Հասել էին այն ուրախ օրերն, երբ Մակար աղան պիտի ամուսնանար։ Մի քանի ամիս առաջ արդեն սկսել էինք պատրաստություններ տեսնել այդ նշանավոր օրվա, համար։ Այդ օրերն ես այնքան զբաղված էի, որ, ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունեի։ Իմ գործերը շատացել էին թե տան և թե՛ մագազինում։ Ամենքն ինձ էին հանձնարարություններ անում, և ես կատարելապես թևեր էի առել ու թռչում էի ամեն կողմ, ուր ուղարկում էին ինձ։ «Խաչի, գնա բազար, այնինչ բանը գնիր»։ — «Այս րոպեիս աղա», և Խաչին մի վայրկյանում անհետանում էր աղայի հրամանն անհապաղ կատարելու։ «Խաչի, վազ տուր մագազինից այսինչ կտորը բեր»։ — Մակար աղան դեռ խոսքը չավարտած, Խաչին արդեն ճանապարհ է ընկել։
Այդ միջոցներին Մակար աղան գտնվում էր ուրախ տրամադրության մեջ։ Նա ամենքի հետ քաղցրությամբ էր վարվում, ամենքի հետ խոսում էր կակղությամբ, նամանավանդ ինձ հետ։ Մյուս գործակատարների դեպի ինձ ունեցած նախանձին չափ չկար, ես դառել էի մի փուշ և ծակում էի նրանց աչքերը։ Ամենքը նախանձում էին մանավանդ նրա
համար, որ ես աղա Գուլամյանցների ընտանիքում ընդունվում էի ինչպես նրա անդամներից մեկը, իսկ իրանք ամսենը մի անգամ հազիվ ոտք էին դնում այնտեղ։
Մակար աղան պիտի պսակվեր Շ․․․ քաղաքի մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ․ Այն աղքատ աղջիկը, որի հետ նա առաջ ուզում էր նշանվել և որի մասին միջնորդություն էր անում տեր-Վահակը, մեռել էր։
Թե ինչ էր Մակար աղայի հարսանիքը, որքան շքեղ էր և ինչքան ծախս եղավ — այս մասին ես ավելորդ եմ համարում գրել իմ հիշատակարանում։ Բավական է միայն ասել, որ խրախճանը շարունակվեց ուղիղ հինգ օր, և քաղաքում մարդ չմնաց, որ չհրավիրվեր հարսանիք։ Մի օր Մակար աղան ճաշկերույթ տվեց առանձնապես հասարակության բարձր դասակարգին, երկրորդ օրը — միջին և ստոր դասակարգերին, երրորդ օրը — ռուսներին, չորրորդ օրը — յուր ընկերակիցներին։ Եվ այդ հինգ օրվա ընթացքում ես այնքան աշխատել էի, այնքան այս ու այն կողմն էի վազվզել, որ հետո երկու օր հոգնածութենից սենյակիցս դուրս գալ չկարողացա։
Այսպես թե այնպես, ինձ համար խիստ ուրախ անցան հարսանիքի օրերը։ Ես մինչև անգամ զգում էի ինձ հարսանիքի հերոսներից մեկը․ Մի անձն, որով իմ ուշք ու միտքն այդ օրերը չափաղանց զբաղված էին — Թամարն էր, որի հետ ամեն օր և ամեն ժամ առիթ ունեի խոսալու։ Թամարը, հասակ առնելով, կրկնապատիկ գեղեցկացել էր։ Մարդ եմ ասում, այն էլ ինձ նման 20 — 21 տարեկան թարմ երիտասարդ, որ անտարբեր լիներ։ Նայելով նրա առույգ և կարմրախայտ թշերին, սև ու կրակոտ աչքերին, նայելով շագանակագույն խիտ մազերին, որոնք թափվելով նրա բարձր ուսերի վրա հասնում էին մինչև մանիշակագույն ատլասյա հագստի վրա կապած ոսկե գոտին, նայելով նրա գեղեցիկ ոսկե մեդալյոնով զարդարված բարձր կրծքին — խոստովանում եմ, ամեն անգամ սիրտս ժամացույցի նման չխչխկում էր։ Ես հազիվհազ կարողանում էի զսպել ինձ, որպեսզի չհարձակվեմ նրա վրեն և չգրկեմ։
Հարսանիքի օրերը կանանց դասակարգը, ինչպես ընդունված
էր տեղական հասարակության մեջ, չէր խառնվում տղամարդկանց հետ։ Նա, բոլորովին անջատված, շարունակում էր զվարճությունը առանձին սենյակներում ուր ոչ մի տղամարդ չէր համարձակվիլ ոտք դնել։ Սակայն աղա Գուլամյանցների ընտանիքի վստահությունն ես այնքան գրավել էի, որ առանց որևէ արգելքի, համարձակորեն, իբրև մեկն ընտանիքի անդամներից, մտնում էի կանանց դասի մեջ։ Օգտվելով այս արտոնութենից, որ կրկնապատկում էր մյուս գործակատարների նախանձն, ես ամեն րոպե կարողանում էի հանդիպել Թամարին։ Պետք է ասած, որ Թամարը, չնայելով մեր դիրքերի տարբերությանը, բոլորովին գոռոզ չէր նայում ինձ վրա։ Իսկ ես, իհարկե, օգուտ քաղելով նրա պարզ բնավորութենից, ստեպ-ստեպ մոտենում էի նրան և խոսեցնում, ամենաչնչին առիթներ գտնելով։
Երբ մտիկ էի անում նրա գրավիչ դեմքին, իմ գլխում հազար տեսակի մտքեր էին ծագում, իմ ֆանտազիան գրգռվում էր, և ես դարձյալ իմ երևակայության մեջ սկսում էի կառուցանել օդային ամրոցներ։ «Երանի այն բախտավոր մարդուն, մտածում էի, որը պիտի դառնա քո տերը, Թամար։ Բայց ո՞վ պետք է լինի այդ մարդը։ Իհարկե, քաղաքի հարուստներից մեկը կամ ծերացած և մազերը սպիտակած մի տգեղ դրամատեր, որը կտանի քեզ նման գեղեցիկ և թարմ օրիորդին, որպեսզի մի քանի տարում քեզ էլ իրան պես պառավեցնի։ Ախ ոսկի, ոսկի, ինչե՛ր չես անում դու, քո ձեռքովդ ի՞նչ հնարներ չեն անցնում։ Ինչ կլիներ, որ ես էլ ունենայի քեզ, որ այսօր կարողանայի համարձակորեն մտածել Թամարի նման օրիորդի մասին։ Բայց մի՞թե առանց հարստության չի կարելի հույս դնել, միթե աղա Գուլամյանցները, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ բախտավորեցնել։ Միթե, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ մի օրում հարստացնել։ Ի՞նչ կպակասի նրանց, եթե իրանց ահագին հարստության մի մասը տան ինձ և Թամարին էլ պսակեն ինձ հետ, ասելով․ «տար, Խաչի, ապրիր և զվարճացիր»։ Այո, եթե ուզենան, կարող են անել, իսկ ես Թամարի համար ուրիշներից վատ ամուսին չէի լինիլ։ Փառք աստուծո, ի՛նչ բան է պակաս ինձ, բացի հարստութենից։ Ինքս ջահել, խելոք տղա,
դեմքով գեղեցիկ, մարմնով առողջ, գործ կատարելում աշխույժ և ժիր։ Թող ինձ մի գումար տան և կտեսնեն, թե ես ինչպես կշահեցնեմ նրան և ինչպիսի վաճառական կդառնամ։ Մի տարում կկրկնապատկեմ, կեռապատկեմ այդ գումարը, կգրավեմ Ռուսաստանի բոլոր վաճառականների հավատարմությունն և, մեծ քանակությամբ նրանցից ապառիկ ապրանքներ բերելով այստեղ, օրեցօր կընդարձակեմ իմ առուտուրի շրջանն և այնուհետև թող մի հատ վաճառական դուրս գա և ինձ հետ համարձակվի մրցել։ Կփախցնեմ մի քանի տարում վաճառականական ասպարեզից նրանց ամենքին և ինքս միայն կմնամ այնտեղ։ Իսկ Թամարը կապրի ինչպես թագուհի...
