Անտառի մեջ արին ժողով։
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասաց. – Լսե՛ք, մեծ ու պստիկ,
Շունը հաչե,
Քամին փչե,
Ամպը գոռա,
Մուկը ճռռա,
Մեր էս ցեղը
Հա կդողա։
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք, գնանք, լցվենք մի գետ…
Շլդիկները՝ ոչ այս, ոչ այն,
Ելան, ընկան մահի ճամփան։
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էս գորտերը մեծ ու պստիկ
Խառնիխուռը
Ընկան ջուրը։
Իսկույն այստեղ մի այլ շլդիկ.
– Դարձե՛ք, – կանչեց, – պապիս որդիք,
Էլ մի կախեք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը։