Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Ազգային երազ

Ազգային երազ
1

Ցերեկի վազքից, հոգսերից հոգնած՝
Տուն վերադարձա գիշերի կիսին:
Իսկույն քնեցի: Եվ մեկ էլ, հանկարծ,
Մի երազ տեսա հայ ազգի՜ մասին:
Ես չեմ հավատում ո՜չ մի երազի:
Բայց արթնանալիս վախեցա, ասի.
Վատ բան է ասում իմ երազը այս՝
Ինչ էլ որ լինի — տեսիլ թե երազ —
Ինչ էլ որ լինի — պատմեմ աշխարհին,
Թող օրը անցնի — ու հետը բարին:

2

Գիշերը գնաց, բայց երկա՛ր, երկա՛ր
Իմ սրտի վրա ծանր, որպես քար,
Մի թախիծ մնաց երազից էն մութ —
Մի ճնշող թախիծ, ծանր մի խորհուրդ:
Ու մաշում է ինձ թախիծը հիմա.
Մութ, խորհրդավոր, սառը, որպես մահ
Գիշեր ու ցերեկ նվում է կարծես —
Եվ խելքս արդեն կորցրել եմ ես:
Շրջում եմ մենակ օրերիս միգում,
Մխում է ցավը իմ հոգնած հոգում
Եվ չեն ամոքում էլ հույսերը սին...
— Բայց ես մոռացա երազիս մասին:

3

Քնել էի խոր: Աչքերիս առաջ
Փռվել էր մի մութ, անթափանց մշուշ:
Կուրծքս բարձրանում ու իջնում էր ցած՝
Զգում էի, որ քնել եմ անուշ:
Քնել էի խոր: Եվ ահա հանկարծ
Թվաց ինձ, որ ես բարձրանում եմ վեր:
Սիրտս մի մթին տագնապով զնգաց
Ու սուր կարոտով սկսեց ցավել:
Նախ թվում էր ինձ, որ թռչում եմ ես,
Բայց տեսա հետո, որ վերը, օդում,
Կախվել է հոգիս, որպես աչք հրկեզ
Ու վարը իշխող խավարն է դիտում:
Ու սո՛ւր հաճույքից ճչում էի ես,
Բայց խորթ էր ձայնս՝ մի կարկառ հնչյուն: —
Զգում էի լոկ, որ երկնի միջում
Կախված է հոգիս, որպես աչք հրկեզ: —

4

Ու մութ էր շուրջս, մի մթին գիշեր:
Աշխարհը հեռուն քնել է լռին:
Երկնքից կախված նայում էի ես
Վարը տարածված երկրի խավարին:
Սկզբում ոչինչ դեռ չէր երևում.
Խավար էր միայն, մառախուղ ու մութ:
Բայց հետո հանկարծ հեռու-հեռևում
Կարմիր բռընկեց մի կրակ աղոտ:
«Հիվանդ կա» ասի մտքիս մեջ ինձ ես.
«Հիվանդի համար կրակ վառեցին»:
Ու միտք անելով ինքս ինձ էսպես
Նայում էի ես այդ կարմիր կայծին,
Երբ նրա կողքին, հապշտապ, արագ,
Տագնապով վառվեց մի ուրիշ կրակ:
Հետո մոտեմոտ, իրար հետևի՜ց
Ուրիշ կրակներ վառվեցին նորից —
Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց.
Հսկա լեզուներ վառվեցին միգում —
Եվ մեկը ասաց իմ քնած հոգուն,
Որ վառվում է ողջ երկիրը Հայոց...

