Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Համո Սահյան

Համո Սահյան
Սահյան Համո
1914 թ., գ. Լոր 
(այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)
1993 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն
սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:

Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝ «Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:
Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին, սակայն նա ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանում» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.) ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է խորացրել իր նախասիրությունները, հարստացրել ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական արվեստը:
Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), «Տոհմի կանչը» (1981 թ.), «Դաղձի ծաղիկ» (1986 թ.), «Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու) ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը:
Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանց («Օրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն), բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ («Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն):
Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն.

Հայաստա՜ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծառի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ թեքված մի սյուն եմ հիշում:
Սահյանի խորապես ազգային պոեզիայի մեջ, սակայն, հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ, այն նաև մարդու ներսում է, նրա աշխարհընկալման ձևի ու եղանակի մեջ՝ «Ախր ես ինչպե՛ս...», «Գարունդ հայերեն է գալիս», «Հայաստան ասելիս» և այլն.

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես...
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է...
Կմնամ, կլինեմ այսպես:
Բանաստեղծի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին բանաստեղծությունները («Կանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ («Չես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):
Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող խնդիրներն արտահայտել է այլաբանական և փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից:
Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից:
Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:
Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top