Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի՛ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին...»:
Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն եւ հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»:
Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը: Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, եւ արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներեւակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք»,- հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը -առաջ. անտեղի էր այդ ձայնը եւ անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով -նայեց դեպի ձայնը եւ Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր- Կարո Դարայանինը: Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ -Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսել»,-հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը:-«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,-պատասխանեց Դարայանը.-կարելի՞է»:-Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ»,-ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.-«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,-ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,- ասաց Դարայանը.-Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» եւ, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձեւակերպված այդ խոստումները- բառացի...»:
Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում -այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգեւորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց -բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞-հեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,-ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետեւելով՝ նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը եւ Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.-«Ներեցեք անարժանիս՝ ե՛ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,-հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.-«ծիծաղեցեք, բայց- լռել է՛լ է հարկավոր»,-ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր»,-բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,- եւ, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց:- «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,- օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,-ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն -տվեց արժանի պատասխանը.-«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն- թող ներե ինձ հարցասեր պարոնը- դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք,-ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.- չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքեւում ասացինք, ձայն առավ -երեւակայո՞ւմ եք -Կլուբի Մեյմունը,-այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը եւ- «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին»,-բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեց -հետաքրքիր չէ, ընթերցո՛ղ, որովհետեւ, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց: Բայց ոչ. մոռացա մի հանգամանք եւս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ -Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից եւս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միեւնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ-պրոֆեսոր Այսինչ-Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել եւ հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը:
Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ:
Պ. Մարուքեն եւԿարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները«, ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվել -գտել էր պուտուկը»,- ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր -վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,- իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը -«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս եւ որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում -ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.-աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»-ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ -«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,-հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.-ո՛չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը -այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել: Եվ եթե հարցնող լիներ -նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...»,-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում եւ միանգամայն «իրական« հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի եւ Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը եւ ապա Մազութի Համոն: Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը -Գարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը -երեւակայո՞ւմ եք -թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.-ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»- Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «Հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը եւ որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեւաց նրա գրասենյակում Մազութի Համոն եւ, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,-«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»-գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբեւիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբեւիցե իր աչքին երեւա: Եվ ահա -արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երեւաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերեւում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն -ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,- այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա՛ էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերեւում հիշելու -գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը...
Երեկոյան դեռեւս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո:
Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ եւ ձմեռայինը)-երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը եւս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երեւակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երեւի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սեւաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.-չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում...
Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն -Գեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր -Սեւաչյա Պրիմադոննայի կողմից,-բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ -Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները -ո՞րը թվեմ: Սպասում էին Գավառապետին եւ կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սեւաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը՝ Մազութի Համոն: Այդտեղ էր նաեւԱնգինա Բարսեղովնան՝ Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»- ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա՛ր, չա՛ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»-ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն:
Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել Գեներալ- պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երեւալու խնդրում -նա՛ եւս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը -բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը,-եւ նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց եւ այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու - բազմել էին... ծխականի վարժապետ - վարժուհիները. - Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին եւ պարծենում էր դրանով, - օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, - նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» - պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի եւս ոգեւորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» եւ արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն եւ սրանցից հետո-դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլեւայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, - ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների եւ աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, - ինչպես, երեւի, բոլոր քաղաքներում,- եւ հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք եւս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)-մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերեւս, Մեռելի Ենոքը եւ Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երեւի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առեւտրով -վակզալի մեյդանում:
Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սեւաչյա Պրիմադոննան եւ Մազութի Համոն... Մինչեւ նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն եւ դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ...
Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը -նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երեւացին՝ Մազութի Համոն - Գեներալ - պրոֆեսորի թեւը բռնած... «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներեւակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալ - պրոֆեսորը եւ Մազութի Համոն: Եվ ահա-թռավ, Գեներալ - պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սեւաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն եւ, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին:-Այսպիսի՛ ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալ - պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ - պրոֆեսորը խորապես հուզված: Գեներալ - պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո -մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թեւը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թեւին: «Ծընգ-ծընգ-ծընգ», - հնչեց Մազութի Համոյի -նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին եւ հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ - պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց եւ այնպես թեր եւ դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց եւ մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց -Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետեւից անծանոթ մի անձնավորություն եւ առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին եւ Կարո Դարայանին «մի վայրկյանով հետեւել իրեն՝ դուրս գալ դահլիճից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետեւեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն -դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո եւս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը եւ,-մինչ արդեն, ոգեւորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը,-թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետեւում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետեւից Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Գնում էին -այո՛, այդ նրանք հասկացել էին արդեն -անծանոթ անձնավորության հետեւից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն...
Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ - պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման -տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը:
Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ - պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.- Գեներալ - պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.-նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թեւը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն -նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի եւ բարձրահասակ սպայի մեղմ հպված թեւերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի: