Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Ազգային երազ

Ազգային երազ


12

Երբ ձայնը նրա խզվեց զնգոցով —
Վարը հավաքված բազմությունը ծով
Մռնչաց ինչպես մի քաջ անվեհեր. —
— Էրթա՛նք փրկելու ժողովուրդը մեր:
Քիչ մնաց վերից մռնչամ ես էլ.
Իմ ամբողջ կյանքում ես չէի տեսել
Մեր ճղճիմ կյանքի անթափանց մթում
Այդպիսի անկեղծ ոգևորություն:
Եվ աչքս հառած հուզված ամբոխին՝
Ես կծում էի շրթունքները իմ, —
Նման էր ողջը երազի, քնի.
Վախենում էի, որ երազ լինի...
Տեսնելով սակայն, որ չեմ արթնանում,
Խո՛ր ակնածանքով, հարգանքով անհուն
Ես մտածեցի. աշխարհում այս մութ
Ինչե՛ր չի անում ժամկոչը հմուտ...
Անհասկանալի հրաշք ես դու, կյանք, —
Բավական էր մի ազդու ահազանգ —
Եվ փրկվեց ահա մեր ազգը մահից:
Եվ չէի ուզում հավատալ ես ինձ,
Բայց երբ որ մեկ էլ նայեցի ես վար —
Չհավատալու էլ հնարք չկար:
Չռած աչքերով տեսնում էի ես.
Ներքևում ահա, հրձիգներ ասես.
Ձեռքերին կարմիր լապտերներ առած
Մեր խենթն ու Ահոն ընկել են առաջ —
Հետքերից գցած բազմությունը հոծ
Գնում են փրկեն ժողովուրդն հայոց...

13

Ու զարմանք կտրած, սրտիս խնդություն,
Ես նայում էի — չէի հավատում
Բախտից կուրացած իմ թաց աչքերին.
Եվ արցունքները հորդ հոսում էին
Ճամփեքի վրա նրանց սրբազան...
«Երանի՛ նրանց, որ ձեզ չտեսան, —
Բացականչեցին շրթերս դողդոջ.
— Քանի որ նրանք աշխարհում այս փուչ
Չեն տխրի հետո, երբ դառնա երազ
Ոգևորության սուրբ վայրկյանը այս...»:
Ու գնում էին նրանք անձնվեր, —
Ունեի՛ն կարծես քաջության թևեր...
Նույնիսկ գիշերի միգում անթափանց
Ես տեսնում էի թևերը նրանց,
Որ տանում էին թափորն անվեհեր —
Աստվածաընծա, սրբազա՛ն թևեր:
Խավար գիշերի գրկում ահավոր
Քայլում էր նրանց խումբը թևավոր,
Գնում էր դեպի երկիրը հրի —
Մի խումբ էր կարծես հրեշտակների...

14

Եվ ահա նրանց աչքերի առաջ
Հեռուն, մշուշում բռնկվեց հանկարծ
Վառ, արնանման կրակի մի դեզ,
Մի հսկայական լեզու էր ասես —
Ու մութ գիշերի լնդերքն էր լիզում
Այդ հսկայական, այդ կարմիր լեզուն:
Ու աչքերն հառած լեզվին հրածին
Նրանք քարացան — ու սուր զգացին
Վառվող դիերի բույրը ահավոր...
Լսեցին նրանք կանչեր հեռավոր,
Ճիչեր տխրաձայն ու աղեկտուր,
Որ կանչում էին ու տանջում իզուր...
Եվ ահա, հրե այն լեզվի նման,
Բռնկվեց նրանց սրտում անձնվեր
Ազնիվ վրեժի ու ատելության
Թույնը սրբազան ու աշխարհավեր:
Եվ այն է՝ նրանք ուզում էին որ
Անցնեն անիծված սահմանն ահավոր
Եվ նետեն իրենց հրդեհը անանց —
Մշուշում հանկարծ դեմ ելան նրանց
Խմբեր կիսամերկ ուրվականների,
Որ փախչում էին ճանկերից հրի...
Ու փախչում էին նրանք քայլերեր.
— Կիսամեռ մարդիկ, կիսավառ կիներ
Ու ծերունիներ տեսիլանման.
Հայոց աշխարհի ժողովուրդն էր այն,
Որ ահաբեկված սրից ու հրից
Փախչում էր անդարձ հայոց աշխարհից.

15

Երբ նրանք այդ սև պատկերը տեսան —
Հրաբուխ դարձավ քենը սրբազան
Նրանց անվեհեր ու վեհ սրտերում.
Եվ ահա, այդ սուրբ զայրույթով եռուն
Ու մռնչյունով աշխարհասասան
Մի թռիչք արին — ու հրին հասան:
Տեղ հասան տեսան — շատ են ուշացել.
Իրենցից առաջ շատերն են հասել
Ու իրենց նետած կրակի մեջ վառ
Աշխատում են մի եռանդով անմար.
Կրակի միջից իրեր են հանում —
Եռանդով անմար, աշխույժով անհուն:
Նայում էր Ահոն վառվող կրակին —
Եվ ահա այնտեղ նա տեսավ մեկին,
Որ իրեն նետած կրակը անել
Ուզում էր մի բան հրդեհից հանել:
Ճանաչեց նրան — ու շշմած մնաց...
Ու թվաց նրան, թե ինքը քնած
Երազ է տեսնում ընկերոջ մասին...
Բայց երբ որ տեսավ ընկերոջ ուսին
Բոցը, որ նրան ուզում էր լափի —
Բղավեց խզված ձայնով տագնապի.
— Հե՛յ-հե՛յ, դո՜ւրս արի, Լեգեոն եղբայր:
Բայց չէր լսում նա: Նույն ջանքով անմար
Կրակի տակից քաշում է մի բան —
Ու նայում էին բոլորը նրան:
— Օ, սաղամանդրա առասպելական,
Հայը իր փառքով քեզ է պարտական. —
Աղաղակեցի ես ձայնով հուզված —
Բայց նա նույն պահուն ձեռքերով կիզված
Դուրս քաշեց հրից այլանդակ, դեղին
Մի անմիս դիակ — ու մի անկողին:
Երբ դուրս եկավ նա ու բեռը դրեց —
Դեմ վազեց Ահոն, ամուր համբուրեց
Ու անհուն սիրով փաթաթվեց նրան.
— Օ, ցնցող սիրո ցնցող տեսարան...
Ահոն երևի դեռ երկա՛ր-երկա՛ր
Ընկերոջ կրծքին փաթաթված մնար,
Բայց ընկերը շատ չուներ ժամանակ՝
Սերն համարելով անտեղի հանաք՝
Մեղմ հրեց նրան ու հոգսոտ, լռին
Մոտեցավ հրից ազատված իրին:
« — Դե, պատմի՜ր, պատմի՜ր, այս ի՞նչ ես անում:
Մեղքս ի՞նչ պահեմ. ես չեմ հասկանում —
Գցել ես դու քեզ այդ կրակն անել...
Բայց հրի միջից այդ ի՞նչ ես հանել...»:
Ու տխուր ժպտաց Լեգեոնը ծեր.
« — Դիակ է, ասաց, մեռած աղջկա.
Դիակներ են լոկ այստեղ մնացել —
Ուրիշ ժողովուրդ այս երկրում չկա...»:
— Բայց դու, Լեգեոն, դու ի՞նչ ես անում:
— Կրակի միջից ես բուրդ եմ հանում...
— Բայց ինչո՞ւ համար, Լեգեոն ընկեր...
« — Ախ, Ահո՜, Ահո՜ ... Մեծ աղետը մեր
Պե՞տք է վերջապես մի կերպ մեղմանա...
Դուք ի՞նչ գիտեք որ... Ես ներկա եղա
Մեր ժողովրդի սոսկալի բախտին.
Ես ներկա եղա հայ ազգի գաղթին
Եվ համոզվեցի, հասկացա ես, որ
Ամենից առաջ բուրդ է հարկավոր
Մեր անտերացած, որբ ժողովրդին.
Միթե՞ չգիտես, որ ձմռան ցրտին
Նա դաշտում թափված, անտեր պիտ մնա
Բաց դաշտի վրա, ձյուների վրա
Ու պետք է մեռնի անտուն ու անտեղ —
Ո՞վ կտա նրան անկողին այնտեղ...
Է, ես խոսելու չունեմ ժամանակ.
Գործ է հարկավոր և ո՜չ թե հանաք:
Եվ դու էլ, Ահո, ասա բոլորին,
Որ իմ հետևից հանձնվեն հրին՝
Բուրդ-բամբակ հանեն կրակի տակից —
Իսկ երբ հանեցինք բուրդը կրակից՝
Կերթանք, կգտնենք ժողովուրդը մեր
Եվ բուրդ կտանենք մենք նրան նվեր:
Եվ ժողովուրդը մեր որբ, արնաքամ,
Բուրդը գնելով մեր կյանքի գնով —
Հանգիստ կքնի առաջին անգամ
Մի եդեմական, մի անո՛ւշ քնով...»:
Երբ Ահոն այս մեծ խոսքերը լսեց
Ընկերոջ առաջ խոնարհվել ուզեց —
Ուզեց համբուրել ոտքերի փոշին.
Զարմացավ նրա հանճարի ուժին:
Հենց այն էր՝ իսկույն ուզում էր փորձի,
Բայց ընկերն ասաց. — «Ուրեմն — գործի,
Շո՜ւտ գործի անցեք. գիտեք, որ հիմա
Ձմեռ է այնտեղ, ու քամի, ու մահ, —
Իսկ որբերը մեր պառկած են հողին —
Մերկ... գետնի վրա... առա՜նց անկողին»:
Ու նետվեց նորից նա կրակը թեժ,
Որպես զոհ կարմիր, որպես ողջակեզ...

16

Ու հետևելով սուրբ օրինակին,
Բոլորը իրենց տվին կրակին —
Ստվար խմբերով կրակը ընկան...
— Ախ, գործում նրանց եռանդ կար այնքան,
Որ ես, ընկճված նրանց եռանդից,
Հայհոյում էի, ատում էի ինձ,
Որ չեմ աշխատում, չեմ գործում ես է՜լ,
Որ գիտեմ միայն երգել ու խոսել.
(Ախ, չէր մոռացել իմ խենթ սիրտը դեռ,
Որ երգիչ եմ ես... երկնքի թիթեռ...)
Աստված իմ, աստված, ի՛նչ եռանդ էր այդ:
Ես չէի տեսել այդպիսի եռանդ.
Չէի է՜լ լսել աշխարհում այս հին
Այդպիսի հսկա եռանդի մասին...
Չէր անցել գուցե և մի ակնթարթ
(Սրան են ասում իսկական եռանդ) —
Կրակի մե՜ջ էլ բուրդ չէր մնացել.
Ե՜վ հանել էին, և հարմար բարձել
Ձիերի վրա բուրդը արնակեզ.
Այն արնոտ բրդի մի քարվան էր մեծ,
Որ ճամփա ընկավ երգով հաղթական
Դեպի հեռավոր վայրը գաղթական,
Ուր թափվել էր վար խուռը, բազմահոծ,
Հրդեհից փախած ժողովուրդն հայոց:

