Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Անահիտ

Անահիտ

— Բայց գիտե՞ս, եթե ես ուզենամ՝ կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե՝ դու ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ի՞նչ գործի ես ծառայում։
— Ողորմա՛ծ թագուհի…
— Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելդ։ Ծառանե՛ր, բռնեցե՛ք այս մարդուն և ձգեցե՛ք մթին բանտի մեջ։
Վաչագանն իր ազատվելու մասին էլ ո՛չ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել՝ դարձավ դեպի Վաղինակը և ասաց.
— Եղբա՛յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովին քո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե՝ մենք հենց այսօր թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտե՞ս ինչ կա, Վաղինա՛կ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք՝ դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե՝ մեր աչքերը վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցե՛ք աչքներդ, մինչև քիչ-քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում։
— Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից[10], թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց, վարպե՛տ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չասել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ՝ շատ դադրած ու քրտնած։ Մոտակա գյուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ի՛նքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ, երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե՝ իր միտքը չար չէր, այլ, տեսնելով, որ հոգնած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գիտե՞ք արդյոք, գուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան տեսնելուց հետո է՛լ ուրիշ աղջիկ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք՝ նա՛ է, չեք ուզիլ՝ նա՛ է։ Թագավորը, ճարահատած՝ ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության, բայց աղջիկը չհոժարեց, թե՝ ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ։ Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո գործածիդ պես։ Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։
— Բայց դու ինձ ա՛յս ասա, եղբա՛յր Վաղինակ, պատճառն ի՞նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։
— Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում՝ երազի մեկնողը դու ես և, ների՛ր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ. դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը[11] և մեզ ամենիս փրկություն տալիս։ Եթե Աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։
— Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում՝ թագավորին ես ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ի՛նչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ[12] է գործում։ Բա էլ ո՛ր օրվան համար է ջուլհակ դառել։
— Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ… բայց չէ՜… ինչպե՞ս կարելի է, որ իմ Վաչագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։
— Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբա՛յր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է։ Իմ կարծիքով՝ թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ՝ գուցե ավելի դառն…
— Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպե՛տ եղբայր, բայց իմ կարծիքով՝ թագավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։
— Այդ մի՛ փորձանք է, եղբա՛յր Վաղինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի՞թե նա կարող է կարծել, թե՝ կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե՝ վաղն ի՛նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը առջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը երբ որ պատահում է մի վարար գետի՝ գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս։
— Եվ, իհարկե, նա ի՛նքը կլինի ազատած մեզ իր դիպակագործության շնորհիվ։ Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Բայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա՛ ինձ կտրական։
— Ո՛չ, ո՛չ, մի՛ հավատար. բայց հավատա՛ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՛ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա՛ց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան…
Անահիտը, երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը։ Ահագին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին։ Մի ժամ չանցած՝ բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես։ Ոչ ոք չէր իմանում, թե ի՛նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում։ Հանկարծ պատշգամբի վրա երևաց Անահիտը՝ ոտից մինչև գլուխ սպառազինված և, դեպի ժողովուրդը դառնալով, այսպես խոսեց.
«Ձեր թագավորի կյանքը վտանգի մեջ է։ Այս րոպեիս իմացա, թե ի՜նչ տեղ է ընկել։ Նա գնացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգսերն աչքովը տեսնի։ Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ։ Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ։ Ժամանակ չպետք է կորցնել։ Ով որ սիրում է իր թագավորին, ում համար թանկ է նրա կյանքը՝ շուտով ձիավորվի և գա իմ հետևից։ Մենք պետք է կեսօր չեղած հասնենք Պերոժ քաղաքը։ Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում։ Դե՜հ, գնացե՛ք և շուտով պատրաստվեցեք»։
Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը, գոչելով՝ կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, և մի ժամ չանցած՝ արդեն ամենքը զինված պատրաստ էին։ Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, թե՝ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով շրջապատեցին թագուհուն։
Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա արեգնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան։
Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գլուխը և, այս ու այն կողմ քշելով՝ հրամաններ արձակեց և, մի քանի րոպեի մեջ կարգավորելով ամբողջ այրուձին, գոչեց բարձրաձայն՝ «հառա՜ջ», և ինքն առաջ անցնելով ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ։ Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում։ Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ։ Կռապաշտ քաղաքացիք, նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով՝ խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։
— Ո՞ւր է ձեր քաղաքապետը,— գոչեց Անահիտը սպառնալից ձայնով։
Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top