Զատիկին սիրով ու սպասումով են պատրաստվում: Այն մեծ խորհուրդ ունի, վերածնունդ խորհրդանշող այս տոնը նաև մարդու հոգեկան վերածնունդ է խորհրդանշում: Իսկ խոհանոցում տոնական ուտեստներին նախորդում են պասուց ուտելիքները: Զատկի սեղանի ամենակարևոր բաղադրիչն է ներկված ձուն: Թեև իրականում ձվերը պետք է ներկել կարմիր`որպես Հիսուսի թափած արյան խորհրդանիշ, բայց մեզանում ներկերի ու զարդարանքների բազում տարբերակներ են ընդունված: Բացի ավանդական ձևով`սոխի կճեպով, սուրճով, զաֆրանով ներկած ձվերից կարելի է նաև այլ եղանակով զարդարած ձվեր դնել սեղանին: Արդեն խաշած ձուն կարելի է զարդարել սովորական գուաշով: Կարելի է պատկերել խաչ, բարեմաղթանք գրել, զարկ տալ երևակայությանը: Կարելի է ձուն զարդարել ժապավենով, փետուրներով, գույնզգույն թելերով: