ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՍՈՒՐԵՆ
ՍՈՒՐԵՆ – (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել: Հանգիստ չեմ: Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ: Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք ասեք` քնել չեմ կարողանում; Այո սիրելի, Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է: Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես փող չունիմ:
ՍՈՒՐԵՆ – Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել:
ՍՈՒՐԵՆ – Ահա թե ինչ: Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչիս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ կա:
ՍՈՒՐԵՆ – Այդ էլ ճիշտ է: Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր: Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել: Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ: Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել: Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է: Ախ, Մարգարիտ, կյանքը շատ տխմար բան է: (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում:
ՍՈՒՐԵՆ – Քի՞չ է: Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և շուտ ձանձրանում: Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ: (Հանում է գրպանից ռևոլվերը): Այ, տես, մի հարված, և Ռուբիկոնն անցա:
ՄԱՐԳԱՐԻՏ – Թող, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել:
ՍՈՒՐԵՆ – Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ: (Ցույց է տալիս) Այ, այսպես է տրաքում, պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:
ՄԱՐԳԱՐԻՏ – Տուր ինձ: Մի պահիր մոտդ, վտանգավոր է:
ՍՈՒՐԵՆ – Ես հենց ինքս ուզում էի դեն գցել: (Տալիս է) Վերցրու, հրաժարիմք ի սատանայե: (Լռություն): Ուրեմն չունի՞ս:
ՄԱՐԳԱՐԻՏ – Չունիմ: (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):
ՍՈՒՐԵՆ – (Լռություն): Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլխով բացասական նշան է անում):
ՍՈՒՐԵՆ – Ցավալի է, շատ ցավալի: Կնշանակի` այսօր Առլովային չպիտի տեսնեմ: Այդ անկարելի է, ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին: (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա, մտածում: Լռություն, հանկարծ ձեռքը զարկում է ճակատին): Էվրիկա, Էդիսոն եմ, էդիսոն: Ո՞րտեղ է Ռոզալիան:
ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակում:
ՍՈՒՐԵՆ – Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի դուռը):
ՄԱՐԳԱՐԻՏ – Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն:
ՍՈՒՐԵՆ – (Կանգ է առնում): Ա, այդ դատարկ բան է: Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է միայն չար: Կհաշտվենք, դժվար չէ: Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը իսկույն կկակղի:
(Երգելով անցնում է օրիորդների սենյակը)
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ
ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը: (Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը:
ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ:
ՕԹԱՐՅԱՆ – Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն: Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի: Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Որքան բարի ես դու և վեհանձն, Արտաշես:
ՕԹԱՐՅԱՆ – Միայն քո սիրո համար: (Համբուրում է):
ՄԱՐԳԱՐԻՏ – Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար գրավական լինի:
ՕԹԱՐՅԱՆ – Բավական է այդքան: Ցտեսություն:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ցտեսություն: (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դուռը):
ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ):
ՄԱՐԳԱՐԻՏ – (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):
ԱՆԴՐԵԱՍ – (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է: Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և մեղավորը:
ԱՆԴՐԵԱՍ – Ապրիս զավակս: Քննիր և տես: (Համբուրում է ճակատը): (Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):
Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-որ թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ:
Միաժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյուն: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ԲԱԳՐԱՏ
ԲԱԳՐԱՏ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին: Երեկոները ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում:
ԲԱԳՐԱՏ – Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական սիրահար: Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը: (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի կոճակը): Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս:
ՄԱՐԳԱՐԻՏ – Բավական է: (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում: Նկատում է Բագրատի պատրաստությունը): Այդ ո՞ւր ես պատրաստվում:
ԲԱԳՐԱՏ – (Կանգնելով հայելու առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգիաների երեկույթ: Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ: Ռոզալիան պատրաստվում է: Դու այնտեղ կտեսնեն տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ ընտիր:
ԲԱԳՐԱՏ – Երեկույթում միայն ինժեներներ են լինելու: Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին:
ԲԱԳՐԱՏ – Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են: Կգա՞ս, թե չէ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու:
ԲԱԳՐԱՏ – Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը – տրամադրություն: Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան: Ահ, այս անիծվածը չի կապվում:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Մոտենում է, օգնում փողկապը կապելու) Քեզ համար հեշտ է այդ ասել: Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:
ԲԱԳՐԱՏ – Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության: Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ: (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը): Շնորհակալ եմ: (Նայելով եղունգներին): Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է: Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Կկամենայի ես էլ ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն: Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից: Բայց, ինչ արած, չեմ կարող: (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին):
ԲԱԳՐԱՏ – (Հեգնաբար): Սիրահարված ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավական է, Մարգարիտ: Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավական է: Թող երեխայությունդ: Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ:
ԲԱԳՐԱՏ – Դու համոզվա՞ծ ես:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ:
ԲԱԳՐԱՏ – Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել: Տխմար սիրո զգացումը հարբեցրել է քեզ: Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինձ համար այսուհետև միևնույն է: Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ:
ԲԱԳՐԱՏ – Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված: Մարգարիտ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումենտները: Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա ճշմարտություն է: Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել: (Ընկճված անցուդարձ է անում: Լռություն):
ԲԱԳՐԱՏ – (Շփոթված, չգիտե ինչ անե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր: Որտե՞ղ են այժմ այդ գրավոր ապացույցները:
ՄԱՐԳԱՐԻՏ – Այնտեղ, իմ սենյակում, գրասեղանիս մեջ:
ԲԱԳՐԱՏ – Խոսե՞լ ես հայրիկի հետ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Այո:
ԲԱԳՐԱՏ – Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը: Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե չկարողացավ: Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ:
ԲԱԳՐԱՏ – Ա, ինչ պարահանդես: Ես ամեն ինչ մոռացա: Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է սնանկություն:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը: Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից:
ԲԱԳՐԱՏ – Նա կկամենա թե անպատվել և թե սնանկացնել մեզ: Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ: Ցույց տուր ինձ: Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորհրդավոր և եռանդով): Բայց զգույշ, նրանց ապահովությունը պատվովս եմ երաշխավորել:
ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Գնանք: Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները սկսել: Գնում են խորքի ձախ դռներով, այն է` օրիորդների սենյակները:
ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ
Գալիս են նախասենյակից
ԱՆԴՐԵԱՍ – Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է: Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ: Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են: Էհ, ասում էի, կնիկ է, խելքը բան չի կտրիլ: Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են: Բայց այդ մեկը հիմարներից չի եղել, պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի: Նա չի խնդրում, Սաղաթել, այլ, հոգեհանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան կարողությանս կեսը:
ՍԱՂԱԹԵԼ – Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը:
ԱՆԴՐԵԱՍ– Տեսա, բաս չէ՞: Նա ցույց տվեց մոր մոտ: Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ:
ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը:
ԱՆԴՐԵԱՍ – Օ, քույրդ Աստծու պատիժն է իմ գլխին: Ինձ պաշտպանելու տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ: Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան: Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց: Նա փաթաթվեց մոր վզին: Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց լինում: Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ: Եվ հետո, երբ ուշքի եկավ, ինչ խոսքեր, Տեր Աստված, ինչ լեզու: Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի անազնվություն է: Ումի՞ց է սովորել այդ բաները:
ՍԱՂԱԹԵԼ – Ո՞ւմից: Իհարկե, հենց այդ լակոտից: Դե Աստված գիտե էլի ինչեր սովորացրած կլինի:
ԱՆԴՐԵԱՍ – Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար – չէր մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ: Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):
ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս... ես քեզ կհամարեմ հիմարի մեկը...
ԱՆԴՐԵԱՍ – Մնում էր մի բան, այն էլ փորձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում: Էլ դրանից լավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տուր ինձ թղթերը:
ՍԱՂԱԹԵԼ – Հը՞, դրա՞ն ինչ ասաց:
ԱՆԴՐԵԱՍ – Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ: Քանի որ դու ընկերոջդ գերեզնամի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու. «Հայրդ կողոպտել է հորս»: Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց:
ՍԱՂԱԹԵԼ – Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:
ԱՆԴՐԵԱՍ – Ախ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը: Երեկ, երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը` Ավետարանի խոսքերը բերանում:
ՍԱՂԱԹԵԼ – Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է: Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք:
ԱՆԴՐԵԱՍ – Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ այդ լակոտից:
ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի անես: Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը: Արա այն, ինչ որ վճռել ես անելու:
ԱՆԴՐԵԱՍ – Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա: Ես հենց դրա համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին:
ՍԱՂԱԹԵԼ – Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի:
ԱՆԴՐԵԱՍ – Սուս, ոտների ձայն եմ լսում: Գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):
ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ
Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից:
ԲԱԳՐԱՏ – (Հուզվում է) Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է:
ՌՈԶԱԼԻԱ – (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում: Ինչ ասել կուզիս երևելի սիրահարական նամակներ են – պայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի: (Մոտենում է հայելուն և դիտում իրան):
ԲԱԳՐԱՏ – (Մտազբաղ, ձեռքերը մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը): Ասա, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ:
ԲԱԳՐԱՏ – Ինչո՞ւ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան:
ԲԱԳՐԱՏ – Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա:
ԲԱԳՐԱՏ – (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես...
ԲԱԳՐԱՏ – (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ... Ամաչիր կրծքիդ նշանից, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ – (Գրգռվելով) Էհ, թող այդ դատարկ ֆրազները, ի սեր Աստծո: Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր: Բայց մենք ասպետների դարում չենք ապրում:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը:
ԲԱԳՐԱՏ – Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր գաղափարն ունի: Էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ իմ գործարանից: Իսկ այդ կնշանակե` ծովը նետել իմ բոլոր ծրագրերը: Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և բախտավորությանը: Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը – կապիտալը:
ՌՈԶԱԼԻԱ – Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել: Ես քեզ հասկանում եմ, Բագրատ:
ՄԱՐԳԱՐԻՏ – Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ:
ԲԱԳՐԱՏ – Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն: Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է:
ՄԱՐԳԱՐԻՏ – Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը:
ԲԱԳՐԱՏ – Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին դառնությամբ) Բագրատ:
ԲԱԳՐԱՏ – Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ: Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում: Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով: Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին սրտմտությամբ) Այսինքն` ավելի շահամոլ, քան ազնի՞վ: Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել: Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը: Եվ ինչո՞ւ: Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ, զուգվինք - զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք: Ոչ, ոչ, ես չեմ կարող և չեմ ուզում անել այդ: (Անցնում է դեպի ձախ):
ՌՈԶԱԼԻԱ – (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ինչ քաջն ես եղել: Ես չգիտեի, դու կատարյալ հերոսուհի ես:
ԲԱԳՐԱՏ – (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց մի հափշտակվիր: Մտածիր, ինչ մթնոլորտում ենք ապրում: Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար:
ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներից (Բագրատին): Զուր ես աշխատում նրան բան հասկացնել: Նրա վրա միայն ուժը կարող է ազդել: Խլիր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Երևում է սեղանատան դռների մեջ):
ԲԱԳՐԱՏ – (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի հանձնիր: Սպասիր մի քանի օր, միասին կխորհրդակցենք: Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել:
ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա մեր մայրը, թողեք տեսնենք, նա ինչ է ասում:
ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ, ՌՈԶԱԼԻԱ, ԵՐԱՆՈՒՀԻ, հետո ԶԱՐՈՒՀԻ
ԵՐԱՆՈՒՀԻ – (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, Աստծուն է հայտնի ինչ տանջանքներով: Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին: Ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել, խոսքս կտրել է գոռոցով: Լռել եմ ու կրակս ներսումս պահել:
ՄԱՐԳԱՐԻՏ – Լսո՞ւմ եք:
ԲԱԳՐԱՏ – Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին ծախել է սադայելին: Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված: Նա ասում էր. «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»: Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ:
ԲԱԳՐԱՏ – (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում:
ԵՐԱՆՈՒՀԻ – Ախ մի խոսիր եղբորս պես, մեղք է: Մենք ամենքս պարտական ենք ահեղ դատաստանի առաջ: Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար ճանապարհից: Ես դողում եմ սարսափից:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ: Հանգստացիր: Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Ձեռքով հուսահատական շարժում է անում): Էհ, որ մեկը...
ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են:
ԲԱԳՐԱՏ – Ահ, այդ երեկույթն էր: Ես մոռացա, որ կարգադրիչ եմ:
ՌՈԶԱԼԻԱ – Դե, գնանք, շատ ուշացանք:
ԲԱԳՐԱՏ – (Մոտենում է Մարգարիտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես:
ՄԱՐԳԱՐԻՏ – (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին): Մայրիկ, ինչ լավ սիրտ ունես:
ԵՐԱՆՈՒՀԻ – (Շոյելով նրա գլուխը): Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը: Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար: (Համբուրում է):
ԲԱԳՐԱՏ – Ատելով ատում եմ այդ տեսակ սենտիմենտալ տեսարանները: (Դուրս է գալիս նախասենյակի դռներով):
ՌՈԶԱԼԻԱ – Պսիխոպատկա (Հետևում է եղբորը):
ԶԱՐՈՒՀԻ – (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ):