Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Պատվի համար

Պատվի համար

ԱՆԴՐԵԱՍ – Լաց, էլի արտասուք: Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք: Հերիք է, հեռացիր, ես ատելով ատում եմ արտասուքը: Անդրեաս Էլիզբարովի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեցեք:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը):

ԵՐԱՆՈՒՀԻ – Ինչպես սիրտ արաիր նրան վիրավորելու: Նա Աստծու գառն է:

ԱՆԴՐԵԱՍ – Աստծու գառը, հորդ պես: Ես ատելով ատում եմ Աստծու գառներին: Տվեք ինձ սադայելին, ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվեմ, քան Աստծու գառների հետ: Գնացեք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել: Գոնե դուք խնայեցեք ինձ: Դեհ, կորեք, հայդա: (Նստում է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա):

ԵՐԱՆՈՒՀԻ – } Անցնում են սեղանատուն

ԲԱԳՐԱՏ – }

ՌՈԶԱԼԻԱ – } (Մնում է բեմի վրա):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ – (Նստած է խորին մտածողության մեջ և տանջվում է):

ՌՈԶԱԼԻԱ – (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):

ԱՆԴՐԵԱՍ – (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանին): Ահ...

ՌՈԶԱԼԻԱ – Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:

ԱՆԴՐԵԱՍ – (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ:

ՌՈԶԱԼԻԱ – Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և քո զավակներին:

ԱՆԴՐԵԱՍ – (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունեմ: (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով): Բան ունի՞ս ասելու:

ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում:

ԱՆԴՐԵԱՍ – Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ:

ՌՈԶԱԼԻԱ – Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի:

ԱՆԴՐԵԱՍ – (Հետաքրքրված) Ա՞, ի՞նչ, պարզ ասա:

ՌՈԶԱԼԻԱ – Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա:

ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ, սիրահարվա՞ծ: Ո՞վ ասաց քեզ:

ՌՈԶԱԼԻԱ – Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:

ԱՆԴՐԵԱՍ – Հետո՞: Նա էլ սիրում է Մարգարիտին:

ՌՈԶԱԼԻԱ – Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի:

ԱՆԴՐԵԱՍ – (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից): Ասում ես, ինքը, Մարգարի՞տը խոստովանեց:

ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ: Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունեն դրսերում: Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այդ մասին: Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից: Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է: Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու:

ԱՆԴՐԵԱՍ – (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե: Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր: Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ – Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա: Հիմար է, չի հասկանում:

ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Գնա, նրան կանչիր այստեղ:

ՌՈԶԱԼԻԱ – (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ: (Գնում է խորքի ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 7

ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ – Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով իր միտքն արտահայտվելով:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):

ՌՈԶԱԼԻԱ – (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատուն, դռները ծածկելով):

ԱՆԴՐԵԱՍ – Առաջ եկ, լալկան աղջիկ: Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է: Հե՞, բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք: Հայրս վզակոթիս որ տալիս էր - աչքերիցս պեծեր էին թռչում; Դե լավ, բաց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ:

ԱՆԴՐԵԱՍ – Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք: (Մոտենում է ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ: Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է հորը): Անկեղծ...

ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես զարմանում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում: Դու երբեք ինչ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության:

ԱՆԴՐԵԱՍ – Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու: Բայց դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:

ԱՆԴՐԵԱՍ – (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ:

ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր: Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ...

ԱՆԴՐԵԱՍ – Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ. թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):

ԱՆԴՐԵԱՍ – Լավ, մի ամաչիր: Բոլորը հայտնի է ինձ: Մի վախենար, չեմ բարկանում: Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը: Նա իմ բարերարությունները մոռանում է: Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է:

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով): Այո՞, սխալվա՞ծ է քո մասին:

ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ...

ԱՆԴՐԵԱՍ – Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերո՞վ, թե փաստերով:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից:

ԱՆԴՐԵԱՍ – Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հա՞: (Կեղծ վշտանալով) Ամոթ քեզ, Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտահար և ամոթահար) Հայր...

ԱՆԴՐԵԱՍ – (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թող ինձ, ես ինչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ: Թող ինձ, գնա նրա հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ: Ոչինչ, ցեխի կտոր:

ՄԱՐԳԱՐԻՏ – Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ եզրակացություն անելու: Ներիր ինձ, աղաչում եմ:

ԱՆԴՐԵԱՍ – Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրու, ես կքավեմ իմ մեղքերը:

ԱՆԴՐԵԱՍ – Այ ինչպես: Լսիր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ: Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 8

ՍՈՒՐԵՆ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ

ՍՈՒՐԵՆ – Այո, քեռի, երևակայել չես կարող ինչքան ծիծաղելի էր: Աբուլովտ, քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ: Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում:

ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել - այդ ի՞նչ պարծենալու բան է:

ՍՈՒՐԵՆ – (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել: Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը պատրաստ է: Հյուրերը սպասում են...

ՍԱՂԱԹԵԼ –Ամոթ չլինի հարցնել – ի՞նչ հյուրեր:

ՍՈՒՐԵՆ – Ինձ նման դարդիմանները: Մեզ ծափահարում են: Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը – կեսն իմ նվիրածն է: Առլովան հիացած է նվերներից: Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետո ինչ քեֆ, ինչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են Առլովայի կենացը, հետո իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի ոտը: Նա ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորությունն անասելի է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի: Այ շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին: (Ձեռքը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար...

ՍԱՂԱԹԵԼ – Գնա բանիդ: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:

ՍՈՒՐԵՆ – Հավանաբար, ոչինչ, դատարկ բան – վեց հարյուր ռուբլի:

ՍԱՂԱԹԵԼ – (Զարմանալուց հետ թռչելով) Փահ, քո տունը չքանդվի, օղուլ...

ՍՈՒՐԵՆ – Կծեց, հա՞:

ՍԱՂԱԹԵԼ – Վեց հարյուր մանեթ, մի գիշերում: Դե լավ, ամոթ չլինի հարցնելը - ե՞րբ ես վեքսելներս այնա անելու:

ՍՈՒՐԵՆ – Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ:

ՍԱՂԱԹԵԼ – Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն:

ՍՈՒՐԵՆ – Այո, ի՞նչ արած:

ՍԱՂԱԹԵԼ – Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել:

ՍՈՒՐԵՆ – Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել: Տալիս ես 300, ստանում ես երկու հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռություն): Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել: Տրամադրությունս փչացավ: Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան: (Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան:

ՏԵՍԻԼ 9

ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ ԵՎ ԲԱԳՐԱՏ

Դուրս են գալիս սեղանատնից:

ԵՐԱՆՈՒՀԻ –Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա:

ՍԱՂԱԹԵԼ – (Անմիջապես անցնում է սեղանատուն):

ԵՐԱՆՈՒՀԻ – (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է, դու, երևի, կուշտ ես:

ՍՈՒՐԵՆ – Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի:

ԵՐԱՆՈՒՀԻ – Որտեղ էիր ամբողջ գիշեր:

ՍՈՒՐԵՆ – Աստղագիտությամբ էի զբաղված, մամա: Այժմ աստղերն երկնքից իջել են օպերետային թատրոն:

ԲԱԳՐԱՏ – Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ: Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի վարձը և ծախսել:

ՍՈՒՐԵՆ – Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես դու:

ԲԱԳՐԱՏ – Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը:

ՍՈՒՐԵՆ – Դեռ հարց է, ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր: Ես կեղտը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես: Էհ, բերանս բաց մի անեք, թե չէ - լեզուս չար է:

ՌՈԶԱԼԻԱ – Գիտեմ, ինչ է քո չար լեզուն: Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ:

ՍՈՒՐԵՆ – Իսկ այսօր կանվանեմ մարքիզուհի Դալլաքյան, ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել կարեթում: Ուղղակի ծիծաղելի էր: Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել: Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում: Հե, դալլաք Էլիզբարի թոռն: Թողեք, Աստված սիրեք, ամենքդ ինձ համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Դուրս է գալիս հոր սենյակից:

ՍՈՒՐԵՆ – Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է: (Ցույց է տալիս Մարգարիտին):

ՏԵՍԻԼ 10

ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ

ՌՈԶԱԼԻԱ – Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է:

ՍՈՒՐԵՆ – (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն:

ՌՈԶԱԼԻԱ – Մայրիկ զսպիր նրան: Նա ինձ վիրավորում է: (Սուրենին): Սուտ է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից:

ՍՈՒՐԵՆ – Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին: Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր: Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր: Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխանակություն կա: (Դադար) Որտե՞ղ է Հայրիկը:

ԲԱԳՐԱՏ – Քո բանը չէ:

ՍՈՒՐԵՆ – Հե, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ, գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կրծոտում:

ԲԱԳՐԱՏ – Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել:

ՌՈԶԱԼԻԱ – Նա հարբած է, չարժե հետը խոսել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Գժվել է:

ՍՈՒՐԵՆ – Էհ՞, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում: Ամբողջ քաղաքն է խոսում: Պետք է բամբասանքներին վերջ տալ: Երկուսից մեկ – կամ Օթարյանը ճշմարիտ է ասում, կամ զրպարտում է: Եթե զրպարտում է, պետք է պատժել: (Բագրատին) Աա՞, վախենու՞ւմ ես, դողո՞մ ես, դատարանո՞վ ես սպառնում:

ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս:

ՍՈՒՐԵՆ – Ձայնդ կտրիր, շուն: (Հարձակվում է վրեն):

ԵՐԱՆՈՒՀԻ – (Ընկնում է որդիների մեջ): Աման, Տեր Աստված:

ՄԱՐԳԱՐԻՏ – Աստված իմ, և սա ընտանիք է...

ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով): Այդ ի՞նչ աղմուկ է: (Նկատելով Սուրենին): Ա, այդ դո՞ւ ես անառակ զավակ: Ես քեզ կխեղդեմ շան պես: (Հարձակվում է վրեն):

ՍԱՂԱԹԵԼ – (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած): Հանգստացիր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):

ԱՆԴՐԵԱՍ – Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս...