5

Ու, ծուխ շնչելով արնագույն մուժում,
Նայում էի ես վառվող հրդեհին
Եվ տեսնում էի՝ վարը, մշուշում
Վառվում է ահա մեր երկիրը հին:
Եզերքից-եզերք հրդեհը դեղին
Գրկել էր Հայոց աշխարհը, ու նա
Անկամ հանձնված կարմիր հրդեհին
Վառվում էր հսկա քուրայի վրա:
Արևի հսկա մի շողքի նման
Զարկել էր բոցը Արարատ սարին,
Որ վառվում էր տոթ, պարում ալվլան,
Ողջակեզ դարձած խավար աշխարհին:
Ու լուռ էր այնպես. ձայն, շշուկ չկար.
Կանգնել էր կարծես ժամանակը քար,
Որ հրդեհը այդ հավիտյան տևի...
Կրակահանդես, տոն էր երևի
Տոթ, արնակրակ հրդեհը այդ վառ —
Աշխարհի համար — մարդկության համար...

6

Նայում էի ես սրտով հրատապ
Ու թարթում էին աչքերս մխից —
Երբ տեսա հանկարծ, որ մեկը, շտապ,
Փախչում է ահա հրդեհի տեղից:
Հրդեհի կարմիր լույսով ողողված՝
Կարմիր էր թվում թուխ դեմքը նրա:
Վազում էր, գլուխն ու ճակատը բաց,
Ե՜վ աչքերը իր — կրակի քուրա —
Բոցկլտում էին քինոտ ու դաժան.
Եվ շրթունքներով թուխ ու ալևոր
Մռմռում էր նա, երդվում էր նա, որ
Չի՜ դրժի երբեք ուխտը սրբազան:
Ո՞ւր էր նա փախչում և ինչո՞ւ համար,
Ինչո՞ւ էր վազում ու երդում անում: —
Քարոտ էր ուղին, հրդեհ ու խավար,
Բայց վազում էր նա, չէր հանգստանում:
Երբեմն միայն թաշկինակը իր
Մոտեցնում էր շրթերին կարմիր
Ու շրթին սեղմած ձյուն-թաշկինակում
Խեղճը հազալով արյուն էր թքում:
Եվ նորից, պարզած զույգ ձեռքերը վեր,
Հերոսի նման անփույթ, անձնըվեր
Վազում էր առաջ ու երգ էր երգում
Վրեժաժպիտ ու մահագուշակ —
Ու ծածանվում էր նրա աջ ձեռքում
Թաշկինակը իր, որպես դրոշակ...

7

Երբ հուրը մնաց սարի ետևում —
Կանգ առավ մի պահ այդ մարդը հանկարծ,
Երկչոտ աչքերով նա զննեց հեռուն —
Բայց չէր երևում կրակի մի կայծ:
Խորունկ շունչ քաշեց ու նստեց քարին:
Մի-երկու վայրկյան սպասեց լռին. —
Գիշեր էր շուրջը, խաղաղ ու հանդարտ:
Եվ ահա, որպես փորձըված մի մարդ,
Մատները դրեց շրթունքների մեջ
Եվ երկու անգամ բարձր, զի՜լ սուլեց:
Եվ ահա մեկ-մեկ, իրար հետևից,
Դուրս եկան նրա ընկերները քաջ,
Մոտեցան նրան, բռնեցին թևի՜ց
Ու հուզված՝ կեցան ընկերոջ առաջ:
Ի՞նչ արիր, Ահո՜, — հարցրին նրան: —
Բայց Ահոն չուներ լեզու ու բերան.
Սրտի տրոփից չէր կարող խոսել:
Խնդրեց մի վայրկյան, մի քիչ սպասել,
Շրթերը ծամեց, բարձրաձայն հազաց —
Ու հուզված ձայնով նա այսպես ասաց.
«Հորիզոններում տիեզերական,
Ուր աստղ ու լուսին բոցկլտում են վառ,
Աշխարհում այս մութ, նենգ ու խոլական —
Ո՜չ մի ազգ չկա հայի պես թշվառ...»:
— Լավ, ճառ մի՜ խոսիր, մենք այդ չենք ուզում,
Գիտենք, որ ճառեր դու լավ ես խոսում.
Դու մեզ այն ասա՝ ի՞նչ արիր, Ահո՜, —
Ճառերը հետո, խոսքերը հետո:
Դու, որ քաջ ես միշտ, շիտակ, անսասան —
Կատարի՞ր արդյոք պարտքդ սրբազան:
— Իհարկե, տղերք... ի՛նչ խոսք այդ մասին. —
Ձեռքը դնելով ընկերոջ ուսին
Նորից սկսեց Ահոն քաղցրաձայն
(Այդ մարդը ուներ այնպիսի մի ձայն,
Որ եթե խոսեր մի մութ փողոցում —
Կասեիր՝ այնտեղ սրինգ են ածում...)
« — Վառվում են այնտեղ երեխա ու կին...»:
Բայց ընկերները խզեցին կրկին
Խոսքերը նրա: — «Ի՞նչ արի՜ր, ասա,
Պատմիր սկզբից եղածը գործի»: —
Ու պատմեց Ահոն. — «Հենց որ տեղ հասա
Առաջին գյուղում հրդեհը գցի:
Խավար էր, տղերք... ի՞նչ իմանայի...
Դուրս եկավ սակայն, որ... գյուղ է հայի...
Բայց էս դեռ ոչինչ, դեռ ոչի՜նչ, տղերք.
Այն էր՝ հավաքվել մարում էինք մենք՝
Ջուր էինք լցնում կրակի վրա —
Տեսնենք հարևան տեղերից ահա
Օգնության եկավ գյուղը դրացի.
Լավ է, կմարենք, մտքումս ասացի —
Մեկ էլ էն տեսա, որ կրակը թեժ,
Որպես մի վիշապ, ագահ մի հրեշ,
Հնոցի նման բռնկվեց միգում...
Ու գյուղը մնաց կրակի գրկում:
Եվ մենք հասկացանք, որ մեր դրացին
Քարյուղ է լցնում մեր փոքրիկ կայծին...
Ու կայծը ահա մի հրդեհ դառավ —
Այսպես մեզ խաբեց դուշմանն անիրավ...
Ու քամի ելավ, մռնչաց ահեղ —
Կրակը ցրեց, տարավ ուրիշ տեղ,
Այդտեղից վառվեց գյուղը հարևան
Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց, —
Նայեցի՜ մեկ էլ — հրդեհի նման
Վառվում է, տեսնեմ, աշխարհը հայոց...
Կրա՛կ է այնտեղ, ու հրդեհ, ու մահ —
Հայոց աշխարհում հրդեհ է հիմա»:
Ու լռեց Ահոն: Ու բարձր հազաց:
Զայրույթը մի պահ խեղդեց բոլորին:
Եվ ահա նրանց Վետերանը հին
Վեր թռավ տեղից ու խռպոտ ասաց,
« — Վայրկյանը խփեց... Օ, այո՜, այո՜...
Կռիվ ու վրեժ, — չսպասենք իզուր:
Մենք մնանք այստեղ — դու գնա, Ահո՜,
Հայոց աշխարհի ահազանգը տուր»:

8

Ու նորից Ահոն ընկավ ճանապարհ:
Գիշեր էր շուրջը, ահռելի խավար,
Բայց վազում էր նա ու չէր սայթաքում.
Այնպես էր գնում խավարի գրկում,
Որ տանն էր ասես, գորգերի վրա —
Սովոր էր մթին հայացքը նրա:
Մի անգամ միայն խեղճը սայթաքեց —
Բայց խռպոտ հազաց, արնագույն թքեց
Եվ իսկույն նորից նա ոտքի թռավ.
Մի զարմանալի աշխույժ էր, իրավ,
Որ ուներ կյանքում այդ մարդը հիվանդ —
Մի զարմանալի, հանճարե՛ղ եռանդ:
Ես մտածեցի՝ «Ազնի՛վ ծերունի,
Խեղճը թոքերի բորբոքում ունի,
Բայց իր աշխույժով պատանի է դեռ —
Գիտե սրբազան պարտքը կատարել:
Քո այդ անձնըվեր եռանդի համար
Քեզ փառք ու պատիվ, հիշատակ անմար:
Ով չի օրհնում քեզ — սրիկա է նա:
Եվ ո՞վ չի ների, եթե իմանա,
Որ դու մի չնչին սխալ ես արել —
Նրանց գյուղի տեղ — մեր գյուղն ես վառել...
Օ, այո, Ահո՜, ազնի՜վ ծերունի՜.
Ով գործ է անում — նա սխալ ունի, —
Անսխալ մարդիկ աշխարհում չկան —
Աստված է միայն անսխալական...»:

9

Մինչ վազում էր նա դաշտում ամայի,
Ուր մութ էր ու մուժ, մշուշ էր մահի, —
Ճամփին մնացած ընկերները հին
Սարի տակ նստած սպասում էին:
Վառվող սրտերով, աչքերը կրակ,
Խավարի գրկում նստոտած — նրանք
Մտորում էին աղետի մասին.
Եվ ահա, քինոտ ժպիտն երեսին,
Վեր թռավ տեղից Վետերանը ծեր
Եվ ազդու ձայնով սկսեց խոսել. —
«Ընկերներ, ասաց, եղբայրներ անգին,
Վառվո՛ւմ է հայոց աշխարհը կրկին...
Հասկանո՞ւմ եք դուք մտքով վերահաս,
Թե ի՞նչ են ասում կարճ խոսքերը այս...
Հայոց աշխարհում հրդեհ է կրկին...
Այսինքն այնտեղ երեխա ու կին
Վառվում են հիմա անխիղճ կրակում
Ու կյանք են հայցում, ու կյանքի փրկում:
Ընկերնե՜ր, սակայն խոսքերը այս խուլ
Որքան էլ հնչեն անհույս ու տխուր, —
Ընկերնե՜ր, այս սև խոսքերում անգամ
Մի բան կա՝ անչա՛փ մխիթարական.
— Դուք տեսաք կարծեմ, որ մի քիչ առաջ,
Դեպի հեռավոր ուղիներն հառած
Իր աչքերը սև, կրակոտ ու վառ —
Մեր ընկեր Ահոն ընկավ ճանապարհ:
Ես դեռ չեմ ուզում շեշտել, որ նրա
Գոյությունը լոկ մեր երկրի վրա
Կբավե արդեն, որ ցրե իսկույն
Ամեն մի անմիտ հուսահատություն...
Եվ ո՞վ չըգիտե նրա փառքը մեծ.
Նա որ տեղ հասավ ու զանգը տվեց,
Զանգը մարտակոչ, աշխարհասասան —
Կհիշեն իսկույն ուխտը սրբազան
Ու եզերքներից, կողմերից հեռվի
Դուրս կգան նորից մի ահեղ կռվի,
Եվ մենք, անվհատ, անվախ, անձնվեր —
Կերթա՜նք փրկելու ժողովուրդը մեր...
Ու շունչ կքաշե մեր ցեղն արնաքամ —
Օ, ա՜յս է ահա մխիթարական.
Օ, ստրուկ է նա, ով որ սիրտը դող,
Յուր կյանքի համար կռվել չի կարող:
Նա՜ է այս կյանքում ապրելու արժան,
Ով աստվածային ցասումով դաժան
Գիտե թշնամու արյունը քամել.
Ով գիտե նրա արյունը խմել,
Նա չի հալածվի գերության ներքո.
Կռվով կգտնես իրավունքը քո...»:
— Շատ ես աղմկում, ընկեր Վետերան, —
Ձայն տվեց հանկարծ ընկերը նրան —
Ու թռավ, կանգնեց մի քարի վրա.
Լեգեոն էր հին անունը նրա —
(Որ թե թարգմանել դուք կարողանաք՝
Հայերեն լեզվով կլինի «բանակ»):
Դողում էր նրա մարմինը ամբողջ.
Բարձր քրքջալով խոսքին ընկերոջ՝
Խոսել էր ուզում, չէր կարողանում.
Խեղդում էր նրան զայրույթը անհուն:
Բայց զսպեց իրան, զայրացկոտ հազաց
Ու հզոր ձայնով հաղթ, հաստատ ասաց.
— «Ես չեմ հավատում ձեր սին խոսքերին.
Չեմ կարող լինել խոսքերի գերին.
Հայո՛ց աշխարհում արյուն է հոսում —
Դուք կանգնել այստեղ ճառեր եք խոսում...
Ո՜չ, ես չեմ կարող: Ես ասում եմ, որ
Ամենից առաջ գործ է հարկավոր:
Դուք կանգնեք այստեղ դաշտում ամայի.
Ես կերթամ ահա երկիրը մահի,
Կզոհեմ ա՜յնտեղ ես իմ կյանքը, ինձ,
Գուցե և մեկին փրկեմ կրակից...»:
Եվ ճիշտ որ, իսկույն, առանց նայելու,
Նա ճամփա ընկավ՝ իր խոսքին հլու:
Վետերանն ուզեց կանչել, համոզել,
Բայց ընկերն արդեն կորել էր, չկար:
Եվ նա վերստին սկսեց խոսել,
«— Ես խենթ չեմ, ասաց, կույր ու խելագար.
Իմ սիրտն էլ, ասաց, այդպես է ուզում —
Բայց կա սառը միտք, քարե համոզում,
Որ շտապելով ոչինչ չես անի —
Քամու բերածը քամին կտանի...»:
Եվ այդպես, հուզված, զայրույթը հոգում,
Աչքերում կրակ, թույն ու բորբոքում —
Նա դեռ շատ կանե՜ր վեճ ու ղալմաղալ,
Բայց երկինքն հանկարծ սկսեց դողալ:
Դողում է՜ր կարծես երկինքը ամբողջ...
Վետերանը ծեր քար կտրեց ասես.
Շշնջաց միայն շրթերով դողդոջ.
— Տղերք, Ահոյի ահազանգն է էս...

10

Եվ ճիշտ որ. անհուն գիշերի գրկում
Մռնչում էր խուլ, ողբաձայն երգում,
Ու հոսում էր հորդ ձայնի մի հոսանք.
Ճչում էր կարծես վիթխարի մի զանգ:
Ու ղողանջները գիշերի գրկում
Մագլցում էին հորիզոնն ի վեր:
Ես մտածեցի՝ մինչ հիմա կյանքում
Ով է այսպիսի ահազանգ տվել,
Որ արթնացնի քուն մտած մարդուն...
Բայց հարցս թվաց սրբապղծություն:
Օ, ո՜չ մի ժամկոչ չի զանգել այդպես,
Թեկուզ հրդեհներ շատ է պատահել:
Չէ՞ որ ազգը մեր քնած է ասես —
Մեր քնած ազգին այդպես է վայել...
Այս զանգը ազգիս թող խրատ լինի,
Որ արթուն մնա, որ էլ չքնի...
Մինչ ես, դողալով տերևի մի պես,
Միտք էի անում ինքս ինձ այսպես
Ու նայում էի իմ մութ անկյունից —
Ժողովուրդն ահա արթնացավ քնից:
Ամենից առաջ մեծերն արթնացան:
Եվ ահա շտապ, խմբերով ցիր-ցան,
Բոլոր կողմերից եկան կրակուն
Ու հավաքվեցին զանգատան բակում:
Ամենից առաջ մի խենթ էր հասել
(Անունը նրա չեմ ուզում ասել) —
Զարթնել էր թե չէ՝ գիշերի մթում
Վազել էր իսկույն դեպի զանգատուն:
Եվ ահա, անմահ հերոսին վայել
Անմար եռանդով զանգում էր նա էլ:
Եվ ժողովրդի զարթնելու հուսով
Զիլ զանգում էին նրանք երկուսով:
Ու նրանց հուժկու ձեռքերի տակին
Դղրդում էին զանգերն ահագին,
Դողում էր նաև զանգատունն ամբողջ —
Ու ձայն էր կտրել հորիզոնը ողջ:

11

Վերջապես նրանք, երբ քիչ հոգնեցին,
Ժպտացին իրար — ու վար նայեցին: —
Ու սիրտը նրանց խնդաց զնգոցով,
Երբ տեսան նրանք բազմությունը ծով,
Որ վարն հավաքված իրենց էր նայում —
Հերոսնե՛ր էին նրանք այդ պահուն...
Ծփում էր այնտեղ բազմությունը հոծ.
Հավաքվել էին մեծերը հայոց,
Ու աչքերն հառած դեպի զանգատուն
Աղմկում էին գիշերի մթում:
Աղմուկը սակայն երկար չտևեց.
Բարբառեց հանկարծ խենթը վերևից —
Ու տիրեց իսկույն լռությունը քար,
Կարծես ներքևում ոչ մի մարդ չկար:
Աղբյուրի նման կարկաչուն ու հորդ,
Մերթ մեղմ ու անուշ, մերթ անչափ խրոխտ,
Մերթ ինչպես վերից փոթորիկ սուրա —
Հոսում էին վար խոսքերը նրա...
Ու այս էր ասում այդ մարդը վերից.
« — Ընկերներ, հայոց աշխարհում նորից
Կրակ է ընկել, ու մրրիկ, ու մահ.
Ընկե՜րներ, համառ խմբերով հիմա
Մենք պետք է իսկույն, անվախ, անվեհեր,
Երթա՜նք փրկելու ժողովուրդը մեր:
Գիտեմ, ձեր սրտում տիրում է հուզում.
Դուք անշուշտ հիմա գտնել եք ուզում:
Թե ո՞վ է նորից աշխարհը վառել, —
Կամ մինչև հիմա մենք ի՞նչ ենք արել
Մեր ժողովուրդը փրկելու համար.
Որպեսզի հարցը չմնա խավար
Ու ոչ մի գաղտնիք մեր մեջ չմնա —
Ամեն ոք թող այս խոսքերս իմանա»:
Եվ նա սկսեց պատմությո՜ւնը հին.
Ո՞վ չի իմացել, որ մեր թշնամին
Խաբող է ու նենգ, ու վախկոտ, ու մութ.
Եվ ասում էր նա. «Ոչ մի ժողովուրդ
Չի սիրում խարդախ թշնամուն մեր չար,
Այնինչ ազգը մեր աստվածահանճար
Զարմանք է լցնում սրտում բոլորի —
Իր բախտով դաժան ու կռվով արի:
— Այո, ընկերնե՜ր: Աշխարհը՝ ամբողջ
Ողբում է հիմա աղետը հայոց,
Չի կարողանում մեր վշտից քնի,
Ուզում է մի կերպ, մի բանով օգնի,
Ու իր հեռավոր, լուսավոր ափում
Մեր վշտի համար արցունք է թափում:
— Հայրենակիցնե՜ր, թե ամեն մի մարդ
Թափելու լինի մի շիշ արտասուք —
Մեր երկիրն էլի՜ կխնդա զվարթ
Ու էլ չի լինի ավերում ու սուգ:
Հայրենակիցներ, հաշվել եմ, գիտեմ,
Եվ երդվում եմ մեր հրդեհովը վառ, —
Արտասուքն այդքան կբավե արդեն
Մի փոքրիկ հրդեհ մարելու համար:
Եվ հետո — երեկ, երբ խղճով հանգիստ
Քնել էիք դեռ բոլորդ անխռով —
Մեր անզուգական բարեկամներից
Ջուր ենք պահանջել մենք հեռագրով:
Սակայն մինչև գա օգնությունը այդ —
Ով մի սուր առած, ով թեկուզ մի փայտ,
Շարքերով անծայր, ստվար, բազմահոծ —
Երթա՛նք փրկելու ժողովուրդն հայոց...»:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top