հոգեկան անհանգստություն։ Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ։ Այդ տևում էր մի քանի րոպե։ Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր։
Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր։ Ժամանտկ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում։ Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա։ Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա։ Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ։ Վերջապես, ծառան համարձակվեց ասելու․
— Աղա, չայը սառել է։
— Գնա՛, կո՛րիր։
Ծառան անհայտացավ։
Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ։
Այո, դժվար խնդիր է։ Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից։ Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համար — անշուշտ հարկավոր է։ Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ․․․
Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին։
Կատարյալ, կատարյալ խայտառակություն։ Երեկ նա դարձյալ այնտեղ էր․ ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր։ Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից։
Ինչո՞ւ, հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց․․․ ինչո՛ւ։
Այսօր թե վաղը կպարզվեն բաները, և այն ժամանակ նա փչացավ,
կենդանի թաղվեց։ Իսկ Մարիա Իվանովնա՞ն․․․ հը՛մ․․․ միամիտ կին։ Նա դեռ ոչինչ տեղեկություն չունի, կարծում է, որ յուր աղջիկը մրսել է, հիվանդ է և ուրիշ ոչինչ։ Ցանցառ պառավը դեռ ուրախ է, դեռ հավատացած է, թե պիտի գա մի երջանիկ օր, երբ Դոլմազովը նրա աղջկա հետ թև-թևի տված կկանգնի եկեղեցու սեղանի առջև։ Հը՛մ, այդ էր պակասում Դոլմազովին — լինել մի չնչին, անհայտ գործակատարի փեսա։ Ի՞նչ կասեն տեսնողները։ Չէ, այդ ցնորք է, Մարիա Իվանովնա։ Դեռ փառք աստուծո, Դոլմազովը մինչև այն աստիճան չի հիմարացել, թեթևամիտ հաշտարխանցի մամա։
Երեկ ինքն օրիորդն ևս առաջին անգամ ակնարկություն արավ, արտասուքն աչքերին։ Ողորմելի, միամիտ արարած, ասում է, որ թեև նրան չի սիրում բայց ստիպված է` կեղտը ծածկելու համար։ Ծիծաղելի խոսք, չի սիրում, Պետր Ստեփանիչ Դոլմազովին, և ո՞վ, ո՞վ․․․ Կարլ Մարկիչ Պոպովի աղջիկը․․․
Այսպես թե այնպես, Դոլմազովի անունը կարող է քաղաքի բերանում մի մատ մեղր դառնալ, արդեն բամբասանքները սկսել են։ Սերգեյ Իվանիչն, այդ անպիտանը, որ նրան հազար տեսակ կեղծավորություններ է անում, բարեկամ և ձևացնում իրան հենց նա ինքն է ամենից առաջ սկսել լուրեր տարածել նախանձելուց։ Ասենք թե այդ ոչինչ։ Պետր Ստեփանիչը բամբասանքներից շատ էլ վախեցողը չի, բայց կա մի ուրիշ բան, որ ավելի նշանավոր է։ Եթե այժմյանից այդ գործի առաջը չառնի, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կպարզվի, և բանը կհասնի մինչև դատաստան։ Այն ժամանակ կամա-ակամա ստիպված կլինի կապել յուր կյանքը Կարլ Մարկիչի աղջկա հետ։ Կարլ Մարկիչը, օօ՛օ, Կարլ Մարկիչը պրաշենիեն ծոցում պատրաստ հաշտարխանցի է, կարող է նրան նեղը գցել․․․ Ինչպե՞ս ազատվել, տեր աստված, ինչպե՞ս։
Եվ Պետր Ստեփանիչը, կրկին նստելով աթոռի վրա, սկսեց անդադար հառաչանքներ արձակել կրծքից։ Վերջապես, նա մտաբերեց թեյն և, մոտենալով սեղանին, վերցրեց բաժակն ու միանգամից դարտկեց ինչպես սառը ջուր և, մի ծխախոտ վառելով, կրկին նստեց լուսամուտի
առջև ու սկսեց նայել դեպի դուրս։
Լուսամուտը նայում էր դեպի արևելյան կողմ, ուր գտնվում էր
Սև քաղաքը։ Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից։ Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք։ Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին։ Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ։
— Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան, — ասաց նա զանգակի հնչյունին՝ ներս մտնող սպասավորին։
Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց։
Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով։
— Չի՞ եկել, — հարցրեց նա սպասավորին նախասենյա կում։
— Ո՛չ։
Պետր Ստեփանիչի դեմքն արտահայտեց անհամբերություն։ Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը։
— Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել։
— Հենց այս վայրկյանին։
Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ։ Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց։
Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ։ Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ։ Երիտասարդը կլիներ մոտ քսանհինգ տարեկան։ Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր
բնական նուրբ գեղեցկությունը։ Երիտասարդը գլուխ տվեց Պետր Ստեփանիչին և, ձեռները կողքերին քաշ գցելով, արձանացավ դռների մոտ։
— Առաջ ե՛կ, նստիր, — ասաց Դոլմազովը։
Երիտասարդը չհամարձակվեց նստելու։ Նա միայն գլուխ տվեց։ Դոլմազովը կրկնեց յուր առաջարկոււթյունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով։ Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա։
— Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա, — հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով։
— Ձեր առողջությունը, — պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով։
Նրա ձայնը խիստ դուրեկան էր։
— Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց։
— Այո՛։
— Ո՞վ է ընդունել։
— Կարլ Մարկիչը։
— Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է։
— Լավ է, ուրախ է։
— Հը՛մ․․․ այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է։
— Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով, ճանապարհ ընկա։
— Շա՛ ատ լավ ես արել, շա՛ատ լավ ես արել։ Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվոււմ։
— Հրամայեցե՛ք, — ասաց երիտասարդը զարմանալով։
Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին։ «Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն։
— Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞։
— Այո՛։
— Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս։
— Այո՛։
— Դու ընտանիք ունի՞ս։
— Հայր, մայր և երկու քույր։
— Ինչտե՞ղ են։
— Շուշում։
— Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս։
