ԳԼ. Գ
Այսպե՛ս էր։
Խառնըվեց իրար
Աշխարհը— եզերքից եզերք։
Եվ բոլո՛ր դաշտերի վրա
Կանգնեցին քաղաքներ մսե։
Հնամյա արևին մոտիկ,
Արևի հարազատը միակ—
Քայքայվում էր կարծես տոթից
Աշխարհը—նեխած մի դիակ։
Ու խելառ, սարսափից երեր,
Հավերժի մուժում անուղի—
Տանում էր ժամանակը ծեր
Դիակը իր նեխած տղի...
Տանում էր— նեխած մի դիակ,
Փախցնում էր ամո՛թը իրա—
Ու հոսում էր արյունը տաք
Հավերժի ճամփեքի վրա։
Հեռու— Սատուրնի վրայից
Կարելի էր տեսնել՝ զազիր՝
Արնահոս վերքերի նման—
Լույսերը Բեռլինի, Փարիզի։
Դեղին, ամպերի նման,
Աշխարհի նեխած երեսին—
Կուտակվել էին արնահամ
Ամպերը հեղձուցիչ գազի։
Այսպես էր։
Եվ դուք չիմացա՞ք,
Չտեսա՞ք ձեր մութ հոգում,
Թե ո՞նց— բանակնե՛ր մեռան՝
Հազա՛րը մի սև իրիկուն։
Որ նորի՛ց, խաչվելու համար,
Ինչպես նա, որ գնաց Հռոմ—
Միլիոննե՛րը անխոս գնացին
Վերդեն,
Պերեմիշլ,
Էրզրում...
Երևան։
Աստաֆյան փողոց։
Նստած է խանութպան Համոն։
Աշուն է։
Անձրև։
Մշուշ։
Թաց, խոնավ—անձրևոտ իրիկուն։
Փողոցը լիքն է հիմա,
Դարձել է լեփ-լեցուն մի բերան։
Թափվել են մարդիկ խմբերով
Անձրևոտ մայթերի վրա։
Հորանջում է փողոցը թաց,
Որոճում է թեն, անատամ.—
Ծամվում են մշուշում ընկած
Հազա՜ր ու հազա՜ր գաղթական։
Նայում է ժամերից աստված,
Ուրախ է. քիչ մնա... երգի.
Հոսում է թուքը նրա
Ճերմակ, փառավոր միրքին։—
Շաքարե աչքերի առաջ
Ծնվում են հիսուսները հոծ. —
Գիտե որ՝ Նյու Յորքից կգան
Կբանան հազա՜ր որբանոց։
Հորդում է ժպիտը լուսե.
Ամոթխած պառավի նման
Ուզում է, բայց... քաշվում է ասել.
— Իմ որդին անկողին չուներ,
Բայց նրանք— գիտե՞ք— կունենա՜ն.
Այսպես էր։
Խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Մտածում էր՝ ինչո՞ւ չկա
Մի փոքրիկ... գարնան... քամի։
Մտածում էր՝ «Բաղդադ են հասել
Զորքերը անսահման Ռուսի—
էլ
Սրանք
Ինչո՞ւ են փախել
Բիթլիսից, Բաղդադից, Մուշից։
Ինչո՞ւ են մնացել թափված.
Թող գնան Բիթլիս, Բասեն—
Էլ
Ինչո՞ւ
Էրզրումն առավ
Անհաղթ Անդրանիկ փաշեն...»։
Եվ էս մեծ մտքերից հոգնած՝
Գնաց տուն, որ փաստոն խաղա։
Իսկ նրա խանութի առաջ
Մեռնում էր մի որբ երեխա։
Այսպես էր։
Խանութպան Համոն—
Հավատո՞ւմ եք՝ ա՛յն էլ չտեսավ,
Որ Պողոսը դարձավ զինվոր
Ու մինչև Պերեմիշլ հասավ...
