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ի՛նքը վայելի…
Անահիտը Վաչագանի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գոհ էին՝ առանց իմանալու, թե նա՛ է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում՝ քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագավորը չէր վերադարձել։ Նա գիշերը հանգիստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում։ Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել։ Զանգին անդադար ոռնում ու վնգստում էր և, թագուհու ոտներն ընկնելով աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում։ Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և, իր ախորժակը կորցնելով՝ օրեցօր նիհարում էր։ Մարի[9] հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները, փոխանակ լուսաբացին կանչելու՝ երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով։ Պարտիզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գիշերները բուերի վայունը։ Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները՝ ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ, վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով՝ անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում։ Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և ի՛ր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում։ Մի հասարակ թխկոցից, մի սովորական գոչյունից նա վեր էր թռչում և սարսռում։ Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե՝ միգուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագի երկրի մեջ և խռովություն ընկնի։
Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գալիս պարտիզումը, երբ իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե՝ մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագուհուն։ Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել։ Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն։
Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև։ Անահիտը վեր առավ, քննեց դիպակը և, ուշ չդարձնելով նախշերի վրա, հարցրեց գինը։
— Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե, ողորմա՛ծ թագուհի։ Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին։
— Մի՞թե այդքան թանկ կարժե։
— Ո՛ղջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է։ Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ՝ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագնողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն։ Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ։
— Մի՞թե այդպես,— ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի-ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ՝ ծաղկագրեր էին։ Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.
«Իմ աննմա՛ն Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք, մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես՝ մենք կորած ենք հավիտյան։
Վաչագան»։
Անահիտը մեկ անգամ կարդալով չբավականացավ, երկրորդ և երրորդ անգամ էլ կարդաց, ըստ որում՝ իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգամ, միայն այս անգամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է։ Աչքը ձգած գրերին՝ երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.
— Դու ճշմարիտ ես ասում, քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին։ Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգում։ Իմ կարծիքով՝ այս դիպակը անգնահատելի է։ Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր՝ ես խնայելու չէի։ Բայց գիտե՞ս ինչ կա, իմ կարծիքով՝ ոչ մի գործ կարող չէ իր գործողից ավելի զորավոր լինել։ Այսպե՞ս է, թե՞ ոչ։
— Թագուհին ո՛ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին։
— Եթե դու էլ գիտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ։ Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս և պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես իմ ամեն մի քաջ զորականին։ — Ողորմա՛ծ թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ՝ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից։
— Բայց դու, կարծեմ, ասացիր, թե՝ գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե՝ ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ի՛նքդ ես գործել տվել։
— Ողորմա՛ծ թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ…
— Սպասի՛ր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի՞։
— Ո՛չ, ողորմած տիրուհի, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է։