Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գործակատարի հիշատակարանից գլուխ 3

Գործակատարի հիշատակարանից գլուխ 3
Նախանձի ոգին դարձյալ գրգռվեց իմ մեջ։ «Երանի քեզ, աղա
Գուլամյանց, — ասացի մտքումս, — որ կյանքդ անց ես կացնում այդ շքեղ և զվարճալի տեսարաններով շրջապատված տան մեջ։ Մարդիկ ասում են, թե դժոխք և արքայություն կան մյուս կյանքում, բայց ողորմելիները կույր են, նույն դժոխքն ու արքայությունը չեն կարողանում տեսնել հենց այս աշխարհում։ Ահա դրախտը, ուր ապրում են աղա Գուլամյանցները։ Մի տեղ խոնավ բնակարան, տկլոր ընտանիք, մերկ զավակներ, վիշտ, տանջանք, դառնություն, մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ պատերազմ հազար տեսակ խոչընդոտների հետ, քաղցածություն, սով, հիվանդություն և կեղտոտություն։ Մյուս տեղ շքեղ տներ, հարուստ այգի, կուշտ և առողջ ընտանիք, ուրախություն, հարստություն, զվարճություն, անհոգ կյանք և շռայլ ապրուստ — ահա՛ ինչ տեղ է դժոխքն ու արքայությունը։ Այս աշխարհում ով որ փող ունե, նա արքայության մեջ է, ով որ փող չունե, նա դժոխքի մեջ է։ Փողը գերբնական ուժ է, նա ամեն բան տալիս է մարդուն, ուրեմն հարկավոր է ամեն կերպ աշխատել այս ուժը ձեռք բերելու համար»...

Մինչդեռ ես դարձյալ իմ պատանեկական երևակայության մեջ թաղված զվարճանում էի գրավիչ տեսարաններով, հանկարծ ականջիս հասավ աղա Գուլամյանցի հրամայողական ձայնը․

— Խաչի, բարձրացի՛ր վերև։

Ես բարձրացա վերև։ Աղա Գուլամյանցը ծառային հրամայեց ինձ թեյ խմեցնել։

Թեյ խմելուց հետո ինձ աղա Գուլամյանցը կանչեց յուր առանձնասենյակը։ Ճիշտ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ էի զգում այն րոպեին, երբ աղա Գուլամյանցի առանձնասենյակը հասնելու համար անցնում էի նրա ընդարձակ և զարդարուն դահլիճով։ Բայց շատ լավ հիշում եմ, որ այդ ժամանակ նախանձը քանի գնում ավելի ու ավելի զարգանում էր իմ մեջ, ամեն մի քայլափոխում հանդիպելով այնպիսի առարկաների, որոնք վկայում էին աղա Գուլամյանցների հարստությունը և պատկերացնում ինձ նրա ապրուստի շքեղությունը։

— Խաչի՛, — դարձավ ինձ Մակար աղան, դժվարությամբ

բարձրացնելով յուր ծանր ու հաստլիկ մարմինը, կարմիր մետաքսով
ծածկված բազկաթոռից և սկսելով ման գալ սենյակում, — հայրդ այսօրվանից քեզ հանձնել է ինձ գործակատար։ Ես մանկությունից ճանաչելով քո հորը, չմերժեցի նրա աղաչանքը և համաձայնեցի քեզ ընդունել ինձ մոտ, չնայելով որ ես գործակատարներ ունեմ և ավելորդ մարդ ինձ հարկավոր չէր։ Հայրդ ինձ հետ պայմանավորվեց և ես ընդունեցի, որ դու ինձ մոտ մնաս ոչ թե մի կամ մի քանի տարի ժամանակով, այլ մշտական, որքան որ մենք իրարու, հարկավոր կլինենք։ Ուրեմն, այսօրվանից ոտով-գլխով ինձ ես պատկանում և իմացիր, որ պարտավոր ես այսօրվանից մոռանալ քո ծնողներին և բոլորովին հպատակվել ինձ և իմ կամքին։ Շաբաթական մի անգամ իրավունք եմ տալիս քեզ տեսնել ծնողներիդ, այն էլ կիրակի օրերը, երբ գործ չես ունենալ, կգնաս կարճ ժամանակով և էլի շուտով կվերադառնաս։ Մի խոսքով, այսօրվանից դու կատարելապես ինձ ես պատկանում հոգով և մարմնով, ես դառնում եմ թո տերը, ծնողը, գլխավորը, աղան և ամեն ինչ․ Դու պիտի կատարես այն, ինչ որ ես կհրամայեմ և ինչպես ես կկարգադրեմ։ Եթե ասեմ մածունը սև է — չհամարձակվես հակառակել, թե նա սպիտակ է։ Եթե ասեմ նստի՛ր — պիտի նստես, ասեմ վեր կա՛ց — վեր կենաս, կե՛ր — ուտես, ծիծաղի՛ր — ծիծաղես, լացի՛ր — լաց լինես։ Ինչ երկարացնեմ, եթե կրակի մեջ էլ ուղարկեմ, պիտի գնաս։ — Լսո՞ւմ ես։

