Չուներ հավասարը —
Հարգանքը մեծ ու սիրտը մեծ
Աղոթարան սարը:
Չգիտեիր ո՞վ էր թռչում —
Դո՞ւ, թե ճանապարհը,
Երբ զարթնում էր ու չէր ննջում
Աղոթարան սարը:
Հավք ուզեիր, նա քեզ կտար
Մեկի տեղ հազարը,
Հավքի բույն էր փեշից–կատար
Աղոթարան սարը:
Ծաղիկ ասես, ծաղիկներով
Կպահեր աշխարհը...
Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը:
Հյուրը հանկարծ ծարավ մնար,
Իզուր չէր հուսալը,
Սրտից աղբյուր կհաներ նա՝
Աղոթարան սարը:
Մտածե՞լ ես դու երբևէ,
Թե ի՞նչն է պատճառը,
Որ դարձել է բախտիդ բևեռ
Աղոթարան սարը:
Ինչի՞ց է, որ չի սպառվում
Երգի քո պաշարը,—
Լոկ նա գիտե այս աշխարհում —
Աղոթարան սարը:
Նրանից է սնունդ առնում
Քո երգերի ծառը...
Բայց դու արդեն չես բարձրանում
Աղոթարան սարը:
Սարսռում է ինչ-որ ձորում
Գերեզմանիդ քարը,
Նայում, գլուխն է օրորում
Աղոթարան սարը:
Տարին օր է, օրը՝ տարի,
Դու տես գլխիդ ճարը,
Էլ կածանը քեզ չի տանի
Աղոթարան սարը: