որ մի տան մեջ են ապրում։
Աղա Ստեփանն ուներ երկու աղջիկ — մեկը մոտավորապես 12, մյուսը 14 տարեկան։ Միայն սրանք չէին քաշվում ոչ ոքից, հետևաբար և՛ ինձանից։ Թամարը — մեծ քույրը — թեև այնքան գեղեցիկ չէր, որ տեսնողին հենց առաջին անգամից գրավեր, բայց և այնքան էլ տգեղ չէր, որի վրա անտարբեր աչքով մտիկ տալ լիներ։ Մյուս քույրը– Թագուհին — թեև յուր դեմքի գծագրությամբ շատ չէր զանաղանվում Թամարից, բայց նրանից ավելի գրավիչ էր, ծառա Գալուստի կարծիքով։ Սակայն այս — ծառայի կարծիքն էր, իսկ եթե ինձ հարցնեք, Թամարն անհամեմատ ավելի դուրեկան էր, քան Թագուհին։ Նրա երկայն և մի կապ հյուսած շագանակագույն մազերը, փայլուն և կրակոտ սև աչքերը, սև հոնքերը, ինչ թաքցնեմ, ինձ ավելի էին հիացնում, քան Թագուհու ավելի բարձր և ավելի հպարտ ու նուրբ կազմվածքը։ Թամարն ու Թագուհին այն ժամանակ ուսանում էին Շ... քաղաքի նոր բացված հայոց օրիորդաց ուսումնարանում։ Այս պատճառով նրանք ևս շուտ էին զարթնել, որ պատրաստվեն ուսումնարան գնալու։
Մակար աղան ինձ հրամայեց ուղեկցել նրանց մինչև ուսումնարան և հետո այնտեղից ուղղակի գնալ մագազին։ Ճանապարհին, կարծես, սատանան հենց խթում էր ինձ, որ ես անպատճառ խոսեմ իմ աղայի սիրուն աղջկերանց հետ։ Բայց ինչպես խոսք բանալ — ինքս էլ չէի իմանում։
— Թամար խանում, ձեր ուսումնարանում ի՞նչ են սովորեցնում, — վերջապես, համարձակվեցի արտասանել ամոթխածությամբ։
— Հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, — շարեց կրակոտ Թամարն իրարու հետևից արագ։
— Թանաբանությո՞ւն, ի՞նչ ասել է թանաբանություն, Թամար խանում, — հարցրի ես, դիտմամբ ինձ չհասկացող ձևացնելով, թեև գոնե անունն էլ գիտեի։
— Ախչի, Թագուհի, լիսիմ ե՞ս, թվաբանությունը թանաբանություն
ա ասում, հա՛ հա՛, հա՛, — կչկչաց Թամարը, յուր քրոջ ուսին խփելով։
— Ի՞նչ ես ծիծաղում Թամար խանում, չեմ իմանում, հարցնում
եմ էլի, — խոսեցի ես, նեղացած ձևանալով։
— Թանաբանություն չան ասիլ, թվաբանություն կասան, ա՛յ էրվես, էլ քո տերտերից հե՞նչ ես սորվալ, որ թվաբանությունը չես իմանում, — պատասխանեց Թամարը կատարյալ տեղային բարբառով, աջ ձեռքի հինգ մատները բաց անելով և ինձ ճանկ անելով։
— Ի՞նչ տերտեր, Թամար խանում,— կրկին հարցրի ես, կամենալով խոսակցությունը շարունակել։
— Ա՛յ, էն տերտերը, որ ամուիս համար ուզում ա զոռով աղջիկ ուզի։
— Սաղմոս, ավետարան, նարեկ, ճարտասանություն, — շարեցի ես էլ իմ ստացած գիտությունները։
— Բաս շեյթանություն չի սովորացուրա՞լ, — հարցրեց ուրախ Թամարը դարձյալ կչկչալով։
— Ի՞նչ շեյթանություն։
— Ա՛յ, ուրիշների տներում գիշեր — ցերեկ հավայի հաց ուտել, բազարներում պապիրոս ծխել, էլ չեմ իմանում ինչ։
Ես վարժապետիս — տեր-Վահակի — թուլությունները վաղուց գիտեի, այս պատճառով բոլորովին չզարմացա Թամարի խոսքերի վրա։
Մենք հասանք ուսումնարան։ Ես, գրքերը հանձնելով Թամարին, գնացի մագազին։ Բոլոր գործակատարներն եկել էին, առուտուրն արդեն սկսվել էր։ Ես իսկույն բռնեցի ինձ համար նշանակված տեղը։ Օրը շաբաթ էր։ Շ... քաղաքի վաճառականական խանութներում այդ օրն առուտուրը համեմատաբար շատ կենդանանում է, որովհետև մոտակա գյուղերի բնակիչները քաղաք բերում են զանաղան կենսական պիտույքներ — յուղ, պանիր, կաթ, հավ, ձու և այլն, վաճառում են և գոյացած փողերով առնում այն, ինչ որ իրանց հարկավոր է։ Աղա Գուլամյանցների մագազինը, ունենալով գյուղացիներից բազմաթիվ ծանոթներ, այդ օրը մի առանձին կերպարանք էր ստանում։ Ոչ մի մագազին, ոչ մի խանութ շաբաթ օրերն այնպես չէր լեցվում մուշտարիներով։
Գործակատարները շատ կտորներ չափելուց հոգնում էին։
Քիչ ժամանակից հետո Մակար աղան ֆսֆստալով եկավ։
Գործակատարներն, ինչպես սովոր էին, վեր թռան իրանց տեղերից և ամեն մեկը, խորը գլուխ տալով, բևեռվեց յուր տեղում արձանի պես։ Փոքր առ փոքր մուշտարիներն եկան, առուտուրը տաքացավ։ Ես ամեն կերպ աշխատում էի անգործ չմնալ, թեև, գործերին անտեղյակ լինելով, ոչինչ չգիտեի կատարել։ Այն գործակատարը, որի մոտ ես կանգնած էի, պատվիրեց ինձ ծախած ու չափած կտորները ծալել և թղթերի մեջ փաթաթելով, հանձնել մուշտարիներին։ Այդ գործը մի առանձին հմտություն չէր պահանջում․ ես մի երկու կտորներ փաթաթելուց հետո իսկույն ընտելացա նրան։ Ես բթամիտ տղա չէի, ունեի քիչ թե շատ ընդունակություն շուտ բան սովորելու, բայց այդ զահրումար «արշին բանացնելը», այսինքն` կտորներ չափելը մի փոքր դժվար էր, և ես առաջին օրը շատ աշխատեցի, չկարողացա սովորել։ Մոտս կանգնած գործակատարի ձեռների ճարպիկությունը նախանձս շարժում էր։ Նա այնպիսի արագությամբ էր ձեռքում պտտեցնում արշինն, որ ես բոլորովին զարմացած էի։ «Ախ, երբ կլինի, որ ես էլ այդպես չափել կարողանամ», — մտածում էի, աչքիս տակով մտիկ տալով նրա ձեռներին։
Մակար աղան նույնպես զբաղված էր։ Նա մոտենում էր այս ու այն գործակատարին, մտիկ էր անում, սովորեցնում էր այս այսպես անել, այն այնպես չափել կամ ծախել և այլն։ Երբեմն մոտենում էր մուշտարիներին և նրանց հետ զանաղան հանաքներ անելով զբաղեցնում էր, «որ չփախչեն»։ Մի խոսքով, այն օրն ես նրան շատ ուրախ, շարժուն և զվարթ տեսա։ Պետք է ասած, որ աղա Մակարը մի քանի ինքնուրույն շարժողություններ ուներ, որոնցով կարելի էր իմանալ նրա հոգեկան տրամադրությունը։ Ուրախ և գոհ ժամանակը նա սովորություն ուներ յուր մսալի և կլորիկ երեսի վրա խաղացնել մի տեսակ ինքնուրույն ժպիտ։ Այդ ժամանակ նրա աչքերը կուշտ և ուրախ կատվի աչքերի նման փայլում էին, հոնքերը բարձրանում, հաստլիկ շրթունքները ստեպ-ստեպ բաժանվում իրարուց, և նրանց տակից երևում էին սպիտակ ատամները։ Նա քայլում էր շուտ-շուտ ըմբշամարտության
հրապարակի վրա խաղացող փահլևանի նման, թևերը օդի մեջ
շարժելով և լըխլխացնելով յուր չաղ մարմինը։ Նրա մարմինն
այնքան հաստ էր, որ քիչ էր մնում երկայնությունն ու լայնությունը հավասարվեին։ Նա խոսում էր գործակատարների հետ ուրախ և մեղմ, պարգևելով նրանցից յուրաքանչյուրին մի-մի պայծառ ժպիտ։ Իսկ երբ տխուր էր լինում, խիտ հոնքերը գցում էր ցած, նեղ ճակատը կնճռոտում, աչքերը փոքրացնում, ձեռները մեջքին դնում և գլուխը քաշ գցելով սկսում էր արագ քայլերով ման գալ։ Մարդ եմ ասում, որ կարողանար այդ միջոցներին կանգնել նրա առջև, եթե որևէ սխալ էր գործել այդ ժամանակ։ Մակար աղան բաց կաներ յուր բերանը և տեղային բոլոր փողոցային հիշոցները կթափեր նրա գլխին թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն լեզվով։
Այդ օրը Մակար աղան շատ զվարթ տրամադրության մեջ էր։ Նա խոսում էր ամենքի հետ քաղցրությամբ, մինչև անգամ ես ևս այդ օրն արժանացա նրա առանձին ուշադրության։ Շուտ-շուտ նա մոտենում էր ինձ և, տեսնելով, որ ես լավ չեմ ծալում կտորները կամ կարգին չեմ փաթաթում թղթերի մեջ, առնում էր ձեռիցս կտորը և ինքը կապում, քաղցրությամբ սովորեցնելով ինձ։ Մակար աղայի ուրախության պատճառը հայտնի էր․ առուտուրն այնքան հաջող էր այդ օրն, որ մենք գյուղացի մուշտարիների ձեռքից հանգստություն չունեինք։
Բայց մի դեպք, որ ինձ համար ծիծաղելի էր և այդ ժամանակ անհասկանալի, փոխեց Մակար աղայի հոգեկան ուրախ տրամադրությունը։ Մի, ինչպես մեզանում ասում էին, «աշխարհ տեսած» գյուղացի, որը մի քանի տարի գյուղում տանուտերի պաշտոն կատարելով և շփվելով չինովնիկների հետ մի փոքր ինքն էլ մտավորապես տաշվել էր և ռուսերեն էլ կոտրատում էր, — հինգ արշին մահուդ էր առնում։ Մահուդը չափելուց հետո գործակատարը կտրեց և ուզում էր ծալեր հանկարծ գյուղացին բռնեց նրա ձեռը։
— Պոժոլստա, — ասաց նա, — մի անգամ էլ չափիր մահուդը։
Գործակատարը տրտնջալով երկրորդ անգամ չափեց — ուղիղ դուրս եկավ, և սկսեց գյուղացուն պախարակել նրս կասկածի համար։ Սակայն գյուղացին չբավականացավ։
— Պոժոլստա, գոսպոդին փրկաշիք, տուր ես չափեմ, — ասաց
չարաճճի գյուղացին կես ռուսերեն և կես հայերեն լեզվով,
կարծես, կամենալով ցույց տալ, թե շատ էլ բռի շինականներից
չէ ինքը։
Գործակատարը տվեց նրան արշինն ու մահուդը։ Գյուղացին չափեց։ Դուրս եկավ ուղիղ չորս ու կես արշին։
— Տեսնո՞ւմ ես, հենց ասում ես, «սուտ ես ասում»։ Աղբեր, էսպես ժուլիկություն կլինի՞, որ դուք եք անում, — ասաց գյուղացին ձայնը բարձրացնելով։
Մակար աղան, հեռվից տեսնելով, իմացավ բանն ինչումն է և մոտեցավ գյուղացուն։
— Հը՛մ, ի՞նչ է, ապեր, ինչի՞ ես ղալմաղալ բարձրացրել։
— Ինչ անեմ, որ ղալմաղալ չանեմ, աղա, գործակատարդ մահուդս պակաս է կտրել, հինգ արշինի տեղ չորս ու կես է տալիս։
— Իմ գործակատարն այդպիսի ղալաթներ չի անիլ, մտածիր ինչ ես ասում։
— Աղա՛, չես հավատում, ա՛ռ, ինքդ չափիր։
— Տուր տեսնեմ։
Մակար աղան առավ մահուդն ու արշինը և գործակատարի երեսին մի տեսակ խորհրդավոր հայացք ձգեց։ Վերջինը նույն տեսակ հայացքով պատասխանեց նրան։
— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, սա էլ քեղ փեշքեշ, — ասաց Մակար աղան, չափելով մահուդը և մի քառորդ արշինի չափ էլ հինգ արշինից ավելի ցույց տալով գյուղացուն, մոտեցրեց մինչև նրա քիթը։ — Չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում, ապեր։
Բայց «ապերն» այն ապերներից չէր, որ հեշտությամբ ձեռք քաշեր Մակար աղայից։ Նա կրկին վերցրեց արշինն և սկսեց չափել մահուդը։
— Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ քեզ ավելի աղա, մտիկ տո՛ւր, չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում։
Մակար աղան բարկացավ։ Գյուղացու հանդգնությունն նրան խիստ վիրավորեց։ Բայց այս անգամ զսպեց իրան։
— Ուրեմն դու քո էդ տրեխներով, ուզում ես ինձ խաբեբա շինել, էլի, — ասաց նա, աչքերը չռելով։
— Տրեխներով եմ, թե չաքմեքով — էդ քո բանը չէ, ես հախս եմ ուզում։
— Հախիցդ էլ ավելի են տալիս քեզ, էլ ի՞նչ ես բղավում։
— Ավելը քեզ լինի, իմը տուր։
— Ա՛յ տղա, մեկ էլ չափիր, — դարձավ Մակար աղան մահուդ կտրող գործակատարին։
Գործակատարը չափեց։
— Մեկ, երկու, երեք, չորս, այս էլ ուղիղ հինգ, էլ ի՞նչ ես ուզում, ապեր։
— Ինձ տո՛ւր, — ասաց գյուղացին և մի անգամ էլ չափեց մահուդը։ — Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ դրուստ կես — էլ ի՞նչ ես ուզում, աղա, — ծաղրեց նա։
Մի անգամ էլ Մակար աղան չափեց և դարձյալ դուրս բերեց հինգ արշին ու մի չարեք։
— Ա՛յ մարդ, այսքանն էլ ավելի է, էլ ի՞նչ ես զահլես տանում։
Ծիծաղս եկավ։ Չարաբախտ մահուդի երեք մարդու ձեռքում երեք զանաղան երկայնություն ստանալն ինձ կախարդություն թվաց։ Վերջապես, երկար վիճաբանելուց հետո, Մակար աղան մի կերպ ճանապարհ դրեց գլխացավ գյուղացուն, մահուդը հետ վերցնելով։
Հենց որ վերջինն ոտը մագազինի դռներից դուրս դրեց, Մակար աղայի կատաղությունը սաստկացավ։ Նա բաց արավ յուր հիշոցների տոպրակը և սկսեց թափել միմյանց հետևից մահուդ չափող գործակատարի գլխին։
— Տասն անգամ քեզ ասել եմ՝ իմացիր ի՛նչ մարդու հետ գործ ունիս։ Ամեն մուշտարու հետ չի կարելի այդպես անել։ Աշխարհում միամիտները քիչ չեն, որ դու հետ եկածներին ես ուզում խաբել։ Մի անգամ էլ քո անզգուշութենով ինձ խաթաբալի մեջ կգցես, այն ժամանակ աստված ազատի, խայտառակ կլինիմ ամբողջ քաղաքում։
Լավ էր, որ շուտ-շուտ մուշտարիներ էին ներս մտնում, եթե ոչ գուցե Մակար աղան մինչև երեկո յուր զուռնան փչեր խեղճ գործակատարի ականջներին, որն երկյուղից սառել էր ու պատի տակ բևեռվել։ Իրիկնադեմին մագազինը կողպելու ժամանակ Մակար
աղայի դեմքը կրկին փոխվեց, երբ գործակատար Գրիգորը
բաց անելով դրամարկղը և նույն օրվա ծախսից առաջացած փողերը
համարելով դարսեց նրա առջև։ Նրա աչքերը կրկին սկսեցին փայլել, մի վայրկյանում անհետացավ նրա դեմքի մռայլությունը, ինչպես քամու շարժումից ցրվում են թեթև ամպերն երկնքի երեսից։ Նա միանգամ ևս ինքը համարելով փողերը, ագահությամբ և շտապով դրեց գրպանը, կարծես, վախենալով, որ միգուցե մեկը խլի նրա ձեռքից։
Կիրակի երեկոները Մակար աղան սովորություն ուներ եկեղեցու ջահերից մեկն յուր հաշվով վառել տալ, գանձանակի թասերը, փոխանակ սովորական հինգ կոպեկանոցի, ձգել մի-մի աբասի և, վերջապես, եկեղեցու դռանը կան գնած բոլոր աղքատների ձեռքին մի-մի սև փող դնել։ Այս բոլորը կատարելուց հետո, դռներից դուրս գալով, նա միշտ մի տեսակ խորը հոգոց էր հանում, երեսը խաչակնքելով։ Կարծես նրա ուսերից ընկնում էր մի ահագին ծանրություն։ Ինձ թվում էր, որ նա այդ ժամանակ զգում էր թեթևություն։ Եկեղեցուց մինչև տուն հասնելը նրա դեմքը փայլում էր մի տեսակ պայծառ, ուրախ Ժպիտով։ Եվ ինձ համար շատ անգամ հաճելի էր այդ րոպեներում նայել նրա երեսին։ Նրա մշտական թթված դեմքի վրա ժամանակ առ ժամանակ երևացող ուրախ ժպիտը, ճշմարիտն ասած, ինձ շատ քաղցր էր թվում։ Իսկապես շատ է մելամաղձոտ մարդ չէր Մակար աղան։ Ընդհակառակը, կարելի էր ասել, ուրախ բնավորություն ուներ։ Բայց այդ հայտնի էր միայն նրա մոտիկ ընկերակիցների շրջանում, որոնց հետ սովորություն ուներ շատ հաճախ զանաղան տեսակ զվարճություններ սարքելու։ Իսկ մագազինում և տանը շատ հազիվ էր պատահում տեսնել նրան հոգեկան ուրախ տրամադրության մեջ և այն էլ այն ժամանակ միայն, երբ առուտուրը հաջող էր անցել կամ մի որևիցե նյութական շահ էր ստացել մի տեղից։ Տանը տխուր ժամանակը նա շատ անգամ օրերով չէր խոսում ոչ ոքի հետ, և ոչ ոք էլ չէր կարող նրան խոսեցնել, հավատացած լինելով, որ սրանով ավելի կգրգռեն նրա բարկությունը։ Տնացիներն այնքան հպատակվել էին Մակար աղայի կամակոր բնավորությանը, որ նրա տխուր եղած ժամանակ իրանք ևս տխրում էին, իսկ
ուրախ ժամանակ իրանք ևս ուրախանում էին, այնպես որ կարծում էիր ամբողջ ընտանիքի հոգեկան տրամադրությունը կախված լիներ միակ այդ մարդու հոգեկան տրամադրությունից։ Ամենքը Մակար աղայի տուն գալու ժամանակ նայում էին նրա երեսին և նրա դեմքի այս կամ այն արտահայտության համապատասխան սկսում շարժվել, խոսել և այլն։ Միևնույնն անում էին և մագազինի գործակատարները։ Օրինակ, երբ այն օրը գյուղացու մահուդի մասին նա բարկացած գոռում էր գործակատարներից մեկի վրա, ամենքը սկսեցին նույնպես իրանց դեմքերը թթվեցնել։ Ինչո՞ւ։ Որովհետև Մակար աղան չէր սիրում ուրախ ժամանակը տեսնել յուր հպատակներից որևէ մեկի դեմքը թթված կամ, սրա հակառակ, տխուր ժամանակը տեսնել նրանց ուրախ դեմքով։ Սկզբում գործակատարների այս կապկությունն ինձ շատ խորթ էր թվում, բայց հետո փոքր առ փոքր սովորեցի և այնուհետև ինձ համար սովորական բան դարձավ, և ես ամեն անգամ Մակար աղայի երեսին նայելիս անգիտակցաբար դեմքս իսկույն փոխում էի նրա դեմքի արտահայտության համապատասխան։
Անցել էր մի քանի ամիս։ Ես շարունակում էի ամեն առավոտ վաղ գնալ մագազին և երեկոյին վերադառնալ Մակար աղայի հետ տուն։ Բավական ընտելացել էի իմ պաշտոնին, արշինով չափելը, մուշտարիների հետ քաղաքավարությամբ խոսելու, կամ, ինչպես Մակար աղան ասում էր, «նրանց պոչից բռնելու ու բաց չթողնելու» հնարը և ուրիշ իմ պաշտոնին վերաբերյալ հարկավոր բաներն ես բոլորովին սովորել էի։ Գրիգորն ինձ վրա մինչև անգամ զարմացել էր։ Նա գովում էր իմ աշխատասիրությունն և ընդունակությունն ու ասում, թե շատ բաներ, որ ինքը սովորել է տարիների ընթացքում, ես սովորում եմ մի քանի ամիսներում։ Մյուս գործակատարները նույնպես հավանում էին ինձ, նամանավանդ գովում էին իմ արագաշարժությունը, որի պատճառով անունս դրել էին «յորղա Խաչի», այսինքն` արագընթաց Խաչի։ Այս մականունը