— Ո՛չ։
— Նշանված ե՞ս։
— Ո՛չ։
— Հը՛մ․․․ ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա, — ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար։
— Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել։
— Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել։ Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել։
— Ո՛չ, չգիտեմ։
— Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում։
Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ։
— Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել։
— Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, շատ շնորհակալ եմ․․․
Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց։
— Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես։ Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես մի վատություն չեմ տեսել քեզանից։ Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ։
Երիտասարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց։
Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել։
— Ինչպես Կարլ Մարկիչին եմ տվել, քեզ համար էլ ուզում եմ մի
բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ։ Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու։ Մեկ էլ գրիր, որ ես, Դոլմազովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել։
Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին։ Նա գլուխը քաշ գցեց։
— Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ։
— Ո՛չ Պետր Ստեփանիչ, — պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով։
— Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞։
— Ո՞րտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ։
— Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ։ Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ։
Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց։
— Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ։ Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ տեսնես — աչքերդ չորս կդառնան։ Բաքվի մեջ հատը չկա։
Սմբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա։
— Աբա, եթե խելոք ես, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ․․․
Սմբատը գլուխը շարժեց բացասաբար։
— Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես։
Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին։
— Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ Պոպովին, — հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը։
Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին։
— Նրա աղջկան, Կատերինա Կարլովնա յի՞ն էլ ես ճանաչում։
— Ճանաչում եմ։
— Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ։
Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Ստեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն չտվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց։
— Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան։
— Տեսել եմ։
— Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես։
Սմբատը չպատասխանեց։
— Լավն է, չէ՞։
— Շա՛տ լավն է։
— Օհո՛, ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ, — ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով։
Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին՝ թեքեց կրծքին։
— Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր, — շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով։
— Ի՞նչ եք հրամայում։
— Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես ինչ եք հրամայում, — ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով։ Հեռագրիր, որ ձեր ընտանիքը շուտով ճանապարհվի այստեղ։ Ես երկու շաբաթից հետո գնալու եմ Նիժնի — Նովգորոդ, յարմարկա և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել։ Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո բախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին։
Սմբատը բոլորովին զարմացավ, նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն։
— Դե՛հ, լսեցիր խոմ, գնա, հոգիս, գնա՛, պատրաստվիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը վճռողական եղանակով։
Սմբատը տեղից չշարժվեց։
— Ա՛ռ, այս էլ ծախսիր, հետո, եթե բավականություն չի անիլ, էլի կտամ։
Այս ասելով, Պետր Ստեփանիչը բաց արավ սեղանի պահարանը, երեք հատ հարյուրանոց հանեց և դրեց սեղանի վրա։ Սմբատը, փողերը տեսնելով, կարծես քնից սթափվեց։ Նա փոքր առ փոքր սկսեց ուշքի գալ։ Այն բանն, որ մինչև այդ վայրկյան ցնորք էր թվում, հետզհետե սկսում էր իրականանալ։ Սակայն նա չվստահացավ շարժվել տեղից և, մի հայացք ձգելով փողերի վրա, կրկին զարմացած նայեց Պետր Ստեփանիչի երեսին։
— Ի՞նչ ես տավարի պես նայում, վե՛ր առ, քեզ ասում եմ ու վեր կաց։
Սմբատը բարձրացավ տեղից։
— Հենց այժմ գնա, քեզ համար շորեր պատվիրիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը։
Սմբատը փողերը վերցրեց։
— Դի՛ր գրպանդ և մի՛ ուշանար։ Կեսօրին ինձ մոտ կգաս ճաշելու, ես քեզ մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ կարգադրություններ եմ անելու քեզ համար։
Սմբատը, մեջքից երկու ծալ թեքվելով, գլուխ տվեց, առանց մի խոսք արտասանելու։ Հետո հետ ու հետ մոտեցավ դռներին և, այնտեղ կանգնելով, մի քանի անգամ ևս գլուխ տվեց ու դուրս եկավ։ Միաժամանակ Պետր Ստեփանիչի կրծքից դուրս թռավ մի խոր հառաչանք։
— Ո՛ւֆ, փառք քեզ աստված, չէի կարծում, որ այդպես հեշտ կպրծնեմ։ Ինչ ուրախ է հիմա Սմբատը, թևեր չունի, որ երկինք թռչի։ Բայց տեսնենք, հարկավոր է դեռ օրիորդի ծնողներին էլ համոզել։ Է՛հ, դա այնքան էլ դժվար չէ, ինչևիցե, պետք է զգույշ լինել, զգուշություն, զգուշություն ամենից առաջ։
— Կխոստանամ, կխոստանամ, Կարլին էլ, Մարիա Իվանովնային էլ, Սմբատին էլ, հետո․․․ տեսնենք․․․ այդ հեշտ է․․․
Եվ Դոլմազովն, այս ասելով, ձեռները ուրախությունից շփեց միմյանց և վեր թռավ բազկաթոռից, նա կանչեց սպասավորին և հրամայեց սուրճ բերել։
— Մամա ջան, ինչե՞ր ես ասում, շառլատան չէ։ Սմբատը աղավարի տղա է։