Բայց երբ առևտուր չկար,
Որպեսզի ձանձրույթից չըքնի—
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր՝
«Մեր
Հայրենիք...»։
ԳԼ. Դ
Երևան։
Այսինքն– Նաիրի։
Այսինքն՝ այստեղից սկսած
Գնում էր դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին—
Կանգնել է— դարերի ուրու—
Հնամյա երկիրը՝ Նաիրին։
Որպես արյունոտ հարցանիշ՝
Դարերի մեջ մեխված վաղուց՝
Կանգնել է երազի նման—
Եվ չկա՜ Նաիրի ուրիշ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աշխարհի այն ահեղ օրերին,
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր եղել էր հին Նաիրին—
Կանգնել էր— խանութպան Համոն:
Կանգնել էր խանութի առաջ.—
Նաիրի պես «հզոր», «անսասան»—
Գնացել էր արյունոտ ռազմադաշտ
Համազասպը՝ «քաջ ջանբեզար»։
Իսկ նրանց երկուսի մեջտեղում,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել էր վարժապետ Սողոն՝
Նաիրի հարազատ որդին։
Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ—
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»։
Ո՞նց իմանար Սողոն,
Կամ «ղարիբ», «գաղթական» մշեցին՝
Թե ինչո՞ւ Կարպատներն առան
Ու Ռեյմսի տաճարն այրեցին։
Է՛ն էլ նա հազիվ հասկացավ,
Որ երբ ռուսը քաշվեց Վանա—
Ուզեց, որ երկրի երեսին
«Խայու անուն չմնա...»։
Ողբալով Նաիրին հարազատ,
Աշխարհի ճամփեքի միջում—
Վարժապետ Սողոն հուսահատ
Հարցնում էր՝ «Ինչո՞ւ, ինչո՞ւ...»։
Եվ միայն Պողոսն էր, որ արդեն
Դեպոյից ընկած Պերեմիշլ՝
Ամրանում էր ոգով ու սրտով
Ու մտքեր ընդունում ուրիշ։
Ձուլվում էր բանակին էն մեծ,
Որ հուզվում էր արդեն, խլրտում,
Որ պիտի աշխարհը ցնցեր,
Երբ դառնար կրկին մի օր տուն։
Բայց նրանք դեմ-դեմի կեցած
Այն ահեղ, ահավոր կռվում
Արնաքամ դեռ կռվում էին
Հայրենի դաշտերից հեռու։
Իվանը, Հանսը, Ժանեն—
Մոսկովցի, փարիզցի, բեռլինցի—
Բոլո՛րը մի հսկա, բյուրանուն
Բանվոր,
Մուշա,
Գյուղացի։
Եվ նրանց դիերի վրայով,
Լոնդոնից մինչև Կապուտան—
Անցնում էր երկաթե քայլով
Մի հրեշ՝ անունը Կապիտալ։
Գալիս էր Բեռլինից, Փարիզից,
Գալիս էր— հյուսիսից դեղին,
Անցնում էր Նաիրի վրայից,
Բռնել էր Բաղդադի ուղին։
Գլխի տեղ— հսկա մի բերան,
Գլխի տակ— անսահման մի փոր,—
Կանգնում էր դիերի վրա,
Խմում էր արյունը բոսոր։
Հագել էր— պուրպո՛ւր, ոսկի՜,
Շողում էր արևի ներքո,
Ժպիտը ճարպոտ երեսին՝
Արշավում էր հաղթական երգով։
Եվ նրա երգին գերի,
Բաղդադից մինչև Լիոն,
Արնաքամ զարնվում էին
Զորքերը՝ միլիոն-միլիոն...
Արնաքամ կռիվն այս ահեղ
Վերջ պիտի չունենար գուցե,
Թե բանակը մեր ետ չնայեր,
Չկանչեր՝ կանգնեցե՜ք, կանգնեցե՛ք...
Բանակը։
Բանակում մարդիկ,
Որ ուրի՛շ պայքարի սովոր՝
Կանչեցին ուրի՜շ մի մարտի
Բանակները այն ահավոր։
Կանչեցին— ու դարձան իրանց
Ստեպները անծայր ու լեն,
Վառեցին դաշտերի վրա
Մրրիկներ ահեղ, հրեղեն։
Պարզեցին դրոշներ կարմիր,
Կանչեցին աշխուժով հրձիգ.—
— Բանվորներ համա՛յն երկրի,
Միացե՜ք, միացե՜ք, միացե՜ք...
Վառեց նրանց կանչն ամբողջ
Աշխարհը, որպես հրդեհ,
Ծփացին բանակները հոծ
Ու ծփանքը, ահեղ, հորդեց։
Մոկսովը ծփաց փողփողուն,
Ինչպես մի բոսոր դրոշակ—
Պարզե՛ց արնավառ աշխարհին
Մի կարմիր խնդության նշան։
Ու ելած հողմերից այդ վառ,
Որպեսզի խորտակե այդ հինը՝
Լեռնացավ, որպես ղեկավար,
Ու կանգնեց Լենինը։
Ու ելած իրենց տեղից,
Հրահրած արնավառ ոսկով
Նորի՛ց բանակները դեղին
Շարժվեցին դեպի Մոսկով...
Եվ, որպես դաժան մի երազ,
Կարմիր զորքերի հանդեպ՝
Փարիզի մշուշից ելած
Կանգնեց գնդապետ Գալիֆեն։
Երկաթե քայլերով նորից
Արշավեց, որպես չար բազե,
Որ Կարմիր Մոսկովում փորի
Մի հսկա, նոր Պեր Լաշեզ...