Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Արմենուհի

Արմենուհի


ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՄԵԼԱՆԻԱ

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է ձախ կողմից): Տիկին, ես նրան ոչ մի տեղ չգտա:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Կատաղելով): Ա՛յ, տեսնո՞ւմ եք. տանը հյուրեր, իսկ տանտիկնոջը փնտրում են սարերում, ձորերում ու չեն գանում: Մի օր նա իր գլուխը կջարդի, կտեսնեք: (Գնում է պատշգամբով):

ՏԵՍԻԼ 7

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՄԵԼԱՆԻԱ

ՄԵԼԱՆԻԱ. (Նայելով Եղիսաբեթի հետևից երկյուղով: Ցածր ձայնով): Ես տեսա երիտասարդ տիկնոջը: Գետակի ափում նստած, քարեր էր գցում ջրի մեջ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հապա ինչո՞ւ ասացիք այդ պառավին, թե չգտաք:

ՄԵԼԱՆԻԱ. Երիտասարդ տիկինն այդպես պատվիրեց: Նա բարկացավ, երբ ասացի, թե սկեսուրն է ինձ ուղարկել իրան տուն կանչելու: Ահա գալիս է ինքը:

ՏԵՍԻԼ 8

ՆՈԻՅՆՔ և ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է ձախ կողմից: Սիրուն, համակրելի, համարձակ դեմքով, գեղեցիկ կազմվածքով կին է, բաց շագանակագույն թանձր մազերով: Հագած է ամառային շրջազգեստ, դեղնագույն կոշիկներ: Գլխին գցած է մի սպիտակ շալ, ձեռքում բռնած է մի փունջ վայրի ծաղիկներից և մի բարակ, սև, երկայն ճյուղավոր ձեռնափայտ, ալպենսշտոկ): Հայրիկ, բարև, այսօր քեզ եմ տեսել: (Համբուրվում է Կոստանդինի հետ):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այդ ի՞նչ լավ փունջ ես կազմել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հիանալի է, այնպես չէ : Բարձր տեղերում եմ ժողովել այս ծաղիկները: Շատ նուրբ հոտ ունին: Հասա, տես: (Փունջը մոտեցնում է Կոստանդինի դեմքին): Զգո՞ւմ ես: Մելանիա, խնդրեմ բերեք մի ծաղկաման:

ՄԵԼԱՆԻԱ. Իսկույն: (Շտապով գնում է կողմով և անմիջապէս վերադառնում է առանց շալի, ձեռքում մի ծաղկաման) :

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Փունջը պահելով, ձեռնափայտը հենում աթոռներից մեկին ու գալիս է առաջ): Հայրիկ, կարծես, դու տխուր ես և մի քիչ էլ հուզված: Ի՞նչ է պատահել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սկեսուրդ արյունս պղտորեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դարձյա՛լ: Ա՛հ, այդ անտանելի է, վերջապես: (Մելանիային): Դրե՛ք ծաղկամանը սեղանի վրա: (Փունջը տեղավորում է ծաղկամանի մեջ): Այսպես, տես, հայրիկ, ինչպես գեղեցկացնում է սեղանը: (Շալը գլխից վերցնելով, տալիս է Մելանիային): Երեխան տա՞նն է:

ՄԵԼԱՆԻԱ. Ոչ: Դայակը նրան դուրս տարավ: (Շալն առնելով, գնում է պատշգամբով):

ՏԵՍԻԼ 9

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ էր ասում սկեսուրս, հայրիկ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դե՛հ, չարժե ուշադրություն դարձնել: Մեկ ականջով լսեցի, մյուսով բաց թողի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այո՛, չարժե, իհարկե, բայց, դժբախտաբար, այդ կինն իմ կյանքում մեծ դեր է խաղում: Անշուշտ, նա գանգատվում էր իմ դեմ: Անհնազանդ եմ, մեծերին չեմ հարգում, ամբողջ օրը կամ նվագում եմ ու կարդում, կամ զբոսնում: Օհ, միշտ միևնույն երգը անփոփոխ, ձանձրալի: (Նստում է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չար է այդ կինը, Արմենուհի, չար է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչ, հայրհկ, չար չէ, այլ բռնակալ: Նա կարծում է, որ, լինելով իմ ամուսնու մայրը, իմ գլխի տերն է: Նա մի տեսակ սուրբ պարտականություն է համարում ինձ կրթել: Եվ ի՜նչպես: Փափագում է, որ ես, առավոտը զարթնելով, ձեռներս կրծքիս դրած, սպասեմ նրա հրամաններին, ինչպես ինքն է արել մի ժամանակ իր սկեսրի առաջ: Այս չէ միայն, նա խառնվում է իմ և Սամսոնի հարաբերությունների մեջ, ձգտում է իշխել իմ մտքի, զգացումների և ճաշակի վրա: Ահա այս մեկն ես տանել չեմ կարողանում, և նա կատաղում է: Հայրիկ, սկզբից ևեթ մենք իրար չենք սիրել: (Վեր է կենում):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պատճա՞ռը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Պատճառը, պարզ է: Այդ կինը վճռած է եղել իր որդուն ամուսնացնել մի ուրիշի հետ: Ո՛վ է — հետաքրքրական չէ, բայց իր ճաշակի մեկն է: Սամսոնը գերադասել է ինձ: Եվ ես այս տունն եմ մտել արդեն իմ դեմ ունենալով որոշ թշնամություն: Ավելացրու և այն, որ Վիրգինեն, Սամսոնի քույրը, ինձ ատում է դեռ գիմնազիայից սկսած:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Նրա՞ն ինչ ես արել, որ ատում է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչինչ, հայրի՛կ, հավատա: Միայն հետը վարվել չեմ կարողանում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պետք է կարողանաս վարվել մի կերպ, ինչ արած:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ախ, հայրի՛կ, հեշտ է այդ ասել, բայց ի՜նչպես: Դու գիտես, որ ես զզվում եմ բամբասանքից: Իսկ Վիրգինեն միայն նրանով է շնչում ու ապրում: Դեռ գիմնազիայում նա սիրում էր ամենքին չարախոսել, նույնիսկ մեր ընկերուհիների ծնողներին: Ոչ, հայրիկ, ես չգիտեմ ինչ պես նրա հետ ժամանակ անցկացնեմ, ինչի մասին խոսեմ: Ինչ որ ինձ է զբաղեցնում, նրան ձանձրացնում է, և հակառակը: Նա սիրում է միշտ սրան պարսավել, նրան զրպարտել: Երեկ, օրինակ, նա անբարոյական անվանեց իմ մոտ մի կնոջ, որին ես սիրում եմ և հարգում: Նա լրտեսում է ամենքին և ամենից ավելի ինձ: Եվ շարունակ իր մորը լարում է իմ դեմ: (Քայլում է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Բայց ամուսի՞նդ ինչ է ասում: Չէ՞ որ նա շատ էլ տգետ մարդ չէ: Ինչո՞ւ է թույլ տալիս իր մորն ու քրոջը քեզ վրա իրավունք բանացնելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ձեռքով մի տխուր շարժումն անելով): Ա՛հ, ամուսինս: Նա ժամանակ չունի ինձանով հետաքրքրվելու, նա զբաղված է իր գործերով: (Երեսը դարձնում է նորից իր այլայլմունքը թաքցնելու համար):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զգացել է Արմենուհու այլայլվելը: Լռություն: Մոտենում է): Արմենուհի, ինչո՞ւ երեսդ դարձրիր ինձանից: Ի՞նչ ունիս, ասա, մի՛ քաշվիր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուղղելով իրան): Թողնե՛նք, հայրիկ, թողնենք: Այս բոլորը հետաքրքրական չէ քեզ համար:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես քո ձայնի մեջ զգացի ինչ-որ դառնություն: (Բռնում է Արմենուհու ձեռը): Աչքերիս նայիր...

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Զեռն ազատելով Կոստանդինի ձեռից): Ոչինչ, հայրիկ, իմ ամուսինս վատ մարդ չէ... ես գոհ եմ: Ահա գալիս են նրանք: Լռե՛նք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դու ինձ խաբել չես կարող, դու մի բան ունիս սրտումդ….

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ, ՀՄԱՅԱԿ, ՍՏԵՓԱՆ և ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ

ՍԱՄՍՈՆ. (Գալիս է պատշգամբից: Միջահասակ ամրակազմ մարդ է, տափակ ճակատով, թուխ դեմքով: Սև միրուքը խուզած է կարճ, բարակ ընչացքը հազիվ ծածկում է ամուր սեղմված բարակ շուրթը: Հոնքերը միշտ կնճռած են: Անտարբեր, եսամոլ, շահասեր մարդու տիպար: Սովորության ունի մի ձեռը պահել պանթալոնի գրպանում, մյուսով խաղալ ժամացույցի շղթայի հետ):

ՀՄԱՅԱԿ. (Գալիս է պատշգամբից Սամսոնի հետ: Պարզ, համակրելի դեմքով, բաց գույնի մազերով տղամարդ է: Հագնված է ճաշակով: Ձևերը մեղմ են և շատ կիրթ: Ձեռում բռնած է կակուղ գլխարկ):

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. (Գալիս է պատշգամբից, Սամսոնի հետևից Ստեփանի հետ: Ալեխառը, կարճ միրուքով, փոքրիկ խորամանկ աչքերով, դեմքի շողոքորթ արտահայտությամբ տղամարդ է: Հագած է տձև սյուրտուկ, սպիտակ ժիլե, որ բավական մաշված է, ծալած օձիքով շապիկ, սև տափակ փողկապ, լայն պանթալոն: Ձևերը ստրկական):

ՍԱՄՍՈՆ. (Իջնելով պարտեզ): Ես հավանեցի ձեր առաջարկած ոճը իմ նոր տան համար: Կազմեցեք պլանն այդ ոճով, եթե ժամանակ ունիք: Խնդրեմ ծանոթանաք, կինս, աներս:

ՀՄԱՅԱԿ. Վառլամյա՛ն: (Նախ ձեռ է տալիս Արմենուհուն, ապա Կոստանդինին):

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Այո, իմ կարծիքով էլ պարոն ճարտարապետի առաջարկած ոճը լավն է, թեև ուրիշ լավ ոճեր էլ կան: (Իբրև տնացի, չի բարևամ Արմենուհուն ու Կոստանդինին):

ՍՏԵՓԱՆ. (Ծաղրելով): Այո, պատվելի քեռի, ինչպես օրինակ դուք լավ վարժապետ եք եղել, թեև կան ուրիշ լավ վարժապետներ էլ. կամ ես բժիշկ եմ, թեև ուրիշ բժիշկներ էլ կան:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Ինձ թվում է, սիրելի փեսա, որ դուք մի քիչ ծաղրեցիք ինձ, թեև այդ չի կարելի ծաղր համարել :

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ, ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևամ է պատշգամբի վրա):

ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է պատշգամբի վրա Եղիսաբնթի հետ); ՍԱՄՍՈՆ. Ահա՛ և իմ մայրն ու քույրը:

ՀՄԱՅԱԿ. (Որ առանձին խոսում էր Արմենուհու հետ, հեռվից գլուխ տալով Եղիսաբեթին ու Վիրգինեին, մոտենում է և ձեռ է տալիս):

ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է թե չէ, աչքերով փնտրում է Արմենուհուն և տեսնելով նրան Հմայակի հետ խոսելիս, դժկամության շարժումն է անում: Բարևում է Հմայակին սառը):

ԵՂԻՍԱԲԵԹ. Կարող եք ճաշի նստել: (Նստում է սեղանի մի ծայրում):

ԱՄԵՆՔԸ. (Նստում են):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նստում է սեղանի հակառակ ծայրում, հրավիրելով Հմայակին իր մոտ նստել):

ՎԻՐԳԻՆԵ. (Այնպես է նստում, որ կարողանա դիտել Արմենուհուն և Հմայակին):

ԳԱՐԵԳԻՆ. (Կերակուր է բաժանում):

ՄԵԼԱՆԻԱ. (Օգնում է Գարեգինին):

ՍԱՄՍՈՆ. (Անձեռոցիկը կրծքին կապելով): Այդ ի՞նչ փունջ է:

ԿՈՏԱՆԴԻՆ. Արմենուհին է կազմել, (Սկսում է ուտել):

ՍԱՄՍՈՆ. (Արմենուհուն): Ասա, դու էլի անտառո՞ւմն ես եղել. (Սկսում է ուտել):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կերակուր առաջարկելով Հմայակին): Ո՛չ, լեռն էի բարձրացել:

ՍԱՄՍՈՆ. Երեխայությո՛ւն: Չե՞ս մտածում, որ կարող է փորձանք պատահել:

ԵՂԻՍԱԲԵԹ. Կարծես մեր պարտեզում ծաղիկներ չկան, որ լեռներն է վազում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես գերադասում եմ վայրի ծաղիկները:

ՎԻՐԳԻՆԵ. Որոնք բոլորովին հոտ չունին:

ՀՄԱՅԱԿ. Տիկին, մի՞թե չեք զգում նրանց բուրմունքը: (ՈՒտում է քիչ դանդաղ):

ՎԻՐԳԻՆԵ. (Կոշտ): Իհարկե, չեմ զգում:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Ծաղկի հոտը կարելի է զգալ և չզգալ, կախված է տրամադրությունից: (Ուտում է ախորժակով): Թեև տրամադրություն ասված բանն էլ վիճելի է:

ՍՏԵՓԱՆ. Երևելի՛ փիլիսոփայություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Պարոննե՛ր, այսօր եղանակը բացառապես գեղեցիկ է, չէի՞ք կամենա, արդյոք ճաշից հետո խմբովին մի թեթև զբոսանք կատարենլ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Էլի՞ զբոսանք:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Ցնդվել է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչ հեռու, մերձակա դաշտը: Ես ձայներ եմ ժողովում: Ո՞վ է ցանկանում:

ՀՄԱՅԱԿ. Ես մեծ ուրախությամբ :

ԵՂԻՍԱԲԵԹ. Ինձ միջից դուրս բերեք, պառավ կին եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վիրգինե, դո՞ւ:

ՎԻՐԳԻՆԵ. (Կոշտ): Չեմ ուզում:

ՍԱՄՍՈՆ. Իսկ ես չեմ կարող:

ՍՏԵՓԱՆ. Ես կարող եմ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես էլ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Երեք ձայն երեքի դեմ:

ՍՏԵՓԱՆ. Հարցը վճռում է քեռին:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. (Նեղ ընկած): Ճաշից հետո զբոսանքը շատ լավ բան է, բայց հանգստանալն էլ շատ լավ բան է, թեև կարելի է չհանգստանալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ուրեմն, չե՞ք կամենում:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Ես ինչպե՛ս կարող եմ ձեր առաջարկությունը չընդունել, բայց մյուս կողմից... պետք է ասած, որ...

ՍՏԵՓԱՆ. Այո՞, վերջապես, թե՞ ոչ:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Նայելով հանգամանքներին…

ՍՏԵՓԱՆ. Ուրեմն, թե՛ այո է, թե ո՛չ: Մի խոսքով կատարելապես Սողոմ քեռի:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Բժի՛շկ, եթե կամենամ, այդ խոսքերից կարող եմ վիրավորվել, թեև վիրավորական բան չկա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նկատել է երկու թափառական երաժիշտներ, որոնք անցնում են հեռու փողոցով): 0օ՜, թափառական երաժիշտներ: Գարեգին, կանչեցեք նրանց:

ԳԱՐԵԳԻՆ. (Շտապով մոտենում է խորքի ցանկապատին և նշան է անում երաժիշտներին մոտենալու):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, և թափառական երաժիշտներ

ԵՐԿՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Մոտենում են ցանկապատին պատրաստվում են նվագելու):

ՍԱՄՍՈՆ. (Ձանձրույթով): Արմենուհի, թող անցնեն գնան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Օ՜օ, ո՛չ, այս մեկն ինձ ներիր: Ես շատ եմ սիրում թափառական երաժիշտներին: (Դեպի երաժիշտները): Մի հին եղանակ նվագեցեք:

ԵՐԿՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Նվագում են՝ մեկը քյամանչա, մյուսը թառ):

ՍԱՄՍՈՆ. Գոնե չերգեին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դրանք չեն երգում:

ՍԱՄՍՈՆ. (Հմայակին): Երևակայեցեք, պարոն Վառլամյան, իմ կնոջ ճաշակը: Երեք անգամ ինձ հետ ճանապարհորդել է Եվրոպայում, տեսել է բոլոր մեծ թատրոնները, լսել է ամենաընտիր երաժիշտներին. Բայրեոթում հիացել է Վագների օպերաներով, Պարիզում Կոլոնի և Լամուրեի օրկեստրներով. Հռովմում Կարուզոյի ձայնով և դարձյալ ախորժում է այդ վայրենի երաժշտությունից:

ՀՄԱՅԱԿ. Ներեցե՛ք, պարոն Սամսոն, ես ճարտարապետ եմ, հիանաւմ եմ Եվրոպական հին և նոր ոճերով. բայց այս ինձ չի խանգարում սիրել և իմ մայրենի երկրի հին վանքերի ճարտարապետությունը: Այն ունի իր առանձին հմայքը:

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Բայց եթե դուք լսեիք Արմենուհու դաշնամուր նվագելը, ամեն բանն կմոռանայիք:

ՍՏԵՓԱՆ. Ա՜ա, վերջապես քեռին մի բան գտավ, որի մասին կարողանում է ասել «այո» և ոչ, թե «և այո և ոչ»:

ՀՄԱՅԱԿ. (Արմենուհուն): Տիկին, ես հուսով եմ, որ անձամբ կվայելեմ ձեր նվագման հաճույքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Պայմանով, որ շատ էլ չհավատաք քեռու գովասանքին: Ինձ համար ավելի բարձր են այդ տարրական հնչյունները: Լսեցեք՝ որքան թախիծ, դառը վիշտ, ողբ մի տառապող սրտի:

ՎԻՐԳԻՆԵ. Ես ոչինչ չեմ զգում:

ՍԱՄՍՈՆ. Մուրճի հարվածներ են տալիս մարդու ներվերին:

ՀՄԱՅԱԿ. Դժվարանում եմ հավատալ, որ այդպես լինի: Չէ՞ որ մանկությունից այդ հնչյուններով է կրթվել ձեր լսելիքը:

ՍՏԵՓԱՆ. Իհարկե. բայց սովորություն է դարձել մեզանում պարսավել բոլորը, ինչ որ մայրենի է: Դա համարվում է եվրոպականություն: Սնոբի՜զմ...

ՍՈՂՈՄ ԱՈՂՈՄՅԱն. Երաժշտությունն այնպիսի բան է, որ կարելի է զգալ և չզգալ, նայելով տրամադրությանը:

ՍՏԵՓԱՆ. Կեցցե՜ք, քեռի, դարձյալ մի խոր փիլիսոփայական գաղափար արտահայտեցիք: Ձեր կենացը... Բաժակը զարկում է Սողոմ Սողոմյանի բաժակին և խմում է):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Մելանիա՛, վերցրեք պարոնից երեք ռուբլի և տվեք երաժիշտներին: ԵՂԻՍԱԲԵԹ. (Զայրանալով): Երեք ռուբլի՜: Գժվե՞լ ես, ի՞նչ է: Դա էլ թատրոն չէ, որ ամեն անգամ ութ ռուբլի ծախսեք: (Սամսոնին): Տասը կոպեկն էլ շատ է:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Վշտացած): Հայրի՛կ, տուր նրանց երեք ռուբլի:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աչքիս վրա: (Ձեռքը տանելով գրպանը): Մեծ բան չէ:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Շատ ես մեծ-մեծ կոտրտում, տեսնենք վերջդ ի՛նչ պիտի լինի:

ՍԱՄՍՈՆ. (Կոստանդինին): Ներեցե՛ք, իմ հյուրերն իմ տանն իրավունք չունին փող ծախսելու: (Տալով Մելանիային մի ռուբլի): Տուր այս մի ռուբլին նրանց, թող կորչեն:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Մելանիա, շնորհակալություն հայտնեցեք նրանց: Այդ ցնցոտիների տակ մարդկային սիրտ է բաբախում:

ՄԵԼԱՆԻԱ. (Դրամը տալիս է երաժիշտներին):

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Դադարում են նվագել, գլուխ են տալիս խոնարհ և հեռանում են):

ՍՏԵՓԱՆ. Մայրիկ, կարելի՞ է վեր կենալ, (Արմենուհուն) : Տիկի՞ն:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ճաշը վերջացել է: (Վեր է կենում):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գլխով համաձայնության նշան է անում Ստեփանին և վեր կենում):

ԱՄԵՆՔԸ.(Վեր են կենում):

ԳԱՐԵԳԻՆ.

