Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում:
Խավարն է խրտնում բարձրության ահից,
Խորության ահից աստղերն են քրտնում։
Լեռներդ կանգնել սարահարթերին,
Իրարից ամպ ու ստվեր են խլում,
Եվ որձաքարե սաղավարտներին
Հավիտենության աստղեր են կրում։
Ցուրտ ամպրոպների շնչին են խառնում
Աշխարհաստեղծման թեժությունը դեռ —
Եվ կայծակների թառեր են դառնում
Ապառաժներիդ եղջյուրները կեո։
Կիրճերիդ խորքում անանցանելի՝
Զրվեժ են դառնում, փրփուր ու ավազ—
Նախապատմական քարանձավների
Խորհուրդը պղտոր ու քրտինքը պարզ։
Քո կիրճերից ջուր խմելու համար
Ամպերը յոթ սև քրտինք են թափում,
Եվ ընկուզենու արմատը համառ
Յոթ յոթգլխանի ժայռ է շաղափում։
Լցվել եմ քեզնով ու երգ եմ ասում...
Բայց ոչ լեռներիդ բարձունքն անառիկ,
Ոչ էլ կիրճերիդ հատակն է հասնում
Իմ ծղրիդային երգը միօրիկ։