ԳԼ. Ե
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին—
Ուր եղել է հին Նաիրին—
Կանգնել էր վարժապետ Սողոն։
Մի հսկա հորձանքով ահեղ
Զորքերը անսահման ռուսի
Վարարած ջրերի նման
Քաշվեցին Բասենից, Մուշից։
Նորից— խուժեց թշնամին,
Եկավ— մինչև Կարս հասավ...
Նորի՜ց դարձավ Նաիրին
Բարբարոս սրերի հեսան։
Նորի՜ց քաղաքներն հնամյա
Դարձրին հողին հավասար—
Դաշտերում անթաղ մնաց
Ժողովուրդը՝ հազար-հազար։
Նորից— անվրդով նստած,
Որպեսզի ձանձրույթից չքնի—
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր «Մեր հայրենիք...»։
Չէ՞ որ Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ,
Մասիսի պես հզոր, կանգուն—
Ելել էր «նաիրյան ոգին»։
Ելել էր «հզոր», «անհաղթ»,
Պարզել էր— երեքգույն դրոշ,
Հառնում էր— «անկաշկանդ», «ազատ»—
Ու չկա՜ր Նաիրի ուրիշ...
Աչքերը դարերի հեռուն,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել է վարժապետ Սողոն՝
Նաիրի հնամյա որդին։
Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ—
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»։
Իսկ այնտեղ— Կարմիր Մոսկովից
Դեպի աշխարհները բոլոր—
Անթել հեռագիրը նորից
Կանչում էր ձայնով ահավոր։
Կանչում էր— երկրից երկիր,
Ձայնում էր խանդով բոցավառ.
— Ելի՛ր, սովալլուկ մարդկության
Անեծքով գերված աշխարհ...
Հյուսիսից մինչև արևելք,
Մինչև Հինդ, Հաբաշ, Հնդուչին—
Կանչում էր՝ «Եղբայրնե՛ր, ելե՛ք—
Սա՛ է մեր կռիվը վերջի՛ն»։
Եվ ահա այդ ահեղ կանչին
Շիրակի դաշտերից— հանկարծ—
Զրահապատը խանդով առաջին
Նաիրի դաշտերում զնգաց։
Զրահապատը զնգաց զնգուն,
Շիրակի դաշտերից կանչեց—
Նաիրի հնամյա երկրում
Կարմրավառ, ահեղ հնչեց...
Ու կարմիր, հրդեհի նման
Մրրիկներ անցան սրընթաց—
Եվ, ելած քնից հնամյա՝
Արևելքը, կարմիր, խնդաց։—
Դու հիմա, երկի՛ր Նաիրի,
Աշխարհի ճամփեքի միջում
Կանգնել ես՝ խնդավա՛ռ էլի,
Հառնել ես՝ երկաթե թռչուն։
Աշխարհի ճամփեքի միջում
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին—
Դու հառնել ես նորի՛ց, բոցավառ,
Վառվել ես՝ կրկի՜ն, կրկի՜ն...
Պարզել ես ճամփեքի միջում
Արնավառ, կարմիր մի դրոշ,
Ու նորի՛ց քո խոսքը հնչուն
Զրնգում է խնդությամբ որոշ։
Եվ ո՛չ թե վարժապետ Սողոն,
Այլ Պողոսն է հիմա քո որդին,
Որ դեմքը քրտինքով ողող՝
Լծվել է գալիքիդ երթին։
Լծվել է օրերիդ երթին
Եվ սրտում խնդություն ու կամք՝
Բյուրերի հետ մեկտեղ, միասին
Այս երկրագունդը հին
Քաշում է դեպի Ապագան...
ՎԵՐՋԱԲԱՆ
Հիմա—
Ամեն տեղ—
Լսո՞ւմ եք—
Զնգոց...
Երկաթի գրգիռ։
Օրերը— հրետանի։
Ու կյանքը, հին կյանքը հիմա —
Հիշո՞ւմ եք—
«Տիտանիկ...»։
Հիշում եք.
Եղավ տո՜ն.
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
— Օրեր...
Շփոթում...
Մարսելյեզ...
...Անտես։
Ու ճչաց—
Սո՜ւր ճչաց—
Կանչեց հոգևար—
Ռադիոն...
Կանչեց։
Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայարանները բոլոր,
Ճչաց,
Սո՜ւր ճչաց
Կանչեց...
Ու մեռան։
Գնացին։
Ո՞ւր...
— Օրերը թռչում են, թռչում են արագ։
Օրերը— կրակ,
Պուրպուր...
Ուզո՞ւմ ես՝ բռնեմ հոգիդ այսօրվա—
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման—
Նետե՜մ—
Ո՞ւր նետեմ—
Ո՞ւր...
— Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր...
Շինվում է աշխարհը հիմա,
Շինում են
Փողոց առ փողոց—
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,
Մի Չինկ-Ֆու,
Մի Հ.անս,
Մի Պողոս։
Ես ասում եմ՝ աշխարհը կդառնա
Մի հանո՜ւր խնդության փողոց,
Ու Չինկ-Ֆուն Պեկինում կխմե
Քո կենա՛ցը, Բարթո՛ւղ, Պողո՛ս...
Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտի մնան վերքեր—
Ես էլի՛ քո փառքը կերգեմ,
Իմ հզո՜ր, երկաթե՛ եղբայր։
Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՜ր, անծի՜ր,—
Այս պոեմս— քո կա՛մքը երգեց,
Այս պոեմս— դո՛ւ երգեցիր։
Թե խաբեն օրերն այս հրկեզ՝
Սրտո՛վ միշտ քեզ պե՛ս ու քեզ հետ—
Ես էլի՛ քո փառքը կերգեմ—
Ես— չնչին,
Վերջին
Պոե՛տ...