Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը...
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները: