ԱՐՄԵնՈՒՀԻ. (Խանդագին համբուրելով Սամսոնին): Գնա՛, ես քեզ կսպասեմ ինչպես սիրահար: ՏԵՍԻԼ 7
ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՄԵԼԱՆԻԱ
ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով՝ դատարկ սկուտեղը ձեռքին և ուզում է սեղանի վրա գտնվող դատարկ գավաթները ժողովել):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մելանիա, տես Արմենակը զարթնե՞լ է: (Մոտենում է դաշնամուրին և մի քանի ուրախ ակորդներ վերցնում):
ՄԵԼԱՆԻԱ. (Սկուտեղը դնելով սեղանի վրա, շտապով անցնում է աջ կողմի երկրորդ դռները և իսկույն ետ է գալիս): Զարթնել է: (Դատարկ գավաթները ժողովում է):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դայակն այնտե՞ղ է:
ՄԵԼԱՆԻԱ. Այո՛: (Սկուտեղը գավաթների հետ տանում է ձախ կողմի առաջին դռներով):
ԱՐՄԵՆՈՒՀի. (Գնում է աջ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 8
ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԷՓԱՆ
ՍՏԵՓԱՆ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Զարմանալի հայր եք. կարծես, դուք ձեր միակ զավակի թշնամին եք:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է Ստեփանի հետ նույն դռներով: Միշտ հուզված): Դուք դատում եք ինչպես բժիշկ, որ վախենում է հիվանդին հայտնել նրա վտանգավոր կացությունը, բայց ես բժիշկ չեմ, այլ զինվորական, ես սովոր եմ վտանգների դեմ կանգնել ճակատ ճակատի:
ՍՏԵՓԱՆ. Ընտանեկան կյանքը պատերազմի դաշտ չէ, բարեկամ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Գիտեմ, բայց ես էլ Միդաս թագավորի սափրիչը չեմ, որը ճշմարտության լծից ազատվելու համար մի փոս էր Փորել, և ամեն օր, գլուխը նրա մեջ մտցնելով, ասում էր. «Տերս իշի ականջներ ունի»: Ո՛չ, ո՛չ, իմ աղջիկը պետք է լսի ճշմարտությունը:
ՍՏԵՓԱՆ. Եվ դուք կարծում եք դրանով կբարվոքվի՞ նրա վիճակը:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չգիտեմ, բայց նախ և առաջ ճշմարտությունը: Արմենուհին արդեն կասկածում է և մի քանի անգամ փորձել է ինձնից խոսք քաշել: Այժմ, երբ արդեն համոզված եմ, չեմ թույլ տալ այլևս, որ իմ ազջիկը ամենուրեք ծաղրի առարկա դառնա: Ա՛հ, մի քանի րոպե առաջ քիչ էր մնում լրբին ապտակ տայի լուսամուտիդ՝ Վառլամյանի ներկայությամբ: (Ծխախոտ է վառում):
ՍՏԵՓԱՆ. Փորձանքի եք ենթարկում ձեր աղջկան, գնդապետ, մի՛ արեք:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ա՜ա, մանկությունից է նա սովորել փորձանքներին նայել համարձակ: Հինգ տարեկան էր նա, երբ մի օր կառքով հանգուցյալի հետ Ղուսար էինք գնում: Ավազակները հարձակվեցին մեզ վրա, կառքը պահեցին: Ես հրացանս առա, հանգուցյալը ռևոլվերս, իսկ Արմենուհին ոտքի կանգնեց կառքի մեջ համարձակ: Օհ, պետք է տեսնեիք նրան այդ վայրկյանին: Նրա սիրուն մազերը ցցվել էին ասեղների պես, նրա վառվռուն աչքերից արցունքի փոխարեն կայծեր էին թափվում: Ավազակապետը հիանալով նրա հրեշտակային կատաղությունից, գոռաց իր խմբին. «Թողեք անցնեն, այդ երեխան ինձ հաղթեց»: Եվ Արմենուհին մեզ ազատեց:
ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, դո՛ւք գիտեք: Տեսեք միայն, որ հետո չզղջաք:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ճշմարտության կաթովն է նա սնվել, բժիշկ: Նա, չի կարող ապրել ստի և կեղծիքի մեջ: (Հուզվում է): Ա՛հ բարեկամս, դառն է, շատ դառն՝ ունենալ մի հատիկ զավակ և տեսնել նրան դժբախտ (Աչքերը սրբում է թաշկինակով):
ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, հանգստացեք: Գնանք պարտեզ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Գնանք, այժմ ես այս տանը խեղդվում եմ: (Գնում է խորքի դռներով):
ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):
ՏԵՍԻԼ 9
ԱՐՄԵՆՈՒՀԻ և դայակ, երեխային գրկած
ԴԱՅԱԿ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, շքեղ հագցրած մի տարեկան մի երեխա գրկած):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է դայակի հետ նույն դռներով): Տարե՛ք անտառ, թող մի փոքր անուշ օդ շնչի եղևնիների տակ: (Համբուրում է երեխային և ուղեկցում մինչև խորքի դռները):
ՏԵՍԻԼ 10
ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ՀՄԱՅԱԿ
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի քանի վայրկյան լուսամուտով նայում է երեխայի հետևից, ապա դանդաղորեն մոտենամ է դաշնամուրին, նստում: Սկսում է նվագել նախ մի փոթորկալի եղանակ, ապա մի թախծալի ռոմանս):
ՀՄԱՅԱԿ. (Նվագումը սկսելուց բավական անցած գալիս է աջ կողմի առաջին դռներով գլխարկը ձեռին և աննկատելի նստում է մի անկյունում: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Ռոմանսի տպավորությամբ տխրում է):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Բավական ժամանակ չի նկատել Հմայակին: Երեսը պատահաբար դարձնելով, տեսնում է նրան): Ա՛հ, դուք այստե՞ղ եք: (Գլուխը երկու անգամ շարժում է ի նշան բարևի, առանց նվագումը ընդհատելու):
ՀՄԱՑԱկ. Ես վերջացրի իմ գործը: Այժմ ձեր ամուսինը զբաղված է իր կառավարչի հետ: Շարունակեցե՛ք, տիկին,շարունակեցե՛ք, խնդրեմ: Անցյալ օրը ես պատիվ ունեցա ծանոթանալ և այցելել ձեր նախկին ուսուցչին: Այդ վառվռուն ծերունին առանց հիացման չի կարողանում խոսել ձեր մասին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իմ սեղանի առաջին զարդը նրա համակրելի լուսանկարն է:
ՀՄԱՅԱկ. Իսկ ձեր լուսանկարը ես տեսա նրա դաշնամուրի վրա: Նա ասում էր հուզված ձայնով. «Պարո՛ն, նա աստվածային ձիրք ունի, զգացում, ճաշակ: Նա տաղանդ ունի և մեծ տաղանդ: Ափսո՜ս,որ այդ տաղանդը թառամում է իր շրջանից դուրս»: Այո՛, տիկին, այլ է ձեր շրջանը. այն արվեստի փշոտ ասպարեզն է, ընտիր հոգիների դրախտավայրը: Նվագեցե՛ք, նվագեցե՛ք. այդ թախծալի հնչյունները մարդու սրտից հառաչանքներ են կորզում: (Լսում է):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի փոքր ևս լուռ նվագելով, դադարում է և ոտքի կանգնում): Դուք տխրեցի՞ք: Բարև: (Ձեռ է տալիս):
ՀՄԱՅԱԿ. (Ոտքի կանգնելով): Տիկի՛ն, ես ունիմ մի ընկեր, որի կյանքը անձայն, անարյուն ողբերգություն է: Երբ դուք նվագում էիք, իմ առջև կենդանի պատկերացավ այդ կյանքը: Երևակայեցեք, որ նրա դժբախտությունն ունեցել է երջանիկ նախերգանք, և այդ նախերգանքը երգվել է այն ռոմանսով, որ իսկույն նվագեցիք: Կկամենայի՞ք լսել այդ պատմությունը: Նա երկար չէ, այս րոպեին զգում եմ անհաղթելի պահանջ ձեզ պատմելու:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Նստեցե՛ք, խնդրեմ: (Նստում է՝ ցույց տալով իրենից ոչ հեռու մի աթոռ Հմայակին): Ես ձեզ լսում եմ:
ՀՄԱՅԱԿ. (Նստելով): Երեսունևհինգ տարեկան է իմ րնկերը աժմ, ամուսնացած, զավակների հայր, ընտանեկան կյանք կոչված հրեշի ստրուկ:
ԱՐՄԵՆՈՒՀ՜Ի. Տարօրինակ լեզու:
ՀՄԱՅԱԿ. Դա մի հոգի է, ստեղծված սիրելու փափագով և սիրվելու կրակոտ երազով, բայց ստրուկ: Չար ոգրիները նրան ձերբակալել են և շղթայել: Ուղիղ տասներկու տարի սրանից առաջ նա ազատ էր, ինչպես լեռնային զեփյուռը և կարծում էր այդպես պիտի մնա մինչև մահ: Բայց նա հանդիպեց դևին, որ ընդունել էր հրեշտակի կերպարանք, և հափշտակվեց: Դա մի զվարթ, կայտառ էակ էր, ընդունակ ոչ միայն մտածելու, այլև զգալու: Երգում էր, պարում էր, թռչկոտում: Եվ նվագում էր: Լավ էր նվագում, թե վատ — ընկերս չգիտեր, բայց զգացվում էր, որովհետև նրա հոգին ուներ միշտ զգացվելու պահանջ, ինչպես մանուկն ունի լալու պահանջ: Օրիորդը հետաքրքրվում էր բոլորով, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բանաստեղծական է, ինչ որ զատում է մարդուն անասունից, ինչ որ մաքրում, բյուրեղացնում է նրա հոգին: (Հառաչում է): Ընկերս սիրահարվեց: Սիրո բոցավառ խոստովանությունն եղավ օրվա ճիշտ այն միջոցին, երբ օրիօրդը նվագում էր ձեր նվագած ռոմանսը: Դուք ձանձրանո՞ւմ եք:
ԱՐՄԵՆՈՒՀ՜Ի. Շարունակեցե՛ք, ձեր պատմելու ձևը նույնքան հետաքրքրական է, որքան և նյութը:
ՀՄԱՅԱԿ. Օրիորդը չմերժեց, որովհետև իր առջև կանգնած էր մի ոչ տգեղ երիտասարդ, առողջ, կայտառ, որ խոստանում էր փայլուն ապագա... Նրանք ամուսնացան: Եվ այս եղավ իմ թշվառ ընկերոջ դժբախտության սկիզբը: Հազիվ մի տարի անցած՝ դևը դեն ձգեց իր քողը և երևան եկավ իր իսկական պատկերով: Ընկերս նայեց և սարսափեց: Նրա աչքերն այլևս վարագուրված չէին առաջին սիրո վարդագույն մշուշով: Այդ ուրախ, վառվռուն, գեղեցիկով և գաղափարականով ոգևորվող էակը, հենց որ կին դարձավ, հենց որ հորից ստացավ օժիտը, հենց որ ճաշակեց ոսկու թունավոր ժանգը, ազատեց իր հոգին կապանքներից: Նա դարձավ այն, ինչ որ էապես:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Եվ ամուսինների մեջ սկսվեցին ընդհարումներ...
ՀՄԱՅԱԿ. Ա՜, ով չի կրել — չի կարող զգալ այն տվայտանքը, որ կոչվում է ընտանեկան կյանք, երբ ամուսինները օտար են միմյանց: Օտար իրանց մտքերով, ճաշակով, օտար հոգու պահանջներով, սրտի զգացումներով: Եվ խորտակվեցին թշվառ ընկերոջս երազները: Նա, որ երևակայում էր պոեզիայով զարդարել առօրյա կյանքի տափակությունը, դատապարտվեց անտանելի պրոզայի: Այդ կնոջ համար գրքերը փոխարինվեցին հորից ստացաձ տոկոսաբեր թղթերով, գաղափարները՝ հաշվի տետրակներով, և նրա ճաշակը, թեթև թռիչքից հետո, գնաց թառ եղավ թանկագին գլխարկների վրա: Նա սկսեց արհամարհել բոլորը, բո՛լորը, ինչ որ կապ չուներ սնոտի պճրանքի, կուշտ որովայնի և հանգիստ քնի հետ: Բայց ամենից դառը, ամենից ողբալին իմ ընկերոջ համար եղավ այն, որ նրա կնոջ դաշնամուրը փոշի պատեց...
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դաշնամուրը փոշի պատե՞ց… (Նայում է խորը Հմայակին):
ՀՄԱՅԱԿ. Այո, և այն մարդը, որ պաշտում էր երաժշտությունը իբրև երկրորդ աստված ճարտարապետությունից հետո, այլևս բախտ չունեցավ սքանչելի վալսը լսելու:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մեկուսի): Ճարտարապետությունից հետո՞: (Բարձր): Սպասեցե՛ք, ես, կարծեմ, ճանաչեցի ձեր ընկերոջը: (Կանգ է առնում ոտքի):
ՀՄԱՅԱԿ. (Վեր կենալով): Լսեցե՛ք, տիկին, ես դեռ չեմ վերջացրել: Նա գերի է, նա ստրուկ է, նրա ձեռներն ու ոտները շղթայված են այն անողոք շղթայով, որ մարդիկ անվանում են օրինական ամուսնություն: Նրա սրտից արյուն է կաթում, երբ ամեն անգամ նայում է փակ դաշնամուրին: Նա ասում է. «Լավ, ես համաձայն եմ կրելու այս տաժանակիր պատիժը, միայն թե լսեմ այդ հնչյունները»: Սակայն դևն արտաքսել է նրանց: (Հառաչում է, կարճատև, լռում): Անցնում են տարիներ, անգույն, անկրակ գոյության տարիներ, որ տափակ գլուխներն անվանում են խաղաղ ընտանեկան կյանք և որ զգայուն մարդու համար գերեզման է: (Դարձյալ հառաչում է, լռում, ճակատը քորում): Մի օր հանկարծ, ո՛վ գիտե, գուցե նախախնամության կամքով, իմ ընկերը մի հեռավոր երկրում, մի անծանոթ շրջանում հանդիպում է մի ընտիր էակի: Դա է լինում իսկական հրեշտակը, դա է լինում նրա երազների կատարյալ մարմնացումը, վասնզի այդ էակի նյութական կյանքում պահպանված է լինում նրա հոգեկանը: Եվ ընկերոջս շղթան, որ մի ժամանակ պողպատից էր, փոխվում է փշերի:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Շփոթվել է, հուզված): Կա՛նգ առեք, մնացյալը գիտեմ արդեն:
ՀՄԱՅԱԿ. Ո՛չ, տիկին, դեռ չգիտեք էականը: Լսեցե՛ք, ինչ է ասում այսօր թշվառը: Սա ասում է, որ հոգիները մենակ չեն գալիս այս աշխարհ, այլապես նրանց գոյությունը կլիներ հավիտենական մենակյաց բանտարկություն: Նա պնդում է, որ յուրաքանչյուր էակ ունի իր ընկերը, զուգակիցը: Փույթ չէ, թող նրանք բաժանված լինեն իրարից տարածությամբ, ժամանակով, օրենքների դաժանությամբ և ավանդությունների բռնությամբ, նրանք անհանգիստ փնտրում են միմյանց: Եվ երբ մի օր հանդիպում են իրար ու այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող նրանց բաժանել... նույնիսկ սուրբ համարված պարտականությունները... ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Հուզմունքից գունատվել է): Այդպե՞ս է արդյոք:
ՀՄԱՅԱԿ. (Ավյունով, հափշտակված): Այդպես է, տիկի՛ն, այդպես պետք է լինի: Այս համոզմունքը հյուսված է իմ ընկերոջ... այժմյան տառապանքներից…
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իսկ եթե հոգիներից մեկը չունենա ուժ ոտնատակ անելու օրենքներն ու պարտականությունները, այն ժամանա՞կ:
ՀՄԱՅԱԿ. Այն Ժամանակ մյուսը... մյուսը պետք է կործանվի… բայց ի՞նչ պատահեց ձեզ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գունատվել է, նկատելով Վիրգինեին դռների մեջ, հենվել է աթոռներից մեկի կռնակին): Ոչի՛նչ, գլուխս պտտեց:
ՏեՍԻԼ 11
ՆՈԻՅՆՔ և ՎԻՐԳԻՆԵ
ՎԻՐԳԻՆԵ. (Հանդարտ բաց է արել ձախ կողմի երկրորդ դռները և ներս մտել մի չարախինդ ժպիտ երեսին): Ա՛հ, ներեցեք, ես կարծում էի ոչ ոք չկա այստեղ: Ես կերթամ: (Ձևանում է թե ետ է գնում):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Արագությամբ ժողովել է ուշքն և հպարտ նայում է Վիրգնեին):
ՀՄԱՅԱԿ. (Ցնցվել է, բայց և իսկայն իշխել իրան): Ցտեսությո՛ւն տիկին: (Ձեռ է տալիս Արմենուհուն: Վիրգինեին): Հարգանքներս: (Վիրգինեին գլուխ տալով, գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 12
ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՎԻՐԳԻՆԵ
ՎԻՐԳԻՆԵ. (Նայել է Հմայակի հետևից չարախինդ և նույն ժպիտը երեսին մոտենում է դաշնամուրին ու ձեռը քսում նրա կափարիչին: Բարձրաձայն ծիծաղում): Հա՜, հա՜, հա՜...
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Վրդովվելով): Ինչո՞ւ համար ես ծիծաղում:
ՎԻՐԳԻՆԵ. Ոչինչ, կարծում էի դաշնամուրդ փոշի է պատել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Համբերությունը կորցնելով): Լրտե՜ս, լրտե՜ս:
ՎԻՐԳԻՆԵ. Լավ, մի՛ կատաղիր, ների՛ր, ես գնում եմ: (Բարձր ծիծաղելով, գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 13
ԱՐՄԵՆՈՒՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռներով): Դու մենա՞կ ես:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ, հայրիկ, ես միժշտ շրջապատված եմ խնամակալներով: Հայրիկ, ինչո՞ւ համար ես Սամսոնին վիրավորել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Նրա համար, Արմենուհի, որ քո ամուսինը լիրբ է, լիրբ…
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Վշտացած, դառը հանդիմանությամբ): Հայրի՜կ: (Նայում է հորը սուր հայացքով, վախեցած):
(Թեթև լռություն)
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո՛, որդի, քո կասկածները ճիշտ են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜հ: (Ընկճված ընկնում է բազկաթոռի վրա): Ո՛չ այդ, ոչ այդ: (Լռություն):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մարդիկ մեր ժամանակում այդ համարում են սովորական բան, սիրելի: Էհ, մենք էլ համարենք, ինչո՞վ ենք պակաս ուրիշներից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Առանց հորը նայելու): Ո՞ւմ հետ, ո՞վ է նա:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սատանան գիտե, քի՞չ կան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես ճանաչո՞ւմ եմ նրան:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աստված մի՛ արասցե, որ դու ծանոթ լինես այդպիսիների հետ. Վարշավայից է, թե՞ Պետերբուրգից–– չգիտեմ չինովնիկի կնիկ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մաքառել է իր դեմ: Ոտքի է կանգնում): Այդ անկարելի է, այդ անհնարին է: Մի քիչ առաջ նա գրեթե իր սերը բացատրեց ինձ: Սամսո՛նը, այն ժուժկալ մա՞րդը: Ո՛չ, հայրիկ, նա նախանձողներ շատ ունի, սուտ լուրեր են տարածում նրա մասին: Հայրի՛կ, չլինի՝ թե զրպարտում ես նրան:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հարյուր անգամ ուրախ կլինեի զբպարտչի անուն կրել, քան այս լուրը քեզ հաղորդել: Ես էլ սկզբում չէի հավատում, ո՞ւմ չեն բամբասում: Բայց չեղավ: Փաստեր շատ ունիմ. հարցրու Ստեփանից, նա կհամոզի քեզ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ահա՞, թե ինչ են նշանակում նրա խոսքերը, «Քո հայրը դյուրահավան է, համոզիր նրան, որ փողոցային լուրերի վրա ուշադրություն չդարձնի»: Այժմ հասկանալի է: Հայրիկ, դու տեսե՞լ ես նրան:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի անգամ ցույց են տվել արտիստական կլուբում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Երիտասա՞րդ է:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի՞թե կարելի է այժմյան կնոջ հասակը որոշել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Գեղեցի՞կ է:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի՞թե կարելի է այժմյան կնոջ գեղեցկությունը որոշել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Բոլորովին տիրել է իրան): Շնորհակալ եմ, հայրի՛կ: Ավելի լավ էր դառը ճշմարտությունն իմանալ, քան կեղծ դրության մեջ մնալ: Շատ լավ, այժմ ես գիտեմ ինչպես պետք է վարվել նրա հետ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չմոռանաս, Արմենուհի՛, որ բացի քեզնից ոչ ոք չունիմ այս աշխարհում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ, հայրիկ, ես ո՛չ թույլ եմ, ո՛չ հիմար: Հեռացիր այստեղից: Նա իսկույն գալու է: Ես չեմ ուզում քո ներկայությամբ հանդիպել նրան: Օօ՜, այժմ նա ինձ կճանաչի: Ես իր երևակայած կանացից չեմ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Մի վայրկյան խորհում է, ապա վճռական մի շարժումն անելով հանգիստ քայլերով գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 14
ԱՐՄԵՆՈՒՀԻ, մենակ
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մնալով մենակ, մի քանի վայրկյան մտածման մեջ է: Հետո նստում և սկսում է լաց լինել: Լացը փոխվում է հեկեկանքի: Այդ տևում է բավական ժամանակ: Ոտքի է կանգնում, աչքերը արագ-արագ սրբում է, ուշքը ժողովում այն պահին, երբ Սամսոնը ներս է մտնում):
ՏԵՍԻԼ 15
ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՍԱՄՍՈՆ
ԱԱՄՍՈն. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով): Վերջապես ազատվեցի գործերից: Այժմ կարող եմ քեզ համբուրել (Մոտենամ է Արմենուհուն):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Բարձր ձայնով): Մի՛ համարձակվիր մոտենալ ինձ: (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):
ՍԱՄՍՈՆ. (Ապշում է): Այդ ի՞նչ է նշանակում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Դռների մոտից): Մի քանի րոպե սրանից առաջ այստեղ մեկն իր կյանքը կտար ինձ, եթե ես պահանջեի: Դուք չարժեք նրա գարշապարին անգամ: Բայց ես փափագում էի ձեզ միայն սիրել, ձեզ միայն բարձր տեսնել: Այժմ կա՛նգ առեք, իմ սենյակի դռները փակ են ձեզ համար: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՎԻՐԳԻՆԵ. (Ներս է մտել ձախ կողմի առաջին դռներով ու կանգնել է դռների առջև Արմենունու խոսքերի միջոցին):
ՍԱՄՍՈՆ. (Մի քայլ անելով Արմենուհու հետևից, կանգ է առնում): Բայց բացատրիր…
ՎԻՐԳԻՆԵ. Ես կբացատրեմ:
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Երկրորդ արարվածի տեսարանն անփոփոխ, միայն չկա ծաղիկների փունջը: Իրիկնադեմ է: Արեգակի ճառագայթները ոսկեզօծել են բեմի հետին մասը:
ՏԵՍԻԼ 1
ՄԵԼԱՆԻԱ, ԳԱՐԵԳԻՆ
ՄԵԼԱՆԻԱ. (Գարեգինի օգնությամբ դաշնամուրին շապիկ է հագցնում): Մի քիչ էլ քո կողմը քաշիր: Այդպես, բավական է:
ԳԱՐԵԳԻՆ. Չհասկացա ինչո՛ւ համար եք այդպես վաղ ծածկում դաշնամուրը: Դեռ քաղաք գնալուն մի ամիս է մնում:
ՄԵԼԱՆԻԱ. Մեր գործը չէ, պառավը հրամայել է ծածկել, ծածկում ենք:
ԳԱՐԵԳԻՆ. (Սկսում է հանդարտ երգել, Մելանիային օգնելով հանդերձ): «Ես որս էի, դու որսորդ, նետդ դիպավ ջիգարիս»... Ա՛հ, գալիս են:
ՄԵԼԱՆԻԱ. (Նայելով լուսամուտից դեպի դուրս): Ճարտարապետն է իր կնոջ հետ:
ԳԱՐԵԳԻն. Օ՛հ, ես ատում եմ այդ կնոջը... ժլատ է... անցյալները կեսգիշերին վազեցի, կառք գտա, ճանապարհ դրեցի, մի բան չբաշխեց: Բայց մարդը շատ լավ մարդ է: Է՜հ, վերջացավ: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով): «Ես որս էի, դու որսորդ»…
ՏԵՍԻԼ 2
ՀՄԱՅԱԿ, ՍԻՐԱՆՈԻՅՇ և ՄԵԼԱՆԻԱ
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Գալիս է խորքի դռներով՝ Հմայակից աոաջ: Հագած առաջվա համեմատ համեստ հագուստ: Հուզված է): Բարև, Մելանիա, տանն ո՞վ կա:
ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկինը:
ՀՄԱՅԱԿ. (Գալիս է խորքի դռներով Սիրանույշի հետ: Հագած է ուրիշ հագուստ, ժակետ, շատ բաց մանուշակագույն ժիլե: Ձեռքում բռնած է մի թղթե կապոց): Իսկ պարո՞նդ:
ՄԵԼԱՆԻԱ. Անտառ գնաց, երևի շուտով կգա:
ՀՄԱՅԱԿ. (Նստում է բազկաթոռի վրա, գլխարկն ու թուղթը դնելով մի կողմը): Ես կսպասեմ նրան:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ասացեք մեծ տիկնոջը, որ ես այստեղ եմ:
ՄԵԼԱՆԻԱ. Լա՛վ: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 3
ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՀՄԱՅԱԿ
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեգնաբար, սրտմտությամբ): Կարծեմ դու կարող էիր պարոն Սամսոնին սպասել իր սենյակում:
ՀՄԱՅԱԿ. (Ծխախոտ է վառում): Ինշո՞ւ ոչ այստեղ:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նույն եղանակով): Որովհետև գործով ես եկել: (Գործով բառը շեշտում է առանձին հեգնությամբ):
ՀՄԱՅԱԿ. (Խոր հանդիմանական եղանակով): Սիրանո՜ւյշ:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ավելի գրգռված): Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ո՞վ կարող էր երևակայել:
ՀՄԱՅԱԿ. (Վրդովվելով): Եթե սկսում ես, ես կհեռանամ: (Վեր է կենում):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ավելի լավ կանես, որ իսկի ոտ չդնես այս տունը:
ՀՄԱՅԱԿ. Չափը մի՛ անցնիր, խնդրում եմ: Մենք օտար տան մեջ ենք:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հիմա քեզ համար օտար չէ այս տունը: Տե՛ր աստված, ես էլ ասում եմ, ինչո՞ւ համար է ամեն օր վազում այստեղ: Դուրս է գալիս, որ այդ արկածախնդիր կինը դրան խելքից հանել է:
ՀՄԱՅԱԿ. Գիտե՞ս, դու կարող ես ինձ վիրավորել որքան կամենաս, բայց նրան հանգիստ թող:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Աա՛, դու դեռ համարձակվում ես պաշտպանե՜լ նրան: Չե՞ս ամաչում:
ՀՄԱՅԱԿ. Մինչև այսօր ես դեռ իմ զգացումների և մտքերի համար չեմ ամաչել, հույս ունեմ այսուհետև էլ չամաչել: ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ծաղրով): Իհարկե, ձեզ նմանների զգացումներն ու մտքերն անարատ են: Բավական է. ճանաչում եմ, իդեալ փնտրողներիդ: Դուք միշտ սկսում եք երկնքում և վերջացնում երկրում: Մի քանի վայրկյան ճանճի պես թռչում եք օդում, հետո նստում... աղբի վրա: (Վեր է կենամ և սկսում է անցուդարձ անել):
ՀՄԱՅԱԿ. (Կանգ է առել և նայել Սիրանույշին: Ցնցվում է նրա վերջին խոսքերից): Ահ, ի՜նչ լեզու, ի՜նչ համեմատություն: Ես անկարող եմ վիճել այդ եղանակով:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Շարունակում է, ուշադրություն չդարձնելով հմայակի խոսքերի վրա): Եվ ինչպե՜ս է հափշտակված, ինչպե՜ս, աստված իմ: Գիշերներն էլ երազում նրա հետ է խոսում: Երբե՜ք, երբեք ինձանով այդպես հափշատկված չի եղել:
ՀՄԱՅԱԿ. Զրպարտում ես քեզ, Սիրանույշ, զրպարտում ես: Կար ժամանակ, որ քեզ, միմիայն քեզ էի երազում: Ես որոնում էի քո սերը, ինչպես մի ծարավ ճամփորդ ջուր է որոնում ամայի անապատում: Քա՜նի-քանի անգամ աշխատանքից հոգնած, տուն վերադառնալիս երևակայել եմ հանդիպել մի ուրախ թռչուն, որ անհոգ բազմեր ուսերիս վրա, շոյեր իր թևերով իմ հոգնած ճակատը և մոռացնել տար կյանքի սպանիչ ձանձրույթը:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեդնաբար): Մի՞թե:
ՀՄԱՅԱԿ. Եվ ի՞նչ եմ տեսել փոխարենը: Ունքերը կիտած, շրթունքները սեղմած մի դեմք, խորասուզված իր մանր-մունր հաշիվների մեջ: Ինձ տեսնելով, առանց տեղիցդ շարժվելու, հայտնել ես քո ուրախությունը, որ այսինչ ակցիաներում վաստակել ես այսքան, այնինչ տոկոսաբեր թղթի արժեքը բարձրացել է: Դու եղել ես քո հոր կատարելատիպը, հրճվել ես քո վաստակով, ուրիշների կորստով: Դու եղել ես ամեն ինչ, բացի այն, ինչ որ իմ հոգին է փափագել: Քո արդուզարդը ավելի է հետաքրքրել քեզ, քան իմ ներքին աշխարհը: Մի շքեղ գլխարկով ավելի ես գրավվել, քան իմ զգացումների ամբողջ թափով: Եվ դու համարվել ես խելոք կին, օրինակելի ամուսին, և ամենքը նախանձել են ինձ: Մինչդեռ ես չեմ իմացել գլուխս ուր թաքցնեմ զայրույթից, ձանձրույթից և... ամոթից: (Անցնում է բեմի խորքը):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Լռի՛ր, լռի՛ր, դու ցնորվել ես, դու ինքդ չգիտես ինչ ես ասում, բայց սպասի՛ր, ես քեզ հետ տանը կնստեմ հաշվի: Այստեղ ամոթ է, դու խայտառակում ես ինձ և քեզ...
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ և ԵՂԻՍԱԲԵԹ
ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագնված է դարձյալ նույն տեսակ): Ծառաների համար ամսական թեյ ու շաքար էի կշռում, ի՜նչ անեմ, ամբողջ տունն ինձ վրա է: (Սիրանույշին բարևում է սիրալիր, Հմայակին տեսնելով, աչքունքը թթվեցնում է: Հազիվ գլխի թեթև շարժումով պատասխանում է նրա բարևին): Որդիս գնաց իր սենյակը:
ՀՄԱՅԱԿ. Շնորհակալ եմ: (Վերցնելով գլխարկն Ու թերթերը, գնում է աջ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 5
ԵՂԻՍԱԲԵԹ և ՍԻՐԱՆՈՒՅՇ
ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայել է Հմայակի հետևից չար հայացքով): Հենց առաջին օրից աչքիս դուր չեկավ այդ մարդը, ինչ մեղքս թաքցնեմ :
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ա՛հ, չգիտեմ ինչ պիտի լինի վերջը, բայց նա օրեցօր խելքը կորցնում է:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ես իմ տան հոգսն արդեն տեսել եմ: (Ցույց տալով դաշնամուրը): Այնտեղ մտիկ արեք:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայում է դաշնամուրին): Աա՜, Հասկանում եմ:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Ինքնագոհ): Այո, չար օձը հենց նրա մեջ է նստած, ես հրամայեցի կապել նրա բերանը: Օօ՜, Վիրգինեն աչքաբաց կին է. հենց առաջին օրը նա նախազգաց և ասաց. «Մայրի՛կ, լավ հետևիր նրանց»: Լավ է, որ ժամանակին իմացանք: Բան ունի՞ք ասելու ինձ:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հենց դրա համար եմ եկել, պետք է փորձանքի առաջն առնել:
ԵՂԻՍԱԲԵԹ. Հեռացրեք ձեր մարդուն այստեղից, պրծավ-գնաց:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Բայց նա չի ուզում հեռանալ: Նա ասում է. «Ես փախչելու պատճառ չունիմ»:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ունի, թե չունի, բայց նրա ոտքը այսօրվանից պիտի կտրվի իմ տնից:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դրսում կհանդիպեն միմյանց:
ԵՂԻՍԱԲԵԹ. Աշխատեցեք, որ չհանդիպեն:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դուք պիտի աշխատեք, մայրիկ, որովհետև ձերը կին է, իմը տղամարդ:
ԵՂԻՍԱԲԵԹ. Ձեր ամուսինն է ձեր ձեռքից գնում և ոչ իմը:
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Իմ ամուսնուն ճանապարհից շեղողը ձեր հարսն է:
ԵՂԻՍԱԲԵԹ. Մինչև ձեր մարդու գալը իմ հարսը հանգիստ էր իր համար:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իմ մարդն էլ հանգիստ էր մինչև ձեր հարսին տեսնելը:
ԵՂԻՍԱԲեԹ. Մի տղամարդ, որ իրան կարող է պահել, ոչ մի կին չի կարող նրան խելքից հանել:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի կնիկ, որ իր պատիվը ճանաչի, ոչ մի տղամարդ չի կարող նրան մոլորեցնել:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Անհամբեր): Ուրեմն ի՞նչ եք ուզում ինձանից: Ես ինչ որ կարող եմ, անում եմ:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Լռե՛նք, ես լսեցի նրա հոր ձայնը:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայելով լուսամատով դուրս): Այո՛, նա է, գալիս է փեսայիս հետ: Միշտ միասին են, խոսում են, քչփչում, չգիտեմ նրանց մեջ ինչ կա: Գնա՛նք իմ սենյակը: Պատիվը մերն է, պետք է պաշտպանենք միմյանց: (Վեր է կենամ և դիմում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո՛, պետք է պաշտպանեք ինձ, մայրիկ: (Հետևում է Եղիսաբեթին):
ՏԵՍԻԼ 6
ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏՍՓԱՆ
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռներով: Նկատելի ընկճված է): Հապա այս բոլորից հետո ինչպե՞ս չասել. «Ամո՜թ քեզ, հասարակություն, որ այդպիսիներին հարգում ես, պատվում, ազնիվ մարդ հռչակում»:
ՍՏԵՓԱՆ. (Գալիս է խորքի դռներով Կոստանդինի հետ): Ես կկամենայի իմանալ՝ ի՞նչ շահեցիք արդյոք, խորտակելով ձեր աղջկա իլյուզիան իր մարդու առաքինության մասին:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես թունավոր ժահրը դուրս քաշեցի իմ աղջկա կյանքից, բժշկվելն իր կամքից է կախված այժմ: Օօ՜, հանգիստ կացեք: Նա ինձանից շնորհակալ է:
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ և ՀՄԱՅԱԿ
ՍԱՄՍՈՆ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով): Այսօր, դժբախտաբար, չեմ կարող ձեր նախահաշվով զբաղվել:
ՀՄԱՅԱԿ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով Սամսոնի հետ, թղթի փաթեթը ձեռքին): Փույթ չէ, վաղը կպարզենք: (Ձեռ է տալիս Կոստանդինին և Ստեփանին):
ՍԱՄՍՈՆ. (Բավական սառը): Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք վաղը կամ մյուս օրն էլ պարապել:
ՀՄԱՅԱԿ. (Նայում է Սամսոնին զարմացած: Զգալով նրա տրամադրությունը, շրթունքները սեղմում է իր վրդովմունքը զսպելու համար): Լավ, ինչպես կամենաք: Մնացեք բարև: (Առանց ձեռ տալու, գլուխ է տալիս և դնում խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՆՔ, առանց ՀՄԱՅԱԿԻ
ՍԱՄՍՈՆ. (Մի նշանակալից հայացք է ձգում Կոստանդինի վրա): Ստեփան, ես քեզ հետ առանձին խոսելիք ունիմ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հեռվից դիտել է տեսարանը, հանդարտ հեռանում է ձախ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 9
ՍԱՄՍՈՆ և ՍՏեՓԱՆ
ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, փառք աստծո, ազատվեցի: (Նստում է հառաչելով): Գլուխս տրաքում է:
ՍՏԵՓԱՆ. (Հեռվից դիտել է նախընթաց տեսարանը): Այդ ի՞նչ արիր, մի՞թե կարելի է այդպես վարվել Հմայակի հետ: Դու գրեթե վռնդեցիր նրան քո տնից:
ՍԱՄՍՈՆ. Ո՞վ է այդ քո Հմայակը:
ՍՏեՓԱՆ. Ով էլ լինի, համենայն դեպս այն մարդկանցից չէ, որոնց սովոր ես քո աղայական բարձրությունից նայել:
ՍԱՄՍՈՆ. Չլինի թե ուզում ես, որ ես քեզ դեռ շնորհակալություն էլ հայտնեմ նրան իմ տունը մտցնելու համար: (Վեր է կենում):
ՍՏԵՓԱՆ. Ես քու տունը մտցրել եմ մի մարդ, որ հարյուր անգամ ավելի ազնիվ ու մաքուր է, քան թե դու և ես միասին վերցրած:
ՍԱՄՍՈՆ. Համոզմունքո՞վ ես ասում այդ:
ՍՏԵՓԱՆ. (Հանդիմանորեն): Սամսո՜ն, միլիոնների գործեր ես վարում, հարյուրավոր մարդկանց հետ հարաբերություն ունիս առանց մեկի հետ խորհրդակցելոլ, իսկ քո ընտանեկան կյանքում խաղալիք ես երկու կանանց ձեռքում: Ամոթ է, ամո՛թ է: (Անց ու դարձ է անում):
ՍԱՄՍՈՆ. Մեկն այդ կանանցից իմ մայրն է, մյուսն՝ իմ քույրը: Երկուսն էլ իմ պատվին նախանձախնդիր են:
ՍՏԵՓԱՆ. Մեկը նրանցից հին նախապաշարումներով մի պառավ է, մյուսը՝ կասկածամիտ, մանրակրկիտ և նախանձոտ: Այսօր ես խոշոր ընդհարում ունեցա Վիրգինեի հետ: Չեմ հերքում, Արմենուհին և Հմայակը համակրում են միմյանց, բայց ահա բոլորը, ինչ որ կա: Խելքի եկ, Սամսո՛ն, քո կինն այն կանանցից չէ, որոնք մեկի հացն ուտում են, մյուսին՝ շոյում: Խոսք չունիմ, Արմենուհին մի օր կարող է սիրել մի ուրիշին, բայց այդդեպքում նա ճշմարտությունը չի թաքցնիլ քեզանից:
ՍԱՄՍՈՆ. (Խորհել է): Այո՛, ունիս իրավունք: Արմենուհին կեղծել և խաբել չգիտե: Բայց ի՞նչ անեմ այստեղ (զարկելով սրտին) այժմ մի հնոց է վառվել: Ամո՛թ է ասել, Ստեփան, ես տանջվում եմ: (Նորից նստում է և ճակատը սեղմում է ձեռքով):
ՍՏԵՓԱՆ. (Կանգ է առնում հեգնական ծիծաղով): Մի՞թե, այդպես շո՞ւտ. զարմանալի է, հա՜, հա՜, հա՜:
ՍԱՄՍՈՆ. Դու ծիծաղում ես. դու սիրտ չունիս:
ՍՏԵՓԱՆ. Այո՞: Այդ ո՞ր ժամանակից է, որ սկսել ես սիրտը գնահատել մարդկանց մեջ, ո՜վ դու ուղեղի գերի և հաշիվների ստրուկ: Բավական է, ես չեմ ծիծաղում, այլ ներքուստ արտասվում եմ քո մասին: Թշվա՜ռ, տեղը եկել է, կասեմ ճշմարտությունը: Դու երբեք արժանի չես եղել Արմենուհուն, իսկ այժմ — նամանավանդ:
ՍԱՄՍՈՆ. (Թույլ): Ինչո՞ւ:
ՍՏԵՓԱՆ. Որովհետև դու և նա երկու հակառակ խառնվածքներ եք: Որովհետև նա, իբրև երազող հոգի, կյանքից կյանք է պահանջում: Իսկ դու ամեն ինչ դարձրել ես չոր ու ցամաք պրոզա: Փող, փող, փող, ահա քո ալֆան և օմեգան: Խե՜ղճ մարդ, դու կանգնած էիր մի սքանչելի արձանի պատվանդանի մոտ և, որովհետև շատ էիր մոտ, չէիր տեսնում նրա աննման գեղեցկությունը: Եվ այժմ, երբ նա քեզանից հեռացել է, ով գիտե, գուցե առմիշտ, այժմ հիանում ես նրանով, կարոտում և տանջվում: Իսկ նա քեզ ատում է: Եվ ունի իրավունք, դու ոչ միայն չգնահատեցիր նրան, այլև (ձայնը ցածրացնելով) ցեխ շպրտեցիր նրա վրա: (Քայլում է):
ՍԱՄՍՈՆ. Ես միշտ նրան սիրել եմ իմ սրտի խորքում:
ՍՏԵՓԱՆ. Լավ ապացուցեցիր քո սերը, մի իսկական ադամանդ փոխարինելով վաճառքի դուրս բերված կեղծ քարով:
ՍԱՄՍՈՆ. Մոլորվում են ամենքը, մոլորվեցի և ես:
ՍՏԵՓԱՆ. Կրի՛ր, ուրեմն, քո արժանի պատիժը: Ո՛ւմ դեմ ես բողոքում: Դու կարծում էիր Արմենուհին մեկն է այն ողորմելիներից, որոնք մի փոր հացի համար տանում են իրանց մարդկանց բոլոր վիրավորանքներր, բոլոր ստորությունները: Դու մեծ հույս ունեիր քո հարստության և նրա երախտագիտության վրա: Բայց չեղավ, սխալվեցիր: Ա՛հ, որքան ուրախ եմ, որ, վերջապես, գտնվեց մեկը, որ ընդունակ է կռվելու: Կա՛ց, դու դեռ կտեսնես, նա ինչպես կպատժի քեզ:
ՍԱՄՍՈՆ. (Ոտքի է կանգնում արագությամբ): Բավական է, լռի՛ր, առանց քո հանդիմանության էլ զգում եմ ամեն ինչ: Աստված իմ, որքան անտարբեր է նա դեպի ինձ և որքա՜ն փոխվել է: Ես նրան չեմ ճանաչում:
ՍՏԵՓԱՆ. Նա միայն քո աչքումն է փոխվել, նա միևնույն Արմենուհին է:
ՍԱՄՍՈՆ. Լսի՛ր, երկու Ժամ սրանից առաջ լուսամուտիցս նրան տեսնելով պարտեզում մենակ, տխուր, չկարողացա համբերել: Ինքնասիրությունս զսպելով, դուրս եկա: Ուզում էի մի անգամ էլ փորձել հետը խոսելու: Բայց, ի՛նձ տեսնելով, նա հանդարտ քայլերով դուրս եկավ պարտիզից, իջավ ձորը: Ես ևս իջա, առաջին անգամ: Նա անցավ գետակով: Ես ևս անցա: Եվ սկսեց բարձրանալ քարքարոտ ուղիով, թփերը ճեղքելով, դեպի ժայռը, ես մի փոքր հետևեցի նրան և կանգ առա:
ՍՏԵՓԱՆ. Իհարկե, չկարողացար ավելի հետևել նրան:
ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, նա զարմանալի ոտիկներ ունի, մինչև այսօր ուշադրություն չէի դարձրել: Սուր քարերի վրայով քայլում էր, ինչպես վայրենի այծ: Բարձրանում էր, շարունակ բարձրանում: Երբ հասավ ծայրը, նստավ և իր հպարտ հայացքը ձգեց դեպի հեռավոր լեռները:
ՍՏԵՓԱՆ. Եվ այդ պահին նա նման էր մի հպարտ արծվի, իսկ դու մի ապիկար որսորդի:
ՍԱՄՍՈՆ. Ես մնացի ներքևում: Ինձ տիրեց մի ամոթալի երկյուղ, ոտներս չհնազանդվեցին ինձ, երբ կամեցա բարձրանալ:
ՍՏԵՓԱՆ, Եվ բավականացար ժայռի ստորոտից դիտելով նրան անմերձանալի բարձունքի վրա: Ահա քո և նրա մեջ եղած տարբերությունը, դու երբեք չես կարողացել բարձրանալ մինչև նա:
ՍԱՄՍՈՆ. (հանկարծ լուսամուտից նկատել է Արմենուհուն): Ահա, նա գալիս է: Մնացի՛ր այստեղ, Ստեփան, եթե ինձ մենակ տեսնի, ներս չի մտնի՛լ: Օգնի՛ր ինձ նրա հետ հաշտվելու:
ՏեՍԻԼ 10 ՆՈՒՅՆՔ, ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ԿՈՍՏԱՆԴԻՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է խորքի դռներով. հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Ձեռնափայտը թողնում է պատշգամբի վրա: Ներս է մտնում հոգնած. ուսերի շալը ձգում է աթոռի վրա): Ա՛հ հոգնեցի: (նստում է. Սամսոնին չի նկատել):
ՍՏԵՓԱՆ. Առաջին անգամն եմ լսում ձեզանից հոգնեցի բառը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ժպտալով): Երևի պառավել եմ: (Սամսոնին տեսնելով, արագ ոտքի է կանգնում և դիմում է դեպի աջ կողմի երկրորդ դռները: Նկատում է դաշնամուրը ծածկված և թեթև ճչում): Ա՛հ: (Կանգ է առնում):
ՍՏԵՓԱՆ. (Վախեցած մոտենալով): Ի՞նչ պատահեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Տեսե՛ք, ի՛նչ են արել, բժիշկ:
ԿՈՍՏԱՆԴԻն. (Երևում է ձախ կողմի առաջին դռների միջև):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հայրի՛կ, նայիր, նրանք ուզում են ինձանից խլել իմ մխիթարությունը Ո՞ւմն է այդ դաշնամուրը:
ԿՈՍՏԱնԴԻՆ. Քոնը: Հանգուցյալ մորդ նվերն է:
ՍԱՄՍՈՆ. (Կանգնած է դեպի ձախ և ակնածությամբ դիտում է տեսարանը): Ճիշտ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Սամսոնի կողմը): Ուրեմն ի՞նչ իրավունքով են ինձ զրկում նրանից: Հայրիկ, դու գիտես, որ ես առանց նվազելու մի օր անգամ չեմ կարող ապրել, իսկ նրանք ծածկել են դաշնամուրը, որպեսզի ես չնվագեմ: Բայց այդ ես թույլ չեմ տալ: Ո՜չ: (Արագ քայլերով մոտենում է ձախ կողմի առաջին դռներին): Մելանիա: (Ավելի բարձր): Մելա՜նիա:
ՏԵՍԻԼ 11
ՆՈՒՅՆՔ, ՄԵԼԱՆԻԱ, հետո ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ
ՄԵԼԱՆԻԱ. (Շուտով գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Այստեղ եմ, տիկին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞վ է ծածկել դաշնամուրը:
ՄԵԼԱՆԻԱ. Ես ու Գարեգինը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞ւմ հրամանով:
ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է ձախ կողմի երկրորդ դռների միջև):
ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է մոր կողքին, դուրս գալով ձախ կողմի առաջին դռներով):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՞ւր են իմ նոտաները:
ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ սենյակում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Գնացե՛ք, բերե՛ք, դաշնամուրը բա՛ց արեք:
ՄԵԼԱՆԻԱ. (Քայլերն ուղղում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները, բայց Եղիսաբեթին տեսնելով, կանգ է առնում):
ԵՂԻՍԱԲԵԹ. Խայտառակվեցինք օտարների մոտ: (Վիրգինեին): Այն կինն իմ սենյակումն է: Գնա, նրան ճանապարհ դիր մյուս դռներով, որ դրա ձայնը չլսի:
ՎԻՐԳԻՆԵ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով և քիչ անցած ետ է գալիս):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մելանիային): Բա՛ց արեք, ասում եմ, դաշնամուրը:
ԵՂԻՍԱԲԵԹ. Թող մարդդ հրամայի, բաց կանենք: (Մելանիային): Կորի՛ր, այստեղից:
ՄԵԼԱՆԻԱ. (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Շատ լավ, թող այդպես լինի: Ես ձեզանից դեռ ավելին եմ սպասում:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հանգստացի՛ր, զավակս, դաշնամուրն ի՞նչ է, որ նրա համար արյունդ պղտորում ես:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՛հ, դաշնամուրը չէ գլխավորը, հայրիկ, այլ դրանց նպատակը: (Եղիսաբեթին): Բարբարոսնե՜ր, ես տարել եմ ձեր բոլոր հալածանքները, բայց այդ մեկը տանել չեմ կարող: Վախից չէ, որ լռել եմ մինչև այսօր, այլ ամոթից: Դուք թունավորել եք իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ձեր անտեղի կասկածներով, դուք հետևել եք իմ ամեն մի քայլին: Եվ ի՞նչ է եղել ձեր նպատակը: Կոտրել իմ կամքը, դարձնել ինձ ստրուկ տնտեսական չնչին պարտականություններին և ձեր հնամաշ ավանդություններին:
ԵՂԻԱԱԲԵԹ .Ինչե՜ր է ասում, աստված իմ, ինչե՜ր է ասում:
ՍԱՄՍՈՆ. Թող ասի, մայրիկ, թող ասի:
ՎԻՐԳԻՆԵ. Հարբած է կամ խելագարվել է:
ՍՏԵՓԱՆ. (Վրդովված, Վիրգինեին): Դու մի՛ խառնվիր, ի սեր աստծո:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Խելագարվե՜լ, Ո՞վ չէր խելադարվիլ ձեր երկուսի ձեռքում: Մայր ու աղջիկ՝ դուք աշխատել եք ամեն իրավունք բանեցնել իմ վրա: Մանկությունից սովոր ազատ մտածելու, ազատ զգալու, այս տունը մտնելու օրից զգացել եմ ստրկության գարշելի լուծը: Եվ որքան ծանր է եղել այդ լուծը, այնքան ավելի եմ ատել ձեզ: (Վիրգինեին): Ինչ վերաբերում է ձեզ, զզվելով զզվում եմ ձեզնից... օ՜ձ:
ՎԻՐԳԻՆԵ. Մայրիկ, լսեցի՞ր: Լսեցի՞ր, եղբայր: Ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես խոսում: Քո մոր ու քրոջ պատիվը գին չունի՞ քեզ համար: Ա՛հ, ես կտրաքեմ:
ՍԱՄՍՈՆ. Սաեփա՛ն, հեռացրու նրան այստեղից:
ՍՏԵՓԱՆ. ( Բռնելով Վիրգինեի թևից): Գնանք, գնանք, ասում եմ, դու կրակի վրա յուղ ես ածում: (Գրեթե ուժով տանում է Վիրգինեին ձախ կողմի առաջին դռներով և ետ է գալիս):
ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ, առանց ՎԻՐԳԻՆԵԻ
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չգիտեմ, ո՞ր բարոյական օրենքով է մեկն իշխում մյուսի վրա: Ա՜հ, գիշեր-ցերեկ իմ ականջներին հնչել է մի չոր, անախորժ ձայն. «Դու կին ես, ուրեմն ստրուկ ես, որովհետև ես էլ ժամանակին ստրուկ եմ եղել: ինչպես ինձ հետ են վարվեք նույնպես և ես պիտի վարվեմ քեզ հետ: Խեղդիր քո մեջ քո կամքը և լսիր ինձ, քո ամուսնուն, նրա ազգականներին: Վարիր բուսական կյանք, կեր, խմիր, պճնվիր, ծախսիր — այս բոլորը թույլ ենք տալիս, բայց ազատ մի զգար քեզ, այդ արգելված է: Դու քո ամուսնու ընկերը չես, հավասարը, այլ նրա հյուրին, նրա ազատ րոպեների զվարճալիքը: Վերջապես դու պետք է փառաբանես քո ճակատագիրը, որ քեզ գցել է մի հարուստ տուն...»:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Սամսոնին): Ինչո՞ւ չես ասում, որ քաղցածությունից ենք ազատել նրան, պատռոտված կոշիկներից ենք դուրս բերել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Բաչկությունից դողալով): Սո՜ւտ է, սո՜ւտ է, մենք երբեք քաղցած չենք եղել: Օ՛հ, ինչո՞ւ դու տղամարդ չես, պառավ, օ՜հ...
ՍՏԵՓԱՆ. (Բռնելով Կոստանդինի թևը): Զսպեցե՛ք ձեզ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ պիտի անեի: Ես կռվելու համար չէի եկել այս տունը, այլ ապրելու: Պատերը կապստամբեին, եթե ես թշնամություն գցեի որդու և մոր մեջ: Ճարահատյալ սկսեցի հարմարվել իմ վիճակին, ինչպես մի որսված թռչուն, որ ընտելանում է իր վանդակին: Բայց թռչունն իր վանդակում իսկ պահպանում է երգելու, թռչկոտելու իրավունքը, մինչդեռ ինձնից այդ էլ են խլում: (Լալիս է հանդարտ):
ԵՂԻՍԱԲԵԹ. Ասացի՞ր բոլորը, վերջացրի՞ր: (Կոստանդինին): Դե՛հ, տարեք նրան այստեղից, երբ ուշքի կգա, ես կխոսեմ նրա հետ: Ամո՜թ, ամոթ ձեզ նման հորը:
ՍԱՄՍՈՆ. (Սրտմտությամբ): Մայրի՛կ… Ես խնդրում եմ, գնա՛ քո սենյակը:
ԵՂԻՍԱԲԵԹ. Կգնամ, ես չեմ կարող այս անպատվությունը տեսնել... Անզգա՜մ: (Գնում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները, լսելով Վիրգինեի ձայնը կանգ է առնում):