— Լսում եմ, աղա։

— Զգուշացնում եմ քեզ, եթե այդ բոլորը կկատարես, խոնարհ, խոսք լսող, աշխույժ, գործ կատարող և հավատարիմ կլինիս — ես շուտով քեզ կառաջացնեմ, և ժամանակով մի կտոր հացի տեր կլինես, իսկ եթե ոչ — այն ժամանակ մեղքը քո վզին, քեզ կարձակեմ դատարկ ձեռքով։ Գլխավոր պարտքդ պիտի լինի ամեն ժամ ու րոպե իմ շահերն աչքի առջև ունենալ և աշխատել նրանց միշտ պաշտպանել։ Ես առևտրական մարդ եմ, գաղտնի գործեր ունիմ, դու պարտավոր ես նրանց մասին ոչ ոքի նույնիսկ քո ծնողների մոտ չխոսել։ Լեզուդ թող համր լինի ուրիշների մոտ իմ գործերի վերաբերությամբ, իսկ ուրիշների գործերի մասին ինձ մոտ ազատ և արձակ։ Եթե մի տեղ կամ մի

մարդուց իմ մասին

լավ կամ վատ խոսք լսես, պարտավոր ես իսկույն գալ և ինձ
հայտնել։

— Ես կաշխատեմ բոլոր ձեր պատվերները կատարել ամենայն զգուշությամբ, — ասացի ես, խոնարհությամբ գլուխ տալով։

— Եթե կկատարես — քեզ համար լավ կլինի, եթե ոչ — ինձ շատ էլ վնաս տալ չես կարող։ Դե՛հ, գնա և խոսքերս ականջումդ լա՛վ պահիր։ Իմացիր, որ ես բարկացող մարդ եմ և սովորություն չունիմ ասածներս երկրորդ անգամ կրկնել։ Եթե մի անգամ սխալվեցիր կամ իմ տված պատվերները մոռացար — այն ժամանակ վա՛յ քեզ։

Կրկին անգամ գլուխ տվեցի և հեռացա։

Այդ երեկո ես անցկացրի ծառաների հետ, որոնցից, շնորհիվ իմ հետաքրքիր բնավորության, տեղեկացա աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական մի քանի գործերին։

Աղա Գուլամյանցները երեք եղբայրներ էին։ Ամենամեծը նրանցից աղա Ստեփանն էր, որ տարվա գրեթե մեծ մասը անց էր կացնում Շ... գավառի զանաղան գյուղերում։ Աղա Գուլամյանցների վաճառականության գլխավոր տարրը կազմում էր գինու առուտուրը։ Ամեն տարի նրանք ուղարկում էին Ռուսաստանի զանաղան կենտրոնական քաղաքները մեծ քանակությամբ գինի։ Շրջակա գլխավոր գյուղերի այգեգործությունը մեծ կապ ուներ նրանց հետ․ Չկար խաղողի այգի ունեցող մի գյուղացի, որն այսպես թե այնպես կապված չլիներ Գուլամյանց առևտրական տան հետ։ Ամբողջ Շ․․․ գավառի գինու արտահանությունը չնչին բացառությամբ գտնվում էր նրանց ձեռքում և, ինչպես պատմում էին, նրանց հարստության մեծ մասը գոյացել էր գինու առուտուրից։ Օգտվելով այն հանգամանքով, որ գյուղացիները առհասարակ գարնան ժամանակը փողի մեծ պակասություն են զգում և ունենալով միշտ պատրաստի դրամագլուխ, — աղա Գուլամյանցներն ամեն տարվա այդ ժամանակին գյուղացիներին կանխիկ վճարում էին ահագին տոկոսներով փողեր և պարտավորեցնում նրանց գրավոր կապակցություններով, որ նրանք աշնանն այգիներից գոյացած խաղողը կամ պատրաստի գինիները ծախեն իրանց վրա։

Որովհետև չկար մի ուրիշ դրամատեր, որ կարողանար

մրցել աղա Գուլամյանցների հետ, այս պատճառով վերջինները
գյուղացիների հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին։

Նրանք նախ փոխ տալու ժամանակ դրամագլխի վրա բարդում էին պատկառելի տոկոս, օրինակ, 40 — 50, շատ անգամ 60 — 70, ապա գինու կամ խաղողի գինը նշանակում էին իրանց ցանկացածի համեմատ։ Գյուղացին չէր կարող չհամաձայնվել աղա Գուլամյանցների առաջարկած պայմանների հետ, որքան ևս նրանք դժվար իրագործելի և ծանր լինեին։ Գյուղացին ուրիշ ելք չուներ։ Նա կամ պիտի յուր այգու բերքը ծախեր աղա Գուլամյանցներին, կամ թե չէ ինքը պիտի վաճառահաներ Ռուսաստան։ Վերջինն ավելի դժվար իրագործելի էր, քան թե աղա Գուլամյանցների ճնշող պայմաններին ենթարկվելը։ Գինին Ռուսաստան վաճառահանելու համար հարկավոր էր նախ ունենալ տակառներ գնելու, ճանապարհածախք վճարելու և ուրիշ զանաղան պատրաստությունների համար ազատ դրամ և երկրորդ, գեթ մի երկու ամիս ազատ ժամանակ Ռուսաստան գնալ գալու համար։ Այս երկուսից ոչ մեկը չուներ գյուղացին, ճարահատյալ ստիպված էր աղա Գուլամյանցների հարստահարող ճանկերում ճնշված մնալ տարին տասներկու ամիս։ Կար մի ուրիշ ճանապարհ գյուղացիների համար, որը կարող էր նրանց ազատ պահել այդ ճանկերից։ Բայց նրանք այնքան տգետ էին որ այդ ելքի մասին մտածել անգամ չգիտեին։ Գյուղացիները կարող էին, հավաքվելով միասին, ընդհանուր ուժերով իրարու օգնել և իրանց գինիները վաճառահանել առանց աղա Գուլամյանցների միջնորդության։ Սակայն եթե գյուղացիներն այդ հասկանային էլ, դարձյալ ընդունակ չէին կատարելու, այն փոխադարձ անհավատարմության շնորհով, որով հայտնի են առհասարակ գյուղացիները։

Աղա Գուլամյանցների երկրորդ եղբայրն — աղա Աբրահամը, մշտապես յուր ընտանիքով ապրում էր Ռուսաստանում և շատ հազիվ էր պատահում, որ վերադառնար յուր հայրենիքը, այն էլ շատ կարճ ժամանակով։ Ես գոնե մանկությունիցս սկսած

երբեք չէի տեսել նրան։ Ինչպես պատմում էին, աղա Գուլամյանցների

մեջ նա ամենախելոքն և ամենաճարպիկն էր առուտուրի մեջ
և իբր թե նրա շնորհիվ էր դիզվել նրանց հարստությունը։

Իսկ ամենից կրտսերն էր աղա Մակարը։ Ծառան ինձ պատմեց, թե աղա Մակարը մի ինչ-որ հարսանիքում տեսել է մի խիստ գեղեցիկ օրիորդ և շատ հավանել։ Այն օրվանից նա աշխատում է այդ օրիորդի հետ նշանվել։ Օրիորդի ծնողները թեև շատ աղքատ են, բայց Մակար աղան հավանել է նրան այնչափ, որ այդ պակասությունը նրա աչքին բոլորովին չի երևում։ Սակայն, չնայելով յուր դիրքին, աղա Մակարը չի կարողանում նպատակին հասնել, որովհետև օրիորդը, սիրահարված լինելով քաղաքում մի տղայի վրա, չի ուզում ուրիշ մարդու հետ պսակվել։ Ծնողներն առաջին անգամ հափշտակվելով աղա Մակարի առաջարկութենով, շատ են աշխատում համոզել աղջկան, բայց չեն հաջողում։ Ամեն անգամ, երբ օրիորդի մոտ Մակար աղայի մասին խոսում են, նա երեսը ծածկում է ու լաց լինում, ասելով, թե շուտով կցանկանա մեռնել, քան թե թողնելով յուր սիրած տղային, պսակվել Մակար աղայի հետ։ Հայրը հայհոյում է, ծեծում է, քաղցած է պահում օրերով խեղճ աղջկան, բայց ոչինչ չի օգնում, նա համառում է յուր ասածի վրա և մինչև անգամ մի օր փորձ է արել իրեն թունավորելու։ Այդ օրից մայրը, տեսնելով, որ հնար չկա աղջկան համոզելու, անցել է նրա կողմ, և խնայելով յուր միակ զավակին, նույնպես չի համաձայնվում տալ նրան աղա Մակարին։ Այս հանգամանքն, իբրև արտաքո կարգի երեվույթ, Շ... քաղաքի մեջ մեծ աղմուկ է բարձրացրել և շատերն սկսել են ծիծաղել աղա Մակարի վրա, որ նա, յուր հարստությամբ լինելով քաղաքի առաջին մարդկանցից մեկը, չի կարողանում մի աղքատ ընտանիքից մի աղջիկ ուզել։ Մակար աղան յուր անսահման ինքնասիրությունը վիրավորված զգալով, երդվել է անպատճառ պսակվել այդ աղջկա հետ, որ այդպիսով դադարի քաղաքի մեջ ծիծաղի առարկա լինելուց։ Սա նպատակին հասնելու համար գործ է դնում ամեն տեսակի ներելի և աններելի միջոցներ։ Մեծ դեր է կատարում այդ գործում տեր-Վահակը, որի ձեռքից շատ էին անցել մեր քաղաքում այդպիսի գործեր։ Տեր-Վահակն ամեն

մի անհնարին բան յուր խորամանկութենով հնարավոր է դարձնում, չնայելով,որ յուր բռնած գործերի համար տարենն երկու անգամ տեղային առաջնորդը նրան փիլոնից զրկում է։ Սակայն այս անգամ նա երկյուղ չունի և գործում է շատ համարձակ։

Ես այս բոլոր մանրամասնություններին, իմ չափաղանց հետաքրքիր բնավորության շնորհիվ տեղեկացա նույնիսկ հենց առաջին գիշերը Գալուստ անունով ծառայից, որը, չգիտեմ ինչ էր տեսել ինձանում, հենց առաջին օրից սկսեց խիստ հավատարմությամբ վերաբերվել դեպի ինձ։ Օգտվելով այդ հավատարմութենից, հետաքրքրությանս բավականություն տալու համար, ես փորձեցի հարց ու փորձ անել շուկայում և հետո եկեղեցում մեզ պատահած ծերունու մասին։ Բայց հենց իմ առաջին հարցը ծառային զարմացրեց։ Նա ինձ վրա ձգեց մի կասկածավոր հայացք։ Իսկույն հասկացա, թե այստեղ անշուշտ մի նշանավոր գաղտնիք կա, որ շատախոս Գալուստն անգամ լռություն է ուզում պահել։ Ես առայժմ բարվոք համարեցի լռել...

Առավոտը դեռ ամենքը քնած էին, երբ ես զարթեցի, որ պատրաստվեմ մագազին գնալու։ Գլխավոր գործակատար Գրիգորը սովորականին համեմատ, եկել էր մագազինի բանալիներն աղա Մակարից վերցնելու։ Ինչպես գործնական մարդ, աղա Մակարը շատ վաղ էր զարթնում առավոտները։ Նա բանալիները տվեց Գրիգորին, իսկ ինձ հրամայեց թեյ խմել և սպասել յուր հրամանին։

Որովհետև աղա Գուլամյանցների ընտանիքը, բացի մի քանի արտաքին աննշան փոփոխություններից, դեռ ապրում էր հին, ասիական եղանակով, այս պատճառով կանայք միշտ քաշվում էին տղամարդկանցից։ Պատճառը Մակար աղան էր, որ այս կողմից շատ խիստ էր վարվում և հրամայել էր կանանց օտար տղամարդկանց չերևալ։ Նույնիսկ իրանից, աղա Մակարից քաշվում էին կանայք։ Ծառան պատմում էր, որ մինչև այն օրը աղա Մակարը մի անգամ կարգին չի տեսել յուր եղբոր — աղա Ստեփանի —
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top