17

Օ, Իսահակյան եղբայր Ավետիք, —
Քանի կան կյանքում Թորգոմյան որդիք —
Աբուլ Ալաներ չեն պակսիլ կյանքից...
Սիրելի եղբայր, հավատա՜ դու ինձ,
Որ երբ ես տեսա երազիս միջում,
Թե ինչպես քա՛ղցր է, քա՛ղցր է ղողանջում՝
Բրդի քարվանը Լեգեոն մեծի —
Աբուլ Ալայիդ քարվանն հիշեցի...
Մի՞թե այս բանում մեղավո՞ր եմ ես —
Ավո ջան, հոգի՜ս, խնդրում եմ... ներես...
Մի՞թե չգիտես, որ մարդ երազում
Երբեմն հիմար բաներ է ասում: —
Ես էլ, երբ որ այդ քարվանը տեսա —
«Աբուլ Ալայի քարվանն է սա» —
Չգիտեմ ինչու ասացի հանկարծ...
Ախ, չէր մնացել խելքի մի առկայծ
Այդ նվիրական, այդ սուրբ վայրկյանին,
Երբ աչքիս առաջ օրորվում էին
Ձիերը՝ բարձած արյունոտ բրդով
Եվ Լեգեոնը, երբ սուրբ եռանդով
Նրա առաջից քայլում էր հանդարտ...
Նույնիսկ ես տեսա, որ լուսե մի վարդ
Վառվում էր նրա բյուրեղ ճակատին
Ու լույս էր տալիս աշխարհի մութին...
Ես այդ վայրկյանին շա՛տ էի հպարտ,
Որ մեր ազգն ունի այդպիսի մի մարդ:
Ու սիրտս նրան օրհնեք էր ասում
Իմ տարօրինակ, իմ խենթ երազում —
Երբ տեսա, որ այդ քարավանը մեծ
Հին Արարատյան դաշտի մեջ կանգնեց:
Եվ ես լսեցի, որ դաշտում այդ մութ
Զառանցում է մի մեռնող ժողովուրդ...

18

Ձյուն, բուք էր դաշտում: Գիշեր ու քամի:
Ոռնում էր քամին, փնչում էր ու մի
Մահվան երգ դարձած, ձուլված խավարին,
Գնում էր դիպչում հին Մասիս սարին:
Ախ, ինչե՛ր ասես այդ երգում չկար.
— Մեռնող պառավի կանչեր խելագար.
Ձյունը ճանկռտող հիվանդի հառաչ,
Քաղցից անասուն դարձածի բառաչ,
Մանկան մղկտանք, որ նվում է խուլ —
Մորթում են կարծես նոր ծնված մի ուլ...
Ու լալիս էին, ու քրքջում էին.
Քրքջում էր քամին, երգում էր քամին,
Նվում էր քամին հուսահատ ու խուլ —
Ու այս էր ասում այդ երգը տխուր. —
«Մա՛հ է այստեղ. հազա՛ր-հազա՛ր
Հեռանում են ու մարում —
Այս անիծված, անհավասար,
Արյունահեղ աշխարհում:
Բուք է այստեղ, ձմեռ ու մուժ,
Մահվան սարսուռ ու քամի —
Տեր է այստեղ մահը խուժդուժ՝
Բարեկամ ու թշնամի:
Համրվում են ժամերն անդարձ
Ու աշխարհից ցուրտ ու մութ
Հեռանում է անվերադարձ
Մի արնաքամ ժողովուրդ...»:
Երգում էր քամին, հեծկլտում էր խուլ —
Նվում էր կարծես մորթվող մի ուլ...

* * * * * * * * * * * * * * *

19

Երբ լսում էի այս խուլ երգը ես —
Մի վայրկյան միայն մոռացա ասես
Բրդի քարվանը Լեգեոն մեծի, —
Բայց երբ որ հանկարծ նրան հիշեցի
Սրտիցս կարծես հեռացավ մի ամպ
Եվ սիրտս լցվեց անհուն բերկրությամբ:
Դաշտը մի վայրկյան լուսացավ կարծես —
Ու սիրտս նորից դադարել ուզեց.
Տեսա, որ դաշտում, անտուն, անկրակ,
Ձյուների վրա պառկած են նրանք,
Ձյուների վրա, և ո՜չ թե հողին,
Ձյուների վրա — առանց անկողին...
Ու սրտիս զարկով նորից հիշեցի
Բրդի քարվանը Լեգեոն մեծի —
Ու սիրտս նորից շունչ առավ հանդարտ,
— Ախ, նրանց համար փրկություն էր այդ...
Եվ ճիշտ որ՝ տեսա՝ վեհանձն, անձնվեր,
Ահա անձնուրաց հերոսները մեր,
Վեհ գործով տարված, մտազբաղ, լռին,
Բուրդ են բաժանում գաղթականներին...
Երկնքից իջած մի հրաշք էր այդ.
Մի վայրկյան չանցած, կամ մի ակնթարթ,
Ես տեսա հանկարծ, որ բոլորն արդեն
Պատրաստվում են, որ տեղերը հարթեն
Եվ մոռանալով ձմեռ ու մշուշ —
Անկողին մտնեն ու քնեն անուշ...
Ու սիրտս ճախրեց, որպես մի թիթեռ.
Վայր ընկավ կարծես սրտիցս մի բեռ.
Աշխարհը կարծես լույս դարձավ ու փայլ,
— Օրհնե՛նք քեզ հավերժ, Լեգեոն եղբայր...
Այդ անրջական վայրկյանին ես, ա՛խ,
Որբերի քնին շա՜տ էի ուրախ...
Շա՜տ էի ուրախ նրանց հանգստին.
Ուրախ էի, որ նրանք վերստին
Գոնե մի գիշեր քնելու են կուշտ՝
Անո՛ւշ մոռացած զրկանք ու կորուստ...
Երբ հաջորդ պահուն բախտից խելագար
Ես թաց աչքերով նայում էի վար —
Դրախտավայել ժպիտը շրթին
Ժողովուրդը իմ քնել էր արդեն...
Ու չկար արդեն ձյուն, ձմեռ ու մուժ.
Ժպիտը շրթին քնել էր անուշ,
Քնել էր հանգիստ ժողովուրդը խեղճ
Եվ իր երկնային երազում անվերջ
Տեսնում էր գուցե նա աշխարհը հին,
Երբ երկրի վրա հոգսեր չկային,
Երբ մարդը ուներ ժպիտներ ու թև
Ու երգը շրթին ապրում էր թեթև...
Նայում էի ես իմ ժողովրդին —
Ու դրախտային ժպիտը շրթին
Այնքան քաղցր ու խոր խռմփում էր նա,
Որ ես վախեցա... որ էլ չարթնանա...
Բայց վախս միայն մի վայրկյան տևեց.
Անխուսափ մի միտք սիրտս արևեց.
Օ, թո՛ղ չարթնանա, ասացի ես ինձ.
Գիշեր է դուրսը մի մահու թախիծ,
Գիշեր է դուրսը ու ձմեռ է ցուրտ —
Քնի՛ր, օ, քնի՛ր, իմ խեղճ ժողովուրդ...
Ժպտում էի ես այդ ակնթարթին —
Ու հանգստացած իմ ժողովրդին
Նայում էի ես երկնի դրախտից
Ու լալիս էի անսահման բախտից...
Ու լույս էր շուրջս, հրաշք էր կարծես.
Հրճվանքից այնպես դողում էի ես,
Որ սիրտս կանգնեց ուրախությունից —
Եվ ես, քրտնաթոր, արթնացա քնից...
Արթնացա տեսա՝ անկողնում եմ — ես...
Ու սառ ջուր լցրին իմ գլխին ասես:
Ուզեցի ճչամ ու կանչեմ մեկին,
Ուզեցի սեղմեմ աչքերս կրկին.
Գուցե պատահի, որ զարթնումը այս
Մի վայրկյան է սուտ, մի տխուր երազ...
Ու սիրտս ասաց, որ երկրում իմ ցուրտ,
Ուր բուք է, քամի ու գիշեր է մութ —
Բոլորը հիմա պառկել են հողին՝
Մերկ... գետնի վրա... առանց... անկողին...
Ու տիրեց սրտիս անհույս մի հուզում,
Կյանքին հավատալ ես չէի ուզում:
Ինչե՛ր չէի տա ես այն վայրկյանին,
Թե երազ դառնար արթնացումը իմ...
Եվ ահա հանկարծ վայրկյանին այդ մութ
Վառվեց իմ սրտում մի կրակ աղոտ.
Մի միտք սկսեց իմ սիրտը հուզել —
Եվ սկսեցի ես ինձ համոզել.
«Մի՞թե չգիտես, ասացի ես ինձ, —
Որ չի տարբերվում կյանքը երազից:
Միրաժ է կյանքը, երազ ու տեսիլ —
Քո այդ երազում դու կյա՜նքն ես տեսել:
Կյանքը աշխարհում մի երազ է հենց,
Օ, ցնդած պոետ Եղիշե Չարենց...»:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top