Այս երևակայությունից հետո, սթափվելով, սկսում էի մտածել, թե հիրավի չի՞ կարելի արդյոք մի կերպ Թամարին տիրանալ։ Չկա՞ն, արդյոք, այնպիսի խորամանկություններ, որոնց միջոցով հնար լիներ այդ թեև դժվար, բայց ոչ անիրագործելի նպատակին հասնել։
Իմ գլուխն ողորմելի գլուխներից չէր։ Ես հավատացած էի, որ նա ընդունակ է ստեղծել հազար տեսակի ծրագրներ իմ հանդուգն ցանկությանը կատարումն տալու համար։ Բայց ժամանակը շատ կարճ էր։ Թամարի 17 տարին լրացած էր․ նրա մարդու գնալու ժամանակը հասել էր, այսօր կամ վաղը կարող էր մեկը նշանվել նրա հետ։ Արդեն քաղաքում խոսում էին նրա մասին։ Այս միտքը սկսեց ինձ խիստ զբաղեցնել, և ես գիշեր-ցերեկ տանջվում էի։ Աշխատում էի հնարել զանազան մեքենայություններ, որոնց միջոցով կարողանայի կողմնակի կերպով արգելել Թամարի մարդու գնալը, մինչև որ տեսնեի թե իմ վերջն աղա Գուլամյանցների մոտ ինչպես է լինում։ Հարսանիքից հետո, երբ Թամարը բոլորովին գրավել էր իմ սիրտը, ես րոպե անգամ չէի դադարում նրա մասին մտածելուց։ Վերջապես, գլխումս հղացավ մի միտք, որ և սկսեց ընդդիմադրել իմ հուսահատության։
Հանդուգն և հանցավոր էր այդ միտքը, իմ կողմից հարկավոր էր մեծ զգուշություն և համարձակություն նրան իրագործելու համար, սակայն ինձ համար այդ միևնույնն էր։ Ես երբեք ինձ նեղություն չտվեցի մտածելու, թե որքան չար և սատանայական էր այդ միտքը,
ըստ որում ես արդեն հասել էի այն աստիճանին,որ իմ նպատակն արդարացնում էր ամեն տեսակի միջոցներ, թեկուզ այդ միջոցները լինեին ստոր և անազնիվ։ Ես տեսնում էի, որ ուղիղ ճանապարհով դժվար է հասնել այն նպատակին, որի իրագործումը մի անգամ ընդմիշտ պիտի ապահովեր իմ կյանքը։ Ուրեմն, ինչո՞ւ չգնալ ծուռ ճանապարհով, քանի որ կարող եմ հասնել բախտավոր և նախանձելի ապագայի։ Գործի՛ր, Խաչի․․․
Անցան մի քանի ամիսներ հիշյալ միտքն իմ մեջ հղանալու օրից։ Մի օր Մակար աղան ինձ կանչեց դարձյալ յուր առանձնասենյակը։
— Խաչի, — դարձավ նա ինձ, — դու պիտի վաղը ճանապարհ ընկնես Բաքու և այսուհետև կծառայես այնտեղ, իհարկե, էլի մեր գործերում։ Կգնա՞ս։
— Ինչպես կարող եմ համարձակվել ձեր հրամանը չկատարելու, թեկուզ դժոխք էլ ուղարկեք, դարձյալ պատրաստ եմ գնալու, միայն թե ձեր հրամանը կատարվի։
— Շատ ապրես, որդի, վատ տղա չես, Խաչի, և հենց դրա համար էլ ուզում եմ քեզ և ոչ ուրիշին ուղարկել։ Դու այնտեղ կլինես իմ եղբոր — Աբրահամ աղայի — ձեռքի տակ և պիտի կառավարես այնտեղի բոլոր մեր գործերը, մյուս գործակատարները քո ձեռքի տակ կլինին։ Լսո՞ւմ ես։
— Շատ շնորհակալ եմ, աստված ձեր հարստությունը հազար անգամ ավելացնի։
— Այդ պաշտոնը մեծ պաշտոն է հա, դու պետք է շատ զգույշ լինիս նրանում։ Բաքվի գործերն այստեղի գործերի նման չեն։ Դու պետք է կառավարես նավթային հանքերը, ֆոտոգենի գործարանը, գրասենյակն և, բացի դրանից, մեր նոր շինություններին էլ հսկես։
— Կաշխատեմ ամոթալի չմնար
— Մտիկ արա, լավ ծառայիր․ եղբայրս էլ ինձ նման բարկացող և խստաբարո մարդ է, նա էլ, ինչպես ես, չի սիրում յուր