ՄԵԼԱՆԻՍ. (Սկսում են սեղանը ժողովել):

ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին): Կամենաք, մի քիչ նարդի խաղանք պատշգամբի վրա:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ծխախոտը վառելով): Իսկ զբոսա՞նքը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Չկայացավ, հայրիկ: (Սկսում է Հմայակի հետ զրույց անել):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ստեփանին): Գնա՜նք: (Բարձրանում է պատշգամբը):

ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին հետևելով): Գարեգին, նարդին բերեք:

ԳԱՐԵԳԻՆ. (Գնում է աջ, սենյակից շտապելով մի նարդի է դուրս բերում և դնում պատշգամբի երկրորդ ծայրում):

ԿՈՍՏԱՆԴԻՆ.

ՍՏԵՓԱՆ (Սկսում ենխաղալ): .

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. (Եղիսաբեթին): Քույր, կարո՞ղ ես ինձ մի բաժակ սուրճ տալ, թեև սուրճը վնասակար է ինձ համար:

ԵՂԻՍԱԲԵԹ. Գնա՜նք. (Քայլերն ուղղում է դեպի պատշգամբ):

ՎԻՐԳԻՆԵ. (Աչքերով միշտ հետևել է Արմենուհուն և Հմայակին: Եղիսաբեթին առանձին): Տես է, քչփչում են:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Մի արագ թշնամական հայացք ձգելով Արմենուհու կողմը): Ա՜հ, քանի գնում, այնքան ավելի եմ ատում: Երեք ռուբլի մուրացկաններին, տեր աստված: (Գնում է):

ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. (Հետևում է Եղիսաբեթին):

ՎԻՐԳԻՆԵ. (Մի չար հայացք ևս ձգելով Արմենուհու և Հմայակի վրա, հետևում է Եղիսաբեթին):

ՍԱՄՍՈՆ. (Հմայակին): Ես կկամենայի ձեզ հետ ավելի երկար խոսել իմ նոր տան պլանի մասին: Պետք է ասած, որ ձեր առաշադրած ոճը քանի գնում, ավելի է գրավում ինձ:

ՀՄԱՅԱԿ. Խնդրե՛մ: Ես ձեր տրամադրության տակ եմ:

ՍԱՄՍՈՆ. Գնանք իմ սենյակը: (Դիմում է դեպի պատշգամբ):

ՀՄԱՅԱԿ. (Բարձրանամ է պատշգամբ և, մինչև Սամսոնն ու Արմենուհին խոսում են, կանգնում է Կոստանդինի և Ստեփանի քով և նայում է նրանց խաղին):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Սամսո՛ն, մի րոպե:

ՍԱՄՍՈն. (Հետ է դառնում):

ՏԵՍԻԼ 13

ԱՐՄԷՆՈՒՀԻ և ՍԱՄՍՈՆ

ՍՐՄԵՆՈԻՀԻ. Ասա խնդրեմ, ինչո՞ւ դու միշտ խափանում ես ամեն մի զվարճություն: Կարծեմ քեզ համար դժվար չէր լինի մի երկու ժամ նվիրել ինձ:

ՍԱՄՍՈՆ. Դրա համա՞ր պահեցիր, ինձ: է՜հ: (Ուզում է գնալ):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Կա՛ց:

ՍԱՄՍՈՆ. (Կանգ առնելով): Ասա՛, լսում եմ:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Բանը զբոսանքը չէ, Սամսոն, հասկացիր, վերջապես:

ՍԱՄՍՈՆ. Ի՞նչ է պատահել, ասա, որ հասկանամ:

ԱՐՄԵնՈԻՀԻ. Վերջերս մի չար նախազգացում սկսել է ինձ հալածել: Թվում է, որ շուտով ինձ մի դժբախտություն է պատահելու: Պաշապանիր ինձ:

ՍԱՄՍՈն. Դատարկ բաներ են, ի՜նչ նախազգացում, ի՜նչ դժբախտություն: Մեր հասարակության մեջ երեք կին չկա քեզ նման բախտավոր:

ԱՐՄԵնՈԻՀԻ. Հավատա՞մ արդյոք:

ՍԱՄՍՈՆ. Իրավունք չունիս չհավատալու: Նայի՛ր շուրջդ, ամենքը նախանձում են քեզ: Ո՞ւմ ամուսինն ես: Սամսոն Ալադյանի. ասել է՝ ոչինչ չի պակասում քեզ, բացի պակասությունից:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ա՜հ, եթե իմանայիր ինչ է կատարվում ահա այստեղ: (Սրտին գարկեյով), այդ չէիր ասիլ: Կա մի պակասություն, որ ո՛չ քո հարստությունը կարող է լրացնել, ո՛չ մարդկանց հարգանքն ու նախանձը:

ՍԱՄՍՈՆ. Ա՞յն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Քո անտարբերությունւ դեպի իմ հոգեկան վիճակը: Սամսո՛ն, պարզ ասա, աներկյուղ, ճի՞շտ է, որ քո գործերն են միայն քեզ խլում ինձանից:

ՍԱՄՍՈՆ. (Թեթև ցնցվում է, բայց և իսկույն ուղղում իրան): Զարմանալի հարց: Ուրիշ ես ինչո՞վ կարող եմ հափշտակվել, բացի իմ գործերից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իհարկե, ես էլ այդպես եմ կարծում, սակայն մի տխմար կասկած, մի ինչ-որ թերահավատություն մտել է սիրտս և ինձ տանջում է...

ՍԱՄՍՈՆ. (Ձևանում է վիրավորված): Արմենուհի՛, կարծեմ ես քեզ ոչ մի կասկածի առիթ չեմ տվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Լավ, մի՛ բարկանար: Երևի, ես հիմար եմ...

ՍԱՄՍՈՆ. Հիմար չես, Արմենուհի, այլ մի փոքր ներվային, և այդ առաջանում է անգործությունից: Զբաղվիր մի բանով, և կանցնի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Աա՜, ոչ մի զբաղմունք, ոչ մի գործ ինձ չի հետաքրքրում: Ասա՛ ինձ, Սամսոն, սիրո՞ւմ ես քո Արմենուհուն:


ՍԱՄՍՈՆ. Հինգ տարի է ամուսնացած ենք և դեռ հարցնո՞ւմ ես այդ: Մի՞թե չգիտես, որ ինձ նման մի մարդու համար բացի իր օրինական ամուսնուց ոչ մի կին գոյություն ունենալ չի կարող: Այդ կողմից ես նահապետական մարդ եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուրախացած, ինքնամոռացության մեջ հարձակվում է Սամսոնին գրկելու): Ա՜հ, ես այդ էի փափագում քեզանից լսելու:

ՍԱՄՍՈՆ. (Մի քայլ ետ է կանգնում, նայելով դեպի պատշգամբ): Ի՜նչ ես անում, անմիտ, հյուրերի ներկայությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կանգ է առնում: Դառը ծիծաղով): Աա, վախեցա՞ր, բանականությունդ իսկույն բողոքե՞ց: Լավ, մի ամաչիր, կատակ էի անում: (Հեռանում է Սամսոնից): Գիտեմ, չես ուզում, որ քեզ թեթևամիտ մարդ համարեն: Ո՛չ, բարեկամ, այդպես չեն սիրում: Սիրող մարդն այդքան զգույշ չի լինում: Հյուրե՜ր: Ո՞ւր են նրանք: Պատշգամբի ծայրում: Այնքան հեռու, որքան քո սիրտն ինձանից:

Գնա՛, ես քեզ համար կյանքի ընկերուհի չեմ, այլ ուրիշ բան:

ՍԱՄՍՈՆ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜հ, իմ վիշտն էլ այն է, որ չես հասկանում և, երևի, երբեք չես հասկանալ ինձ: Հինգ տարի է քո կինն եմ, և գեթ մի անգամ դու չես կարողացել բաբախել տալ իմ սիրտը: Ես քո հոգու և արյան բաժինը չեմ, այն, ինչ որ երևակայում էի, թե պիտի լինի մի կին իր ամուսնու համար: Քո գլուխը լի է հաշիվներով, քո սիրտը կաշկանդված է քո գործերի ցանցով:

ՍԱՄՍՈՆ. Ճիշտ է, ճիշտ է, հետո՞:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դրամի սերը դարձել է քեզ համար բռնակալ կիրք և հափշտակել է քեզ իսկական կյանքից: Բայց ի՞նչ եմ անում քո հարստությունը, որ այնքան երեսովս են տալիս քո քույրն ու մայրը: Ինձ սիրտ է հարկավոր, վառվռուն, թրթռուն սիրտ, հարուստ հոգի, կյանք, հասկանո՞ւմ ես, կյա՛նք: Գնա քո գործերի հետևից: Ես այն չեմ, ինչ որ հարկավոր է քեզ նման խելոք մարդու: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք: Մայրդ ու քույրդ ունին իրավունք ատելու: Ո՞ւմ եմ դիմում ես իմ անմիտ փափագներով, իմ հիմար երազներով: Մտի՛ր առանձնասենյակդ, խորասուզվի՛ր քո հաշիվների մեջ և հետո… ո՜վ գիտե: Իսկ ես… թո՛ղ, որ իմ տխմար երևակայությամբ երջանկության օդային դղյակներ կառուցանեմ: (Շտապ բարձրանում է պատշգամբ և անհետանում): ՍԱՄՍՈՆ. Կա՜ց, սպասի՜ր: (Մի երկու քայլ է անում Արմենուհու հետևից և կանգ առնելով, մտածում է): Զարմանալի է, տարօրինակ:

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարանը ներկայացնում է ամառանոցի ներսը:

Մի մեծ սենյակ, թեթև կահավորված: Խորքում երկու լուսամուտներ, մեջտեղ դռներ դեպի այն պատշգամբը, որ Ա. արարվածում կազմում էր բեմի աջ կողմը: Հեռու երևում են պարտեզի ծառերի գագաթները: Ավելի հեռու՝ ժայռեր: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից առաջինը տանում է Սամսոնի սենյակը, երկրորդը Արմենուհու բուդուարը: Ձախ պատի մեջ ևս երկու դռներ, որոնցից առաջինը տանում է մի ընդհանուր մուտք — իսկ երկրորդը՝ Եղիսաբեթի սենյակը:

Բեմի խորքում, աջ լուսամուտի առջև դաշնամուր, ձախ լուսամուտի առջև մի կլոր սեղան, վրեն վայրի ծաղիկների մի փունջ: Ջախ պատի առջև, երկու դռների միջև գահավորակ և մի քանի թեթև կիսաբազկաթոռներ: Լուսամուտների վրա սպիտակ վարագույրներ:

Խորքի դռներն ու լուսամատները բաց են:

ՏԵՍԻԼ 1

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԵՓԱՆ

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Վերադառնամ է առավոտյան զբոսանքից խորքի դռներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Շատ ուրախ եմ, որ դուք վճռել եք մի քանի շաբաթ մնալ: Սամսոնի ազգականների մեջ դուք այս տան միակ անկեղծ բարեկամն եք, իսկ այժմ ձեր ներկայությունն այստեղ մինչև անգամ անհրաժեշտ է:

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ է անհրաժեշտ: (Գալիս է Կոստանդինի հետ նույն հագստով է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հուզվելով): Կասեմ, բժի՛շկ, կասեմ:

ՍՏԵՓԱՆ. Ես նկատում եմ, որ վերջին անգամ քաղաք գնալուց հետո դուք առհասարակ տխուր եք: Կարելի՞ է իմանալ ինչ է պատահել: ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պատահել է այն, ինչ որ ես վաղուց կասկածում էի: Բայց մի անգամ էլ պետք է ստուգել: Բժիշկ, տվեք ինձ ազնիվ խոսք, որ իմ մի հարցին կպատասխանեք ամենայն անկեղծությամբ:

ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ բանի է վերաբերում ձեր հարցը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Իմ աղջկա ճակատագրին:

ՍՏԵՓԱՆ (Զարմացած): Ճակատագրի՞ն անգամ: Այդ ի՞նչ կարող է լինել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Տալի՞ս եք խոսք, որ կպատասխանեք իմ հարցին:

ՍՏԵՓԱՆ. Դուք այնպիսի բան եք պահանջում, որ ես չեմ կարող մերժել: Արմենուհու ճակատագիրն ինձ համար այնքան թանկ է, որքան ձեզ համար: Հարցրեք ինչ կամենում եք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Դողդոջուն ձայնով): Ի՞նչ եք կարծում, բժիշկ, իմ փեսան, Սամսոն Ալադլանը ազնի՞վ մարդ է:

ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ: Ձեր հարցը տարօրինակ է: Չեմ հասկանում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կհասկացնեմ, բարեկամս, կհասկացնեմ: Ո՞վ է այն անառակ... Բայց, սպասեցե՛ք, կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը: Այնտեղ կբացատրեմ: Գնա՛նք: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):

ՏԵՍԻԼ 2

ԵՂԻՍԱԲԵԹ, ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՎԻՐԳԻՆԵ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկարդ դռներով: Հագնված է այնպոս, ինչպես առաջին արարվածում): Ապրի՛ք, որդի, ապրիք: Հարսը ձեզ պես պիտի լինի: Մի կին, որ փողի հաշիվ չգիտե, պրծավ, քանդվեց նրա մարդու տունը: Նստենք այստեղ: (Նստում են):

