XVII Օ, ինչ հո՜րդ էր տագնապն ուղեղիս...
Ու հոգիս հրդեհին տվի,
Որ լափվի բոցերում դեղին։
Այստեղ էր։
19 թվին։
Հավաքվել էր Բանակը Կարմիր։
Ու բոլոր աչքերում ծավի
Անսահման խնդություն կար մի։
Ու մոտի՜կ, մոտի՜կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...
Հավատում էր— տերևն անգամ
Որ... կգա՜, կգա՜ Անձկալին...
Կանգնել էր Նա դռանը
Կարծես—
Խանդավառ՝ ճակատին արև։
Ես երբեք քեզ չե՛մ մոռանա—
Թառայան...
Կայարան Տիխորեցկ...
XVII
(Եվ մի՞թե
Ես
Չերգեցի՞
Ձեր կռիվը, կարմիր
Ընկերներ...
Նայեցի երկաթե գծին—
Հասկացա, որ ամբողջը— մե՛րն է:
Ու կարմիր հրդեհում հրձիգ
Վառվելով՝ ձգտեցին իրար—
Անձրևը նաիրյան թախծի
Եվ արևը քո, ոսկի իմ Իրան։
Հասկացա, որ որպեսզի դուք
Միանաք ու ձուլվեք ի մի—
Պիտի նախ իրար միանան
Լույսերը Փարիզի, Պեկինի։
Դեռ պիտի խմիչքը վեդյան
Բյուրավոր սրտեր խանձե։—
Բայց ուղին ես արդեն գտա՝
Դեռ երեր, անմարմին, անձև...)։
XVIII
Ինձ կանչում էր կարծես անծիր
Կարոտով— երկիր Նաիրին.—
Նորից Հայաստան գնացի
Տասնըինը թվի վերջերին։
Այնտեղ— Նաիրի երկրում,
Հնավանդ ցանկությամբ ուրիշ՝
Արդեն խմբապետ Դրոն
Պարզել էր երեքգույն դրոշ։
Պարզել էր— Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ։
Ու լցրել էին հողագույն
Ուրուներ քաղաքն անոթի։
Որպես քար՝ տխրությունն իջավ,
Ծանրացավ ուսերիս,
Վրաս։
Ես նո՛րից, նորի՛ց քեզ տեսա—
Մանկություն...
Կարոտի իմ...
Կարս։
XIX
Կարս։
Տասնըինը թվին։
Տասնըինը թվի վերջերին։
Նո՛ւյն երկինքն էր՝ կաթսա արևի։
Նույն խշշոցը քչփչան ջրի...
Բայց արևը իզուր էր փորում
կուրացած աչքերը շենքերի։
Իզո՜ւր էր նաիրյան հեռուն
Ունկնդրում քչփչան ջրին...
Մանկական երազում տեսած
Շուքերի նման չկային
Ծանոթներս— լուսե՜ մարդիկ...
Դարձել էր— սրերի հեսան
Կապույտ մանկությունը իմ—
Իմ կանաչ, պայծա՜ռ բարդին...
Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն—
Ավետեց ամբողջ աշխարքին,
Որ ծնվել է— մեծ մի պոետ...
Որ ծնվել է երգիչ մի վառ
Ու բերել է երգեր հրե.—
Ցնծա՛, նաիրյան աշխարհ,—
Ցնծա՛... Եղիշե Չարենց...
XX
Երևան։
Քսան թվական։
Փետրվար,
Մարտ,
Մայիս։
Ողջո՜ւյն, ընկեր Թավաքա՛լ։
Մուսայե՜լ։
Սարուխա՜ն։
Ավի՜ս...
Ողջույն բոլորիդ, բոլորիդ։
Ձեր կամքին— երկաթ,
Գրանիտ։
Մոսկովյան կարմրակեզ հրին,
Կարմրավառ վարդին Իրանի..
Երևան։
Մեկ մայիսի։
Աստաֆյան փողոցում— խմբեր։
Խնդավառ ելած միասին—
Կտրել են փողոցի ճամփեն։
Եվ ահա— դրոշներ կարմիր։
Հնամյա Մասիսի առաջ...
Ով որ կա— թող գա՛,
Վառվի՛,
Սուր ճչա, խնդասիրտ գոռա՛։
Զիգզագներ—
Նժույգներ թռան,
Կապվեցին՝ Երևան-Մոսկով.
Թափվեցին շենքերն հնօրյա
Հարվածի տակ երկաթե բազկի։
Ու սրտում իմ վառ խտացան
Գալիքները... Ո՞ւր գայիր էլ։—
Իսկական մարմին ստացած—
Կանգնեց խնդավառ Նաիրին...
XXI
Քսանըմեկ։
Հատված քսանըմեկ։
Ինչ եղավ քսանըմեկ թվին—
Թող հոգիս գալիքի՛ն գամե,
Թող հոգիս ընդմիշտ արևի։—
Ընթերցո՛ղ։ Քո հոգին հիմա
Թող ճեղքեմ երգիս դանակով.
— Ես եղա... առաջին Նաիրյան
Իսկական Կարմիր Բանակում…
Ու տեսավ Մասիսն հնամյա,
Առաջին անգամ իր օրից—
Չերազած հրաշքի նման
Կռիվը նաիրցի բանվորի...
Իսկ
Երբ
Տուն դարձանք բանակից
Սպասում էր ինձ արդեն
Նաիրին... երկրային մի կին.
Աչքերը— ջահեր կրակի,
Շրթունքները— Շիրազի՛ վարդեր։
Ինչքան շա՜տ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՛վ հարբի.
— Ախ, ինչքա՜ն ես սիրո՜ւմ եմ քեզ,
Արփի՛կ, լուսավո՜ր Արփիկ...
XXII
Ես հիմա ապրում եմ Մոսկվայում
Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի։
Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում։
Գրում եմ պոեմներ, երգեր։
Երազում եմ— Գալիքն անծիր։
Նաիրի՛, ես սիրում եմ քեզ.
Քեզ սիրում եմ, իմ Իրան հրձիգ։
Ես հիմա հեռո՞ւ եմ... Օ, ո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի—
Ինչպես նետը՝ դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին։
Իմ հոգին երեք նետ ուներ—
Պի՛րկ հենած աղեղին օրերի։—
Հիմա՝ թռե՜լ են երեքն էլ—
Զարնվել են— խնդո՛ւն հրին։
Ես ձեզ չե՜մ, ձեզ չե՜մ մոռացել.
Դուք հիմա դարձել եք— մի։—
Մենք շուտով, ինչպես նետ երեքծայր—
Թռչելու ենք— Հնդուչին, Պեկին։
Ընդունե՜ք, առե՜ք ինձ հիմա—
Մոսկո՜վ կարմրակեզ հրի,
Իմ ոսկի՜, ոսկի՜ իմ Իրան,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրի...