IX
Իսկ
Հետո—
Տասնըհինգ թվին—
Երբ եկա, հասա Մոսկով—
Զգացի հսկա մի թևի
Թպրտում... Վիթխարի սոսկում։
Թվաց թե—
Հասնում եմ ահա
Աշխարհի վերջին վրանին,—
Բայց որպես ոսկի մի վահան
Բարձրացավ արևն Իրանի...
Վառվեցին իմ հոգում հանկարծ
Վարդերը հեռու Շիրազի...
Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար—
Կախվեցիր... աղջկա վարսից։
Զարթնեցին հեռո՜ւ տարիներ—
Ձիերի նման վրնջան...
Արթնացավ հրկիզող մի սեր...
Կարինե։
Կարինե Քոթանճյան...
X
«Ծիածանը»...
Արև՛ն է այնտեղ,—
Նաիրյան թախիծի միջից.
Հրկիզված իմ հոգին բանտել
Եվ ուզում էր անդարձ շիջի։
Իրանի արև՛ն էր շոգ—
Լացակումած կապույտը Նաիրի...
Ու թախիծը—խեղդող, ճնշող,—
Խառնված ոսկեման հրին։
(Դեռ չկա՜ր աշխարհում անշող
Դեռ չկա՜ր արև-Նաիրրն...)։
XI
Մոսկով։
Տասնըյոթ թվական։
Իմ սրտում— արևն Իրանի։
Եվ ուզում էր արևն ագահ
Հրդեհել սկսվող տարին։
Հունվար...
Փետրվար...
Քսանըվեց։
Պոկվեց, ինչպես քար սարից։—
Արևը՝ կարմրակեզ բանվոր՝
Գլորվեց թափով վիթխարի։
Ի՞նչ...
— Հսկա,
Վիթխարի մի քար,
Որ նստել էր մեր թևերին։
Ծծում էր մեր արյունն, ագահ,—
Շնչում էր սառնություն բևեռի։
Գլորվեց։
Ու զուր,
Երերուն,
Մի վայրկյան սպասեց, չըգնաց։
Բացվել էր— անհուն մի հեռու։
Ջարդել էր մի հին մեքենա։
Կանգնել էր ճամփի սկզբին,
Հետևում— մռայլ տարիներ։
Վախենում էր կարծես վազքից...
Կարինե...
Հիմար Կարինե...
XII
Իմ հոգում— արևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման։
Ու ծանր, որպես գրանիտ,
Նաիրյան թախիծն հնամյա։
Թե իզո՞ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՜ր տարիներ...
Տխրություն էր հմայքդ մսե—
Կարինե...
Մշո՜ւշ— Կարինե...
XIII
Ինչպես քարը, մնացած ճամփին,
Որ նորից գլորվի պիտի—
Իմ հոգին կարոտով անբիծ
Սպասում էր վերջին աղետին։
Պիտ ընկներ, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից—
Որ ոսկի արևն Իրանի
Խառնըվեր նաիրյան թախծին...
Եվ ահա—
Հունիս,
Հուլիս...
Եվ ահա—
Սեպտեմբեր,
Հոկտեմբեր...
Զարնվեց կռանը— սալին:
Տեղացին վիթխարի ռումբեր։
Ու ռումբերը— արնակեզ երգով
Պայթեցին ուղեղում իմ մութ։—
Ու կարմիր ռումբերի ներքո—
Երազներս տվի... քամուն։
Գլորվեց, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից։
Ու ոսկի արևն Իրանի
Խառնվեց նաիրյան թախծին...
XIV
Տասնըութ։
Թվական կյանքի։
Իրիկուն։ Վերադարձ։ Առավոտ։
Ազատվեց հին կապանքից
Հոգիս՝ վիթխարի ցավով։
Տասնըութ։
Թվական հրի.
Ողջակեզ— կարմրակեզ բոցում։
Արթնացավ արև՛—Նաիրին
Իմ հոգու նո՛ր զնգոցում։
Հրդեհ էր։
Անհատնում կրակ։
Արնաքամ վերքեր կարևեր։
Ու կարոտդ հանկարծ ալվըլան—
Ողջակեզ— հոգիս արևեց։
Ողջակեզ։ Խնդություն։ Ու մի
Անհատնում վատնում միասին —
Եվ հոգիս սանձարձակ թռավ...
Այսպես էր տասնըութ թվին։—
Սո՛մա…
Լյուսի Թառայան...
XV
(Հոսում է արնակեզ մի գինի,
Հրդեհվում է սրտում իմ շոգ.
Անցնում է իմ թեժ արյունից
Ու քանդում է կապանքը ճնշող։
Նա այնտեղ է— դուրսը, նա կա,
Որպես կին, որպես նո՜ր Նաիրի,
Հարբել են խմբեր խելագար
Ու աշխարհը հանձնել են հրին։
Նա այնտեղ է— Լյուսի Թառայան.
Վարդերում, արևում Շիրազի,
Նաիրյան դաշտերի վրա,
Սկյության դաշտերում անծիր...
Ու բոլո՛ր նրանց սրտերում,
Որ աշխարհը հանձնել են հրին։
Հրդեհվել է աշխարհի հեռուն...
— Այստեղ էր այն կարմի՜ր տարի՛ն...)։
XVI
Կարմիր Բանակ։
Հորդել են հեղեղները սև։
Անսահման դաշտերի վրա
Շաչում են քո թևերը լուսե։
Կայարան։
Զորքեր։
Զորքեր։
Զինվորներ կարմիր։
Գիշեր։
Ու կարմիր զորքերի վրա
Կործվել է խավարը սև։
Խոր,
Խավար,
Ահավոր սպասում։
Հեռուն՝ կրակներ տարտամ։
Առավոտ— կգնանք, հզոր.—
Կփշրենք թշնամու շղթան:
Այստեղ էր — 19 թվին։
Օ, ինչ հո՜րդ էր տագնապն ուղեղիս...
Ու հոգիս հրդեհին տվի,
Որ լափվի բոցերում դեղին։
Այստեղ էր։
19 թվին։
Հավաքվել էր Բանակը Կարմիր։
Ու բոլոր աչքերում ծավի
Անսահման խնդություն կար մի։
Ու մոտի՜կ, մոտի՜կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...
Հավատում էր— տերևն անգամ
Որ... կգա՜, կգա՜ Անձկալին...
Կանգնել էր Նա դռանը
Կարծես—
Խանդավառ՝ ճակատին արև։
Ես երբեք քեզ չե՛մ մոռանա—
Թառայան...
Կայարան Տիխորեցկ...