ՎԻՐԳԻՆԵ. (Ներս է մտնում ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից և Սիրանույշից հետո: Հագած է ուրիշ շրջագգեստ, այս անգամ համեմատաբար համեստ): Իհարկե: (Նստում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից հետո, Վիրգինեից առաջ: Բավական գեղեցիկ, բայց ոչ մեղմ դեմքով կին է: Հագնված է շքեղ, գլխին շատ մեծ գլխարկ ահագին փետուրով: Ձեռքում մի թանկագին քսակ և շքեղ հովանոց: Հայրս օժիտս տվել է ինձ, ես շահեցնում եմ: (Նստում է): Ամուսինս իմ հաշիվներին չի խառնվում, և թույլ էլ չեմ տալ, որ խառնվի: Նա անհաշիվ մարդ է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Չմոռանամ մի բան հարցնել, Մոսկովումն էլ խոհարարները գողանո՞ւմ են, ինչպես մեզնում:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Այո՛, տիկին, այս վերջին տարին ինը խոհարար եմ փոխել:

ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ ամիսը մեկը փոխում եմ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ձերլվացարարնե՞րն ինչպես են:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Հաշվով տալիս եմ լվացքը, հաշվով ընդունում եմ: Մի բան պակասելիս վարձը կտրում եմ:

ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Երևակայում եմ, որքան է սիրում ձեզ ձեր սկեսուրը:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ես սկեսուր չունիմ: (Մեկուսի): Բարեբախտաբար:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ափսո՛ս: Սկեսուրը ընտանիքի խմորն է: Վերգինեն էլ չունի:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Բարեբախտաբար: (Սիրանույշին): Սիրո՞ւմ եք ձեր ամուսնուն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ժպտալով): Չգիտեմ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Իսկ նա, իհարկե, սիրում է ձեզ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այդ մասին էլ չեմ մտածում: Ամուսինս է, իհարկե, օրենքով պարտավոր է սիրել: Միայն մեր գաղափարները իրար հակառակ են. երբեմն վիճում ենք: (Ինքնագոհ): Բայց միշտ ես եմ հաղթում:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկ և իսկ ինձ նման: Բարի մարդ է, երևի:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Շատ բարի, բայց դյուրագրգիռ է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Լավ պահեցեք, բարի մարդիկ թույլ են լինում: (Խորհրդավոր ժպտում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ես դրանից իսկի չեմ վախենում: Ոչ ոք չի կարող իմ ամուսնուն ձեռքիցս խլել:

ՎԻՐԳԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով) Ո՞վ գիտե...

ԵՂԻՍԱԲԵԹ. (Տեսնելով Արմենուհուն): Ահա՛, հարսս եկավ:

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ, ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՄԵԼԱՆԻԱ

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, հագած է ընդունելության բավական շքեղ հագուստ, շատ չաշակով զարդարած: Թանձր մազերը պահպանվում են գեղեցիկ կրյա սանրով: Կոկորդի վրա մի հնաշեն քորոց): Բարև ձեզ, տիկին: (Ձեռ է տալիս Սիրանույշին սիրալիր և նստում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Մի նախանձոտ հայացքով չափել է Արմենուհուն ոտից մինչև գլուխ): Հմայակը բերեց իր կազմած պլանը ձեր ամուսնուն ցույց տալու, ես էլ կամեցա ձեզ հետ մի քիչ զրույց անել:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Շատ ուրախ եմ: (Մինչ Եղիսաբեթն ու Մելանիան խոսում են, ձևերով գրույց է անում Սիրանույշի հետ):

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է ձախ կողմի աոաջին դռներով: Եղիսաբեթին): Տիկի՛ն, գյուղացիները յուղը բերել են:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Արագ ոտքի կանգնելով): Օ՜յ, տեսեք, որ առանց ինձ չկշռեն: Այդ գյուղացիները խաբեբաներ են: Գնա՛, սուրճ բեր տիկինների համար: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՎԻՐԳԻՆԵ, մերթ ընդդ մերթ ՄԵԼԱՆԻԱ

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Կարդացի ձեր տված վեպը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հավանեցի՞ ք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես հավանեցի միայն այն առաքինի կնոջը, որին մի խելագար ուզում էր զրկել օրինական ամուսնուց:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ այդ օրիորդին, որին խելագար անվանեցիք, չե՞ք կարեկցում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ամենևին:

ՎԻՐԳԻՆԵ. (Ձանձրույթի նշաններ է անում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չէ՞ որ նա անհույս սիրուց իրան ժայռից գցում է իր սիրեցլալի ոտների տակ և կտոր-կտոր լինում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ի՞նչ իրավունք ուներ մի օրիորդ սիրահարվելու ամուսնացած մարդու վրա:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ասում են սերն իրավունքներ չի ճանաչում, տիկին:

ՎԻՐԳԻՆԵ. Անառակ սերը, իհարկե, չի ճանաչիլ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Սիրանույշին): Հավանո՞ւմ եք այստեղի բնությունը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Շատ էլ չէ, զառիվայրեր շատ կան, կառքով զբոսնելը վտանգավոր է:

ՄԵԼԱՆԻՍ. (Երեք գավաթ սուրճ և շաքարահաց է բերում, դնում է սեղանի վրա և գնում է միևնույն, այսինքն՝ ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ ձեր ամուսինը հիացած է:

ՎԻՐԳԻՆԵ. (Մի բաժակ սուրճ վերցնելով): Ա՛խ, դո՛ւ արդեն խոսե՞լ ես նրա հետ բնության մասին մինչև անգամ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Առանց նայելու Վիրգինեին): Այո՛, ես պարոն Հմայակի հետ խոսել եմ ամեն բանի մասին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Եվ նա հիացած է ձեզանով: Ասում է, առաջին անգամն եմ հանդիպում մի հայ կնոջ, որ գեղեցիկի մասին գաղափար ունի:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իսկ երեկ նա վերադարձավ խելագարված ձեր դաշնամուր նվագելուց: (Դիտում է Արմենուհու հագուստը):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես թանկ եմ գնահատում արտիստի կարծիքը:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): է՛հ, սիրելիս, այժմ ո՞վ չի դաշնամուր նվագում: Անցեք մեր փողոցներով, յուրաքանչյուր լուսամուտից կլսեք «դի՜նգ-դընգ, դի՜նգ-դընգ»… (Սուրճն է խմում):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես էլ օրիորդ ժամանակս շատ էի նվագում, բայց հիմա դաշնամուրս փոշի է պատել: (Արմհնուհուն): Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղ եք կարել տվել այդ հագուստը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ): Թիֆլիսում: (Սուրճն է խմում):

ՍԻՐԱնՈԻՅՇ. Հիանալի՜ է: Երևակայեցե՛ք, գարնանը ես Պարիզում երկու հագուստ պատվիրեցի — փչացրին: (Շոշափելով Արմենուհու շրջազգեստը): Եվ ի՜նչ ամուր կտոր է, երկար կդիմանա:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Ես ձեր հագուստն ավելի եմ հավանում: Դուք ճաշակ ունիք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (ՈՒշադրություն չդարձնելով Վիրգինեի խոսքերի վրա, Սիրանույշին): Դուք ասացիք, թե գարնանը Պարիզումն եք եղել անկասկած, տեսել եք այն պիեսը, որ ներկայացնում է Բեթհովենի ողբերգական կյանքը: Ասում են շատ սրտաշարժ է այն տեսարանը, երբ ինը սիմֆոնիաները գալիս են իրենց երկնային ձայնով մխի– թարելու հանճարեղ ստեղծագործողին:


ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ձանձրույթով): Չգիտեմ, չեմ հիշում, թատրոններ շատ եմ տեսել: Երկու ամսվա ընթացքում Պարիզում ծախսեցինք Չորս հազար հարյուր քսան ու յոթ ռուբլի:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Դուք ճանաչո՞ւմ եք Մոսկվայում տի՛կին Մարմառյանին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո:

ՎԻՐԳԻՆԵ. Նա իմ դասընկերն է եղել, ասում են իր մարդուն դավաճանում է, ճի՞շտ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Չեմ լսել:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկ ես լսել եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կամենալով խոսակցության նյութը փոխել, Սիրանույշին): Տիկին, Պարիզում տեսա՞ք Ռոդենի գործերը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Մտածելով): Ռոդեն... Ռոդեն... միտս չէ... այդ ի՞նչ մարդ է:

ՎԻՐԳԻՆԵ. Կար ու ձևի վարպետ կլինի, մոդիստ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ, Վիրգինե, Ռոդենը մեր ժամանակի ամենահանճարեղ արձանագործն է, որին համեմատում են Ֆիդիասի հետ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Արձանների մասին ամուսնուս հետ խոսեցեք: Ախ, այդ ի՞նչ հրաշալի քորոց է: Կարելի՞ է մոտիկից տեսնել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Քորոցն իր օձիքից պոկելով, տալիս է Սիրանույշին): Համեցե՛ք: ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հիացած դիտելով քորոցը): Ի՞նչ հազվագյուտ քար է, ի՞նչ պայծառ գույն ունի և ի՞նչ աննման գործ է: Թա՞նկ արժե: (Քորոցը տալիս է Արմենուհուն):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Քորոցը իր տեղը կպցնելով): Չգիտեմ, հանգուցյալ մորս հիշատակն է: Կամենա՞ք, տիկին, վաղն ինձ հետ բարձրանալ կարմիր լեռան գագաթը արեգակի ծագումը տեսնելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Զարմացած): Արեգակի ծագո՞ւմը: Ի՞նչ եք ասում, մի՞թե մարդ կարող է այդպես վաղ զարթնել:

ՎԻՐԳԻՆԵ. (Չարությամբ): Ինչո՜ւ չէ, կաթնավաճառներն ու հացթուխները զարթնում են:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Կհամենա՞ք,

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ո՛չ, սիրելիս, անկարող եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այն ժամանակ այս երեկո բարձրանանք արեգակի մայր մտնելը տեսնելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի՞թե հետաքրքրական է:

ԱՐՄԵնՈՒՀԻ. (Ոգևորված): Օօ՜, տիկին, այդ մի սքանչելի տեսարան է: Մի երազ և այնպիսի երազ, որ միայն մանուկ հասակում կարելի է տեսնել:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜, սկսեց: (Բարձր): Սինեմատոգրաֆումն էլ կարելի է տեսնել:

ԱՐՄԵնՈՒՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Վիրգինեի վրա): Ձեր առջև տարածվում է Կովկասյան լեռնաշղթան աջ ու ձախ: Ձյունապատ գագաթները ոսկեզօծված, լայնատարած սառցարանները մանիշակագույն, ինչպես երկինքը ամառային երեկո: Վերը սպիտակ ամպերի վիթխարի քուլաները վարը մթին անդունդները: Լույս և խավար, կյանք և մահ, աստվածային գեղեցկություն և դիվային զորություն: Երանգների աննկարագրելի խառնուրդ: Եվ դուք, նայելով հսկաների վարդագույն գագաթներին ու նրանց հուժկու կրծքերին, սլանամ եք դեպի հեռավոր, անծանոթ աշխարհներ, ուր չկան մանր կրքեր, չնչին հույզեր, նյութամոլություն, նախանձ, զրպարտություն, բանսարկություն, ատելություն: Ա՛հ, այդ սքանչելի է, ինչպես տիեզերքի գոհար... (Վեր է կենում):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Կիսահեգնական): Կեցցե՛ք, կեցցե՛ք, դու կատարյալ բանաստեղծ եք: (Վեր է կենում):

ՎԻՐԳԻՆԵ. (Բռնի ծիծաղելով): Պակասում է միայն սազը: (Վեր է կենում): Է՛հ, այնքան վեպեր է կարդացել, որ կարող է մի բան անգիր անել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նայում է Վիրգինեին հանգիստ, արհամարհական հայացքով):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայելով իր ժամացույցին): Ա՛հ, արդեն տասներկու ժամն է: Հմայակն ուշացավ, ես չեմ կարող նրան սպասել: Դե՜հ, ցտեսություն, սիրելիս, ես լեռներ բարձրանալ չեմ կարող: Տափարակ տեղ էլ կարելի է զվարճանալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուղեկցում է Սիրանույշին մինչև խորքի դռները և ետ է գալիս: Հառաչում է իբրև մի մեծ ձանձրույթից ագատված):

ՎԻՐԳԻՆԵ. Արմենուհի, դու իսկի հյուր զբաղեցնելու շնորհք չունիս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ): Ճշմարիտ ես ասում: (Ուզում է գնալ աջ կողմի երկրորդ դռներով, Սամսոնին տեսնելով կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 5

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ՍԱՄՍՈՆ և ՎԻՐԳԻՆԵ

ՍԱՄՍՈՆ, (Գալիս է աջ կողմի առաջին դռներով: Հագած է ուրիշ հագուստ, մոխրագույն կոմպլե): Վիրգինե՛, աղախնին հրամայիր երկու գավաթ սուրճ տանել իմ սենյակը:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկույն: (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 6

ՍԱՄՍՈՆ և ԱՐՄԵՆՈւՀԻ

ՍԱՄՍՈՆ. (Սպասել է, որ Վիրգինեն հեռանա: Գրգռված): Լսի՛ր: Հայրդ իրան խելոք չի պահում, ես պատասխանատու չեմ իմ մասին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ է պատահել:

ՍԱՄՍՈՆ. Այս րոպեին նա ինձ վիրավորեց օտարի ներկայությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վիրավորե՞ց, քե՞զ, հա՞յրս. այդ անկարելի բան է:

ՍԱՄՍՈՆ. Ակա՛նջ դիր. նա անցնում էր իմ լուսամուտի առջևով: Ես խնդրեցի նրան մտնել իմ սենյակը մի րոպե. կամենում էի ցույց տալ նրան Վառլամյանի շինած պլանը մեր նոր տան համար: Պատիվ էի ուզում անել: Երևակայի՛ր, նա ինչ պատասխան տվեց. «Թո՛ղ ինձ հանգիստ, ես չեմ ուզում տեսնել քո նոր տունը, որ շինում ես հինը քանդելով»: Ի՞նչ էր ուզում ասել այդ խոսքերով––չհասկացա. միայն նրա ասելու ձևը, դեմքը, ձայնը այնքան կոպիտ էին, որ մնացի ամոթահար Վառլամյանի առջև: Պետք է ասել, որ առհասարակ վերջերս նա իմ դեմ ինչ-որ թշնամական դիրք է բռնել: Ապրելով իմ տանը, նա կրում է իմ դեմ մի անհասկանալի ոխ: Այդ ես համբերել չեմ կարող, լսո՞ւմ ես, չեմ կարող: (Ուզում է գնալ):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Սպասի՛ր: Քո խոսքերն ինձ ապշեցնում են: Իմ հայրը ո՛չ չար մարդ է, ո՛չ անտակտ: Եթե արդարև նա քեզ վիրավորել է, կնշանակի մի պատճառ ունի և, անկասկած, լուրջ պատճառ:

ՍԱՄԱՈՆ. Ես չգիտեմ և չեմ էլ հետաքրքրվում նրա պատճառներով. գիտեմ միայն, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինեմ… (Զսպում է իրան):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գուշակելով): Դուրս անել նրան քո տնից, այնպես չէ: Շա՛տ լավ, տունը քոնն է, ունիս իրավունք: Բայց լսիր, առանց քո սպառնալիքի էլ իմ հայրը կհեռանա քո տնից: Արդեն նա ինքը վաղուց էր ուզում հեռանալ, ե՛ս չէի թողնում: Վաղը նա այլևս քեզ չի անհանգստացնիլ. բավակա՞ն ես:

ՍԱՄՍՈՆ. Ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, թե Ալադյանն իր աներոջ վերաբերմամբ եղել է անքաղաքավարի: Միայն ինձ թվում է, որ մեր փոխադարձ հարաբերությունների մեջ երրորդ անձի մասնակցությունն ավելորդ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Աա՜, այդպե՞ս է, կեցցե՛ս, կեցցե՛ս: Ես վաղուց էի փափագում լսել այդ քեզանից: Շատ բարի, իմ հայրը կհեռանա քո տնից, և դու երբեք չես տեսնիլ նրա երեսը: Բայց կան և ուրիշ անձնավորություններ, որ ավելի են խառնվում մեր փոխադարձ հարաբերությունների մեջ, քան իմ հայրը: Այդ քո մայրն է և քո քույրը: Դու էլ նրանց հեռացրու, համաձա՞յն ես:

ՍԱՄՍՈՆ. (Զարմացած): Ի՜նչ, ես բաժանվեմ իմ ծնողի՞ց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ինչո՞ւ չէ. չէ՞ որ ես բաժանվում եմ իմ ծնողից:

ՍԱՄՍՈՆ. Դու կին ես, ես այր. դու ես եկել իմ մոր տունը և ոչ նա քո տունը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ահա՜ թե ինչ: Եվ դու քեզ համարում ես լուսավորված մա՞րդ: Սամսոն, մեր երջանկությունը անկախ հիմքի վրա պիտի դրվի: եթե ուզում ենք վայելել փոխադարձ երջանկություն: Ես կհարգեմ քո մորը բյուր անգամ ավելի, ես սուրբի պես կպաշտեմ նրան, եթե նա հեռու լինի մեզանից, գոնե այնքան հեռու, որ չխառնվի քո և իմ զգացումների մեջ: Ես ավագ քրոջս պես կպատվեմ քո քրոջը, եթե նա ինձ հանգիստ թողնի: Մի փոքր առաջ, նա տիկին Սիրանույշի ներկայությամբ, հինգ անգամ ինձ վիրավորեց կոպիտ ակնարկներով: Ես հազիվ կարողացա ինձ զսպել:

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով, երկու գավաթ սուրճ ձեռքին և բեմով անցնում է ու գնում աջ կողմի առաջին դռներով):

ՍԱՄՍՈՆ. (Մտածել է Արմենուհու խոսքերի միջոցին): Գուցե դու էլ ունիս իրավունք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ոգևորված): Ա՜խ, այդ իրավունքը տալիս է ինձ իմ սրտի պահանջը, իմ զգացումների անկախությունը, վերջապես, իմ սերը դեպի քեզ: Բաժանվե՛նք մեր մերձավորներից՝ նրանց ավելի հարգելու համար:

ՍԱՄՍՈՆ. (Վճռական): Շա՛տ բարի, ես համաձայն եմ, թող քո ասածը լինի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուրախացած): Ա՛հ, վերջապես: Եթե չեմ սխալվում, այդ առաջին զիջումն է, որ անում ես ինձ: Շնորհակալ եմ:

ՍԱՄՍՈՆ. Բայց ո՛չ իհարկե այժմ: Սպասենք ամառը վերջանա: Քաղաք վերադառնալով, մայրս կերթա Վիրգինեի տանն ապրելու, իսկ մենք կապրենք առանձին: Գո՛հ ես այժմ ինձանից: (Գրկում է Արմենուհուն):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Խանդավառությամբ գրկելով Սամսոնին): Գոհ եմ, անչափ գոհ, որովհետև այդ զոհաբերությունը ցույց է տալիս, որ դու ինձ քիչ թե շատ սիրում ես:

ՍԱՄՍՈՆ. «Քիչ թե շա՜տ». թեթևամի՜տ, մի՞թե կասկածում ես իմ սիրո մասին: (Փաղաքշում է):

ԱՐՄԵնՈՒՀԻ. Օ՜հ, չեմ ուզում կասկածել, երբե՛ք: (Նորից գրկելով Սամսոնին): Ա՜հ, այժմ կարող եմ ասել, որ ես սկսում եմ ապրել, վերջապես...

ՍԱՄՍՈՆ. (Մեղմիկ հեռացնելով Արմենուհուն): Բայց լսիր, ես էլ ունիմ մի պայման:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ասա՛, կանխավ ընդունում եմ քո բոլոր պայմանները:

ՍԱՄՍՈՆ. Քո հայրը ազնիվ մարդ է, խոսք չունեմ: Բայց շատ դյուրահավան է և հափշտակվող: Ինձ թվում է, որ թշնամիներս ինձ զրպարտել են նրա մոտ: Ո՞վ գիտե ինչեր են ասել: Համոզիր նրան, որ փողոցային լուրերի վրա ուշադրություն չդարձնի, և դու էլ մի հավատար նրա լսածներին իմ մասին: Համաձա՞յն ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի քիչ հիասթափված): Այդ ի՞նչ է նշանակում, քո խոսքերը մութն են ինձ համար:

ՍԱՄՍՈՆ. Լա՛վ, լավ, հետո կբացատրեմ: Այնտեղ Վառլամյանը ինձ սպասում է, հետո կառավարիչը պիտի գա: Բայց կես ժամ անցած ես ազատ եմ և կարող եմ գրկել քեզ: (Գնում է աջ կողմի առաջին դռներով):
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top