Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ

Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ


Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ -վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլեւս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաեւ վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը եւ հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենեւին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից -«Անուշնե՛ր»,- հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին - եւ դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց:

Դառնության, այո՛, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի եւ, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երեւակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը եւ «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետեւանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը եւ այն էլ - զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր:

«Ծանոթացե՛ք, - ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.-Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր- Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.- ասիկա մեր «Պուլկարացին է»- ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը եւ ապա -«աս ալ մեր ընկ. Թափառականը»,- վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ եւ իրան՝ Մարանկոզ Նշանին -աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՛ղ, որովհետեւ շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի՛ր ու կարդա՛, ինչպես գիրքը, այո՝ վերցրո՛ւ ու կարդա՛: Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը -ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն:

Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, եւ՛ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,-հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: - «Նացիոնալ - դեմոկրատներ», - պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը:

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա՛հ-քա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին:

«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: «Իսկ մե՞նք,-- հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից - հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը:

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում:

Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ:

Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի՛շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները - թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

-Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն:-Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո՛չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփը:-Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում:

Եվ ահա - «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ... Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը - մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից - եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին:

...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» - ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին - եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը - բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին:

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի - այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ Գեներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե՛ք, մեր քա՛ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե՛ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»:

Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»:

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե՛ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին:

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ Գեներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք:

Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության:

Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու -որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին - եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, -Ավետյաց երկիրը - հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր -իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար - միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին...
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top