ՄԱՐԳԱՐԻՏ – (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում):

ԱՆԴՐԵԱՍ – Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին: (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվեք դուք...

ՌՈԶԱԼԻԱ – (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հիմա էլ դուք: Այս ի՞նչ տուն է, Տեր Աստված:

ՌՈԶԱԼԻԱ – Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ: (Ուզում է գնալ իր սենյակը, բայց Օթարյանին տեսնելով, կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 11

ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ

ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակի դռնից ուրախ դեմքով): Բարով ձեզ, մայրիկ: (Ձեռքը համբուրում է) Օրիորդ Ռոզալիա, բարով: (Ուզում է ձեռք տալ):

ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն:

ՕԹԱՐՅԱՆ – (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում:

ՌՈԶԱԼԻԱ –(Կծու ծիծաղով): Սիրահարներ: (Անցնում է իր սենյակը):

ՏԵՍԻԼ 12

ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ – (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և մեքենայաբար սեղմում Մարգարիտի ձեռքը): Չեմ իմացել ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը:

ԵՐԱՆՈՒՀԻ – (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ, որդի, մի նեղանար: Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց: Ռոզալիան վշտացած է:

ՕԹԱՐՅԱՆ – Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, ուշադրություն մի դարձրու, երեխա է, չի հասկանում: Նստիր, ինչպե՞ս է մայրդ:

ՕԹԱՐՅԱՆ – (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շատ...

ՕԹԱՐՅԱՆ – Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակասիլ: Դուք բարձր եք բոլոր վեճերից:

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, օրհնյալ լինես: Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան Աստծուն:

ԶԱՐՈՒՀԻ – (Գալիս է օրիորդների սենյակից` սեղանատուն անցնելու): Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է: (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը` ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):

ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց: (Շտապով գնում է օրիորդների սենյակը):

ՏԵՍԻԼ 13

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ – (Անհամբեր մոտենալով Մարգարիտին) Ի՞նչ է պատահել այստեղ, ասա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Սովորական խռովություն: Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին:

ՕԹԱՐՅԱՆ – Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ հայրդ ինձ անպատվեց:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել: Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա: (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն): Ինչպե՞ս է:

ԶԱՐՈՒՀԻ – Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ – Թողենք այդ: Ավելի կարևոր գործ կա: Հայրս ուղարկել է քեզ կանչելու:

ՕԹԱՐՅԱՆ – Այո: Ո՞ւր է նա:

ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակումն է, հանգստանում է: Նստիր: Եթե կամենաս, իսկապես ինձ ես հարկավոր: Նստիր: (Նստում է աջ կողմի բազկաթոռի վրա): Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել: Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ: Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից: Երկուսից մեկը – կամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է:

ՕԹԱՐՅԱՆ – Լսիր, Մարգարիտ: Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ նշանակություն ունի: Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, միթե ես քեզ նոր եմ ճանաչում: Բայց, հասկացիր, քո և իմ հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում:

ՕԹԱՐՅԱՆ – Սիրելի, անգին Մարգարիտ, մի պղտորիր հոգիդ մռայլ մտքերով: Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ:

ՕԹԱՐՅԱՆ – Նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում: Նա ինձ ստորացրել է տեղի և անտեղի: Նա ինձ մի քանի անգամ անվանել է ձրիակեր: Ես ուզում եմ ազատվել մուրացկանի վիրավորական դրությունից: Ուզում եմ արժանանալ քո սիրուն: Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Բայց ե՞ս ինչ անեմ: Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս: Այսօր նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել: Չեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար: Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը:

ՕԹԱՐՅԱՆ – Եվ դու ուզում ես ստուգե՞լ: Հասկանում եմ: Քո մեջ կռվում են երկու հավասար զգացումներ – հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հենց այդ է ճիշտը, ինչ լավ զգացել ես իմ դրությունը:

ՕԹԱՐՅԱՆ – Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Այո, այո դուրս բեր:

ՕԹԱՐՅԱՆ – Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել:

ՕԹԱՐՅԱՆ – Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարան դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը:

ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ: Եվ հավատա, ես կլինեմ արդար դատավոր:

ՕԹԱՐՅԱՆ – (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:

ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ...

ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, տուր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար – չես ընկճվիլ նրա դառնությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ – Մի առաջարկիր ինձ ոչ մի պայման: Դու ինքդ ես ինձ սովորեցրել ճշմարտությունը ամեն բանից գերադասել: Բեր այդ թղթերը, ես ուզում եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից: Եվ չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի արդարությունը – ինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր որ բացվի – իմ և հորս մեջ, թե իմ և քո մեջ - ես եմ գլորվելու այնտեղ: Բեր այդ թղթերը, ես պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով:

ՕԹԱՐՅԱՆ – (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ լավ, ես կբերեմ: (Վեր է կենում):

ՄԱՐԳԱՐԻՏ – Հենց այսօր:

ՕԹԱՐՅԱՆ – Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ: (Գնում է նախասենյակի դռներով):

ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը):

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top